Բողոքի ցույցեր Ղազախստանում (2022)

Ցույցեր Ղազախստանում[18] (ղազ.՝ Qazaqstandağy narazylyq şaralary) սկսվել է 2022 թվականի հունվարի 2-ից հեղուկ գազի կտրուկ թանկացման պատճառով, որը ըստ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, պայմանավորված էր 2022 թվականի հունվարի 1-ից էլեկտրոնային առևտրային հարթակների և բորսաների միջոցով հեղուկ գազի գների լիովին շուկայական ձևավորմանը անցնելու հանգամանքով, միևնույն ժամանակ՝ այս ամենի մեղքը դրվել է Ղազախստանի էներգետիկայի նախարարության, ինչպես նաև գազի երկու խոշոր ընկերություն-մատակարարողների՝ «Կազմունայգազի» ու «Կազախգազի» վրա[19]։ Բողոքի ցույցերը բնութագրվում են երկրում հեղափոխական իրավիճակով։

Ցույցեր Ղազախստանում (2022)
Ցուցարարները Ակտոբեի կենտրոնական հրապարակում
Ամսաթիվհունարի 2, 2022 – հունվարի 11, 2022 (1 շաբաթ և 2 օր)
ՎայրՂազախստան Ղազախստան
Պատճառ
Նպատակ
Մեթոդ
  • Ցույցեր,
  • Երթեր
  • Զանգվածային անկարգություններ
  • ինտերնետ ակտիվիզմ
Արդյունք
Հակամարտող կողմեր
  • Ղազախստան Ղազախստանի նախագահ
  • Ղազախստան Ղազախստանի կառավարություն
  • Ղազախստան աքիմներ
  • Ղազախստանի Ներքին գործերի նախարարություն
    • Ոստիկանություն
    • ՕՄՕՆ
  • Ազգային գվարդիա
  • Ազգային անվտանգության կոմիտե
  • «Նուր Օտան»
  • ՀԱՊԿ (հունվարի 6-ից)
    • ՀԽՈՒ (մոտ 4000 մարդ)[9]
      • Ռուսաստան Ռուսաստանի ԶՈՒ օդադեսանտային զորքերի՝ 31-րդ առանձին գվարդիական դեսանտա-գրոհային բրիգադի, 98-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի ստորաբաժանումներ[9]։
      • Բելառուս Բելառուսի ԶՈՒ հատուկ գործողությունների ուժերի 103-րդ առանձին գվարդիական օդադեսանտային բրիգադի խաղաղապահ վաշտ[10]։
      • Ղրղզստան Ղրղզստանի ԶՈՒ 150 զինծառայող, 8 միավոր զրահատեխնիկա ու 11 միավոր ավտոմոբիլային տեխնիկա[11]։
      • Հայաստան ՀՀ ԶՈՒ 100 զինծառայող[12]։
  • Ղազախստան Ղազախական ընդդիմություն
  • Ղազախստան քաղաքացիներ
  • Ղեկավարներ
    ապակենտրոն ցույց
    Կորուստներ
    • 18 զոհ[13]։
    • Ավելի քան 700 վիրավոր[14]։
    • Ամենաքիչը 26 սպանված[15]։
    • Ամենաքիչը 500 վիրավոր[16]։
    • Ավելի քան 2200 ձերբակալված[17]։

    Ցույցերը սկսվեցին նավթային Ժանաօզեն քաղաքում, բայց արագ տարածվեցին այլ քաղաքներում՝ Ալմաթիում, Ակտաուում, Ակտոբեում, Կարագանդայում, Նուր-Սուլթանում, Շիմկենդում, Կոկչետավում ու Ուրալսկում[20][21][22]։ Որոշ քաղաքներում ցույցերը վերածվեցին զանգվածային անկարգությունների[23]։ Ցույցերի մասնակիցները տնտեսական պահանջներից անցան քաղաքականի՝ կառավարության հրաժարական, նախագահ Տոկաևի հրաժարական, երկրի առաջին ղեկավար, 81-ամյա Նուրսուլթան Նազարբաևի անձեռնմխելիությունից զրկում ու քաղաքականությունից հեռացում, որը ցույցերի սկսվելու ժամանակ զբաղեցնում էր Ղազախստանի անվտանգության խորհրդի նախագահի ու Ղազախստանի սահմանադրական դատարանի անդամի պաշտոնները։

    Նախապատմություն

    Ժանաօզենը նավթարդյունաբերական քաղաք է Մանգիստաուի մարզում, որը բախվել է գործադուլների ու աշխատավորների ցույցերի շարքի։ 2011 թվականին՝ Ղազախստանի անկախության 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումները վերածվեցին անկարգությունների, որի արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվեց 16, իսկ վիրավորեց՝ 100 մարդ։ Այդ ժամանակ Ղազախստանի անվտանգության ուժերը կրակ էին բացել ցուցարարների վրա, ովքեր պահանջում էին աշխատանքային պայմանների բարելավում։

