Հայկական բանակ (1918-1920)

Հայկական Ազգային բանակ, ստեղծվել է Հայաստանի առաջին Հանրապետության օրոք՝ 1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո։ Գոյատևել է մինչև հանրապետության խորհրդայնացումը՝ 1920 թվականի դեկտեմբերի 2[1]։

Հովհաննես Հախվերդյան՝ Հայաստանի Հանրապետության առաջին ռազմական նախարար

Կազմավորման պատմություն

Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը (Տփղիսեցի) օրհնում է կամավորներին: (1918 թ.)

Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը հիմնականում ռուսական զինվորական գիմնազիաներ ավարտած, Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած կադրեր էին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1917 թվականի դեկտեմբերի 13-ի կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի 136 հրամանով արտոնվում է հայկական կորպուսի ստեղծումը, որն էլ հետագայում դարձավ Հայկական ազգային բանակի կորիզը[2]։

Ռուսական զորքերի դուրս գալուց հետո Հայկական կորպուսը կազմավորվեց ռուսական բանակի հայկական գնդերի և հայդուկային ջոկատների հիման վրա՝ ժառանգելով ռուսական բանակի կառուցվածքային սկզբունքները և սպառազինությունը՝ զենքն ու զինամթերքը։ Նրա բարձրագույն սպայական և հրամանատարական կազմը բաղկացած էր հիմնականում ռուսական բանակի հայ բարձրաստիճան, ավագ և կրտսեր սպաներից, քիչ չէին նաև ֆիդայական շարժմանը մասնակցած խմբապետները։ Ձևավորված կանոնավոր զորամասերի հետ համատեղ բանակի կազմում գործում էին նաև աշխարհազորային ջոկատներ[3]։

Հայկական բանակը կազմված է ռուսական սիստեմով և կառավարվում է ռուսական զինվորական կարգերով։ Հրամանատարական (սպայական) կազմը իր կրթությունն ստացել է ռուսական դպրոցներում, զինվորների մեծ մասը ծառայած և վարժված է ռուսական բանակի մեջ։ Բոլշևիկյան շարժումներից հայկական զորքերը, ինչպես և առհասարակ Հայաստանի բնակչությունը, մնաց միանգամայն ազատ։ Կարգապահությունը բանակի մեջ միանգամայն բավարար է, գիտակցությունը և կարգապահությունը` շատ բարձր
- «Համառոտ տեղեկություններ Հայաստանի Հանրապետության մասին» տեղեկագիր

Հայկական կորպուս

Քրիստափոր Արարատյան՝ հայկական կորպուսի հրետանային բրիգադի հրամանատար, Հայաստանի Հանրապետության երկրորդ ռազմական նախարար

Հայկական բանակային կորպուսի կազմում կային երկու հրաձգային դիվիզիա` յուրաքանչյուրը կազմված չորս հրաձգային գնդից և մեկ հրաձգային-հրետանային բրիգադից, առանձին հեծելազորային բրիգադ` կազմված երկու հեծելազորային գնդից, բերդապահ-հետևակային բրիգադ՝ կազմված հինգ հետևակային գնդից, պահեստազորային բրիգադ՝ բաղկացած երկու հետևակային գնդից և չորս գումարտակից, հավաքական զորաջոկատ և մի շարք այլ առանձին և մասնագիտական զորամասեր ու ստորաբաժանումներ[3]։

Ձևավորված կանոնավոր զորամասերի հետ համատեղ բանակի կազմում գործում էին նաև աշխարհազորային ջոկատներ, կամավորական խմբավորումներ, որոնցից էին Անդրանիկի զորամասը, Պանդուխտ մշեցիների խումբը, սասունցիների ջոկատները և այլն։

Թվաքանակը 1918 թվականին

1918 թվականի մարտի վերջին հայկական կորպուսի մարտական անձնակազմի թվաքանակը կազմում էր շուրջ 20 000, որից մոտ 800-ը՝ սպա[4]։ 1918 թվականի ամռանը հայկական կորպուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը (1862-1937)։ Դիվիզիայի թվակազմը հասնում էր մոտ 16 հազարի[5]։ 1919 թվականի հունվարի դրությամբ այդ քանակը գրեթե անփոփոխ էր։ Նույն թվականի վերջին արդեն հայկական բանակի թվաքանակը կազմում էր ավելի քան 30 000[6]։

1918 թվականի մարտի 31-ի տվյալներով՝ հայկական կորպուսի զորամիավորումների խմբավորումները և մարտական կազմը ունեին հետևյալ պատկերը.

