Արարատ

լեռ Թուրքիայում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)

Արարատ (ավանդական հայերեն՝ Սիս և Մասիս) հանգած հրաբուխ Արաքս գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ։ Ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս՝ 5165 մ) և փոքր (Սիս՝ 3925 մ)[3]։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն է[4]։ Արարատի լեռնային զանգվածն ունի շուրջ 40 կմ տրամագիծ։

Արարատ
Արարատը Արտաշատ քաղաքից
Տեսակլեռ և տեսարժան վայր
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորԱղրըի մարզ
ԼեռնաշղթաՀայկական լեռնաշխարհ
Բարձրությունը ծովի մակարդակից5137 մետր[1]
Հարաբերական
բարձրություն
3611 մետր[2]
Վերջին ժայթքում1840
Առաջին վերելք1829 թ-ի սեպտեմբերի 27
Ֆրիդրիխ Պարրոտ
Խաչատուր Աբովյան
Սմիթսոնիան կոդ213040

«Արարատ» անվանումը ծագել է Վանի թագավորության հին եբրայերեն անվանումից։ Լեռան հայերեն ավանդական անվանումը Մասիս է, որի հոգնակին՝ Մասիք, կարող է վերաբերվել երկու լեռնագագաթներին։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» գրքի մեջ, Մասիս անվանումը կապում է Հայկ նահապետի ծոռ՝ Ամասիա թագավորի անվան հետ, որը ըստ ավանդության լեռն անվանել է իր անունով։

Արարատ լեռը հաճախ ասոցացվում է Աստվածաշնչի Արարատ լեռան հետ։ Ըստ Ծննդոց գրքի՝ Նոյյան տապանն իջել է Արարատի վրա։ Հին Կտակարանի Ծննդոց գրքի ութերորդ գլխի չորրորդ մասի համաձայն՝ Ջրհեղեղից հետո Նոյյան տապանը նստել է «Արարատի լեռների» վրա։

Արարատ լեռը Հայաստանի կարևոր ազգային խորհրդանիշներից է և համարվում է «սուրբ լեռ»։ Մեծ տեղ ունի հայ գրականության և մշակույթի մեջ։ Նոյյան տապանի հետ այն պատկերված է Հայաստանի զինանշանի վրա։ Արարատ լեռը պատմականորեն ասոցացվել է Հայաստանի հետ և լայնորեն ճանաչվել որպես Հայաստանի սկզբունքային ազգային խորհրդանիշ։ Այն աշխարհագրորեն տեղակայված է պատմական Հայաստանի թագավորությունների կենտրոնում, որի համար էլ համարվում է հայերի պատմական հայրենիքի մի մասը։ Հայերի համար այն հայտնի է որպես «սուրբ լեռ» հիմնականում աստվածաշնչային ջրհեղեղի պատմության պատճառով։ Արարատն անվանվել է Հայաստանի ապրանքանիշ, Հայաստանի այցեքարտ և «ավելի քան լեռ հայերի համար»։

19-րդ դարում, երբ հայկական պետություն գոյություն չուներ, Արարատը խորհրդանշում էր հայկական պետականությունը։ Հայաստանի առաջին հանրապետությունը՝ հայկական ժամանակակից առաջին պետական կառույցը, որը գոյություն է ունեցել 1918-1920 թվականներին, հաճախ անվանվել է Արարատյան Հանրապետություն կամ Արարատի Հանրապետություն, քանի որ այն կենտրոնացած էր Արարատյան դաշտում[5][6][7]։

Արարատ բարձրանալու առաջին փորձը կատարվել է Միջնադարում։ Պատմության մեջ գրանցված լեռան առաջին հաջողված վերելքը գրանցվել է 1829 թվականին, երբ առաջին անգամ Արարատի գագաթը բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Իոհանն Ֆրիդրիխ Պարրոտը, որին ուղեկցում էին Խաչատուր Աբովյանը, երկու գյուղացիներ՝ Հովհաննես Այվազյանը, Մուրադ Պողոսյանը և երկու ռուս զինվորներ՝ Ալեքսեյ Զդոռովենկոն, Մատվեյ Չալպանովը։

Անվանումներ և ստուգաբանություն

Երևանը Արարատի ֆոնին
Մեծ Մասիսը
Փոքր Մասիսը

«Արարատ» անվանումը Վանի թագավորության հին եբրայերեն[8] անվանումի (եբրայերեն՝ אֲרָרָט[9], 'RRṬ) հունական տարբերակն է[10]։ Չնայած Եվրոպական լեզուներում այն հայտնի է Արարատ անվամբ[11][12], բնիկների մոտ այդ անվանումն այդքան էլ տարածված չէ[13]։ Գերմանացի արևելագետ և Աստվածաշնչի քննադատ Վիլհելմ Գեզենիուսը, ենթադրել է, որ «Արարատ» բառը կարող է ծագել սանկրիտ բառից, որը նշանակում է «սուրբ հող»[14][15]։ Որոշ հայ պատմաբաններ, օրինակ՝ Աշոտ Մելքոնյանը բառը կապում է Հայկական լեռնաշխարհի բնիկների, այդ թվում հայերի հետ (-ար)[16][17]։

Լեռան հայերեն ավանդական անվանումը Մասիս է[18][13], որի հոգնակին՝ Մասիք, կարող է վերաբերվել երկու լեռնագագաթներին[19]։

Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքի մեջ, Խորենացին Մասիս անվանումը կապում է Հայկ նահապետի ծոռ՝ Ամասիա թագավորի անվան հետ, որը լեռն անվանել է իր անունով[20][21]։ Ըստ ռուս արևելագետ Անատոլի Նովոսելցևի՝ «Մասիս» բառը ծագել է պարսկերեն «մեծ» կամ «լայն» բառից։ Միջին պարսկերենում նշանակում է «ամենամեծ(ը)»[22]։ Ըստ պատմաբան Սարգիս Պետրոսյանի «Արարատ» բառը նշանակում է «լեռ» և ծագել է հնդևրոպական նախալեզվի - արմատից[20]։ Ըստ հնէաբան Արմեն Պետրոսյանի, բառը ծագել է Գիլգամեշում հիշատակված Մաշու (Māšu) լեռան անունից, որը ասորերեն հնչում էր «մասու»[23]։

Այսօր Մասիս և Արարատ բառերը հայերենում հավասարազոր են օգտագործվում[24][25][Ն 1]։ Արարատ լեռան անունը առաջին անգամ գրավոր աղբյուրներում հիշատակվել է մ. թ. ա. 7-րդ դարում (Աստվածաշունչ, Գիրք ծննդոց[30]) և հետագայում ենթարկվել զանազան ստուգաբանությունների՝ Արայի լեռ, Արայի արատ, Հուրարտա, Հարա–հարա (Լերինք լերանց), Արիա–վարդա (Արեաց երկիր) և այլն։ Հնագույն աղբյուրներում հիշատակվում է որպես թագավորության, նահանգի, զորագնդի, գավառի, լեռան անուն։ Օտար մատենագիրները կոչել են «Արարատի լեռներ», «Արարատյան աշխարհի լեռներ», «Հայոց լեռներ»։ Հայերենում Մասիս անունը ավանդաբար գործածվում է «Ազատ» (զենդերեն՝ yazata, սրբազան, պաշտելի, ազնվական), «Մեծ», «Բարձր», «Մթամած», երբեմն՝ «Սպիտակափառ», «Արեգնաճեմ», «Երկնաճեմ» մակդիրներով։

