Տրետյակովյան պատկերասրահ
Տրետյակովյան պատկերասրահ (ռուս.՝ Государственная Третьяковская галерея), ռուսական և խորհրդային արվեստի խոշորագույն պատկերասրահ Մոսկվայում։ «Տրետյակովյան պատկերասրահ» անվանումը ստացել է հիմնադիր Պավել Տրետյակովի ազգանունից, որը նկարներ հավաքելով (1856 թվականից) նպատակադրվել էր ստեղծել ռուսական ազգային արվեստի հանրամատչելի թանգարան։
Տրետյակովյան պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, թանգարանի շենք, թանգարան և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Յակիմանկա, Մոսկվա և Ռուսաստան |
Վայր | Զամոսկվորեչիե |
Հասցե | Lavrushinsky Ln, 10238318 |
Հիմնադրվել է | 1856[1] |
Հիմնադիր | Պավել Տրետյակով[2] |
Այցելուներ | 1 626 825 մարդ (2015)[3][4], 2 148 538 մարդ (2018)[5], 2 835 836 մարդ (2019)[6] և 1 580 819 մարդ (2021)[7] |
Տնօրեն | Զելֆիրա Տրեգուլովա[8][9] և Ելենա Պրոնիչևա[10] |
Կայք | tretyakovgallery.ru(ռուս.) |
Պատմություն
1892 թվականին Տրետյակովը իր, ինչպես նաև եղբորից՝ Ս․ Մ․ Տրետյակովից ժառանգած հավաքածուները նվիրել է Մոսկվային (մինչև 1918 թվականը թանգարանը կոչվել է Պ․ և Ս․ Տրետյակովների մոսկովյան քաղաքային գեղարվեստական պատկերասրահ)։ 1918 թվականին Վ․ Ի․ Լենինի ստորագրությամբ ժողկոմխորհի դեկրետով Տրետյակովյան պատկերասրահը ազգայնացվել է։ Խորհրդային տարիներին այն մեծապես ընդլայնվել է (1917 թվականին՝ մոտ 4, 000 ստեղծագործություն, 1975 թվականին՝ 55, 000)։ Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուին է միացվել Սրբանկարչության և գեղանկարչության թանգարանը (Ի․ Ս․ Օստրոուխովի նախկին հավաքածուն), Ցվետկովսկայա պատկերասրահը՝ ռուսական գծանկարի մեծարժեք ժողովածուով, Ռումյանցևի թանգարանից՝ ռուս նկարիչների գործերի հավաքածուն, ազգայնացված մի քանի մասնավոր հավաքածուներ։ Պատկերասրահը մշտապես հարստանում է պետական գնումների հաշվին։
Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուն ընդգրկում է գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստի առանձին գործեր, այնտեղ ներկայացված են 11-րդ դ․ - 20-րդ դ․ սկզբի ռուսական արվեստը և սովետական արվեստը։ Ամբողջական են ներկայացված հատկապես 19-րդ դ․ 2-րդ կեսի ռուսական գեղանկարչությունը, պերեդվիժնիկների լավագույն գործերը, XIX դարի վերջի և XX դարի սկզբի ռուս նկարիչները, «Միր իսկուստվայի», «Ռուս նկարիչների միության», «Գոլուբայա ռոզայի», «Բուբնովի վալետի» վարպետները։ Տրետյակովյան պատկերասրահում ըստ արժանվույն են ներկայացված սովետական արվեստի զարգացման բոլոր փուլերը։
Պատկերասրահը ԽՍՀՄ-ի խոշորագույն գիտագեղարվեստական հիմնարկություն է, մեծ աշխատանք է տանում իր հավաքածուն ժողովրդի լայն խավերին ծանոթացնելու բնագավառում (էքսկուրսիաներ, դասախոսություններ, մշտական և շարժական ցուցահանդեսներ և այլն)։ 1975 թվականին Տրետյակովյան պատկերասրահը հաճախել է 1, 623, 000 մարդ (1881 թվականին՝ մոտ 8, 000)։
Պատկերասրահի շենքը զբաղեցնում է Տրետյակովի վերակառուցված տունը և մի շարք տարբեր ժամանակների շինություններ։ Գլխավոր ճակատը կառուցվել է 1902 թվականին՝ նկարիչ Վիկտոր Վասնեցովի նախագծով։
Հայ արվեստագետները Տրետյակովյան պատկերասրահում
Տրետյակովյան պատկերասրահում տեղ են գտել հայ նկարիչներից Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Մինաս Ավետիսյանի, Մհեր Աբեղյանի, Հովհաննես Զարդարյանի, Մարիամ և Երանուհի Ասլամազյանների, Գրիգոր Խանջյանի, քանդակագործներից՝ Գ․ Քեպինովի, Արա Սարգսյանի, Նիկողայոս Նիկողոսյանի և ուրիշների աշխատանքները։
2016 թվականին պատկերասրահում բացվել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված «Ճանապարհորդություն դեպի ծով» խորագիրը կրող նկարների ցուցադրությունը[11]։
Պատկերասրահ
- Հայտնություն (1120-1130)
- Սուրբ Աստվածամոր Վլադիմիրյան պատկեր (1130)
- Անդրեյ Ռուբլյով, Երրորդություն (1411 կամ 1423-1425)
- Դիոնիսի, «Օդիգիտրիայի աստվածամայրը» (1482)
- Իվան Նիկիտին, Կանցլեր Գավրիլ Գոլովկինի դիմանկարը (1720)
- Անդրե Ժան Լեբրուն Կիրիլ Ռազումովսկու կիսանդրին (1766)
- Դմիտրի Լևիցկի, Եկատերինա Մեծը Արդարադատության պալատում (1783)
- Վլադիմիր Բորովիկովսկի, Մարիա Լոպուխինի դիմանկարը (1797)
- Օրեստ Կիպրենսկի, Ալեքսանդր Պուշկինի դիմանկարը (1823)
- Վասիլ Վերեշագին, Պատերազմի ապոթեոզ (1871)
- Իլյա Ռեպին, Կրոնական թափորը Կուրսկի մարզում (1880–1883)
- Վասիլի Սուրիկով, Ստրելեցյան մահապատժի առավոտը (1881)
- Իվան Կրամսկոյ, Անծանոթուհին (1883)
- Վալենտին Սերով, Դեղձերով աղջիկը (1887)
- Նիկոլայ Գե, Quod Est Veritas? (1890)
- Միխայիլ Վրուբել, «Դևը նստած» (1890)
- Վիկտոր Վասնեցով, «Դյուցազուններ» (1898)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրետյակովյան պատկերասրահ» հոդվածին։ |