  • Բեգլի Ահմեդի զորաջոկատ՝ թվով 11 գումարտակ, 14 լեռնային, 4 թեթև թնդանոթ, 8 հեծելազորային էսկադրոն,
  • Կաղզվանի զորաջոկատ՝ 1 գումարտակ և 130 հեծելազորային, Երևանի զորաջոկատ՝ 14 գումարտակ, 12 լեռնային, 6 թեթև թնդանոթ և 3 հարյուրյակ,
  • կորպուսի պահեստային ուժերի կազմում կային 11 գումարտակ, ընդամենը՝ 37 գումարտակ, 26 լեռնային և 10 թեթև թնդանոթներ, 170 գնդացիր, 12 հեծելազորային էսկադրոն և 3 հարյուրյակ, որոնցում կար 16715 հետևակ ու հեծյալ զինվոր և 600 սպա[3]։

1918 թվականի դեկտեմբերի 11-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը։ Մինչև դեկտեմբերի վերջը վրացական բանակը պարտություններ էր կրում ու նահանջում։ Դեկտեմբերի 26-ի դրությամբ հայկական բանակը որպես ռազմավար էր վերցրել 400 վագոն, 25 շոգեքարշ, 39 գնդացիր և 3 զրահագնացք : Դեկտեմբերի 31-ին վրացական բանակի նոր անհաջողություններից հետո Թիֆլիսի համար վտանգ ստեղծվեց[7]։ Անմիջապես Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների միջնորդությամբ հայերի և վրացիների միջև կնքվեց զինադադար։

Թվաքանակը 1920 թվականին

Արդեն 1920 թվականի հունվարին հանրապետության բանակի թվաքանակը հասնում էր 25 000-ի, իսկ աշնանը՝ թուրք-հայկական պատերազմի շրջանում, շուրջ 40 հազարի[8]։

Սպառազինություն

Բանակը սկզբից ևեթ հիմնականում զինված է եղել ռուսական բանակի հիմնական սպառազինությամբ։

Սառը զենք

Կազակական զորքերի թրասուսեր և կովյասյան դաշույններ

Հայկական բանակում եղել են հետևյալ սառը զինատեսակները.

11881 թ. նմուշի դրագունական թրասուսեր (ռուս.՝ шашка)
21904 թ. նմուշի կովկասյան կազակական զորքերի թրասուսեր
31913 թ. նմուշի կովկասյան կազակական զորքերի սպայական թրասուսեր
41913 թ. նմուշի հետևակային զորքերի սպայական կորսուր (ռուս.՝ сабля)
51907 թ. նմուշի «Բեբուտ» դաշույն
61904 թ. նմուշի կազակական զորքերի դաշույն

Սպառազինության մեջ կային նաև կովկասյան վարպետների կողմից պատրաստված սառը զենքի տեսակներ, թե՛ աշխարհազորային ջոկատներում, և թե՛ կանոնավոր ստորաբաժանումներում հաճախ օգտագործվում էին նաև կովկասյան վարպետների կողմից պատրաստված ամենատարբեր թրասուսերներ, կոր սրեր և դաշույններ։

Կարճափող հրազեն

1895 թ. նմուշի թմբուկավոր «Նագան» ատրճանակ

Հայկական բանակի սպայական և զինվորական կազմի որոշ մասը զինված էր նաև ռուսական բանակի հիմնական «Նագան» (անգլ.՝ Nagant) թմբկավոր ատրճանակներով (7,62×38 մմ փամփուշտով)։ Սակայն բոլորի կողմից առանձնահատուկ սեր էր վայելում մեծ տարածում գտած «Մաուզեր» (անգլ.՝ Mauser К-96) ուղիղ փամփշտատուփով ատրճանակը (7,63×25 մմ փամփշտով), այսպես կոչված տասանոցը։

11895 թ. նմուշի թմբուկավոր «Նագան» ատրճանակ
21871 թ. նմուշի թմբուկավոր «Սմիտ-Վեսսոն» ատրճանակ
31896 թ. և 1908 թ. նմուշների «Մաուզեր» ատրճանակ