Լեռան թուրքերեն անունը Ağrı Dağı (օսման.՝ اغـر طﺎﻍ Ağır Da, ağrı-ի լեռ) է, ağrı բառացի թարգմանաբար նշանակում է ցավ, տառապանք[12][22][31][32]։ Այս անունը հայտնի է ուշ Միջնադարից[22]։ Մեծ և փոքր Մասիսները հայտնի են համապատասխանաբար Büyük Ağrı և Küçük Ağrı անուններով։

Լեռան պարսկերեն անվանումը کوه نوح, Kūh-e Nūḥ է[33], որը թարգմանաբար նշանակում է Նոյյան լեռ[12][34]։ Քրդերեն անվանումներն են՝ Çiyayê Agirî[35][36] (հրե լեռ[37]) և Grîdax։

Ըստ Նիկողայոս Ադոնցի[38] և Վլադիմիր Մինորսկու[39]՝ Ստրաբոնի «Աշխարհագրության» մեջ նշված ’Áβος, Abos և Νίβαρος, Nibaros լեռները Արարատի երկու լեռնագագաթներն են[Ն 2]։

Քաղաքական սահմաններ

Տեսքը Թուրիքայից

Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև։ Այն Իրանի և Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի սահմաններից հեռու է 16 կմ, իսկ Հայաստանից՝ 32 կմ։16-րդ դարից մինչև 1828 թվականը Մասիսը և լեռան հյուսային ստորոտները, ինչպես նաև Սիսի արևելյան ստորոտները Պարսկաստանի կազմում էին, իսկ լեռնաշղթան՝ Օսմանապարսկական սահմանի մի մասն է։ 1826-28 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո, Թուրքմենչայի պայմանագրով Պարսկաստանի կողմից կառավարվող տարածքը մտնում է Ռուսական Կայսրության կազմի մեջ։ Սիսը դառնում է այն կետը, որտեղ միակցվում էին Թուրքիայի, Պարսկաստանի և Ռուսական Կայսրության սահմանները[33]։ Ժամանակակից միջազգային սահմանները ձևավորվել են 20-րդ դարում։ 1920 թվականի թուրք-հայկական պատերազմից հետո լեռը անցնում է Թուրքիայի տիրապետության տակ[44] և Թուրքիայի պաշտոնական մասը համարվում՝ 1921 թվականին կնքված Մոսկվայի և Կարսի պայմանագրերով[45]։ 1920-ականների վերջին քրդերի Արարատյան ապստամբությունը կանխելու նպատակով Թուրքիան հատում է Իրանի սահմանը և զավթում Սիսի արևելյան թևը[46]։ Այս շրջանում քուրդ ապստամբները օգտագործում էին տարածքը որպես անվտանգ տարածք՝ Թուրքիայի դեմ[47]։ 1932 թվականի Թեհրանի կոնվենցիայով Իրանի սահմանը փոխվում է հօգուտ Թուրքիայի՝ նրան է հանձնվում Սիսի արևելյան թևը[46][48]։ Իրանաթուրքական սահմանն այժմ անցնում է Սիսի կողքով։Լեռնագնացների համար Արարատը բաց է միայն «ռազմական թույլտվությամբ»։

Լեռնագնացները պետք է պաշտոնական դիմում ներկայացնեն Թուրքիայի դեսպանատանը հատուկ «Արարատի վիզա» ստանալու համար։ Միաժամանակ պարտադիր է նաև վարձել պաշտոնական ուղեկցորդ Թուրքիայի ալպինիզմի ֆեդերացիայից։ Նույնիսկ նրանք, ովքեր ստացել են թույլտվություն կարող է առանց զգուշացման չթույլատրվեն բարձրանալ լեռը[49]։

Աշխարհագրություն

Արարատի 3D պատկերը

Արարատը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռնագագաթն է։ Ներկայում գտնվում է Թուրքիայի Բայազետ և Իգդիի մարզերի միջև՝ Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի սահմաններին մոտ՝ Արաքս և Արածանի գետերի միջև[50]։ Գագաթը գտնվում է հայ-թուրքական սահմանից 32 կմ հյուսիս և թուրք-իրանական սահմանից մոտ 16 կմ արևմուտք։ Արարատյան դաշտը ընկած է լեռան հյուսիսարևմտյան և արևմտյան հատվածներում։ Արարարտը տեղադրված է մոտ 130 կմ եզրագիծ ունեցող ընդհանուր հիմքի վրա, գրավում է 1200 կմ² տարածություն։

Բարձրություն

Շատ հեղինակավոր աղբյուրներ ընդունում են, որ Արարատը ծովի մակարդակից բարձր է 5165 մ[51][52][53][54]։ Այլ աղբյուրներ, ինչպիսին օրինակ՝ Շաթլի ռադարային տոպոգրաֆիայի առաքելության (Shuttle Radar Topography Mission (STRM)) տվյալներն են, որոնք ստուգելի են և հանրային սեփականություն են և 2007 թվականին իրականացված GPS չափումները ցույց են տալիս, որ լեռն ունի 5137 մ բարձրություն[55][56]։ Վերջին տվյալն ավելի ճշգրիտ է. բարձրությունը կարող է սահմանվածից ավելի փոքր լինել մինչև 5125մ՝ գագաթի մշտական հաստ ձյունածածկույթի պատճառով[57]։ 5137 մետր բարձրությունն է կիրառվում նաև մի շարք տոպոլոգիական քարտեզներում։

Գագաթի սառցագլխարկ

Արարատի գագաթը պատված է հավերժական սառցույթով, որը առնվազն 1957 թվականից սկսել է կրճատվել։ Ուշ 1950-ականներին Բլումենթալը[58] հետազոտել է և պարզել, որ կան գագաթի ձյունից գոյացած 11 սառցադաշտեր, որոնք ծածկում են շուրջ 10կմ2 մակերես[59]։ Հյուսիսային լանջին սառույցն ունի 3900 մետր, իսկ հարավային լանջին՝ 4200 մետր բարձրություն[59]։ Օդային լուսանկարչության և դիստանցիոն զոնդավորման տվյալների հիման վրա Սարիյական և այլք հետազոտել են սառցագլխարկի մակերեսի փոփոխությունը 1976 և 2011 թվականներին[60][61]։ Նրանք հայտնաբերել են, որ սառցագլխարկը կրճատվել է, 1976-ին՝ հասնելով 8,0 կմ2, իսկ 2011-ին՝ 5,7 կմ2։ Նրանք հաշվարկել են նաև, որ 1976-2011 թվականների ժամանակահատվածում, Արարատ լեռը կորցրել է իր սառցե տարածքների շուրջ 29%-ը՝ 35 տարիների ընթացքում տարեկան կորցնելով մոտ 0,07 կմ2 մակերեսով սառույց։ Այս ցուցանիշները համապատասխանում են Թուրքիայի մյուս լեռների սառցագլխարկների կրճատման տվյալների հետ[61]։

Բլումենթալը հաշվարկել է, որ ուշ Պլեյստոցենում սառցապատ հատվածն ունեցել է 3000 մետր բարձրություն՝ ստեղծելով 100 կմ2 մակերեսով սառցագլխարկ[58]։ Բլութեմալը հետազոտել է, որ բացակայում են նախապատմական մորենների գոյությունը փաստող տվյալներ, բացի այն մորենների, որոնք մոտ են եղել 1958-ի սառցադաշտի լեզվակներին։ Տարիներ անց Բիրմանը հարավ ուղղված լանջերին հայտնաբերեց ենթադրական մորեն՝ 1958-ի սառցագլխարկի տակ 4200 մետր բարձրության վրա[62]։ Ենթադրվում է, որ Գայլատու լիճը զբաղեցնում է սառցային ավազանի տարածքը[62]։

