БОЧ рВФ 260602

արական անձնանուն

БОЧ рВФ 260602 (ռուսերեն հապավում, թարգմանաբար՝ Վորոնին-Ֆրոլովների ցեղի մարդ կենսաբանական օբյեկտ՝ ծնված 2002 թվականի հունիսի 26-ին), անուն, որի գրանցումը մերժվել է տղայի ծնողներին Ռուսաստանում 2002 թվականին։

БОЧ рВФ 260602
Տեսակմարդ և արական անձնանուն
Սեռարական
ՆշանակությունՎորոնին-Ֆրոլովների ցեղի մարդ կենսաբանական օբյեկտ՝ ծնված 2002 թվականի հունիսի 26-ին
Ծագում
Ծագման շրջանՄոսկվա, Ռուսաստան
Ծագման լեզուռուսերեն
Անվան այլ ձևեր
Կապված անուններԲոչ Ֆրոլով
Անվան օրը2002, հունիսի 26
Կապված հոդվածներрВФ 260602 «БОЧ рВФ 260602» սկսվող էջեր

Նկարագրություն

Ծնողները՝ նկարիչ Վյաչեսլավ Վորոնինը և գրաֆիկայի վերականգնիչ Մարինա Ֆրոլովան, որոշել էին իրենց որդուն, որը ծնվել էր Մոսկվայում 2002 թվականի հունիսի 26-ին, անվանակոչել БОЧ рВФ 260602 (այս անունը վերծանելով որպես «Վորոնին-Ֆրոլովների ցեղի մարդ կենսաբանական օբյեկտ՝ ծնված 2002 թվականի հունիսի 26-ին»)[1][2][3][4]։

Վյաչեսլավ Վորոնինը հայտարարում էր նաև, որ մտադիր է փոխել սեփական անունը՝ դարձնելով БОЧ рВП 250856 («Վորոնին-Պարխոմենկո ցեղի մարդ կենսաբանական օբյեկտ՝ ծնված 1956 թվականի օգոստոսի 25-ին»)[2]։

Պատմություն

Մոսկվայի Չերտանովյան ՔԿԱԳ-ում ծնողներին մերժել են նման անունով երեխայի գրանցումը[1]։ Տղան, 2009 թվականի տվյալներով, ապրում էր առանց ՌԴ ծննդյան վկայականի և առանց ՌԴ քաղաքացիության։ Աշխարհի քաղաքացիների համաշխարհային կառավարությունը նրան տվել էր ծննդյան վկայական և միջազգային անձնագիր, որոնց հիման վրա նրան տրվել էր ռուսաստանյան բժշկական ապահովագիր։ Նույն փաստաթղթերը ծնողներին տղային դպրոց ուղարկելու հնարավորություն են տվել[5]։

Մոսկվայի ՔԿԱԳ-ի գլխավոր վարչության պետի տեղակալ Տատյանա Ուշակովան հայտնել է, որ գրանցումը մերժվել է երեխայի շահերը պաշտպանելու նպատակով։ Միաժամանակ վարչության պետի տեղակալը նշել է, որ այն ժամանակ չկար նման անուններն արգելող օրենք։ Նա հավելել է, որ ծնողները դիմել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դատարանն ընդունել է ծնողների դիմումը, սակայն մեկ տարի անց անսպասելիորեն, առանց բացատրության, հրաժարվել է այդ գործը քննելուց[2]։

2017 թվականի փետրվարին երեխայի ծնողները պնդում էին, որ տղային տանը և դպրոցում «Բոչ» են անվանում, որ այդ անունը հասակակիցների շրջանում խնդիրներ չի առաջացնում, և անձնագիր ստանալու համար իրենք պատրաստ են գնալ «պարտադիր ձևականության»՝ գրանցելով նրան որպես «Բոչ Ֆրոլով»[5]։ Նույն թվականի մայիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն արգելում էր թվեր և նշաններ պարունակող անունների գրանցումը[6]։

14 տարեկանում БОЧ рВФ 260602-ը փոխել է իր անունը՝ դառնալով Իգոր Վորոնին[7]։

Տես նաև

Ծանոթագրություններ