Ռենին-անգիոթենզին-ալդոստերոնային համակարգ

Ռենին-անգիոթենզին-ալդոստերոնային համակարգ, (ՌԱԱՀ), մարդու և կաթնասունների հորմոնային համակարգ, որը կարգավորում է զարկերակային արյան ճնշումը, արյան ծավալը և ջրաաղային փոխանակությունը։ Այդ համակարգի բաղադրիչներից մեկը ռենինն է։ Ռենինը հիմնականում արտադրվում է երիկամների կծիկամերձ համակարգի (յուքստագլոմերուլային համակարգ) առբերիչ զարկերակիկների միոէպիթելային բջիջների կողմից, մասամբ էլ՝ արյունատար անոթների պատերում, գլխուղեղում և թքագեղձերում։ Ռենինը ֆերմենտ է, որն ազդում է արյան սպիտակուց անգիոթենզինոգենի վրա[1][2]։

Ռենին-անգիոթենզին-ալդոստերոնային համակարգի ակտիվ նյութերի ազդեցության մոխանիզմների գծապատկեր

Ռենին-անգիոթենզին-ալդոստերոնային համակարգը համարվում է օրգանիզմի ջրաաղային փոխանակության գլխավոր համակարգը[3][4]։

Ռենին-անգիոթենզին-ալդոստերոնային համակարգի հորմոնները

Ազդեցության մեխանիզմ

  • Ռենինն ազդում է լյարդում սինթեզվող անգիոթենզինոգենի վրա, որի ճեղքման հետևանքով առաջանում է անգիոթենզին-1,
  • պլազմայում առկա անգիոթենզին վերածող ֆերմենտի ազդեցությամբ անգիոթենզին—1ից պոկվում են երկու ամինաթթվային մնացորդներ և առաջանում է անգիոթենզին-2,
  • անգիոթենզին-2-ն ակտիվացնում է անոթների, հիմնականում՝ զարկերակիկների հարթ մկանային բջիջների կծկումները, առաջացնում անոթների նեղացում և զարկերակային ճնշման բարձրացում,
  • անգիոթենզին-2-ը խթանում է ալդոստերոնի արտադրությունը,
  • ալդոստերոնն ուժեղացնում է նատրիումի հետներծծումը նեֆրոնի խողովակիկներում,
  • նատրիումի իոնների հետներծծումն ուղեկցվում է ջրի իոնների պասիվ հետներծծմամբ, որին նպաստում է նաև անգիոթենզինի ազդեցությամբ հակամիզամուղային հորմոնի սինթեզի ուժեղացումը[5][6]։

Անգիոթենզին-2-ն առաջացնում է ծարավի զգացում, ջուր փնտրելու վարք, մեծացնում է սրտամկանի կծկողունակությունը, նորադրենալինի սինթեզի և հյութազատման ուժեղացումով ակտիվացնում է սիմպաթիկ նյարդային համակարգը։

Կարգավորում

Ռենինի հյութազատումը կախված է մի շարք գործոններից։ Երիկամային կծիկի առբերիչ զարկերակիկում արյան ճնշման նվազումը և զարկերակիկի պատի ձգվածության թուլացումն ուժեղացնում են ռենինի արտադրությունը։ Նեֆրոնի հեռադիր խողովակիկի մեզի մեջ նատրիումի խտության նվազումը խթանում է ռենինի արտադրությունը և հակառակը։ Վերոհիշյալ հատվածում նատրիումի մակարդակն ընկալվում է երիկամի կծիկամերձ համակարգի խիտ բծի կողմից, որը համարվում է ինքնատիպ նատրիումական ընկալիչ և ազդակները փոխանցում ռենին արտադրող բջիջներին։ Կծիկամերձ բջիջների սիմպաթիկ նյարդային վերջույթների ակտիվացման ժամանակ արտազատվող նորադրենալինն ակտիվացնում է ռենինի արտադրությունը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