Երկրաբանություն

Արարատ լեռը (մուգ շագանակագույն):

Արարատը բազմածին հրաբուխ է՝ կազմված (հատկապես գագաթը) նեոգենի անդեզիտա–դացիտային և քվարց–տրախիտային լավաների հզոր գոյացումներից և նրանց պիրոկլաստներից[63]։ Լավաները լինելով առավել մածուցիկ՝ մեծ մասամբ կուտակվել են ժայթքման շրջանում, որի պատճառով Արարատը համարվում է նաև էքստրուզիվ զանգված։ Արարատը կազմված է երկու կոնաձև գագաթից, որոնցից մեծը կոչվում է Մասիս (5165 մ), փոքրը՝ Սիս (3925 մ)։ Գագաթները միանում են տաշտաձև թամբարդով (2688 մ)։ Մասիսի գագաթնային մասը ընդհանուր հիմքից բարձրացած և հսկա պատվանդանի վրա տեղադրված բրգաձև լեռ է՝ դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթով (12 կմ²)։ Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով։ Հյուսիսարևելյան լանջին գտնվող խորխորատը, որը հայտնի է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով, ձգվում է գագաթից մինչև ստորոտ (մոտ 10 կմ) և մերձգագաթնային շրջանում խորանում է 1000 մ և ավելի։

Պատվանդանային մասը գմբեթաձև է, չափավոր թեք լանջերով, որոնք կտրտված են ձորակներով ու ձորերով և հաճախ վերջանում են արտաբերման կոներով։ Պատվանդանի առանձին հատվածներ ալիքա–թմբավոր սարավանդներ են՝ 3250–3450 մ բարձրությամբ։ Արարատի զառիկող լանջերը և հատկապես մերձգագաթնային սարավանդները ծածկված են հողմահարված հրաբխային ապարների քարակարկառներով («քարե ծովեր»), իսկ գագաթը՝ հավերժական ձյունով (ստորին սահմանը՝ 4100–4250 մ), որից սնվում է մոտ 30 սառցադաշտ։ Սառցադաշտերը հյուսիսարևմտյան լանջին իջնում են մինչև 3850–3950 մ, բայց Սասյաց վիհում 1845-ին սառցալեզվակը իջել է մինչև 2754 մ բարձրությունը։ Անթրոպոգենի սառցապատման հետքերը այստեղ նկատելի են 2800–3000 մ բարձրության շրջաններում։ 2800-3000 մ բարձրությունների վրա այստեղ նկատելի են անթրոպոգենյան շրջանի հետքեր՝ լանջերն ու հատկապես մերձգագաթնային սարավանդները ծածկված են հողմահարված հրաբխային ապարների քարակարկառներով, որոնք անվանում են «քարե ծովեր»։

Լանջերին տեղադրված խարամային և կոնաձև բարձրությունների զգալի մասը անթրոպոգենի անդեգիտաբազալտային լավաների առանձին հոսքերի արտավիժման կենտրոներն են։ Սիսը կանոնավոր կոնաձև լեռ է՝ տեղադրված Մասիսից հարավ֊արևելք.։ Գագաթնային մասը (1,5 հա) ալիքավոր հարթավայր է՝ ծածկված ժայռերով, քարակույտերով։ Սսի լանջերը բավականաչափ զառիթափ են և մասնատված։ Զուրկ է հավերժական ձյունից և սառցադաշտերից։ Սիսը նույնպես նեոգենի բազմածին հրաբուխ է, որի խառնարանը չի պահպանվել։ Լևինսոն–Լեսինգը այն համարել է հիպերստենային անդեզիտներից կազմված միածին էքստրուզիվ կոն։ Արարատի հիմքը պալեոզոյի և մեզոզոյի նստվածքային ապարներից կազմված ծալքաբեկորային կառուցվածք է, տեկտոնական խախտումներով տրոհված առանձին բեկորների, որոնք նեոգենանթրոպոգենում ենթարկվել են դիֆերենցված ուղղաձիգ շարժումների (Մեծ Արարատի հիմքը բարձրացել է, կից գոգավորությունների հատակը՝ իջել)։ Տեկտոնական խախտումների մի մասը և Արարատի առաջացումը կապված է երկրակեղևի Հարավ–Արաքսյան խորքային խոշոր ճեղքի հետ, որտեղից սկզբում ժայթքել է թթու, իսկ ավելի ուշ՝ հիմքային մագման ծածկել ծալքաբեկորային հիմքն ու կից գոգավորություններում կուտակված միոպլիոցենի ու անթրոպոգենի լճագետային նստվածքների մի մասը։ Բազալտային լավան հոսելով Արարատի լանջերով, փռվել և նրա շուրջն առաջացրել է բլրակոշտավոր սարավանդներ (երկարություն 20–25 կմ, լայնություն 10–18 կմ)։

Սեյսմիկ ակտիվություն

Արարատը Հայկական լեռնաշխարհի ակտիվ սեյսմիկ շրջաններից է։ Բազմաթիվ անգամ (ըստ տարբեր աղբյուրների՝ մ․թ․ա․ 550, մ․թ․ա․ 139, 1319, 1450, 1679, 1783, 1840, 1887 թվականներ և այլն[64][65][66][67]) կրկնվել են կործանիչ երկրաշարժները։ 1840-ի հուլիսի 2-ի ժայթքման և երկրաշարժի հետևանքով կործանվեց Մասյաց վիհում գտնվող Սուրբ Հակոբի վանքը և հարևան Ակոռի գյուղը, մահացան շրջանի մոտ 10,000 բնակիչները։ Երկրաշարժը նաև ժամանակավոր պատնեշեց Սևջուր գետը[64][65][66][67]։ Մովսես Խորենացին Մասյաց վիհի առաջացումը կապում է 139-ի երկրաշարժի հետ։

Կլիմա և բուսականություն

Արարատ լեռան վրա լավ արտահայտված է կլիմայական ուղղաձիգ գոտիականությունը։ Ձմեռը խիստ է, կայուն ու հզոր ձյունածածկույթով։ Հունվարի միջին ջերմաստիճանը տատանվում է –6 °C-ից (ստորոտում) մինչև +20-25 °C (գագաթին), հուլիսին` +26 °C-ից (ստորոտում) մինչև 0 °C և պակաս (գագաթում)։ Մթնոլորտային տեղումները ստորոտում տարեկան չեն անցնում 250 մմ–ից, սակայն սարն ի վեր ավելանում են և գագաթային մասում հասնում 1000 մմ–ի։ Տեղումների առավելագույնը թափվում է գարնանը, նվազագույնը՝ ձմռանը։ Չնայած առատ մթնոլորտային տեղումներին, Արարատի գագաթնային մասի լանջերը չոր են, համարյա զուրկ աղբյուրներից ու գետակներից (Մեծ Արարատի վրա հայտնի է միայն Սուրբ Հակոբի աղբյուրը և Գինո գետը) և թողնում են քարային անապատի տպավորություն։ Այդ հանգամանքը պայմանավորված է լեռնագագաթը կազմող հրաբխային ապարների ճեղքվածությամբ և ծակոտկենությամբ, որոնցով արագ ներծծվում են մթնոլորտային տեղումները, լավաների տակով հոսում ցած և հիմնականում կուտակվում Արարատյան և Կոգովտի արտեզյան ավազաններում։

