Զառա Ռադերֆորդ

Զառա Ռադերֆորդ (անգլ.՝ Zara Rutherford, հուլիսի 5, 2002(2002-07-05), Բրյուսել, Բելգիա), բելգիացի-բրիտանացի օդաչու։ Զառան 19 տարեկանում դարձավ ամենաերիտասարդ կին օդաչուն, որ միայնակ թռիչք է կատարել աշխարհի շուրջ Նա իր հինգ ամիս տևած թռիչքը սկսել է, 2021 թվականի օգոստոսի 18-ին բելգիական Կորտրիկում և ավարտվել այնտեղ 2022 թվականի հունվարի 20-ին[4]։ Զառա Ռադերֆորդը նաև առաջին մարդն է, որ պտտվել է աշխարհի շուրջ գերթեթև ինքնաթիռով[5]։

Զառա Ռադերֆորդ
անգլ.՝ Zara Rutherford
Ծնվել էհուլիսի 5, 2002(2002-07-05) (21 տարեկան)
ԾննդավայրԲրյուսել, Բելգիա
Քաղաքացիություն Բելգիա[1] և  Միացյալ Թագավորություն[1]
ԿրթությունՍուրբ Սուիթանի դպրոց (2021)[2]
Մասնագիտությունօդաչու
Ծնողներհայր՝ Սեմ Ռադերֆորդ[1], մայր՝ Բեատրիս դե Սմեթ[3]
Կայքflyzolo.com
 Zara Rutherford Վիքիպահեստում

Կենսագրություն

Զառա Ռադերֆորդը ծնվել է Բրյուսելում, բրիտանացի պրոֆեսիոնալ օդաչու Սեմ Ռադերֆորդի և բելգիացի սիրողական օդաչու և իրավաբան Բեատրիս դե Սմեթի ընտանիքում[6]։ Մանկության տարիներին Զառան ուղեկցել է հորը թռիչքների ժամանակ՝ երբեմն ճանապարհի մի մասը ինքն է վարել ինքնաթիռը[6]։ 14 տարեկանում նա սկսել է վերապատրաստվել որպես օդաչու և արտոնագիր ստացել 2020 թվականին[7]։ Ավարտել է Հեմփշիրի Վինչեստեր քաղաքի աղջիկների Սուրբ Սուիթանի դպրոցը (անգլ.՝ St Swithun's School)։ Ստացել է մաթեմատիկայի, բարձրագույն մաթեմատիկայի, տնտեսագիտության և ֆիզիկայի A մակարդակ[7][8]։

Միայնակ թռիչք աշխարհի շուրջ

Նախապատրաստություն

2021 թվականի հուլիսի 26-ին Վինչեստերի մոտ գտնվող Պոպհեմ օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսում Ռադերֆորդը հայտարարել ՝է իր հավակնության մասին՝ դառնալու ամենաերիտասարդ կին օդաչուն, որ 19 տարեկանում միայնակ կթռչի աշխարհի շուրջ[9]։ Նա ձգտել է գերազանցել ռեկորդը, որը նախկինում սահմանել էր աֆղանական ծագումով ամերիկացի օդաչու Շաեստա Ուայսը 2017 թվականին 30 տարեկանում[6][7][9]։ Բացի այս ռեկորդից, Զառան փորձել է գերազանցել ևս երկու ռեկորդ՝ դառնալ առաջին կինը, ով կպտտվի աշխարհի շուրջ գերթեթև ինքնաթիռով, և առաջին բելգիացին, ով միայնակ կպտտվի աշխարհի շուրջ մեկ շարժիչով ինքնաթիռով[10][11]։

Ռեկորդին հասնելու ջանքերը նպատակ ունեին նաև բարձրացնել գենդերային խզման մասին իրազեկությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են STEM-ը (Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն և Մաթեմատիկա ) և ավիացիան։ Նաև ուզում էր ոգեշնչել համար ավելի շատ կանանց և աղջիկների՝ ներգրավվելու STEM ոլորտներում[6][11]։ Նրա փորձին աջակցել են գլխավոր հովանավոր ICDSoft-ը (վեբ հոստինգի ծառայություն)[12], Ռիչարդ Բրենսոնի Virgin Group[13], բելգիական SafeSky ստարտափը և հոլանդական TMC Group ընկերությունը[14]։ Զառան նաև համագործակցել է Girls Who Code և Dreams Soar բարեգործական կազմակերպությունների հետ, որոնք նպատակ ունեն ոգեշնչել և օգնել կանանց և աղջիկներին ներգրավվել STEM ոլորտներում[11][13]։

Թռիչք

Shark.Aero Shark UL։ Նման ինքնաթիռով Զառա Ռադերֆորդը կատարել է իր ճամփորդությունը։

Ռադերֆորդը սկսել է իր թռիչքը Բելգիայի Կորտրիկ Վևելգեմ օդանավակայանից 2021 թվականի օգոստոսի 18-ին Shark UL ինքնաթիռով[10][11], որը նրան տրամադրել էր օդանավ արտադրող սլովակյան Shark. Aero[6][7][9]։ Կորտրեյկից նա թռել է Պոպհեմի օդանավակայան, որտեղ նա անցկացրեց մեկ ժամ մինչև Աբերդինի վրայով Շոտլանդիայի Վիկ քաղաք թռչելը[15][16]։ Հաջորդ օրը նա հինգ ժամ տևած թռիչքից հետո վայրէջք է կատարել Ռեյկյավիկում։

Շարունակելով իր ճանապարհորդությունը՝ Ռադերֆորդը կանգ է առել Գրենլանդիայում, Կանադայում, Միացյալ Նահանգների Արևելյան ափին, Բահամյան կղզիներում, Թերքս և Քայքոս կղզիներում, Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Կոլումբիայում, Պանամայում, Կոստա Ռիկայում, Մեքսիկայում, Միացյալ Նահանգների Արևմտյան ափին և Ալյասկայում[17]։ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին Ալյասկայի Նոմ քաղաք ժամանելուց հետո նա ստիպված էր մեկ շաբաթ սպասել ռուսական վիզայի երկարաձգմանը։ Երբ նրա անձնագիրը վերադարձել է Հյուսթոնում (Տեխաս) ռուսական հյուպատոսարանից, եղանակը վատացել էր, տեխնիկական սպասարկման կարիք կարիք է եղել և նա ստիպված սպասել է ևս երեք շաբաթ, մինչև կկարողանար անցնել Բերինգի նեղուցը[18]։ 2021 թվականի նոյեմբերի 1-ին, հաղթահարելով իր ճանապարհի կեսը նա հասել է Ռուսաստանի Անադիր բնակավայր[19]։ Հաջորդ օրը նա Անադիրից թռել է Մագադան, իսկ նոյեմբերի 9-ին կանգ է առել Այանում՝ ընդամենը 800 բնակիչ ունեցող գյուղում, որտեղ Wi-Fi չի եղել, իսկ բնակիչներից ոչ մեկը անգլերեն չի իմացել, Այստեղ նա սպասել է ձնաբքի պատճառով[18][20]։ Նոյեմբերի 30-ին Զառան հասել Խաբարովսկ, իսկ դեկտեմբերի 2-ին՝ Վլադիվոստոկ[17]։

Դեկտեմբերի 11-ին Ռուսաստանից մեկնելուց հետո Ռադերֆորդը մտադիր է եղել կանգառներ կատարել Չինաստանում, սակայն COVID-19-ի խիստ սահմանափակումների պատճառով նա ստիպված է եղել շրջանցել Ճապոնական ծովը և թռչել Հարավային Կորեա[18]։ Վեց ժամ տևած թռիչքի ընթացքում նա դժվարացել է կապ հաստատել Սեուլի ավիադիսպետչերների հետ և օգնության համար դիմել է KLM-ին, որն իր հաղորդագրությունները փոխանցել էօդային երթևեկության կառավարմանը և օգնել է նրան գտնել ճիշտ հաճախականությունները։ Նույն օրը նա վայրէջք է կատարել Գիմպոյում[21][22][23]։ Դեկտեմբերի 13-ին Զառան մեկնել է Մուան, իսկ հաջորդ օրը հետ թռել Թայպեյ[24][25]։ Դեկտեմբերի 16-ին Ռադերֆորդը վայրէջք է կատարել Ֆիլիպինների Պամպանգա նահանգի Քլարկ քաղաքում[26]։ Նա մտադիր է եղել երկրորդ կանգառը կատարել Դումագետեում, սակայն հաջորդ օրը ստիպված թռել է Կոտա Կինաբալու (Մալայզիա)՝ խուսափելու մոտեցող Ռայ թայֆունից[20][27]։

Կոտա Կինաբալուից հետո նա կանգ է առել Ինդոնեզիայի Կետապանգ և Ջակարտա քաղաքներում և Սինգապուրում[17]։ Դեկտեմբերի 27-ին Բանդա Աչեհ թռչելիս նա թռել է շատ մոտ փոթորկող ամպերին և տեսել կայծակ ինքնաթիռից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա[18][28]։ Բանդա Աչեհից հետո նա կանգ է առել Կոլոմբոյում (Շրի Լանկա) և Կոիմբաթորում (Հնդկաստան)[29][30]։ Մումբայում ամանորյա կանգառից հետո[18], Ռադերֆորդը 2022 թվականը սկսել է Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Ալ Այնում[28] և Սաուդյան Արաբիայում՝ Ալ-Ռիադում և Թաբուկում, որտեղ նրան դիմավորել են Սաուդյան արքայազնը ու նախկին օդաչու և տիեզերագնաց Սուլթան իբն Սալման Ալ Սաուդը[31]. 2022 թվականի հունվարի 8-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում կանգ առնելուց հետո նա ժամանել է հունական Կրետե կղզի՝ Հերակլիոն[17]։

Ռադերֆորդը 2022 թվականի հունվարի 14-ին կանգառներ է կատարել Բուլղարիայի Սոֆիա մայրաքաղաքում և Սլովակիայի Սենիցայում, նախքան հունվարի 16-ին վայրէջք կատարեց Բենեշով (Չեխիա)[17]։ Հունվարի 19-ին նա վայրէջք է կատարել Գերմանիայի Ֆրանկֆուրտ-Էգելսբախ օդանավակայանում և 2022 թվականի հունվարի 20-ին ժամանել է Կորտրիկ՝ ավարտելով իր շուրջերկրյա ճանապարհորդությունը[17]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զառա Ռադերֆորդ» հոդվածին։