Երկարափող հրազեն

Հայ շարքային հրաձիգ զինվորի հիմնական զենքը ռուսական երեքգծանի՝ 7,62 մմ-ոց Մոսինի-Նագանի (ռուս.՝ Мосин-Наган) հրացանն էր (7,62×54 R մմ-ոց փամփուշտներ), որոշ սահմանափակ քանակությամբ կար նաև գերմանական, ֆրանսիական և այլ տեսակի հրացաններ։ Որոշ տվյալներով ռուսական բանակի հեռանալուց հետո Հայաստանի Հանրապետությանը մնացել էր 100 000 երեքգծանի հրացան, մեկ միլիարդ փամփուշտ, 3000 թնդանոթ, 3000 գնդացիր և այլն[9]։ Այս տվյալները կան անգամ Անդրանիկի հուշերում։

Ըստ այլ կարծիքի հեռացող զինվորները երբեմն զենքերը ոչ միայն չէին թողնում, այլ նաև տանում էին մեծ քանակությամբ և Ռուս-թուրքական ռազմաճակատն անգամ լավագույն ժամանակներում չուներ 3000 հրանոթ կամ գնդացիր[10]։ Ռուս-թուրքական ռազմաճակատը համարվում էր երկրորդական և բոլոր մատակարարումները անկանոն էին։ Կովկասյան բանակի զորքերը ամենալավ ժամանակներում անգամ չեն ունեցել նույնիսկ 1000 հրանոթ[10][11]։ 2000-ից քիչ պակաս հրանոթ ուներ Ա.Բրուսիլովի հրամանատարության ենթակա ամբողջ Հարավ-արևմտյան ռազմաճակատը 1916 թվականի իր հայտնի ճեղքման ժամանակ՝ 1916 թվականի հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը։

Նույնը վերաբերվում է նաև հրացանների և փամփուշտների թվերին։ 1920 թվականի հուլիսի 5-ին Բաթում հասած նավը Անգլիայից բերել էր 25 000 միավոր «Ռոս Մարկ II» (անգլ.՝ Ross Mark II) կամ «Ռոս Մարկ III»(անգլ.՝ Ross Mark III) կանադական հրացան, 400 միավոր «Վիկկերս» (անգլ.՝ Vickers) գնդացիր և մոտ 58 000 000 փամփուշտ այս զենքերի կիրառման համար[12], ինչպես նաև մեծ քանակությամբ պարեն, հագուստ և այլն։

Գնդացիրներ

Ամերիկյան «Լյուիս» գնդացիր

Հայկական բանակում կիրառվում էին ռուսական «Մաքսիմ» (անգլ.՝ Maxim)-ներ, սահմանափակ քանակությամբ անգլիական «Վիկկերս» (անգլ.՝ Vickers), ամերիկյան «Լյուիս» (անգլ.՝ Lewis) և «Կոլտ Բրաունինգ M1895» (անգլ.՝ Colt Browning M1895) գնդացիրներ։ Շատ էր սիրված հատկապես «Լյուիս»-ը, որը կիրառման համար ամենահարմարն էր[13]։

Բանակը կիրառում էր մի քանի տեսակի գնդացիրներ և դրանց համար տարատեսակ փամփուշտների հայթայթումը մեծ խնդիր էր։ Հայկական առանձին գումարտակների ժամանակ մոտավորապես 800-1000 զինվորին, որոնք կազմում էին մոտավորապես մեկ գումարտակ բաժին էր հասնում մինչև 4 գնդացիր, այն էլ փամփուշտների համեմատաբար լավ մատակարարումների պայմաններում[14]։ 1918 թվականի մարտի 31-ի տվյալներով հայկական բանակային կորպուսի սպառազինության մեջ կար 170 գնդացիր և ընդամենը 36 հրանոթ (20000/170=117)[15]: Նույնիսկ 1919 թվականի մարտի դրությամբ Դրոյի ենթակայության տակ եղած ավելի քան 1400 հոգանոց զորախումբն ուներ ընդամենը 2 գնդացիր[16]։