Արարատի գիտական նվաճման պատմության մեջ լուրջ քայլ կատարեց ֆրանսիացի բնախույզ Պիտոն դե Տուրնեֆորը։ Բացառիկ բույսեր փնտրելու և լեռնային բուսականության բնականոն դասավորությունը ուսումնասիրելու մտադրությամբ` Տուրնեֆորը 1701 թվականի օգոստոսին հասավ հավերժական ձյան սահմանը, նկարագրեց լեռան ֆիզիկական յուրահատկություններն ու բուսական աշխարհը։

Արարատի միջին գոտու (1500 մ - 3500 մ) բուսական ծածկույթը համեմատաբար փարթամ է։ Կան լավ արոտներ և գիհու թփուտներ։ Ստորին գոտում (1500 մ-ից ցած) ծածկված է կիսաանապատային աղասեր բույսերն ու չորասեր թփուտները, ճահճուտներում՝ եղեգնուտները, միայն Սարդար–բուլաղի աղբյուրի մոտ աճում են կեչու թփուտներ։ Հարուստ է նաև կենդանիներով և թռչուններով։ Հնում Արարատը հռչակված էր որպես Հայոց արքունի որսատեղի։ 10-րդ դարում արաբ աշխարհագրագետ Իսթախրիի վկայությամբ, Արարատը (արաբները Մասիսն անվանել են Հարիս, Սիսը՝ Հուայրաս) ուներ անտառներ և որսատեղիներ։ Իսկ Յակուտը (13-րդ դար) գրում է, որ Արարատի վրա գտնվում են Հայոց թագավորների շիրիմներ՝ իրենց գանձերով։

Վերելքներ

Հայերի վերաբերմունք

Փավստոս Բուզանդը պատմում է, որ եպիսկոպոս Հակոբ Մծբնեցին (4-րդ դար), Նոյի տապանը տեսնելու հույսով, մի խումբ մարդկանց հետ փորձեց հյուսիսարևելյան լանջով բարձրանալ Արարատի գագաթը։ Աստված, իբր տեսնելով նրանց ապարդյուն ջանքերը և անսալով Հակոբի պաղատանքին՝ հրեշտակի միջոցով սուրբ տապանի փայտերից մի կտոր ուղարկեց նրան և հասկացրեց Արարատի կատարի անմատչելիությունը մահկանացուների համար (Հակոբ Մծբնեցու բերած փայտի կտորը, իբրե սրբազան մասունք, պահվում է Էջմիածնի եկեղեցում)[68][69]։

Անցյալում Հայ առաքելական եկեղեցին ընդդիմացել է Արարատ բարձրանալու փորձերին։ 13-րդ դարում միսիոներ Ռուբրուքը գրել է. «Շատերն էին փորձում բարձրանալ այն, բայց ոչ ոք չէր կարողանում։ Ոչ ոք չի կարող բարձրանալ այն, քանի որ այն աշխարհի մայրն է. ոչ ոք չի կարող վերադառնալ «իր մոր արգանդը»»[70]։ Ֆրանսիացի ճանապարհորդը վկայում է, որ հայերն Արարատի գագաթը չեն բարձրանում ոչ այնքան լեռան դժվարամատչելիության, որքան նրա սրբազանությունը չպղծելու պատճառով։ 18-րդ դարի Անգլիացի աստվածաբան Թոմաս Սթեքհաուզը նշում էր, որ «բոլոր հայերը վստահ են, որ Նոյյան տապանը մինչ օրս գտնվում է Արարատ լեռան գագաթին․ այն պահպանելու համար ոչ մեկին թույլատրված չէ մոտենալ գագաթին»[71]։ Պարրոտի և Աբովյանի վերելքին ի պատասխան Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան քահանաներից մեկը մեկնաբանել է, թե սուրբ լեռը մագլցելը նույնն է, թե «մարդկության արգանդը կապել վիշապական ձևով»։ 21-րդ դարում արդեն Արարատ մագլցելն ընդունվում է որպես ամենաբարձրարժեք հայրենասիրական ուխտագնացությունը, որին մասնակցում են մեծ քանակով մարդիկ Հայաստանից և Հայկական սփյուռքից[72]։

Առաջին վերելքներ

Պատմության մեջ գրանցված լեռան առաջին վերելքը եղել է 1829 թվականին, երբ առաջին անգամ Արարատի գագաթը բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Իոհանն Ֆրիդրիխ Պարրոտը, որին ուղեկցում էին Խաչատուր Աբովյանը, երկու գյուղացիներ՝ Հովհաննես Այվազյանը, Մուրադ Պողոսյանը, և երկու ռուս զինվորներ՝ Ալեկսեյ Զդոռովենկոն, Մատվեյ Չալպանովը[73][74]։ Նրանք կատարեցին ֆիզիկական և բուսա-կլիմայական հետազոտություններ[75][76][77]։ Բալթիկ գերմանացի բնագետ Ֆրիդրիխ Պարրոտը 1829 թվականի սեպտեմբերի կեսերին ժամանել է Էջմիածնի տաճար՝ ռուսների՝ Երևանի գրավումից հետո մոտ երկու տարի անց և նրա միակ նպատակը եղել է Արարատ բարձրանալը։ Խաչատուր Աբովյանը որպես թարգմանիչ և ուղեկցորդ է նշանակվել հայկական եկեղեցու առաջնորդ կաթողիկոս Եփրեմի կողմից։ Աբովյանը և Պարրոտը հատել են Արաքս գետը և գնացել Աքորի, որը Արարատի հյուսիսային լանջին 1220 մ բարձրության վրա գտնվող հայկական գյուղ էր։ Նրանք ճամբար են դնում Աքորիի սուրբ Հակոբ եկեղեցում, մոտ՝ 1943 մ բարձրության վրա։ Երկու ձախողված փորձից հետո, երրորդ անգամ հաջողվում է բարձրանալ գագաթը 1829 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը՝ 15:15-ին։ Պարրոտը սնդիկի բարոմետրով չափեց լեռան բարձրությունը, որը 5250 մ էր։ Սա ոչ միայն առաջին վերելքն էր Արարատ, այլև մինչև այդ բարձրացած երկրորդ ամենաբարձր գագաթը՝ Լիկանկաբուր լեռից հետո՝ Չիլիական Անդերում։ Աբովյանը սառույցի վրա անցք է արել և տեղադրել հյուսիս ուղղված փայտե մի խաչ։ Նա նաև մի կտոր սառույց է վերցրել գցել շշի մեջ և իր հետ իջեցրել ներքև՝ ջուրը համարելով սուրբ։ 1829 թվականի նոյեմբերի 8-ին Պարրոտը և Աբովյանը աքորացի որսորդ Սահակի եղբայր Հակոյի հետ բարձրանում են Սիս[73]։

