Սովորական սոխակ

Սոխակ
Սովորական սոխակ
Սովորական սոխակ
Սովորական սոխակ
Դասակարգում
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԹռչուններ (Aves)
ԿարգՃնճղուկազգիներ (Passeriformes)
ՎերնաընտանիքMuscicapoidea
ԸնտանիքՃանճորսներ (Muscicapidae)
ԵնթաընտանիքSaxicolinae
ՑեղՍոխակներ (Luscinia)
ՏեսակՍովորական սոխակ (L. luscinia)
Միջազգային անվանում
Luscinia luscinia
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Սոխակ (լատին․՝ Luscinia), ճնճղուկանմանների կարգին պատկանող փոքր թռչուն, որն անցյալում դասվել է կեռնեխների, իսկ այժմ՝ ճանճորսների ընտանիքին։ Երգեցիկ միջատակեր թռչուն է, բնադրող-չվող, տարածված է Եվրոպայում և Ասիայում, իսկ ձմեռում է Աֆրիկայում։ Ձվադրում է հողին մոտ՝ խիտ թփուտներում։ Այլ անուններ՝ Լուսինեկ, Ծիրանեակ, Սիրահավ, խոսհակ, խոսնակ գիշերո, փիլոմել (հուն․), բլբուլ (թրքերեն)։

Չափերով մոտ է արշալուսիկին։ Մարմինը վերևից դարչնամոխրագույն է, ներքևից՝ սպիտակ, կուրծքը՝ խայտերով, պոչը՝ շիկակարմիր։ Սեռերը նման են, ունի մյուս սոխակներին նման, բայց ավելի երգեցիկ ձայն։

Արտաքին կառուցվածք

Մարմնի երկարությունը 16,5 սմ է, թևերի բացվածքը՝ 18-24-26,5 սմ, կենդանի զանգվածը՝ 25 գ։ Մարմինը վերևից դարչնամոխրագույն է, ներքևից՝ սպիտակ, կուրծքը՝ խայտերով, պոչը՝ շիկակարմիր։ Երիտասարդը ներքևից մուգ, խիտ պտերով է։ Երգում է գիշեր-ցերեկ։ Բնակվում է անտառներում, այգիներում։ Գերադասում է խիտ բուսուտները։ Բազմացման սեզոնի ավարտին՝ հուլիսին և օգոստոսին ունենում են միանգամյա փետրափոխություն[1]։

Ձայն

Արուի երգը բարձր է, տարբեր սուլոցներով, թրթիռներով և կազմված է ֆլեյտայի ձայն հիշեցնող «պիոո» ձայնից՝ զանգ հիշեցնող տոնով։ Հաճախ երգը միջամտվում է ճռռացող «դսեռ» ձայնով։ Սոխակի երգը չունի բարձր սուլող թռչուններին բնորոշ աճող ձայներերանգ։ Հաճախ երգում են նաև ձմեռման տարածքում[1]։

Տարածվածություն և բնակության պայմաններ

Սովորական սոխակը չվող թռչուն է։ Այն տարածված է արևելյան Եվրոպայում և արևմտյան Ասիայում։ Ամառային բնակության հյուսիսային սահմանը հասնում է մինչև Դանիա, հարավային Նորվեգիա և Շվեդիա, Բալկանյան երկրներ, Կոստրոմա, Վոլոգդա, Պերմ, Ղազախստան, Թուրքմենստան և Ալտայ։ Հարավային սահմանը հասնում է մինչև Ավստրիա, Չեխիա, Ռումինիա, Բուլղարիա, Հարավային Ռուսաստան, Ղրիմ և Հյուսիսային Կովկաս։ Թռչունը ձմեռում է Աֆրիկայում՝ Սահարայի հարավային հատվածում[1]։ Որպես պատահական չվահյուր հանդիպում է Բրիտանական կղզիներում[2]։

Սովորական սոխակը նախընտրում է թփերով հարթ վայրերը, խիտ թփուտները, ճահճոտ տարածքները և ջրերի շրջակայքը։ Ձմեռման ժամանակ բնակվում է փշավոր թփուտներում, ջրային տարածություններին կից դաշտերում և հաճախ անտառամերձ տարածությունների խիտ խոտածածկույթում[1]։

Վարք

Սովորական սոխակը սնվում է հողում բնակվող որդերով, սարդերով, իսկ հասուն թռչունները նաև որոշ միջատների՝ բզեզների, փոքր թիթեռների և ճանճերի թրթուրներով և հարսնյակներով։ Սոխակը կարող է սնվել նաև հատապտուղներով, ինչպիսին օրինակ հաղարջն է[1]։ Մինչև իր չվի ժամանակ Սահարա անապատը կտրելը, սոխակը կուտակում է ճարպի պաշարներ։ Հայտնի է, որ թռչունների այս վարքը կարող են խթանել մագնիսական ալիքները։ Մագնիսական դաշտի ազդեցությունն է ստիպում թռչուններին պատրաստվել Շվեդիայից գաղթին՝ մարմնի ճարպի քանակն ավելացնելով[3]։

Բնադրում է մեռած տերևների, խոտի վրա՝ գետնին։ Բույնը պատրաստում է խոտաբույսերից։ Դնում է 22 մմ տրամագծով, բաց ձիթապտղագույն-կանաչ՝ կարմրավուն պտերով 5-6 ձու։ Երիտասարդ թռչուններին կերակրում են երկու ծնողները մինչև մոտ տասնմեկ օրականը, իսկ թռչունները լրիվ անկախ են դառնում դրանից մոտ տասներկու օր հետո[1]։

Կարգավիճակ

Ըստ BirdLife International-ի մոտավոր հաշվարկների՝ Եվրոպայում կա մոտ 11-20 միլիոն սովորական սոխակ, որը կազմում է թռչունների ընդհանուր քանակի 50-74%-ը։ Թռչունի ընդհանուր պոպուլյացիան 15-41 միլիոն առանձնյակ է։ Եվրոպայում ըստ որոշ տվյալների պոպուլյացիան փոքր աճ է գրանցել։ Ըստ բնության պահպանության միջազգային միության դասակարգման՝ սովորական սոխակը համարվում է քիչ մտահոգող տեսակ[4]։

Ծանոթագրություններ

Պատկերասրահ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական սոխակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական սոխակ» հոդվածին։