Գնդացիրները ըստ տեսակի

«Կոլտ Բրաունինգ M1895» հաստոցային գնդացիրը
Հաստոցային գնդացիրներՁեռքի գնդացիրներ
1905–1910 թթ. նմուշի «Մաքսիմ»1915 թ. նմուշի «Լյուիս»
1914 թ. նմուշի «Կոլտ-Բրաունինգ»1902 թ. նմուշի «Մադսեն»
1910 թ. նմուշի «Վիկկերս»

Հայկական բանակի հրետանին

Հայկական կորպուսի հրետանին կազմավորված էր հրետանային 2 բրիգադից, 4 առանձին դիվիզիոններից և առանձին լեռնային մարտկոցից, ընդհանուր առմամբ մոտ 100 հրանոթ, որոնցից սոսկ կեսն էր պահպանվել պատերազմից հետո։ Կորպուսի վերակազմավորման ընթացքում ձևավորվեց հրետանային մեկ բրիգադ՝ հրետանային հավաքակայանով և ուսումնական զորախմբերով։ 1918 թվականի սեպտեմբերին ձևավորվեց ռազմական նախարարության հրետանային վարչությունը, որի խնդիրն էր զինել բանակը, նորացնել հրետանու նյութական մասը, զորքն ապահովել հրետանային զենքով ու զինամթերքով։ Տարեվերջին, թուրքերի կողմից Ալեքսանդրապոլը լքելուց հետո, այնտեղ մեկնեց վարչության պետը՝ գեներալ Կոնստանդին Ղամազյանը՝ ընդունելու և կարգի բերելու զինամթերքի պահեստները, որոնք թուրքերը թողել էին թափթփված վիճակում։ Վրաստանի դեմ պատերազմում հայկական բանակը բռնագրավեց 17 հրանոթ, որոնցից 2-ը՝ հաուբից, գնդացիրներ, հրացաններ, ձիեր և այլ գույք։ Սա հնարավորություն տվեց իսկույն ևեթ ձևավորելու 2 մարտկոց՝ «թեթև» ու լեռնային։ Բացի դրանից, մեր բանակը համալրվեց երկու սարքին զրահագնացքով։

Կարսում ևս թուրքական զորքերը թողել էին որոշ քանակությամբ հրետանային գույք՝ հրանոթներ, զինամթերք, վառոդ և այլն։ Կարս գործուղվեցին մասնագետ սպաներ՝ այդ գույքի հավաքման, տեսակավորման և Ալեքսանդրապոլի ու Քանաքեռի պահեստներ տեղափոխելու համար։ Ձևավորվեց նաև Կարսի բերդի հրետանին։ Ալեքսանդրապոլում հիմնվեց հրետանային արհեստանոց՝ հրանոթները վերանորոգելու, նաև բանակի հրետանին ու հրազենային զենքերը պահեստամասերով ապահովելու համար։ Դիվիզիայի՝ երեք առանձին բրիգադների վերակազմավորվելուն համապատասխան՝ ձևավորվեցին 3 առանձին հրետանային դիվիզիոններ՝ 3-ական մարտկոցներով։

Հրետանին 1919 թվականին

Ֆրանսիական «Danglise-Schneider» 1909 թ. նմուշ,

1919 վերջին հայոց բանակի հրետանին ուներ 130-140 հրանոթ, որոնցից 63-ը (15 մարտկոց) տրված էր հրետանային բրիգադին։ Կարսի բերդի հրետանին ուներ 64 հրանոթ և 2 զրահագնացք՝ 4 հրանոթով։ Ինչպես տեսնում ենք, բոլորը միասին կազմում են 135 հրանոթ։ Հատուկ նշենք, որ 1914-1916 թվականներին Կարսի ամրոցում եղել է մոտ 90 հրանոթ՝ 5 հրետանային գումարտակ (դիվիզիոն)։ Նույնիսկ եթե եղել է 6 հրանոթային մարտկոց և 3 մարտկոցային դիվիզիոն, ինչն ավելի շատ բացառություն էր, քան օրինաչափություն, ստացվում է ուղիղ 90։ 1919 թվականի հուլիսի 16-ին Հայաստանում Ադրբեջանական Հանրապետությունի ռազմական ներկայացուցիչը գաղտնի հեռագրով իր ղեկավարությանը հաղորդում էր, որ հայկական բանակում կա 12 հրետանային մարտկոց՝ 4- ական հրանոթներով։ Դժվար չէ հաշվել, որ ստացվում է 48 հրանոթ։