Այլ նշանակալի վերելքներ

Վաղ հայտնի վերելքներից է ռուս կլիմայագետ և օդերևութաբան Կոզմա Սպասկի Ավտոնոմովի վերելքը (1834 օգոստոս), Կարլ Բերենսի վերելքը (1835), Բրիտանացի քաղաքական գործիք՝ Հենրի Դենբի Սեյմուրի վերելքը (1848)[78]։ 1845 թվականի հուլիսին գերմանացի հանքաբան և երկրաբան Օտտո Վիլհեմ Հերման ֆոն Աբիխը, մանրակրկիտ ուսումնասիրելով Արարատի առանձնահատկությունները, որոշեց Մասիսի գագաթը տանող ամենամատչելի ուղին (հարավարևելյան լանջը) և կատարեց փայլուն վերելք[79]։ 1850 թվականի օգոստոսին այդ նույն ճանապարհով Արարատի գագաթը բարձրացավ ռուսական գնդապետ Խոյկոյի արշավախումբը, որը մեկ շաբաթ մնաց գագաթին և կատարեց բազմաթիվ ուսումնասիրություններ։ Դրանից հետո բազմաթիվ արշավախմբեր են բարձրացել Արարատի գագաթը, կատարել բազմաբնույթ ուսումնասիրություններ։ Ուշ XIX դարում երկու բրիտանացի հայագետներ՝ Ջեյմս Բրայսը (1879)[80] և Լինչը (1893)[81][82] նույնպես բարձրացան լեռը։ 1910 թվականի հուլիսի 30-ին և 31-ին Մեծ Մասիս բարձրացան բնագիտության մագիստրոս պ. Ռոզենդալ, մեքենայագետ Վեյս, դոկտոր Ֆոն-Դեյկ Պոստ, պ. Վեյֆելբախ, դոկտոր Նյուտոն, պ. Սեյլան և Պադուայի անգլիական գեներալ-կոնսուլ պ. Լինտոմ[83][84]։ Առաջին ձմեռային վերելքը Բոզքուրտ Էրգյորինն էր, որ Թուրքիայի ալպինիզմի ֆեդերացիայի նախկին նախագահն էր։ Նա բարձրացավ լեռը 1970 թվականի փետրվարի 21-ին[85]։

Միայնակ բարձրացողները
անունազգությունթվական
Ջեյմս Բրայսանգլիացի1878 սեպտեմբերի 12
Անդրեյ Պաստուխովռուս1892, 1893, 1894
Ա. Աբելյանհայ1896 սեպտեմբերի 14
Բոզկուրտ Էրգյորթուրք1970 փետրվարի 21

Նոյյան տապանի ավանդույթ

Ավանդույթի սկիզբ

Ծննդոց 8:4-ը Աստվածաշնչի տարբերակներում
տարբերակ
Ծննդոց 8:4-ի տեքստը
Եբրայական ԱստվածաշունչԱստվածաշնչային եբրայերեն՝ד וַתָּנַח הַתֵּבָה בַּחֹדֶשׁ הַשְּׁבִיעִי, בְּשִׁבְעָה-עָשָׂר יוֹם לַחֹדֶשׁ, עַל, הָרֵי אֲרָרָט
տառադարձում՝wat·tā·naḥ hat·tê·ḇāh ba·ḥō·ḏeš haš·šə·ḇî·‘î, bə·šiḇ·‘āh- ‘ā·śār yō·wm la·ḥō·ḏeš; ‘al hā·rê ’ă·rā·rāṭ
բառացի թարգմանություն՝և տապանը նստեց յոթներորդ նոր լուսնին՝ լուսնի տասնյոթերորդ օրը Արարատի բլուրների վրա[86]։
Սեպտուագինտա
Կոյնե հունարեն՝καὶ ἐκάθισεν ἡ κιβωτὸς ἐν μηνὶ τῷ ἑβδόμῳ, ἑβδόμῃ καὶ εἰκάδι τοῦ μηνός, ἐπὶ τὰ ὄρη τὰ ᾿Αραράτ.
տառադարձում՝kai ekathisen hē kibōtos en mēni tō hebdomō, hebdomē kai eikadi tou mēnos, epi ta orē ta Ararat.
բառացի թարգմանություն՝Եվ ջրերը քաշվում էին և գնում երկրի վրայից և հարյուր հիսուն օր հետո ջրերը քիչացան և նապանը նստեց յոթներորդ ամսում՝ տասնյոթերորդ օրը Արարատի լեռների վրա։
Վուլգատա
լատիներեն՝requievitque arca mense septimo vicesima septima die mensis super montes Armeniae
տառադարձում՝Եվ տապանը նստեց յոթներորդ ամսին՝ յոթ և տասներկուերորդ ամսվա օրը՝ Հայաստանի լեռների վրա։
Աստուածաշունչ տպագր. Ոսկան Երևանցու, տպ. Ս. Էջմիածնի և Ս. Սարգսիգրաբար՝Եւ նստաւ տապանն յեօթներորդում ամսեանն՝ իքսանևեօթն ամսոյն՝ իլերինս Արարադայ[87]։
բառացի թարգմանություն՝Եվ տապանը նստեց յոթերորդ ամսի քսանյոթերորդ օրը՝ Արարատ լեռան վրա։
«Դրախտի տոպոլոգիան» ըստ գերմանացի հետազոտող Աթանասիուս Քիրխերի 1675 թվականի «Arca Noë» գրքից։ Հյուսիս֊արևելքում՝ Հայաստանի լեռներից վեր, Արարատ լեռն է Նոյյան տապանով[88]։

Հին կտակարանի Ծննդոց գրքի ութերորդ գլխի չորրորդ մասի համաձայն՝ Ջրհեղեղից հետո Նոյյան տապանը նստել է «Արարատի լեռան» վրա (գրաբարով՝ «ի լերինս Արարատայ»)[89] դառնալով «նոր մարդկության խանձարուրը, ազգերի ու ժողովուրդների սփռման արձակարանը» (աստվածաշնչյան եբրայերենով՝ הָרֵי אֲרָרָט, hare ararat)[90]։ Շատ պատմաբաններ և աստվածաշնչագետներ ընդունում են, որ «Արարատը» Ուրարտուի եբրայերեն անունն է, որը Հայաստանի աշխարհագրական նախորդն է։ Սակայն Աստվածաշնչի լատիներեն թարգմանությունում՝ Վուլգատայում, «Արարատը» թարգմանված է որպես «Արարատի լեռներ» (montes Armeniae)[91][92]։ Այնուամենայնիվ, հենց Արարատ լեռն է համարվում Նոյյան տապանի նստելու ավանդական վայրը և շատ քրիստոնյաներ այս տեսակետի կողմնակիցն են, քանի որ այն կարող էր լինել ջրերից երևացող առաջին գագաթը[93]։ Դրա համար այն անվանվում է բիբլիական լեռ[94][95][96]։

Ըստ Առնոլդի՝ Արարատ լեռը կապվել է Ծննդոցի ջրհեղեղի պատմության հետ 11-12-րդ դարերում[97]։ Բայլին ենթադրում է, որ տեղի հայ բնակչությունը սկսել է համարել այն որպես տապանի նստելու վայր 11-12-րդ դարերում[98]։ Բրիտանացի արևելագետ Ֆ.Ս. Քոնիբիրը 1901 թվականին՝ անդրադառնալով Ֆրիդրիխ Մուրադի Արարատի մասին գրքին գրում է՝ «հեթանոսական ավանդույթների և պաշտպամունքների կենտրոնը [...] և դա միայն 11--րդ դարում, որից հետո այս ավանդույթները անհետացան ժողովրդի մտքից և հայ աստվածաբանները լեռան հավերժական սառույցն են համարում Նոյյան տապանի նստելու վայրը»[99]։ Ֆիշերը և Սպենսեր-Լինարդը ֆրանսիացի 13-րդ դարի ճանապարհորդ Վիլիամ ֆոն Ռուբրուքին համարում են եվրոպական գրականության մեջ Արարատի մասին ավանդության հիշատակման առաջին աղբյուրը[100][101][102]։ 14-րդ դարում անգլիացի ճանապարհորդ Ջոն Մանդևիլը Արարատի մասին հիշատակած այլ վաղ հեղինակներից է[103]. «Որտեղ Նոյի նավն է հանգչում և դեռ այնտեղ է»[104]։

