Գարեգին Խաժակ
Գարեգին Խաժակ (Չաքալյան) (հոկտեմբերի 6, 1867, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - 1915[1][2], Դիարբեքիր, Թուրքիա), հրապարակախոս, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։
Գարեգին Խաժակ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1867 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | 1915[1][2] |
Մահվան վայր | Դիարբեքիր, Թուրքիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ժնևի համալսարան (1898)[1] |
Մասնագիտություն | քաղաքական ակտիվիստ, հրապարակախոս և ուսուցիչ |
Աշխատավայր | Մշակ[1] և Ներսիսյան դպրոց[1] |
Կուսակցություն | ՀՅԴ[1][2] |
Karekin Khajag Վիքիպահեստում |
Ծնվել է 1867 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ 1894 թվականին անցել է Շվեյցարիա՝ Ժնև, հետևել Ժնևի համալսարանի հասարակագիտական բաժնի դասընթացներին։ 1895 թվականին «Դրոշակ»–ի խմբագրության կողմից ուղարկվել է Բալկաններ` քարոզչության։ 1897–1898 թթ. կազմակերպչական առաքելությամբ եղել է Իզմիրում և Եգիպտոսում։ 1898 թվականին ավարտել է Ժնևի համալսարանի հասարակագիտության ֆակուլտետը։ Վերադառնալով Կովկաս, պաշտոնավարել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1903 թվականին Կ. Պոլսից անցել է Կովկաս, դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, աշխատակցել «Մշակ» թերթին։ 1906 թվականից ՀՅԴ ականավոր գործիչներ Ավետիս Ահարոնյանի (Ղարիբ) և Եղիշե Թոփչյանի հետ խմբագրել է «Հառաջ» և «Ալիք» թերթերը։ 1912 թվականին մեկնել է Կ. Պոլիս, ստանձնել Սամաթիայի ազգային վարժարանի տնօրինությունը, աշխատակցել «Ազատամարտ» թերթին։ Սպանվել է թուրք ջարդարարների կողմից 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի օրերին։
Ժամանակի պարբերական մամուլում տպագրել է հրապարակախոսական հոդվածներ։ Առանձին գրքերով լույս է ընծայել՝ «Ժողովրդի բանաստեղծ Գամառ-Քաթիպան», «Հարկերը Տաճկաստանում», «Հայկական շարժման պատճառները», «Ինչ է ազգությունը» (Կ. Պոլիս, 1912), «Տառապանքի գիշերը», «Հին արևելք» (1914) և այլն։ Զոհվել է եղեռնի օրերին[3]։
Գարեգին Խաժակը գտնում էր, որ հայերի համար, որոնք դեռ չեն լուծել ազգային հարցը, դասակարգային պայքարը վաղաժամ է, որ յուրաքանչյուր ազգի բանվոր դասակարգ պետք է հետևի իր ազգային շահերին։ Գարեգին Խաժակի դեմ հրապարակախոսական ելույթներ են ունեցել հայ մարքսիստներ Ստեփան Շահումյանը, Սարգիս Կասյանը և ուրիշներ։
Գրականություն
- Անանիկյան Բ. Հ., Դաշնակցության գաղափարական-քաղաքական կրախը, Ե., 1974:
Աղբյուրներ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Խաժակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Խաժակ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 703)։ |