Հրետանին 1920 թվականին

1920 թվականի օգոստոսին հայկական բանակի հրետանին արդեն ուներ 4 դիվիզիոն, որոնք ներառում էին 4 թեթև և 9 լեռնային մարտկոցներ, այլ տվյալներով՝ 16 մարտկոց։ Նույն սկզբունքով հաշվելու դեպքում ստացվում է 72-96 հրանոթ։ Հաշվի առնելով, որ դաշտային հրետանին, լինելով փոքր տրամաչափի, կարող էր ավելի մեծաքանակ լինել, հրանոթների քանակը հազիվ կարող է հասնել մինչև 100-ի։ Նորից ընդգծենք, որ սա՝ 6 հրանոթներով մարտկոցների դեպքում, իսկ իրականում՝ մարտկոցները, ինչպես վերը տեսանք, հիմնականում ունեին 4 հրանոթներ։ Այդ դեպքում առավելագույնը կարող է լինել 64 հրանոթ։ Այսինքն՝ թվերը մոտավորապես նույնն են և համընկնում են, 1919 թվականի հետո հրանոթների քանակը շատ չէր աճել։Հրետանու սպառազինությունը հիմնականում կազմում էին երեք դյույմանոց՝ 76,2 մմ-ոց թեթև (1900 թ. նմուշ), լեռնային հրանոթները (1909 թ. նմուշ, ֆրանսիական «Danglise-Schneider» ընկերության հրանոթը), ինչպես նաև հինգ դյույմանոց՝ 122 մմ հաուբիցները։ Կան նաև չապացուցված տեղեկություններ այն մասին, որ հայկական բանակում եղել են նաև 8 դյույմանոց՝ 203,2 մմ-ոց հրանոթներ։

Զրահագնացքներ

1919 թվականի զրահագնացք

Հայկական բանակը ուներ զրահագնացքներ, դրանց նախնական քանակը, վրացական բանակից վերցվածների հետ միասին ինչքան են կազմել, ինչպես են գործածվել և այլն։ Դրանք բավականին կարևոր միջոցներ էին այդ ժամանակ, հիմնականում նախատեսված էին երկաթուղագծերի մոտ գտնվող կարևոր նշանակության օբյեկտների պաշտպանության և համազորային մյուս զորատեսակներին կրակային աջակցություն ցուցաբերելու համար։ Շատ հաճախ կիրառվում էին ապստամբած այս կամ այն շրջանների դեմ պայքարի համար։ Այս զրահագնացքները բաղկացած էին զրահապատ շոգեքարշից, մեկ կամ երկու զրահահարթակներից և մինչև չորս զրահապատ պահեստավագոններից։ Զրահահարթակների վրա տեղակայված էին թեթև հրանոթներ և մի քանի գնդացիրներ։

Օժանդակ զորքեր

Օդուժ

Voisin III

Ռուսական հրամանատարության կողմից հայկական կորպուսի տնօրինությանն էր հանձնված 2-րդ, այլ տվյալներով 3-րդ Կովկասյան ավիաջոկատը, որը և դարձավ հայկական բանակի օդուժի հիմքը[17]։ Հայկական բանակի ավիաջոկատի հիմնադրման ամսաթիվ է համարվում 1918 թվականի օգոստոսի 15-ը։ Ավիաջոկատի առաջին հրամանատարն էր պորուչիկ Վոիպովը, որին 1919 թվականի սկզբներին փոխարինեց հետագայում լավ հայտնի Արթուր Վասիլի Ղուլյան-Ռիլսկին (երբեմն նշվում է նաև Գուլյան)։ Սկզբնապես հայկական միակ ավիաջոկատն ուներ երեք ինքնաթիռ, երեքն էլ տարբեր մակնիշների՝ «Nieuport», «Morane-Saulnier L» և «Voisin III» կամ «Voisin V»:

Պահեստամասեր չկային և թռիչքներ գրեթե չէին կատարվում։ Քամին պոկել էր անգարի կտուրը, որի հետևանքով ջախջախվեցին ինքնաթիռներից երկուսը։ «Voisin III»-ը մասնակցեց հայ-վրացական պատերազմին, սակայն նույնպես շարքից դուրս եկավ Ալեքսանդրապոլում, վառոդի պահեստի պայթյունի ժամանակ։ Այսպիսով, ավիաջոկատը փաստորեն դադարեց գոյություն ունենալ։ Սա նշանակում է, որ ավիաջոկատի փոխանցումից հետո հայ ավիատորները վերանորոգել էին այդ ինքնաթիռները և փորձել կիրառել։ 1919 թվականի փետրվարի 28-ի թվագրմամբ կա մեկ զեկուցագիր, որը ռազմական նախարարն ուղարկել է նախարարների խորհրդին[18]։ Զեկույցում մասնավորապես նշված է, որ տվյալ դրությամբ օդուժում կա ընդամենը մեկ գործող օդանավ և մի քանի ամսից երկու կոտրվածից կարելի է հավաքել մեկը։ Բոլոր սարքերը հնացած են և մաշված։ Ջոկատի կազմն է՝ 5 օդաչու, 1 դիտորդ-օդաչու, 1 մեխանիկ-հրահանգիչ, 3 շարժիչագործ, 6 շարժիչագործի օգնական, 2 վարորդ, 2 վարորդի օգնական, 10 վարպետ։ Ելնելով այս ամենից նախարարն առաջարկում է կազմալուծել ջոկատը, իսկ որոշ ծառայողների գործուղել

Ֆրանսիա սովորելու և նոր սարքերի ձեռքբերման համար։ Ուսումը կտևի 1-2 տարի և դրանից հետո ձեռք կբերվեն ժամանակակից սարքեր։ Նախարարը զեկուցում է նաև, որ ֆրանսիացի կապիտան Ա. Պուադեբարուն կարծում է, որ ավիաջոկատը, այնուամենայնիվ, հարկավոր է սահմանի պահպանման համար։ Վերջում նախարարը խնդրում է թույլ տալ, այնուամենայնիվ, ուսման համար գործուղել 5-6 սպա և 15-18 զինվոր, իսկ Ֆրանսիայից գնել ինքնաթիռներ և սարքավորումներ։

Salmson 2A2 ինքնաթիռը օդում

Կարսի ազատագրումից հետո՝ 1919 թվականի մարտից սկսվեց նոր ջոկատի կազմավորումը։ Կարգի բերվեցին թռիչքադաշտը, անգարներն ու պահեստամասերը, ստեղծվեցին ինքնաթիռների նորոգման ու հավաքման արհեստանոցներ։ Սկսվեց նոր ինքնաթիռների սարքավորումը։ 1919 թվականի վերջին հավաքվեցին երեք «Morane-Saulnier L», երեք «Voisin» և մեկ «Nieuport», որոնց վերջնական շահագործման համար, սակայն դեռևս անհրաժեշտ էր ձեռք բերել թևերի համապատասխան երեսպատման նյութեր և Հայկական ավիաջոկատը կունենա 7-8 թռչող սարք։ Ավելի ուշ Ֆրանսիայից ձեռք բերվեցին երկու «Salmson 2 A2» ինքնաթիռներ, որոնք տվյալ ժամանակի համար թռիչքային մեծ արագություն ունեին՝ 200կմ/ժ և նախատեսված էին հետախուզական թռիչքների, ըստ հարկի նաև ռմբակոծում իրականացնելու համար։

1920 թվականի տարբեր երկրներից Հայաստան էին ժամանում նաև ավիացիայի ոլորտի տարբեր մասնագետներ։ Հայաստանն Անգլիայից գնել էր որոշ քանակությամբ ինքնաթիռներ, որոնք, սակայն 1920 թվականի սկզբից կանգնած էին Բաթումում և Հայաստան չէին փոխադրվում[19]։ Առաջին հայ օդաչուներից էին նաև Ռուբեն Բաբայանը, Նիկոլայ Խորոզովը[20]։ Վերը նշված երկու ֆրանսիական ինքնաթիռները Բաթումից Հայաստան են ուղարկվել 1920 թվականի հունիսի 16-ին գնացքի համապատասխան՝ 303532 և 804592 վագոններով, դրանք ուղեկցում էր Ղուլյան-Ռիլսկին[21]։

