Մեծ քառյակը
«Մեծ քառյակը» (անգլ.՝ The Big Four), Ագաթա Քրիստիի լրտեսական և դետեկտիվ նովելը, որը 1927 թվականին հրատարակվել է William Collins & Sons հրատարակչության կողմից։ Նովելը պատմում է Էրքյուլ Պուարոյի, Կապիտան Հասթինգսի և տեսուչ Ջեպպի հետաքննության մասին։
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Էրքյուլ Պուարո |
Նկարագրում է | Լոնդոն և Փարիզ |
Շարք | Էրքյուլ Պուարոյի կանոնը |
Նախորդ | Ռոջեր Աքրոյդի սպանությունը |
Հաջորդ | Կապույտ գնացքի գաղտնիքը |
Կազմի հեղինակ | Thomas Derrick? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Ուիլյամ Քոլինս, որդիներ |
Հրատարակման տարեթիվ | հունվարի 27, 1927 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/agatha-christie/the-big-four |
Կայք | agathachristie.com/stories/the-big-four(անգլ.) |
Նովելն իրենից ներկայացնում է իրար հետ կապված պատմություններ, որոնցում ներկայացվում են այսպես կոչված «Մեծ քառյակի» անդամները, միջազգային մի կազմակերպություն, որին Պուարոն կասկածում է դավադրության մեջ։
Սյուժե
Ավելի վաղ նովելը բաղկացած էր 12 պատմություններից.
- Լի Չանգ Իեն
- Գառան ոտքի գաղտնիքը
- Կինն աստիճանների վրա
- Թշնամու ճամբարում
- Դեղին հասմիկի առեղծվածը
- Շախմատային խնդիր
- Ծուղակով ծուղակը
- Ներկված շիկահերը
- Մահացող չինացին
- Համար չորսի ինքնությունը
- Էրքյուլ Պուարոյի մահը
- Հաղթանակ մեծ քառյակի հանդեպ
Հասթինգսը, ով երկար տարիներ ապրում է Արգենտինայում, մեկնում է Անգլիա, որպեսզի հանդիպի Պուարոյի հետ։ Պուարոն էլ մտադիր է տեղափոխվել Արգենտինա, որտեղ նրան շատ լավ վարձատրություն են խոստացել հետաքննության համար։ Պուարոն հայտնում է, որ իր հետաքննությունը կապված է «Մեծ քառյակ»-ի հետ։ Խոսակցության ժամանակ Պուարոյի բնակարան է մտնում հազիվ կենդանի մարդ։ Անկոչ հյուրի կցկտուր պատմությունից Պուարոն և Հասթինգսը իմանում են, որ «Մեծ քառյակը» բաղկացած է չորս հոգուց. չինացին՝ կազմակերպության մտավոր կենտրոնը, ամերիկացին՝ ֆինանսական մագնատ, ֆրանսուհին՝ «կին-վամպ» և խորհրդավոր համար չորսը՝ էկզեկուտորը։
Երիտասարդին թողնելով տնային տնտեսուհու խնամքի տակ՝ Պուարոն և Հասթինգսը շտապում են դեպի գնացքը։ Սակայն Պուարոն գնացքում հասկանում է, որ նրա ուղևորությունը Արգենտինա նրան իրադարձություններից ավելի կհեռացնի։ Նրանք արագ վերադառնում են Պուարոյի բնակարան և հայտնաբերում երիտասարդին մահացած։ Նրան թունավորել էին ցիանիդով։ Այդ ժամանակ հայտնվում է մի հիվանդապահ, ով հայտնում է, որ երիտասարդը փախել էր հոգեբուժարանից։ Ինչպես հետագայում է պարզվում, հիվանդապահը կեղծ էր, իսկ հոգեբուժարանում Պուարոյին հավաստիացնում են, որ այդպիսի հիվանդ նրանք չեն ունեցել երբեք։
Պուարոն և Հասթինգսը գնում են այն մարդու մոտ, ով Անգլիայում ամենից շատ գիտի չինացիների մասին։ Նրանք ցանկանում են պարզել թե ով է կազմակերպության մտավոր ղեկավարը։
