Գելա Չարկվիանի

Գելա Կանդիդի Չարկվիանի (վրաց.՝ გელა ჩარკვიანი, մարտի 1, 1939(1939-03-01), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 9, 2021(2021-11-09), Թբիլիսի, Վրաստան), խորհրդային և վրացի դիվանագետ, հեռուստահաղորդավար և մանկավարժ։ Անկախ Վրաստանում զբաղեցրել է մի շարք պետական պաշտոններ։

Գելա Չարկվիանի
 
Կրթություն՝Միչիգանի համալսարան
Մասնագիտություն՝դիվանագետ
Ծննդյան օրմարտի 1, 1939(1939-03-01)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օրնոյեմբերի 9, 2021(2021-11-09) (82 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
ԶավակներԻրակլի Չարկվիանի
 
ԻնքնագիրИзображение автографа

Վաղ տարիներ

Գելա Չարկվիանին ծնվել է 1939 թվականի մարտի 1-ին Թբիլիսիում, Կանդիդ Չարկվիանիի և Թամարա Ջաոշվիլու ընտանիքում[1]։ Նրա հայրն այն ժամանակ զբաղեցրել է Վրաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը, իսկ մայրն աշխատել է որպես ակնաբույժ։ Կանդիդ Չարկվիանին հատուկ ուշադրություն է դարձրել իր երեխաների մտահորիզոնին և գիտելիքների հանդեպ տենչին ու հետևել է նրանց կրթությանը[2]։ Դպրոցում Գելան եղել է Զվիադ Գամսախուրդիայի, Գուրամ Դոչանաշվիլու և Մերաբ Կոստավայի համադասարանցին[3]։ Չնայած համադասարանցիների այլախոհական տրամադրություններին, Չարկվիանին իրեն ընդդիմադիր չէր համարում, բայց հետաքրքրված էր արևմտյան մշակույթի մատչելի օրինակներով։ Մանուկ հասակում դիտած «Արևային հովտի սերենադը» ֆիլմը՝ Գլեն Միլլերի երաժշտությամբ, նա հետագայում համարել է փափուկ ուժի դրսևորում, որը նրա մեջ համակրանք է առաջացրել արևմտյան աշխարհի հանդեպ[4]։

Դպրոցն ավարտելուց հետո Գելա Չարկվիանին ճարտարապետություն է սովորել Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Ռոք երաժշտության հետ նրա առաջին փորձերը կապված են հենց այդ ժամանակաշրջանի հետ։ Նա ավարտել է դասընթացը և ստացել Թբիլիսիի օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի դիպլոմ, 1970 թվականին ինստիտուտն ավարտելուց հետո մեկ տարի վերապատրաստվել է Միչիգանի համալսարան (Էնն Արբոր, ԱՄՆ)[3][5]։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ում անցած վերապատրաստումը, որը համընկել է 1960-ական թվականների հակամշակույթի ծաղկման ժամանակաշրջանի հետ, մեծ ազդեցություն է ունեցել նրա հասարակական-քաղաքական հայացքների վրա։ Խորհրդային ավանդույթի համար խորթ բանավեճերի ազատությունը, արգելված թեմաների բացակայությունը, ինչպես նաև անձնական ծանոթությունը հաճախ բևեռային հակադիր հոսանքների ներկայացուցիչների, այդ թվում՝ Բեթի Ֆրիդանի և Հերբերտ Մարկուզեի հետ, ձևավորել են Գելա Չարկվիանիի դիրքորոշումը որպես ազատական դեմոկրատի[4]։

Կարիերա

Գելա Չարկվիանին 1997 թվականին

Վերապատրաստման ավարտից հետո Չարկվիանին հրավիրվել է աշխատանքի Օտար լեզուների ինստիտուտում որպես անգլերենի դասախոս և այդ պաշտոնում աշխատել է մինչև 1995 թվականը[3]։ Որպես լրացում լեզվի դասընթացին, նա գրել է «Գավառագիտության» ծրագիրը և դասախոսել է՝ մշակելով նմանատիպ դասընթաց, որը շարադրում էր արևմտյան երկրների հասարակական և տնտեսական կյանքի հիմնական սոցիոլոգիական հայեցակարգերը, որոնք անհայտ էին խորհրդային ժողովրդին։ «Գավառագիտություն» դասընթացը կարդացվում էր տեղեկատվական չեզոք հունով, ինքը՝ Գելա Չարկվիանին, իրեն այլախոհ չէր համարում և իր խնդիրը տեսնում էր բացառապես որպես կրթական։ Դասընթացը հանրաճանաչ էր, և նրա դասախոսություններին ներկա էին ուսանողներ Թբիլիսիի այլ բուհերից[4]։ Համալսարանում դասավանդելուց բացի, նա իր տանը զբաղվում էր անգլերենի մասնավոր դասավանդմամբ, նրա աշակերտներից էր դպրոցական Միխեիլ Սաակաշվիլին[6][7]։

1976-1994 թվականներին Չարկվիանին վրացական հանրապետական հեռուստատեսությամբ վարում էր «Գլոբուս» հաղորդաշարը, որի յուրաքանչյուր թողարկումը նվիրված էր առանձին երկրի և պատմում էր նրա պատմության, մշակույթի և ներկայի մասին։ Նրա հեռուստատեսային հինգսերիանոց «Վրացիները Կրեմլում» վավերագրական ֆիլմը ցուցադրվել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում 2004 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Անկախ Վրաստանում

1992-2003 թվականներին Գելա Չարկվիանին աշխատել է որպես Վրաստանի երկրորդ նախագահ Էդուարդ Շևարդնաձեի արտաքին քաղաքական գլխավոր խորհրդական և մասնակցել է պետության ղեկավարի բոլոր առանցքային բանակցություններին։ 1992 թվականի սկզբին Պետական խորհրդի և անձամբ Շևարդնաձեի՝ որպես Վրաստանի նոր գերագույն իշխանության փաստացի միջազգային լեգիտիմացման ժամանակ, որը տեղի ունեցավ օտարերկրյա պետությունների ղեկավարների այցերի միջոցով, Չարկվիանին կատարում էր նաև Վրաստանի ղեկավարի թարգմանչի գործառույթներ[8]։ 1995 թվականից նա զբաղեցրել է Վրաստանի պետական գրասենյակի միջազգային կապերի ծառայության ղեկավարի պաշտոնը[5]։

2003 թվականին Վարդերի հեղափոխության հետևանքով Շևարդնաձեի հրաժարականից հետո Չարկվիանին շարունակեց իր աշխատանքը որպես արտաքին քաղաքականության խորհրդական և միջազգային հարաբերությունների ծառայության ղեկավար նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեի օրոք։ Գելա Չարկվիանին հրաժարական տվեց 2004 թվականի հունվարի 2-ին՝ Միխեիլ Սաակաշվիլուն իշխանության բերած ընտրություններից երկու օր առաջ[8]։

Թեև իշխանության եկած Միխեիլ Սաակաշվիլին նրան անմիջապես աշխատանք առաջարկեց նոր կառավարությունում, սակայն ինքը՝ Գելա Չարկվիանին, նման արագ փոփոխությունը համարեց էթիկայից դուրս և մեկուկես տարի մնաց առանց պաշտոնի[8]։ 2005 թվականին Չարկվիանին ընդունեց Սաակաշվիլու առաջարկը և նշանակվեց Վրաստանի երրորդ նախագահի մամուլի խոսնակ[9]՝ այդ պաշտոնում մասնակցելով մի շարք արտաքին քաղաքական հարցերի լուծմանը[10]։

2006 թվականին Չարկվիանիների ընտանիքում տեղի ունեցավ ողբերգություն. 45 տարեկանում հանկարծամահ եղավ նրանց որդին՝ վրացի հայտնի բանաստեղծ և ռոք երաժիշտ Իրակլին։ Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Գելա Չարկվիանիին առաջարկեց Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Վրաստանի դեսպանի պաշտոնը, որը համապատասխանում էր Չարկվիանիի մասնագիտական որակներին և կարող էր օգնել նրան ու կնոջը հաղթահարելու կատարվածը։ Չարկվիանին ընդունեց առաջարկը, կնոջ հետ տեղափոխվեց Լոնդոն և երեք տարի աշխատեց այդ պաշտոնում։ Դեսպանի պաշտոնը թողնելուց հետո նա ևս երկու տարի աշխատեց Լոնդոնում՝ որպես Ծովագնացության միջազգային կազմակերպությունումում Վրաստանի մշտական ներկայացուցիչ[11] և վերջնականապես հրաժարվեց դիվանագիտական աշխատանքից 2011 թվականին[8]։

Հրաժարականից հետո

Թոշակի անցնելուց հետո Գելա Չարկվիանին զբաղվել է ստեղծագործական գործունեությամբ՝ հրատարակել է գրքեր և թողարկել իր հեղինակած երաժշտությունը[3]։ Նրա խմբագրությամբ լույս է տեսել «Ստալինի հետ հարաբերությունների դրվագներ» գիրքը, որը կազմվել է նրա հոր՝ Կանդիդ Չարկվիանիի գրավոր հուշերի հիման վրա։ Նա նաև գրել է իր քաղաքական հուշերը՝ «Ծանոթ քիմեռների շուրջպարը», որը թարգմանվել է անգլերեն «Eleven Years by Shevy’s Side (Տասնմեկ տարի Շևայի կողքին)» վերնագրով և պատմում է Չարկվիանիի՝ որպես նախագահ Էդուարդ Շևարդնաձեի խորհրդականի աշխատանքի մասին[12][13]։

Գելա Չարկիվանին մահացել է 2021 թվականի նոյեմբերի 9-ին Թբիլիսիում։ Թաղվել է Սաբուրթալոյի գերեզմանատանը կնոջ՝ Նանայի և որդու՝ Իրակլիի կողքին[3]։

Ընտանիք

  • Հայր՝ Կանդիդ Չարկվիանի (1907-1994), խորհրդային կուսակցական և պետական գործիչ
  • Մայր՝ Թամար Ջաոշվիլի (1914-1990)
  • Եղբայր՝ Մերաբ (1934-2001), քիմիկոս
  • Եղբայր՝ Գեորգի (1937-2007), լրագրող
  • Կին՝ Նանա Թոիձե
  • Որդի՝ Իրակլի (1961-2006), բանաստեղծ, կոմպոզիտոր և ռոք-կատարող
  • Դուստր՝ Թեոնա

Պարգևներ

  • Պատվո շքանշան (1998)
  • Նախագահական «Փայլ» շքանշան (2011)[11]
  • Սուրբ Գևորգի անվան Հաղթանակի շքանշան (2013)[7]

Մատենագիտություն

Ծանոթագրություն