Ջրհեղեղի պատմականությունն ընդունող որոշ գիտնականներ (Ռումեր, Հոֆ, Ռիտեր, Ալիշան և ուրիշներ) նույնիսկ նկատել են Արարատի այնպիսի յուրահատկություններ (գլխավորապես Հին աշխարհում գրաված կենտրոնական դիրքը), որոնց պատճառով այն իրոք կարող էր արժանանալ «նախաջրհեղեղյան աշխարհի մահարձանի և նոր մարդկության օրրանի» պատվին։ Ավանդությունը Նոյի անվան հետ է կապում Արարատին մերձավոր մի շարք տեղանուններ (Երևան, Ակոռի, Առնոյոտն, Նախճավան, Մարանդ և այլն)։ Քրիստոնեության դարձից հետո հայ եկեղեցին Արարատի սրբազանությանը նոր գունավորում տվեց, իսկ հեթանոսական ավանդության քաջաց ոգիները փոխեց Նոյի սրբազան տապանի պահապան հրեշտակներով։

Տարածում

Հովհաննես Այվազովսկի «Նոյը իջնում է Արարատից» (1889, Հայաստանի Ազգային Պատկերասրահ)։ Պատկերված է Նոյն իր ընտանիքի հետ, որոնք կենդանիների հետ հատում են Արարատյան դաշտավայրը՝ իջնելով Նոյյան տապանից[105][106]։

Ամերիկյան քրիստոնեական միսսիոներ Հարիսոն Գրեյ Օտիս Դուայթը 1856-ին գրում է, որ «Եվրոպայում հիմնականում կարծում են», թե Նոյյան տապանը նստել է Արարատ լեռան վրա[107]։ Բրիտանացի պատմաբան և քաղաքագետ Ջեյմս Բրայսը, ընդունելով, որ Աստվածաշնչի հատվածը որ տապանը նստել է «մի լեռան վրա, որը գտնվում էր եբրայերենով Արարատ անվամբ հայտնի տարածքում կամ Հայաստանում», իր 1878 թվականի հոդվածում գրում է «միևնույն ժամանակ մեր լեռը Հայաստանի մյուս գագաթներից այնքան ավելի բարձր է և տեսանելի և ավելի աստվածային, որ ինչ-որ մեկը դժվար կասկածի, որ Աստվածաշնչի գրողը իր մտքին այլ լեռ է ունեցել»[108]։

Ըստ Կաթոլիկական հանրագիտարանի (1907)՝ եբրայական և հայկական ավանդույթներն ասում են, որ Նոյյան տապանը նստել է Արարատ լեռան վրա[109]։ Սպենսերը և Լինարդը 2005 թվականին գրում են, որ Արարատ լեռը այն վայրն է, որը Եվրոպական և Արևմտյան քրիստոնեության մեծամասնությունը համարում են Նոյյան տապանի նստելու վայրը և ավելացնում, որ ավանդույթը շատ արմատացած է քրիստոնեական աշխարհում։

2001 թվականին Հովհաննես Պողոս II-ը Հայաստան այցելելիս, իր քարոզում ասում է. «Մենք մոտ ենք Արարատ լեռանը. ավանդույթն ասում է, որ Նոյյան տապանը այնտեղ է հանգրվանել»[110]։ Մոսկվայի Կիրիլ Պատրիարքը՝ ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը, նույնպես նշում է, Արարատը Նոյյան տապանի հանգրվանի վայրն է՝ իր 2010-ի Հայաստանի այցի ժամանակ[111]։

Որոնումներ

Ավանդորեն Նոյյան տապանի որոնումների հիմնական վայրը եղել է Արարատ լեռը։ Չնայած շատերը վկայում են, որ տապանը տեսել են, տապանի գոյության ոչ մի գիտական ապացույց չկա[112]։ Նոյյան տապանի որոնումները գիտնականների կողմից համարվում է փսևդոհնէաբանության (կեղծ հնէաբանության) օրինակ[113][114]։ Կենեթ Ֆեդերը գրում է. «Քանի որ ջրհեղեղի պատմությունը չի հաստատվում ոչ մի հնէաբանական ապացույցով, զարմանալի չէ, որ ոչ մի հնէաբանական ապացույց չկա նաև անհավանական մեծ տապանի գոյության համար, որը թվագրվում է 5000 տարի առաջվա»[115]։

Նշանակությունը հայերի համար

Սիմվոլիզմ

Արարատը Տիգրան Դ թագավորի և Էրատո թագուհու Արտաշեսյան դրամի վրա, մ.թ.ա. 2 – մ.թ.1[116][117]

Արարատ լեռը պատմականորեն կապվել է Հայաստանի հետ[118] և լայնորեն ճանաչվել որպես Հայաստանի սկզբունքային ազգային խորհրդանիշ[119][120]։ Այն աշխարհագրորեն տեղակայված է պատմական Հայաստանի թագավորությունների կենտրոնում[121][122], որի համար էլ հայերի հայրենիքի մի մասն է[123]։ Հայերի համար այն հայտնի է որպես «սուրբ լեռ»[124][125] հիմնականում աստվածաշնչային ջրհեղեղի պատմության պատճառով[126]։ Արարատն անվանվել է Հայաստանի ապրանքանիշ[127], Հայաստանի այցեքարտ[128] և «ավելի քան լեռ հայերի համար»[129]։ Ժողովրդագրագետներից մեկը գրել է, որ «հայերը ունեն Արարատի սեփականության զգացում՝ մշակութային սեփականության առումով»[130]։

Գրիգոր Նարեկացին Արարատն անվանել է «մեծության կշռորդ», Թովմա Արծրունին՝ «մեծավայելուչ թագավոր»։ Նոր շրջանի հայ գրողներից Արարատը գովերգել են և նրան ոգեշունչ տողեր են ձոնել Խաչատուր Աբովյանը, Ղևոնդ Ալիշանը, Րաֆֆին, Ավետիք Իսահակյանը, Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը, Պարույր Սևակը և ուրիշներ։ Արարատի վեհանիստ գեղեցկությունն իրենց կտավներում պատկերել են հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկին, Գևորգ Բաշինջաղյանը, Մանուկ Մահտեսյանը, Վրթանես Ախիկյանը, Մարտիրոս Սարյանը, Փանոս Թերլեմեզյանը, Եղիշե Թադևոսյանը, Ստեփան Աղաջանյանը, Հակոբ Հակոբյանը, Հովհաննես Զարդարյանը և ուրիշներ։

Ավանդազրույցներ

Հայկ նահապետը, հայ ժողովրդի առասպելական հիմնադիրը։ Նկարիչ՝ Մկրտում Հովնաթանյան (1779–1846)։ Ետնանկարում պատկերված է Արարատը։ Ararat is pictured in the background.

