Ապարան համայնք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապարան (այլ կիրառումներ)
Ապարան, համայնք Արագածոտնի մարզում։ Ներառում է Ապարան քաղաքը, Արագած, Երնջատափ, Կայք, Շենավան, Վարդենիս, Արայի, Թթուջուր, Հարթավան, Շողակն, Վարդենուտ, Ափնագյուղ և Սարալանջ գյուղերը։ Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9-ին Հայաստանի Ազգային ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[1][2]։ Կենտրոնը Ապարան քաղաքն է։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։
| |||
Երկիր | Հայաստան | ||
Մտնում է | Արագածոտնի մարզ | ||
Վարչկենտրոն | Ապարան | ||
Խոշորագույն քաղաք | Ապարան | ||
Ամենաբարձր կետ | Արագած | ||
ԲԾՄ | 4090 մետր | ||
Օրենսդրական մարմին | Ապարան համայնքի ավագանի | ||
համայնքապետ | Կարեն Եղիազարյան | ||
Հիմնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն (2011) | 21,112 | ||
Հիմնադրված է | 2017 թ. | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
aparan.am |
Աշխարհագրություն
Համայնքը գտնվում է Երևան-Սպիտակ ավտոմայրուղու վրա, Երևան քաղաքից հեռավորությունը կազմում է 42 կիլոմետր, իսկ մարզկենտրոնից 32 կիլոմետր դեպի հյուսիս։ Ապարան համայնքը գտնվում է Արագած լեռնազանգվածի արևելյան լանջին։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1880 մետր։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են՝ ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են՝ համեմատաբար խոնավ։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը կազմում է 450-600 միլիմետր։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են[3]։
Բնակչություն և տնտեսություն
Ապարան համայնքը ստեղծվել է Ապարան, Արագած, Երնջատափ, Կայք, Շենավան, Վարդենիս, Արայի, Թթուջուր, Հարթավան, Շողակն, Վարդենուտ, Ափնագյուղ, Լուսագյուղ, Ձորագլուխ, Չքնաղ, Քուչակ, Եղիպատրուշ, Ծաղկաշեն, Նիգավան, Ջրամբար և Սարալանջ համայնքների միավորումից։ Համայնքի բնակչությունը կազմում է 21,112 մարդ՝ առ 2019 թվականի։
Տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում արդյունաբերությունը։ Ապարանում կան մի շարք ձեռնարկություններ։ Այստեղ զարգացած է նաև սննդի արդյունաբերությունը, գործում է կաթնամթերքի վերամշակման և պանրի արտադրության գործարան։
Համայնքի հողերը հիմնականում օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր և արոտավայրեր։ Սեփականաշնորհված է համայնքի մակերեսի մոտ 35 տոկոսը։ Համայնքում նաև զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Կան նաև բազմամյա տնկարկներ, սակայն դրանք մեծ մակերես չեն զբաղեցնում։ Ապարանում զբաղվում են նաև անասնապահությամբ։ Զարգացած է կաթնամսատու ուղղությունը, հումքը վերամշակվում է տեղի պանրի գործարանում[3]։
Կառավարում
Համաձայն Հայաստանի տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանին բաղկացած է 21 անդամներից, որոնցից 14-ը «Կարեն Եղիազարյան» դաշինքից, իսկ 7-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Համայնքի ղեկավարը «Կարեն Եղիազարյան» դաշինքի ղեկավար Կարեն Եղիազարյանն է[4][5]։