Ռադիոբաժանմունք

1918 թվականի օգոստոսին ձևավորվեց ռադիոհեռագրական բաժանմունքը։ Գտնվեց 2 ռադիոկայան՝ մեկը Քանաքեռի հրետանային պահեստում, մյուսը՝ Բաշ-Ապարանում։ 1919 թվականի սեպտեմբերին ռադիոբաժանմունքը վերափոխվեց ռադիոդիվիզիոնի՝ ավտոմոբիլային, դաշտային և 2 փոքր ռադիոկայաններով։ Բացի այդ, դաշտային ռադիոկայանի առանձին մասերից սարքավորվեց ժամանակավոր բազիսային ռադիոկայան։ Երևանի տեխնիկական ընկերությունը սարքավորեց և ռազմական գերատեսչությանը հանձնեց հզոր ռադիոկայան։ Ռադիոհեռագրական ծառայության համար մասնագետներ պատրաստելու նպատակով, դիվիզիոնին առընթեր բացվեց հատուկ դպրոց։

Նավատորմիղ

Սևանա լճի նավատորմիղը կազմավորվեց 1919 թվականի մայիսին։ Կազմավորողն ու հրամանատարն էր ռուսական ծովակալության սպա Սերգեյ Թումանյանը։ Նավատորմիղի բազան սարքավորվեց Ելենովկա գյուղում (այժմյան Սևան քաղաքում)։ Հիմնվեց նավահանգստային դարբնոց, փականագործական և ատաղծագործական արհեստանոցներ։ Կառուցվեց «Աշոտ Երկաթ» ռազմաբեռնատար երկկայմ առագաստանավը, որի տարողությունը 1000 փութ էր, զինված է մեկ թնդանոթով, երկու գնդացիրով և ուներ լուսարձակ։ Նավատորմիղը կոչված էր զորք և ռազմական բնույթի բեռներ փոխադրելու համար։ Բացի «Աշոտ Երկաթ» ռազմանավից, նավատորմիղն ուներ նաև մի քանի շարժիչային թիանավ, իսկ 1920 թ. սեպտեմբերին Շահթախթից Սևանա լիճ փոխադրվեց ռուսական նավատորմի «Սեստրիցա Նյուշա» նավը, որը Հայաստան էր բերվել դեռևս Առաջին աշխարհամարտի տարիներին՝ Վանա լիճ փոխադրելու համար։ Այն վերանվանվեց «Գեղանուշ»։

Մատակարարում

Հայաստանի անկախության հռչակման շրջանում զորքի մատակարարման աղբյուրներն իսպառ բացակայում էին։ Հարկ եղավ զորքերի մատակարարման իրականացման նոր միջոցներ գտնել, քանի որ նախկին ռուսական բանակի բոլոր պահեստներն ընկել էին թուրքերի ձեռքը, իսկ Թիֆլիսում եղածը փոխանցվել էր վրացիներին։ Հաղորդակցությունն իրականացվում էր թուրքերի թույլատվությամբ, շաբաթը 1-2 անգամ՝ Ալեքսանդրապոլով, ընդ որում՝ կառավարության տնօրինության տակ կային 3-4 շոգեքարշ և 2 ապրանքատար գնացք։ Բացի այդ, թուրքերն արգելում էին որևէ ռազմական գույք անցկացնելը։

Դեկտեմբերին սկսված հայ-վրացական պատերազմի հետևանքով հաղորդակցությունն արգելակվեց մինչև 1919 թվականի մարտ ամիսը։ Ընդ որում, այդ հակամարտության ընթացքում ռազմական գույքի մեծ մասը Թիֆլիսում բռնագրավվեց վրացիների կողմից։ Աշխատանք էր տարվում զորքի համար անհրաժեշտ գույքի արտադրության համար։ Սկսած 1919 թվականի գարնանից, երկրի տնտեսական կյանքի աշխուժացմանը զուգընթաց, զինարտադրությունը սկսեց իրականացվել ավելի մեծ չափերով։ Սպառազինության պակասը լրացվում էր համբարակային վարչությանը պատկանող արհեստանոցների արտադրանքի հաշվին։ Երևանի և Կարսի ինժեներական արհեստանոցները թողարկում էին հիմնականում ռումբեր և այլ պայթուցիկ նյութեր, փամփուշտներ, իսկ Ալեքսանդրապոլի և Կարսի կարի արհեստանոցները՝ ռազմական հանդերձանք, անդրավարտիքներ, շապիկներ, գլխարկներ և այլն։

Աղբյուրներ

Ծանոթագրություններ