Հայոց հին հավատքում Մասիսը քաջաց ոգիների դիցարանն էր, որոնք Մասիսն իբրև հսկել են մարդկանց ներխուժումից, անդնդակուլ արել հանդուգն սահմանախախտներին։ Ըստ «Արտավազդ» ժողովրդական հնագույն զրույցի, Հայոց թագավոր Արտավազդը շղթայակապված է Մասիսի վիհում և ջանում է դուրս գալ այնտեղից։ Ըստ Ագաթանգեղոսի, Հայոց թագավոր Տրդատ Գ Մեծը Հռիփսիմեի վկայարանը կառուցել է սրբազան Մասիսից բերած քարերով։

Հայկական հուշարձաններ

Արարատի լանջին, հին Ակոռուց վերն, Գինո գետակի աջ ափին վաղ միջնադարում հիմնվել է Սուրբ Հակոբ անունով վանք կամ մենաստան (խաչաձև գմբեթավոր)։ Վանքից ոչ հեռու, վիհի եզերքին, բխում էր սառնորակ մի աղբյուր, որը, ըստ ավանդության, գոյացել էր Սուրբ Հակոբի արտասուքից։ Ժողովուրդն աղբյուրն անվանում էր նաև «Անհատական» կամ «Անահտական» (հավանաբար Անահիտ դիցամոր անունով)։ Ժողովրդական ուխտատեղի աղբյուրին վերագրվում էր ամուլ կանանց բուժելու հատկություն։ Աղբյուրի ջուրը նաև սրսկել են դաշտերին՝ բերքը մարախ միջատներից իբրև պաշտպանելու համար։ Արարատի հյուսիսային ստորոտից, Դաշբուռուն գյուղից հարավ, բխում է Արաքսի վտակ Միջին Սևջուրը։ Արևելյան կողմից Սևջրին խառնվում է Գինո գետակը՝ ոռոգելով Ակոռու այգիներն ու դաշտերը։ Ավանդության համաձայն, Արտավազդ թագավորը գետնակուլ է եղել այս գետակի ակունքի մոտ։ Գինո գետակից հյուսիս-արևմուտք, Սսի ստորոտում (թամբարդի վրա) գտնվում էր Երևանի սարդար Հուսեյն խանի պալատ–ամառանոցը՝ Սարդար–բուլաղը՝ իր սառնորակ (5,8–6 °C) աղբյուր–ավազանով (սնվում է Սսի գագաթի լճակի ջրից)։ 1840-ի հունիսի 20-ի երեկոյան երկրաշարժից կործանվեցին Ակոռին, Սուրբ Հակոբի վանքն՝ իր աղբյուրով, սարդարի պալատը և այլ կառույցներ։ Սարդար–բուլաղի աղբյուրը պահպանվում է։ Հերման Աբիխը, Ե. Վայդենբաումը և ուրիշ այցելուներ վկայում են Սարդար–բուլաղի մոտակայքում պահպանված հնագույն անտառների մնացուկների՝ կեչիների մացառների մասին։

Ծագման առասպել

Միջնադարյան պատմիչ Մովսես Խորենացին Ծննդոցի ջրհեղեղի պատմությունը կապել է հայերի ծագման առասպելի հետ։ Իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ, Խորենացին գրում է, որ Հայկը՝ հայերի նախահայրը, որից հայերը ստացել են իրենց անունը, Թորգոմի որդին էր, Նոյի որդիներից մեկի՝ Հաբեթի ծոռը[131]։ Հայկը Արարատ լեռան շուրջը սկզբնավորեց հայ ժողովուրդը[132]։ Ըստ Ռազմիկ Փանոսյանի՝ արարման այս առասպելը «Արարատի վրա Նոյյան տապանի հանգրվանումը՝ Հայաստանը դարձնում է բոլոր քաղաքակրթությունների սկզբնաղբյուրը։ [...] այն հայերին կապում է մարդկության քաղաքակրթության զարգացման աստվածաշնչային պատմության հետ։ [...] այն Արարատ լեռը դարձնում է բոլոր հայերի ազգային խորհրդանիշը, իսկ շրջակա տարածքը՝ անհիշելի ժամանակներից եկող հայերի հայրենիքը»[133]։

Ցեղասպանության և «կորսված տարածքների» խորհրդանիշ

Լիբանանահայերի բողոքի ցույցը ընդդեմ Թուրքիայի վարչապետ Էրդողանի, որը 2010 թվականի նոյեմբերին այցելել էր Բեյրութ[134]։

1915-ի Մեծ եղեռնի արդյունքում, մեծ մասամբ Արևելյան Թուրքիայում գտնվող տարածքների մի հսկա հատված մնաց համարյա առանց հայերի։ Չնայած որ Արարատը Ռուսական Կայսրության Երևանի նահանգի մի մասն էր և Կարսի 1921 թվականի պայմանագրով հանձնվել էր Թուրքիային, հաջորդող տասնամյակներին հայ ազգային գիտակցության մեջ Արարատը խորհրդանշում է Արևմտյան Հայաստանի կորուստը[135][136][Ն 3]. «Այն հիշեցնում է հայերի կյանքում մեծ տեղ գրաված ողբերգության մասին. Արարատը տեսանելի է Հայաստանից, բայց պատկանում է Թուրքիային», գրել է Սմիթսոնիան ամսագրի լրագրողներից մեկը[138]։ Արի Լ. Գոլդմանը 1988 թվականին գրել է՝ «Սփյուռքի ընտանիքների մեծամասնության տներում, կան Արարատի լուսանկարներ, որոնք հիշեցնում են հայրենիքը և ազգային ձգտումները»[139]։ Արարատը հայերի համար դարձել է «կորցրած հողերը» վերականգնելու խորհրդանիշ, այն հողերը, որոնք ներկայումս Թուրքիայի տարածքում են, բայց ժամանակին հայերի մեծ բնակչություն են ունեցել[16]։

Հայաստանի զինանշան

Արարատ լեռը պատկերվել է Հայաստանի զինանշանի վրա 1918 թվականից սկսած։ Առաջին հանրապետության զինանշանը նախագծել են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Այս զինանշանը ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության կողմից 1992 թվականի ապրիլի 19-ին՝ անկախության վերահաստատումից հետո։ զինանշանի վահանի վրա պատկերված է Արարատը՝ գագաթին Նոյյան տապանը նարնջագույն ֆոնի վրա[140]։

Խորհրդային Հայաստանի զինանշանը ստեղծել են Մարտիրոս Սարյանը և Հակոբ Կոջոյանը՝ 1921 թվականին[141]։ Արարատ լեռը պատկերված է կենտրոնում և կազմում է զինանշանի մեծ մասը։

Մշակույթ և արտապատկերում

Հայաստանի երկրորդ Հանրապետության առաջին նամականիշները։

Ազգագրագետ Լևոն Աբրահամյանը նկատել է, որ Արարատը պատկերված է հայերի իրականության, խորհրդանիշների և մշակույթի մեջ[142]։ Հայաստանի անկախացումից հետո, 1992 թվականին թողարկված երեք նամականիշներն էլ Արարատի պատկերով էին։ Արարատ լեռը պատկերված է շատ կրթական (Երևանի պետական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան և այլն), մարզական (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, «Արարատ» ֆուտբոլային ակումբ և այլն) հաստատությունների տարբերանշանների վրա։ Հայաստանի նախկին ավիափոխադրող Արմավիայի տարբերանշանի վրա նույնպես պատկերված էր Արարատը։ Արարատ լեռը նաև պատկերված է հայկական շատ թղթադրամների վրա։

Արարատի կոնյակի գործարանի կողմից 1887 թվականից արտադրվող «Արարատ» կոնյակը համարվում է Արևելյան Եվրոպայի ամենավարկանշային կոնյակը[143]։ Երևանի հյուրանոցները իրենց սենյակներից Արարատի տեսանելիությունը գովազդում են որպես առավելություն[144][145][146]։

Կերպարվեստ

Եվրոպական

Արարատը պատկերված է 18-19-րդ դարերում Հայաստան այցելած շատ եվրոպական ճանապարհորդների գրքերում։

Հայկական

Համաձայն մեկ աղբյուրի՝ Արարատը պատկերած առաջին հայ նկարիչը Հովհաննես Այվազովսկին էր[147], որը պատկերել է Արարատը 1868-ին Հայաստան կատարած իր այցի ժամանակ[148]։ Արարատը պատկերած այլ խոշոր նկարիչներից են՝ Եղիշե Թադևոսյանը, Գևորգ Բաշինջաղյանը, Մարտիրոս Սարյանը[149] և Փանոս Թերլեմեզյանը։