Պուարոն և Հասթինգսը հայտնվում են առեղծվածային իրադարձությունների շղթայի կենտրոնում։ Մեկ անգամ չէ, որ նրանք հանդիպում են մահվանը երես առ երես. Պուարոյին ցանկանում են վերացնել։
Նովելում հայտնվում է Աչիլ Պուարոն՝ Էրքյուլի երկվորյակ եղբայրը։ Հետագայում պարզվում է, որ դա Պուարոն, ով աշխատում էր գաղտնի։
Գործող անձինք
Գլխավոր հերոսներ
- Էրքյուլ Պուարո (Hercule Poirot), բելգիացի դետեկտիվ, ով վտանգում է իր կյանքը, որպեսզի կանգնեցնի մեծ քառյակին
- Կապիտան Հասթինգս (Captain Hastings), Պուարոյի ընկերը, ով եկել է Արգենտինայից
- Տեսուչ Ջեպպ (Chief Inspector Japp), ոստիկան, ով պաշտոնապես ղեկավարում է գործը
«Մեծ Քառյակը»
- Լի Չանգ Իեն (Li Chang Yen), չինացի, ընկերության ուղեղը
- Էյբ Ռաիլանդ (Abe Ryland), ամերիկացի, Մեծ քառյակի գումարը
- Մադամ Օլիվիեր (Madame Olivier), ֆրանսուհի, կին-վամպ
- Կլոդ Դարրել (Claude Durrell), անգլիացի, «մարդասպան»
Զոհեր
- Ֆլոսսի Մոնրո (Flossie Monro), երիտասարդ դերասանուհի
- Իվան Սավարանով(Ivan Savaranoff), ռուս գրոսմայստեր
- Ստիվեն Փեինթեր (Stephen Paynter), գիտնական
- Պարոն Ուոլլի (Mr. Wally), ծեր տղամարդ
- Մի քանի չինացի
Այլ
- Կոմսուհի Վերա Ռուսակովա (Countess Vera Rossakoff), Պուարոյի հին սերը
- Տեսուչ Միդոուզ (Inspector Meadows), հետաքննությանը աջակցող
- Աչիլ Պուարո(Achilles Poirot), Պուարոյի երկվորյակ եղբայր
Գրական քննադատություն
Նովելը գրվել է Ագաթա Քրիստիի կյանքի դժվար ժամանակաշրջանում։ Վերջերս մահացել էր նրա մայրը, առաջին ամուսնությունն արդեն ամուսնալուծության եզրին էր։ Քննադատները, վեպը համարելով բավական սառը, դա կապում էին հեղինակի անձնական կյանքի իրադարձությունների հետ։
- «The Times» (անգլ.՝ The Times Literary Supplement) թերթը 1927 թվականի փետրվարի 3-ին այս նովելին այսպիսի գնահատական է տվել. «...այս պատմությունը ոչ այնքան հանելուկների լուծում է, այլ Պուարոյի հանդիպումների թվարկումը այն հայտնի խմբավորման անդամների հետ, ովքեր ունեն անսահմանափակ իշխանություն և ձգտում են տիրել աշխարհը». Հասթինգսին բնութագրել են «հիմար, ինչպես միշտ»[2]։
- Նյու Յորք Թայմս (անգլ.՝ The New York Times Book Review) թերթը 1927 թվականի հոկտեմբերի 2-ին հրապարակում է նովելի գրախոսությունը. « Համար Չորսը գրեթե մինչև վերջ հանելուկ է մնում։ Դա, իհարկե, դժվարացբում է դետեկտիվ հետաքննությունը և խանգարում է հարձակումներից պաշտպանվելուն, որն էլ պատմությանը տալիս է լարված ընթացք»[3]։
- «The Scotsman» թերթը 1927 թվականի մարտի 17-ին գրել է, որ «Պուարոյի գործունեությունը չի կարելի լուրջ ընդունել։ Գիրքն ավելի շատ հիշեցնում է հայտնի դետեկտիվ վեպերի գերաճած ծաղրերգություն, քան այդ ժանրի լուրջ ստեղծագործություն։ Բայց նովելն, իհարկե, հաճույք կպատճառի այն ընթերցողներին, ովքեր զվարճություն են սպասում։ Եթե դա հեղինակի նպատակն էր, ապա նա հասել է դրան»[4]։