    2011 թվականին հեղուկ գազի գինը կազմում էր 30-35 տենգե և այդ ժամանակից ի վեր այն բազմիցս աճել է։ 2020 թվականի հունվարին՝ Ժանաօզենում անցկացվեց բողոքի ցույց, որում քաղաքի բնակիչները պահանջում էին գազի գնի իջեցում, որն այդ ժամանակ 55 տենգեից դարձել էր 65[24]։, իսկ 2022 թվականի հունվարից՝ մինչև 120 տենգե[25]։

    Ժամանակագրություն

    Հունվարի 2

    2022 թվականի հունվարի 2-ին Ժանաօզենի բնակիչները ի նշան գազի գնի բարձրացման դեմ բողոքի՝ փակեցին ճանապարհը[26]։ Ցուցարարները կոչ արեցի Մանգիստաուի մարզի աքիմ Նուրլան Նոգաբաևին ու քաղաքի աքիմ Մաքսատ Իբագարովին՝ քայլեր ձեռնարկել գնի կայունացման ու կանխել վառելիքի դեֆիցիտը։

    Հունվարի 3

    Գիշերը՝ հարյուրավոր քաղաքացիներ հավաքվեցին Ժանաօզենի կենտրոնում[27]։ Մոտ 1000 մարդ մասնակցեց ցույցին, նրանց պահանջները ներառում էին ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև քաղաքական բնույթի պահանջներ։ Մարզի աքիմի ու գազավերամշակման գործարանի տնօրենը չհամոզեցին ցուցարարներին։ Ղեկավարությունը լքեց հրապարակը ցուցարարների կարգախոսների ներքո[28]։

    Հունվարի 4

    Ցուցարարները Ակտոբեում յուրդ են կառուցում
    Ցուցարարները Ակտոբեում տաքանում են խարույքի մոտ

    Ցերեկը Ղազախստանի իշխանությունները հայտարարեցին Մանգիստաուի մարզում գազի գնի իջեցման մասին՝ դարձնելով լիտրի համար մինչև 50 տենգե[29]։ Չնայած դրան ցույցերը շարունակվեցին։

    Հունվարի 4-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը տեսաուղերձ հղեց, որում նա ցուցարարներին կոչ արեց «խոհեմություն դրսևորել» և անօրինական գործողություններ չանել[30]։

    Ալմաթի

    Առավոտյան ոստիկանությունը փակեց Աստանայի հրապարակն ու դրա մուտքերը[31]։ Ցերեկը՝ հարյուրավոր մարդիկ դուրս եկան ցույցի «Ալմաթի Արենայի» շրջանում[32]։ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ժանբոլատ Մամաևի հետ։ Մադրիկ սկսեցին հավաքվել նաև նախագահական այգու մոտ, իսկ հետո երթ արեցին դեպի Մուստաֆինի փողոց։

    Մի քանի հարյուր ցուցարարներ մասնակցեցին երթին, առաջին խումբը շարժվեց դեպի Աբայի պողոտա, իսկ երկրորդը՝ Տոլե բի-ի պողոտա, քաղաքի կենտրոնի կողմ։ Բախումներ տեղի ունեցան ցուցարարների ու ոստիկանների միջև։

    Ուժայինները ցուցարարների դեմ կիրառեցին լուսաձայնային նռնակներ[33]։ Հունվարի 4-ի գիշերը՝ Ալմաթիիում, ցուցարարները սկսեցին այրել ոստիկանական ավտոմեքենաները, քաղաքում ցուցարարների քանակը լրագրողները գնահատեցին հազարից մինչև մի քանի հազար[34]։ Գիշերը հաղորդագրություններ ստացվեցին քաղաք ռազմական տեխնիկա մտնելու մասին[35]։

    Ատիրաու

    Առավոտյան Ատիրաուում բնակիչները հավաքվեցին տեղի շուկայի մոտ ու խմբերով շարժվեցին դեպի Իսաթայի և Մահամբեթի կենտրոնական հրապարակ, որտեղ հավաքվել էին հարյուրավոր մարդիկ[36]։ Ցուցարարները շրջափակեցին Ատիրաուի մարզի աքիմ Մահամբեթ Սոսմուխամբետովին ու չթողեցին նրան ավտոմեքենայով հեռանալ հրապարակից։

    Նուր-Սուլթան

    Շատ քաղաքներում սկսվեցին ձերբակալություններ․ ընդդիմադիր ԶՄԼ-ների հաղորդմամբ, Նուր-Սուլթանում ձերբակալվել է «մի քանի հարյուր մարդ»[37]։

    Գիշերվան մոտ՝ Ղազախստանում, դադարեցին աշխատել Տելեգրամ, WhatsApp ու Սիգնալ մեսենջերները։ Ալմաթիում դադարեց աշխատել հեռախոսային ինտերնետը[38][39]։

    Հունվարի 5

    «Կազախտելեկոմը» անջատեց համացանցը ամբողջ երկրում[40]։ Արդյունքում՝ Ղազախստանի բնակչությունը սկսեց զանգվածաբար կանխիկացնել փողերը, քանի որ համացանցի անջատման պատճառով՝ դադարել էր աշխատել բանկային քարտերի ու հեռախոսային հավելվածների միջոցով վճարումները[41]։

    Ղազախստանի ՆԳՆ-ի հայտարարության համաձայն, անկարգությունների ժամանակ զոհվել են ամենաքիչը ութ ոստիկանության աշխատակից ու ազգային գվարդիայի զինծառայող, տուժել՝ 317-ը[42]։

    Արտակարգ դրություն

    Ղազախստանի հանրապետական նշանակության քաղաքները (նշված են կարմիր աստղերով) ու մարզերը (կարմիրով ներկված), որտեղ 2022 թվականի հունվարի 5-ի երեկոյան արտակարգ դրություն է մտցվել (հետագայում այն տարածվեց ամբողջ երկրի տարածքի վրա)

    Ղազախստանի նախագահի հրամանագրերով՝ «քաղաքացիների անվտանգությանը սպառնացող լուրջ և անմիջական սպառնալիքի հետ կապված,հանրային անվտանգությունն ապահովելու, օրինականության և իրավակարգի վերականգնման, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով» հունվարի 5-ի ժամը՝ 1։30-ից մինչև 2022 թվականի հունվարի 19-ի 00։00 րոպեն արտակարգ դրություն է մտցվում Մանգիստաուի մարզում[43]։ ու Ալմաթի քաղաքում[44]։ Ավելի ուշ հրամանագիր հրապարակվեց, որը 12։30 րոպեից մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն է մտցնում Ալմաթիի մարզում[45]։, ինչպես նաև 16։00-ից մինչև 2022 թվականի հունվարի 19-ը՝ արտակարգ դրություն մտցվեց Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում[46]։ Այդ օրվա երեկոյան՝ 20։30-ից մինչև 2022 թվականի հունվարի 19-ը արտակարգ դրություն մտցվեց Շիմկենդ քաղաքում, ինչպես նաև՝ Ատիրաուի, Ժամբիլի ու Կզըլ-Օրդայի մարզերում[47]։ Օրվա ավարտին արտակարգ դրություն մտցվեց ամբողջ երկրի տարածքում (հունվարի 5-ի 22։00 րոպեից մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն մտցվեց՝ Աքմոլայի, Ակտոբեի, Արևելաղազախական, Արևմտաղազախական, Կարագանդայի, Հարավ-Ղազախստանյան, Կոստանայի, Պավլոդարի ու Հյուսիս-Ղազախստանյան մարզերում)[47]։

    Արտակարգ դրության ռեժիմը սահմանում է հետևյալ միջոցները՝

    1. Հասարակական կարգի պահպանման, պետական և ռազմավարական կարևորագույն օբյեկտների, ինչպես նաև բնակչության կենսագործունեությունն ու տրանսպորտի գործունեությունն ապահովող օբյեկտների պահպանության ուժեղացում։
    2. Փոխադրամիջոցների, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի սահմանափակման ներդրում։
    3. Ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթերի ստուգման իրականացում, քաղաքացիների անձնական զննում, նրանց մոտ գտնվող իրերի, տրանսպորտային միջոցների զննում։
    4. Արտակարգ դրություն մտցված մարզերի սահմանների մուտքի ու ելքի սահմանափակում։
    5. Խաղաղ հավաքների, մարզական և այլ զանգվածային միջոցառումների կազմակերպման ու անցկացման արգելք։
    6. Գործադուլների արգելք և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու այլ եղանակներ։
    7. Զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, հատուկ միջոցների, թունավոր նյութերի վաճառքի արգելք։
    8. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, պրեկուրսորների, ինչպես նաև էթիլային սպիրտի, ալկոհոլային արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում։
    9. Ֆիզիկական անձանցից՝ զենքի և զինամթերքի, թունավոր նյութերի ժամանակավոր առգրավում, իսկ իրավաբանական անձանցից՝ զենքի, զինամթերքի և թունավոր նյութերի, ինչպես նաև մարտական ու ուսումնական ռազմական տեխնիկայի, պայթուցիկ ու ռադիոակտիվ նյութերի ժամանակավոր առգրավում։

    Ղազախստանի գլխավոր դատախազի հայտարարությամբ[48]։՝

    1. Պարետային ժամի կանոնները խախտած ֆիզիկական անձինք ենթակա են ձերբակալման՝ ոստիկանության աշխատակիցների կամ զինվորական պարեկների կողմից մինչև պարետային ժամի ավարտը, իսկ իրենց մոտ անձը հաստատող փաստաթղթեր չունեցող անձինք՝ մինչև նրանց ինքնությունը պարզելը, բայց ոչ ավելի, քան 48 ժամով՝ ներքին գործերի մարմնի պետի կամ նրա տեղակալի որոշմամբ։
    2. Իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին կամ կարգադրությանը չենթարկվելը, ինչպես նաև արգելված գործադուլի ղեկավարումը և արտակարգ դրության ժամանակ կազմակերպությունների աշխատանքին խոչընդոտելը, առաջացնում է քրեական պատասխանատվություն մինչև 2 տարվա ազատազրկում։
    3. Արտակարգ դրության պայմաններում ակնհայտ կեղծ տեղեկատվության տարածումը պատժվում է 3-7 տարի ազատազրկմամբ։
    4. Արտակարգ դրության պայմաններում զենքի, ռազմամթերքի, փոխադրամիջոցների, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի դիտավորությամբ ոչնչացման կամ վնասման դեպքում նախատեսում է պատիժ՝ 10-ից մինչև 12 տարվա ազատազրկման տեսքով։
    5. Արտակարգ դրության ռեժիմի խախտման համար նախատեսված է վարչական կալանք մինչև 15 օր, արտակարգ դրության պայմաններում իրավակարգի խախտում հրահրող գործողությունների համար նախատեսված է վարչական կալանք մինչև 30 օր։
    6. Արտակարգ դրության պայմաններում քրեական կամ վարչական իրավախախտումներ կատարելը ծանրացուցիչ հանգամանք է և առաջացնում է ավելի խիստ պատասխանատվություն։

    Ալմաթի

    Ալմաթիի հանրային առողջության վարչության տվյալներով ՝ քաղաքի շտապ օգնության բուժհաստատություններ է տեղափոխվել հունվարի 4-ի դեպքերից 150 տուժած, բացի այդ 40 մարդ ինքնուրույն է եկել առողջապահության հաստատություններ։ Բոլոր 190 տուժածներից հոսպիտալացվել է 40 մարդ, այդ թվում 7-ը տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք, որոնցից 4-ը ոստիկանության աշխատակիցներ են։ 190 տուժածների թվում են՝ 137 ոստիկաններ ու 53 քաղաքացիական անձինք[49]։

    Քաղաքի պարետը հայտնել է, որ հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը «ակտիվացել են ծայրահեղական խմբավորումները»։ Քաղաքում երեկոյան և գիշերը այրվել են 120-ից ավելի տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ 33 ոստիկանական մեքենաներ, շտապօգնության մեքենաներ, հրշեջ մեքենաներ։ Կոտրվել են 120 խանութների և մանրածախ առևտրի այլ օբյեկտների ցուցափեղկեր, տուժել են 180 հասարակական սննդի ձեռնարկություններ, շուրջ 100 փոքր և միջին բիզնեսի գրասենյակներ։ Ծեծի են ենթարկվել 500-ից ավելի քաղաքացիական անձինք, որոնց թվում 130 կին և ծերեր։ Հունվարի 5-ի առավոտվանից՝ քաղաքը, պարետի խոսքով, «ենթարկվել է ծայրահեղականների և ռադիկալների նոր գրոհների»[50]։

    Քաղաքի պարետատունը հաղորդեց այն մասին, որ տրանսպորտի համար փակ են Տոլե բի փողոցը, Ռայիմբեկի ու Աբայի պողոտաները, ինչպես նաև քաղաքի կենտրոնը[51]։

    Մոտ 300 մարդուց բաղկացած ցուցարարները, որոնցից մի քանիսը զինված են եղել փայտերով, քաղաքի արևմուտքից շարժվել են Ռայիմբեկի պողոտայով մինչև Տոլե Բի փողոց, որից հետո շրջվել են քաղաքի կենտրոնի ուղղությամբ։ Նշված շրջանում փակ են խանութներն ու կրպակները։ Ցուցարարների ճանապարհին մնացել են ցրված աղյուսներն ու որսորդական փամփուշտների պարկուճները։ Տեղում ոստիկաններ չեն եղել։ Ցուցարարները հարձակվել են կայանած ոստիկանության մեքենայի վրա, ինչպես նաև վնասել ռազմական բեռնատարը[52]։

    Ալմաթիի կենտրոնում հավաքվել են մոտ երեք հազար ցուցարարներ։ Ոստիկանները նահանջել են դեպի նախագահի հին նստավայր՝ քաղաքի աքիմաթից (քաղաքապետարանից) 50 մետր հեռավորության վրա։ Հարձակվողները ծեծել են մի քանի ոստիկանների, խլել նրանց վահաններն ու սաղավարտները[53]։ Անկարգությունների մասնակիցները ներխուժել են քաղաքային աքիմատի շենք, ներսում գտնվող ոստիկանները լուսաձայնային նռնակներ են օգտագործել։ Ցուցարարները նույնպես ունեին լուսաձայնային նռնակներ, ձողեր և վահաններ։ Ամբոխի մի մասը միաժամանակ փորձ է արել ներխուժել նախագահի հին նստավայր[54]։ Քաղաքի աքիմատի շենքի վրա սկսել է սև ծուխ բարձրանալ, անկանոն կրակոցներ են լսվել[55]։ Քաղաքային աքիմատը գրավվել է ցուցարարների կողմից, շենքում հրդեհ է բռնկվել։ Իրավապահները հեռացել են այրվող շենքից[56]։, աքիմատի շենքը հսկող մոտ 10 իրավապահներ դաժան ծեծի են ենթարկվել ցուցարարների կողմից[57]։

    Շենքը, որտեղ գտնվում է «Նուր Օտան» կուսակցության Աուեզովի շրջանային բաժինը, ցուցարարները քարեր են նետել, այնուհետև շենքի պատուհաններից ծուխ է բարձրացել[58]։

    Ոստիկանության ուժերը զանգվածաբար լքում են քաղաքի կենտրոնական մասը, որը լցված է ցուցարարների կողմից։ Փողոցներով շարժվում են մահակներով զինված մարդիկ և դաժանաբար ծեծում ուժայիններին։ Քաղաքի մի շարք թաղամասերի փողոցներում ընդհանրապես չկա ոչ մի իրավապահ, փողոցները փակված են ցուցարարների կողմից[59]։

    Ցերեկը ցուցարարները գրավել և հրկիզել են Ղազախստանի ղեկավարի Ալմաթիի նստավայրը[60]։

    Ցուցարարները շրջափակել են «Ղազախստան» պետական հեռուստաալիքի շենքը։ Մեդիաընկերության աշխատակիցները փակվել են շենքի ներսում, բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են այն գրոհով վերցնել[61]։ Ներխուժելով շենք՝ ցուցարարները ավերել են առաջին հարկը, իսկ երկրորդը՝ հրկիզել, ցուցարարները հարձակվել են հեռուստաալիքի աշխատակիցների վրա և ծեծի ենթարկել[62]։

    Ցուցարարները գրավել են «Միր24» հեռուստաալիքի շենքը և պահանջել ուղիղ հեռարձակում[63]։ Ցուցարարները ավերել են հեռուստաընկերության գրասենյակը՝ ոչնչացնելով թանկարժեք նկարահանող սարքավորումները[62]։

    Ցուցարարները հարձակվել են գրասենյակային շենքերի վրա, որտեղ գտնվում են հեռուստաալիքների խմբագրությունները և ավերել նրանց շինությունները։ Ղազախստանի KTK հեռուստաալիքը, որի կենտրոնակայանը գտնվում է Ալմաթիում, չեղյալ է հայտարարել բոլոր եթերները[64]։

    Օրվա ընթացքում անջատվել է լարային ինտերնետը և հեռախոսակապը[40]։

    Քաղաքի որոշ խանութներում արձանագրվել են թալանի դեպքեր, որտեղից գողացել են բոլոր ալկոհոլային խմիչքները[65]։

    Ալմաթիի ոստիկանության բաժանմունքի շենքը գրավվել է անկարգությունների մասնակիցների կողմից[66]։ Բողոքի ակցիայի մասնակիցները շարունակել են այրել ոստիկանական մեքենաները Ալմաթիի փողոցներում[67]։

    Երեկոյան՝ քաղաքը, ոստիկանների և ուժայինների հեռանալուց հետո, ընկել է անարխիայի մեջ, բնակիչների շրջանում խուճապ է սկսվել։ Փողոցներում շրջում էին կողոպտիչները, նրանցից շատերը զինված են ինքնաձիգներով։ Անկարգությունների մասնակիցները բարիկադներ են կառուցում։ Ցուցարարները հավաքվում են քաղաքի կենտրոնում, իսկ սովորական քաղաքացիները փորձում են չլքել իրենց տները։ Ինչպես նաև շարունակում էին այրել ուժայինների ավտոմեքենաները, քաղաքում լսվում էր կրակոցների ձայներ[68]։ Բացի այդ, կողոպտիչները սկսեցին կոտրել և թալանել բանկոմատները[69]։

    Զանգվածային անկարգությունների մասնակիցները գրավել են Ալմաթիի օդանավակայանը, որտեղից սկսվել է աշխատակիցների տարհանումը։ Հաղորդվում էր, որ «Սայրան» ավտոկայանի շրջանում կրակոցներ են հնչել։ Բախումները են տեղի ունեցել նաև քաղաքի Աուեզովի շրջանում, որտեղ զինված ցուցարարների մի խումբ գրոհել են ոստիկանության շրջանային բաժինը[70]։, ոստիկանները նահանջել են շենքի տանիք, որտեղից կրակ են բացել անկարգությունների մասնակիցների ուղղությամբ և կիրառել լուսաձայնային նռնակներ[71]։

    Ցուցարարները գրավել են Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի վարչության շենքը[72]։

    Հունվարի 5-ի երեկոյան փոխքաղաքապետ Երժան Բաբակումարովը հայտնել Է օդանավակայանը ցուցարարների ազատագրելու մասին[73]։

    Ակտոբե

    Զանգվածային բողոքի մասնակիցները փորձել են գրոհով վերցնել Ակտոբե քաղաքում գտնվող մարզային աքիմատի շենքը, հարձակվողների դեմ օգտագործվել են լուսաձայնային նռնակներ[74]։

    Ատիրաու

    Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, ուժայինների և ցուցարարների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով անկարգությունների մասնակիցներից մեկը մահացու վիրավորում է ստացել[75]։

    Պավլոդար

    Մոտ երկու հարյուր ցուցարարներ, որոնց մեծ մասը եկել էր գյուղական շրջաններից, չնայած ոստիկանների՝ նրանց զսպելու փորձերին, ներխուժել են Պավլոդարի մարզի աքիմատի շենք։ Նրանց հետ հանդիպման էր եկել Պավլոդար քաղաքի և Պավլոդարի մարզի աքիմները, որոնք պատմել են այն միջոցների մասին, որոնք կընդունվեն երկրում իրադրության կայունացման համար։ Հավաքվածները պահանջել են գազի գնի իջեցում և բողոքել ցածր աշխատավարձից[76]։ Նույն օրը երեկոյան՝ քաղաքում բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանության միջև[77]։ Ցուցարարներին ցրելու համար Պավլոդարի ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և հատուկ տեխնիկա։ Իրավապահները քաղաքում զանգվածային ձերբակալություններ են իրականացրել և անկարգությունները ճնշել այն բանից հետո, երբ շուրջ հազար ցուցարարներ փորձել են գրոհել մարզի աքիմատը։ Արդյունքում՝ ցուցարարներին քշել են ծայրամասերը և ձերբակալել։ Նշվում է, որ ցուցարարները պատմել են, որ իրենց մեծ մասը Պավլոդարի բնակիչներ չեն, իսկ «նրանց բերել են» Բայանաուլի մարզի գյուղերից[78]։

    Տալդի Կուրգան

    Բողոքի ակցիայի մասնակիցները Տալդի Կուրգանում տապալել և երկու մասի են բաժանել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանը[79]։

    Ուստ-Կամենոգորսկ

    Ուստ-Կամենոգորսկի Հանրապետության հրապարակում շուրջ հազար մարդ պահանջներ է ներկայացրել իշխանություններին և պահանջել Արևելաղազախական մարզի աքիմին։ Ցուցարարները հայտարարել են, որ դժգոհ են ցածր աշխատավարձերից, սննդամթերքի ու վառելիքի գների աճից, ինչպես նաև հասարակական տրանսպորտի աշխատանքից։ Ավելի ուշ ուժայինների և ցուցարարների միջև տեղի են ունեցել կոշտ բախումներ, ուժայինները օգտագործել են արցունքաբեր գազ։ Լսվել են պայթյունների ու կրակոցների ձայներ[80]։

    Ցույցեր Ղազախստանի սահմաններից դուրս

    • Հունվարի 5-ին Ռուսաստանի ոստիկանությունը՝ Մոսկվայում Ղազախստանի դեսպանատան մոտ ձերբակալեց 7 ցուցարարների, որոնք Ռուսաստանում չգրանցված ընդդիմադիր հեղափոխական աշխատավորական կուսակցության ակտիվիստներ էին։ Նրանք դեսպանատան մոտ պաստառներով պիկետ են անցկացրել՝ ի պաշտպանություն ցուցարարների[81]։ Դրանից հետո ուժեղացվեց դեսպանատան ու հարակից տարածքների հսկողությունը[82]։
    • Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ղազախստան կմտնեն ՀԱՊԿ զորքերը, հարևան Ղրղզստանում, հունվարի 6-ին Բիշքեկում քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ և այլ բնակիչներ ցույցերի ու պիկետների դուրս եկան ընդդեմ իրենց երկրի զորքերի՝ որպես ՀԱՊԿ արագ արձագանքման խաղաղապահ հավաքական ուժերի «եղբայրական երկիր» մտցնելու։ Մասնավորապես, նրանք պահանջում էին այս հարցի քննարկումը հանրապետության խորհրդարանում։ Ղրղզստանի իրավապահ մարմինները չեն խոչընդոտել այդ հանրահավաքների և պիկետների անցկացմանը[83][84]։ Ցուցարարների մի մասը Ռուսաստանին մեղադրել Է Ղազախստանի դեմ «ռազմական ագրեսիայի» մեջ և դատապարտել փաստացի ռազմական ներխուժումը, ինչպես նաև պահանջել Է ՀԱՊԿ-ից Ղրղզստանի դուրս գալը[85]։ Նույն օրը՝ Ժոգորկու Կենեշը չի կարողացել քվորում հավաքել ՀԱՊԿ առաքելության շրջանակներում ղրղզ զինվորականներին Ղազախստան ուղարկելու հարցով արտակարգ նիստ անցկացնելու համար, և հարցը տեղափոխվել է հունվարի 7-ին[86]։ Այնուամենայնիվ, մինչև խորհրդարանի կողմից ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերում մասնակցության թույլտվություն ստանալը, «Սկորպիոն» 25-րդ հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները արդեն տեղակայվել էին Ղազախստանի սահմանի մոտ[9]։

    Պետության արձագանքը

    Հունվարի 4-ի ցերեկը՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ցուցարարներին խոստացել է քննարկել նրանց պահանջները և կոչ է արել չհետևել «ապակառուցողական անձանց» կոչերին։

    Հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը Ղազախստանի նախագահը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Մանգիստաուի մարզում և Ալմաթիում՝ հունվարի 5-ի ժամը 01։30-ից մինչև 2022 թվականի հունվարի 19-ի ժամը 24։00-ն[87][88]։ Արտակարգ դրության գոտիներում սահմանափակվել է տեղաշարժի ազատությունը և կապը, արգելվել է մուտքն ու ելքը։ Նաև պարետային ժամ է սահմանվել 23։00-ից մինչև 7։00-ն և արգելվել է զենքի, զինամթերքի և ալկոհոլի վաճառքը։ Բնակչության մոտ առկա զենքը կառգրավվի պետության կողմից[89]։

    Ղազախստանի նախագահը հանդես է եկել տեսաուղերձով, որում բնակչությանը կոչ է արել չենթարկվել սադրանքներին, իսկ ցուցարարների համար ընդգծել է, որ իշխանությունը չի ընկնի[88]։

    Հունվարի 5-ի առավոտյան՝ Ղազախստանի նախագահը հայտարարեց կառավարության հրաժարականի մասին։ Նախագահը հեղուկ գազի գների կտրուկ աճի պատճառ է համարել 2022 թվականի հունվարի 1-ից էլեկտրոնային առևտրային հարթակների և բորսաների միջոցով հեղուկ գազի գների լիովին շուկայական ձևավորման անցումը, ընդ որում՝ հեղուկ գազի գների բարձրացման մեղքը նախագահը դրել Է Ղազախստանի կառավարության, մասնավորապես՝ էներգետիկայի նախարարության, ինչպես նաև գազի մատակարար խոշորագույն ընկերությունների՝ «Կազմունայգազի» ու «Կազախգազի» վրա։

    Հայտարարվել է երկրում իրադրության կայունացման մի շարք միջոցառումների մասին[19]՝

    1) Նախագահի կողմից սահմանվել է հեղուկացված գազի գների ժամանակավոր կարգավորում, միաժամանակ՝ բնակչության համար սահմանային գները չպետք է գերազանցեն 2021 թվականի վերջի գների մակարդակը։
    2) Նախագահի կողմից հանձնարարություն է տրվել կառավարությանը՝ մեկ տարով հետաձգել էլեկտրոնային առևտրային հարթակների և բորսաների միջոցով հեղուկացված գազի իրացման լիարժեք անցումը։ 2022 թվականի ընթացքում պետք է մանրակրկիտ նախապատրաստել նորմատիվ-իրավական բազա, որը պետք է ապահովի առևտրային հարթակների թափանցիկ աշխատանքը, ներդնի գների կտրուկ աճի սահմանափակման մեխանիզմներ։
    3) Հանձնարարություն է տրվել գլխավոր դատախազությանը, մրցակցության պաշտպանության գործակալության հետ համատեղ գնային դավադրության և այլ հակամրցակցային գործողությունների վերաբերյալ օպերատիվ (20 օր) հետաքննություն անցկացնելու վերաբերյալ։
    4) Սահմանվել է սոցիալական նշանակության պարենային ապրանքների գների պետական կարգավորում։ Պետական նշանակության մարզերում ու քաղաքներում որոշումներն ընդունվելու են այդ տարածաշրջանների աքիմների (ղեկավարների) կողմից՝ ելնելով կոնկրետ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակից։
    5) Հրահանգ է տրվել ձեռնամուխ լինել «ֆիզիկական անձանց սնանկության մասին» օրենքի մշակմանը, ինչը կապված է քաղաքացիների վարկային բարձր մակարդակի հետ։
    6) Հանձնարարվել է դիտարկել բնակչության համար կոմունալ սակագների բարձրացման մորատորիում սահմանելու անհրաժեշտությունը 180 օր ժամկետով։
    7) Հանձնարարվել է քննարկել սոցիալապես խոցելի խավերի համար երկրորդական բնակարանների վարձավճարների սուբսիդավորման հարցը։
    8) Կարգադրություն է տրվել մասնավոր և պետական աղբյուրների հաշվին ֆինանսավորվող «Ղազախստանի ժողովրդին» հասարակական հիմնադրամի ստեղծման մասին, որը նախատեսված է լինելու առողջապահության և երեխաների խնդիրների լուծման համար։

    Օրվա երկրորդ կեսին Ղազախստանի նախագահը հանդես է եկել ևս մեկ հեռուստատեսային ուղերձով։ Նա հայտարարել է, որ կարգուկանոն հաստատելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները բավարար չեն եղել։ Այդ պատճառով նա իր վրա է վերցնում Ղազախստանի անվտանգության խորհրդի ղեկավարի պարտականությունները և հավաստիացրել, որ այդ պաշտոնում (որը մինչ այդ զբաղեցնում էր Ն. Նազարբաևը) կձեռնարկի «առավելագույնս խիստ միջոցներ» կարգուկանոն հաստատելու, լավ կազմակերպված ու ֆինանսավորված «դավադիրներին» հակազդելու համար։ Միաժամանակ նախագահը հայտարարել է Ղազախստանի «քաղաքական վերափոխման» ապագա պլանի մասին։ Նախագահը վստահեցրել է, որ շարունակում է մնալ Ղազախստանի մայրաքաղաքում[90]։

    ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներդնում (հունվարի 5-6)

    Հունվարի 5-ի երեկոյան՝ Ղազախստանի նախագահը դիմել է ՀԱՊԿ-ի առաջնորդներին՝ խնդրելով աջակցություն․ «Հենվելով հավաքական անվտանգության պայմանագրի վրա՝ ես այսօր դիմել եմ ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին՝ Ղազախստանին օգնություն ցուցաբերել այդ ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման գործում: Ես կոչ եմ անում ՀԱՊԿ-ին՝ օգնել Ղազախստանին», - ասել է նա։ «Ի դեպ, սա այլևս սպառնալիք չէ, սա պետության ամբողջականության խաթարում է, և ամենակարևորը՝ հարձակում մեր քաղաքացիների վրա, որոնք ինձ խնդրում են որպես պետության ղեկավար՝ շտապ օգնություն ցուցաբերել նրանց»։[91]։. Իր որոշումը Տոկաևը բացատրել է նրանով, որ երկրում գործում են «արտասահմանում պատրաստված ահաբեկչական խմբավորումներ»[92]։

    Հունվարի 6-ի գիշերը՝ ՀԱՊԿ խորհուրդը համաձայնել է Հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան[93]։ 2022 թվականի հունվարի 6-ին՝ Ղրղզստանի Ժոգորկու Կենեշը (խորհրդարանը) ՀԱՊԿ-ի առաքելության շրջանակներում ղրղզ զինվորականներին Ղազախստան ուղարկելու հարցով արտակարգ նիստ անցկացնելու համար չի կարողացել քվորում հավաքել, և այդ հարցը հետաձգվել է մինչև հունվարի 7-ը[86]։ Այնուամենայնիվ, մինչև խորհրդարանի կողմից ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերում մասնակցության թույլտվություն ստանալը, «Սկորպիոն» 25-րդ հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները արդեն տեղակայվել էին Ղազախստանի սահմանի մոտ[9]։

    Հունվարի 6-ին՝ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքից դուրս Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանման կողմից խաղաղապահ գործողությունների մասնակցության մասին որոշում է ընդունել։ «Թույլատրել ՀԱՊԿ անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանմանը՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում մասնակցելու Ղազախստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին»,-նշված է որոշման մեջ[94][95]։

    ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը գնահատել է խաղաղապահ զորակազմի թվաքանակը, որը նախատեսվում է մինչև հունվարի 7-ը Ղազախստանում տեղակայել շուրջ 2,5 հազար մարդ, սակայն նշել է, որ զորամասերի և միավորումների ամբողջ ցանկը, որոնք մտնում են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մեջ, հաշվվում է շուրջ 3,6 հազար մարդ։ Եթե նման անհրաժեշտություն առաջանա, Ղազախստանում գտնվող խմբավորումը կարող է ուժեղացվել նրանց հաշվին[96]։

    Հետևանքներ

    • Ղազախստանում բողոքի ցույցերը 8%-ով թանկացում են առաջացրել ուրանի համաշխարհային շուկայում։ Այս մետաղի համաշխարհային արդյունահանման ավելի քան 40 տոկոսը բաժին է ընկնում Ղազախստանին[97]։
    • 7%-ով ընկել է բիթքոյինի փոխարժեքը, ինչը կապված է այն բանի հետ, որ Ղազախստանն դրա արտադրությամբ երկրորդ տեղում է՝ արտադրելով այս կրիպտոարժույթի 18,1%-ը[98]։

    Ծանոթագրություններ