Գրականություն

Ռուբեն Պոլ Ադալյանը ենթադրել է, որ «երևի թե մոլորակի լեռներից Արարատի մասին են գրվել ամենաշատ բանաստեղծությունները»[150]։ Ճանապարհորդ Ռիք Անտոնսոնը նկարագրել է Արարատը որպես «աշխահի ամենահանրահռչակ լեռ»[151]։

Արտասահմանյան գրականություն

Անգլիացի բանաստեղծ Ուիլյամ Վորդսվորթն իր բանաստեղծություններից մեկում («Sky-prospect — From the Plain of France) երևակայում է, թե տեսնում է Նոյյան տապանը[152][153]։

Իր «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» (ռուսերեն՝ Путешествие в Арзрум; 1835–36) ստեղծագործության մեջ Ալեքսանդր Պուշկինը պատմում է ռուս֊թուրքական պատերազմի տարիներին դեպի Կովկաս և Հայաստան ունեցած ճանապարհորդության մասին։ Ռուս բանաստեղծ Վալերի Բրյուսովը շատ անգամներ Արարատն օգտագործել է իր բանաստեղծություններում։ Լեռանը նվիրել է երկու բանաստեղծություն, որոնք տպագրվել են 1917-ին[Ն 4]։ Բրյուսովը Արարատը դիտարկում էր որպես հնադարյան հայ ժողովրդի և հայկական մշակույթի մարմնացում[154]։

Ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը 1933 թվականին Հայաստան կատարած այցի ժամանակ սիրով էր գրում Արարատի մասին։ «Ես իմ ներսում մշակեցի վեցերորդ զգայարանը՝ «արարատյան զգայարանը», Արարատի հանդեպ ունեցած գրավչության զգայարանը»[155]։

Ռուս խորհրդային բանաստեղծ Վասիլի Գրոսմանը Հայաստան կատարած այցի ժամանակ Արարատը տեսնում է Երևանի բարձունքից[156]։

Չարլզ Օսլոնը «Մաքսիմուսի բանաստեղծություններում» (The Maximus Poems (1953) իր ծննդավայրի (Ուոսթեր, Մասաչուսեթս) հարևանությամբ գտնվող Արարատ բլուրը նմանեցնում է Արարատ լեռանը և պատկերացնում, թե կարող է Արարատ բլուրը տեսնել, ինչպես հայ գաղթականը կնայեր Արարատ լեռանը[157]։

Հայ գրականություն

Արարատ լեռը շատ հաճախ է հանդիպում հայ գրականության մեջ։ Ըստ Մելինե Քարաքաշյանի՝ «հայ բանաստեղծները Արարատ համարում են միասնության, ազատության և անկախության խորհրդանիշ»[158]։ Ըստ Գևորգ Պարտաքջյանի՝ հայ գրականության մեջ Արարատը մարմնավորում է Հայաստանի և հայերի իղձերը և տառապանքը, հատկապես 1915 թվականի հետևանքները՝ հողի և մշակույթի կորուստն ու ոչնչացումը[159]։

Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» (1920) բանաստեղծության վերջին տողերն են` «Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։»[160]։ 1926 թվականին[161] Ավետիք Իսահակյանը Արարատին նվիրված բանաստեղծություն է գրե` «Արարատի ծեր կատարին, Դար է եկել, վայրկյանի պես, Ու անցել։»[162]։ Հովհաննես Շիրազի բանաստեղծություններում Արարատը ամենահաճախ օգտագործված խորհրդանիշն է[159]։ 1958 թվականին տպագրված «Քնար Հայաստանի» ժողովածուում կան շատ բանաստեղծություններ, որտեղ Արարատը օգտագործվում է որպես խորհրդանիշ։ Օրինակ՝ «Կտակ»֊ում Շիրազը Մասիսը կտակում է որդուն, ասելով՝ «Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան, Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան:[163]»։

1961 թվականին Պարույր Սևակը «Մենք քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծության մեջ գրել է՝ «Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում։ Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚ Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք»[164]։ Սիլվա Կապուտիկյանը իր բանաստեղծություններից մեկում Արարատը համարում Հայաստանի աշտարակներից մեկը՝ «Դու ժայռակուռ մի ամրոց ես հնավանդ, Աշտարակներդ՝ Արագած ու Արարատ։»։

Փոփ մշակույթ

Երաժշտություն

  • «Holy Mountains»-ը (Սուրբ լեռներ) System of a Down ամերիկյան ռոք խմբի Hypnotize (2005) ալբոմի ութերորդ երգն է։ Խումբը կազմված է հայկական ծագում ունեցող ամերկացիներից։ Երգի անունը ընտրվել է «Արարատ լեռը նկատի ունենալով, ցույց տալու համար, որ Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված հոգիները Արարատում են գտել իրենց հանգիստը»[165]։
  • «Here's to You Ararat» («Քեզի համար Արարատ») Արտո Թունջբոյաջյանի Armenian Navy Band֊ի երգերից է[166]։

Ֆիլմեր

  • Կանադահայ ռեժիսոր Ատոմ Եգոյանի 2002 թվականի «Արարատ» ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին[167]։
  • Էստոնացի ռեժիսոր Ռիհո Վեստրիկի 2011 թվականի «Ճամփորդություն դեպի Արարատ» փաստագրական ֆիլմը պատմում է Պարրոտի և Աբովյանի վերելքի մասին մասին[168][169]։ Այն 2013 թվականին ցուցադրվել է Երևանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում[170]։

Վայրեր Արարատ անվանումով

  • Հայաստանում կա Արարատի մարզ, երկու քաղաք՝ Արարատ և Մասիս, երկու գյուղ՝ Արարատ և Մասիս[171]։
  • Թուրքական Աղրըի մարզը կրում է Արարատի թուրքերեն անվանումը 1927 թվականից, իսկ 1946 թվականին Կարակյոզ քաղաքը անվանափոխվել է և կոչվել Աղրի[172]։
  • ԱՄՆ-ի Կարոլինա նահանգում կա Արարատ անվանումով չընդգրկված տարածք, Փենսիլվանիայում՝ առանձին քաղաքային վարչություն և լեռ[173], Վիրջինիայում՝ գետ[174]։ Ավստրալիայի Վիկտորիա նահանգում կա Արարատ անվանումով քաղաք և գյուղաքաղաք։
  • 1840 թվականին Ավստրալիայի Վիկտորիա նահանգի քաղաքներից մեկն անվանվել է Արարատ։ Տեղական շրջանը նույնպես անվանվում է Արարատ[175][176]։
  • 96205 Արարատ անվանումով կա աստերոիդ[177]։ Այն հայտնաբերվել է 1992 թվականին Գերմանիայի Տաուտենբուրգի աստղադիտարանում։

Երկրներ

  • Ուրարտուն հայկական պատմագրության մեջ անվանվում է նաև Արարատյան թագավորություն։
  • Հայաստանի Առաջին Հանրապետությունը անվանվել է նաև Արարատյան Հանրապետություն[178][179], քանի որ գտնվել է Արարատյան դաշտի կենտրոնում[180][181]։
  • 1927 թվականին քուրդ ազգայնական Իհսան Նուրին, որը պայքարում էր թուրքական կառավարությունից անկախանալու համար, հռչակեց Արարատի Հանրապետության (քրդ.՝ Komara Agiriyê) անկախացումը, որի կենտրոնում Արարատ լեռն էր[182][183]։

Պատկերասրահ

Տես նաև

Նշումներ

Ծանոթագրություններ

Գրականություն


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արարատ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 691
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան