Փափուկ ուժ

Փափուկ ուժ (անգլ.՝ soft power), արտաքին քաղաքական ռազմավարության ձև, որը ենթադրում է հասնել ցանկալի արդյունքին՝ հիմք ունենալով կամավոր մասնակցությունը, համակրելիությունը և գրավչությունը՝ ի տարբերություն կոշտ ուժին, որը ենթադրում է պարտադրանք։ Ըստ այս եզրը ստեղծող ամերիկացի քաղաքագետ Ջոզեֆ Նայի՝ երկրի լեզուն և մշակույթը փափուկ ուժ են, որոնք վճռական դեր են խաղում միջազգային հարաբերություններում՝ ուղղակի կամ անուղղակի ազդելով համաշխարհային քաղաքականության և գործնական կապերի վրա[1]։

Նայի 2004 թվականին լույս տեսած գիրքը

Եզրույթի ծագումը

«Փափուկ ուժ» (անգլ.՝ soft power) եզրույթը առաջին անգամ օգտագործել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Նայը 1980-ական թվականներին[2]։ Հետագայում նա զարգացրել է տվյալ եզրույթը իր 2004 թվականի «Soft Power։ The Means to Success in World Politics» գրքում։ Նայի կարծիքով ուժը այլոց վարքագծի ձևավորման վրա ազդելու և ցանկալի արդյունքի հանգեցնելու կարողություն է։ Նպատակին հասնելու համար կան մի շարք միջոցներ. կարելի է հարկադրել սպառնալիքների միջոցով, կարելի է վճարել դրա համար կամ պարզապես կարելի է գրավել նրանց և համատեղել մեր ցանկալին իրենց ցանկալիի հետ։ Սա հենց փափուկ ուժն է. մյուսներին անել տալ այն, ինչը դու ցանակնում ես, համոզել, ոչ թե հարկադրել։ Սա հակադրվում է կոշտ ուժին (անգլ.՝ hard power), որի իրականացման հիմնական միջոցը հարկադրանքն է։ Փափուկ ուժը կարող է օգտագործվել ոչ միայն պետությունների, այլև միջազգային քաղաքականության այլ դերակատարների կողմից, ինչպիսիք են հասարակական կազմակերպությունները կամ միջազգային ինստիտուտները[3]։ Սա հաճախ համարվում է «ուժ երկրորդ դեմքով», որը հնարավորություն է տալիս անուղղակիորեն հասնել ցանկալի արդյունքի։ Պետության փափուկ ուժը, ըստ Նայի, հենվում է երեք գործոնների վրա. մշակույթ (երբ այն դոմինանտ է և գրավում է այլ մշակույթների), քաղաքական արժեքներ (երբ այն գործում է և՛ երկրում, և՛ նրա սահմաններից դուրս), արտաքին քաղաքականություն (երբ ուրիշ պետությունները դիտարկում են դրան որպես լեգիտիմ և բարոյական իշխանություն ունեցող)[4]։

Փափուկ ուժի աղբյուրներն այն միջոցներն են, որոնք առաջացնում են ձգողություն, որն էլ առաջնորդում է դեպի ցանկալի նպատակ։ Նեյը նշում է. «Գայթակղությունը միշտ ավելի արդյունավետ է, քան հարկադրանքը, և շատ արժեքներ՝ինչպես օրինակ ժողովրադավարությունը, մարդու իրավունքները շատ գայթակղիչ են»։ Անջելո Կոդեվիլլան հետազոտել է, որ փափուկ ուժի առանձնահատուկ կողմն այն է, որ բնակչության տարբեր հատվածներին կարելի է գրավել տարբեր միջոցներով՝ գաղափարներ, նկարներ, հեռանկարներ[5]։ Փափուկ ուժը խաթարվում է, երբ քաղաքականությունը, մշակույթը կամ արժեքները կիրառվում են հարկադրանքի, այլ ոչ թե գրավչության միջոցով։ Այս գրքում Նայը պնդում է, որ փափուկ ուժը ավելի բարդ գործիք է կառավարությունների ձեռքում, քան կոշտ ուժը երկու պատճառով. դրա մի շարք բաղադրատարրեր դուրս են կառավարության վերահսկողությունից, և փափուկ ուժը միտում ունի գործելու անուղղակիորեն՝ ձևավորելով քաղաքական միջավայր, և երբեմն տարիներ են պահանջվում ցանկալի արդյունքի հասնելու համար[6][7]։ «Ուժի ապագան» (2011) գրքում Նայը վերահաստատում է, որ փափուկ ուժը հայեցողական է, ոչ թե նորմատիվ[8]։ Դա է պատճառը, որ փափուկ ուժը կարելի օգտագործել նաև ոչ բարի (անգլ.՝ nefarious ) նպատակներին հասնելու համար։ Ադլոֆ Հիտլերը, Իոսիֆ Ստալինը և Մաո Ցզեդունը տիրապետում էին ահռելի փափուկ ուժի, բայց չենք կարող ասել, որ օգատագործել են բարի նպատակների հասնելու համար[8]։ Նայը նաև փաստում է որ փափուկ ուժի հայեցակարգը չի հակասում միջազգային հարաբերությունների ռեալիզմի տեսությանը[9]։

Փափուկ ուժի կոնցեպցիայի նախորդողներից մեկը եղել է մշակութա-գաղափարախոսական հեգեմոնիայի կոնցեպցիան։ Սա մշակել է իտալացի փիլիսոփա Անտոնիո Գրամշին 1930-ական թվականներին իր «Բանտային տետրերի» մեջ։

Եզրույթը լայն կիրառում է ստացել արևմտաեվրոպական և ամերիկյան նոր պահպանողականների մոտ[10]։

Փափուկ ուժի գաղափարը, որպես իշխանության հաստատման միջոց սկիզբ է դրել մ․ թ․ ա․ 7-րդ դարում Լաո Ցզին[11]։ Նրան է պատկանում այս արտահայտությունը. «Աշխարհում ջրից թույլ և նուրբ առարկա չկա, բայց նա կարող է ամենապինդ առարկան քանդել[12]։ Բայց փափուկ ուժի ամենաակնառու օրինակը կնոջ գրավչությունն է ի տարբերություն տղամարդկային կոշտ ուժի»։

Կիրառման օրինակներ

Չինաստան

Չինաստանի ավանդական տնտեսությունը միշտ էլ ձգողության աղբյուր է եղել, որի վրա հենվելով էլ ստեղծվել են հարյուրավոր «Կոնֆուցիոսի ինստիտուներ» աշխարհում՝ չինական լեզուն և մշակույթը տարածելու համար։ Օտարազգի ուսանողների թիվը Չինաստանում մեկ դար առաջ 36.000-ից 2010 թվականին դարձել է 240.000[13]։ Չինաստանի «Ասիական ենթակառուցվածքի ներդրումային բանկը» գրավել է արևմուտքի բազմաթիվ պետությունների այդ ոլորտը[14]։ Աֆրիկայում չինական մշակույթի տարածումը և նաև ազդեցության աճը Չինաստանի 21-րդ դարի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է։

Ֆրանսիա

Ֆրանսիան փափուկ ուժ կիրառելու երկարամյա փորձ ունի։ Ֆրանսիան և ֆրանսիական մշակույթը դարեր շարունակ գրավել են ողջ աշխարհի ուշադրությունը։ Թոմաս Ջեֆերսոնն ասել է. «Ցանկացած մարդ ունի երկու հայրենիք՝ իր հայրենիքը և Ֆրանսիան»[15]։ «Մշակույթ» եզրույթը հենց ֆրանսիական ծագում ունի[16]։ Ֆրանսիան աշխարհի գաղափարական կենտրոնն էր Լուսավորության դարաշրջանում[17]. նրա կապվածությունը ազատության, հավասարության, հանդուրժողականության գաղափարներին փաստում է նրա համաշխարհային նշանակության մասին։ Ֆրանսիական հեղափոխությունը Եվրոպայի պատմության ամենանշանակալից իրադարձություններից է։ Նապոլեոնի օրենսգիրքը համարվում է այդ ժամանակների եզակի կոդիֆիկացված օրենսգրքերից[18]։

Ֆրանսերենը դարեր շարունակ եղել է դիվանագիտության լեզուն։ Նաև ՄԱԿպաշտոնական լեզուներից է, և փաստաթղթերը կազմվում են նաև ֆրանսերենով[19]։ Ֆրանսիան նաև տասնամյակներ շարունակ վարել է ակտիվ դիվանագիտական և մշակութային քաղաքականություն։ «Ալյանս ֆրանսեզը» (ֆր.՝ Alliance Française), որի նպատական է տարածել ֆրանսերեն լեզուն և ֆրանսիական մշակույթն աշխարհում, ստեղծվել է դեռևս 1883 թվականին[20]։ Ֆրանսիան և մասնավորապես Փարիզը[21] համարվում են աշխարհի ամենառոմանտիկ վայրերը[22]։

Իտալիա

Իտալիայի փափուկ ուժի ամենահայտնի տարրերն են արվեստը, երաժշտությունը, նորաձևությունը և խոհանոցը։ Իտալիան է օպերային արվեստի ծննդավայրը[23], և դարեր շարունակ օպերայի լեզուն համարվում է իտալերենը՝ անկախ կոմպոզիտորի ազգությունից։ Իտալիայում են գտնվում մի շարք քաղաքներ, որոնք սևեռում են ողջ աշխարհի ուշադրությունն իրենց վրա. Հռոմը՝ Հռոմեական կայսրության երբեմնի մայրաքաղաքը, Պապի նստավայրն է։ Ֆլորենցիան Վերածննդի սիրտն է[24]։ Գրավիչ քաղաքներ են նաև Թուրինը, Վենետիկը, Միլանը։ Իտալիան համարվում է արևմտյան քաղաքակրթության ծննդավայրը[25]։

Ռուսաստան

Ռուսաստանը զարգացրել է իր փափուկ ուժը ներդնելով հանրային դիվանագիտության գործիքները 2000-ական թվականներից սկսած[26], բայց «փափուկ ուժ» առաջին անգամ օգտագործվել է պաշտոնական փաստաթղթում 2010 թվականին, երբ նախագահ Մեդվեդևը հաստատեց Արտաքին քաղաքականության հայեցակարգի լրացումը։ Եզրույթը չէր սահմանվում, բայց ներկայացվում էր որպես մշակութային դիվանագիտություն[27]։ 2013 թվականին այս եզրույթը Արտաքին քաղաքականության հայեցակարգի մեջ դրսևորվեց նոր մեկնաբանմամբ, որպես «համընդգրկուն գործիք արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար՝ հենվելով քաղաքացիական հասարակության ներուժի, տեղեկության, մշակութային և այլ մեթոդնեի վրա՝ որպես այլընտրանք ավանդական դիվանագիտությանը»[28]։ Պատահական չէ, որ 2013 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համարվել է ամենաուժեղ մարդը՝ ըստ «Ֆորբս» ամսագրի[29]։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

«Փափուկ ուժը ԱՄՆ-ի կարևոր գործիքներից է` սկսած պետության ստեղծումից, նրա ճանաչում ստանալուց շատ ժամանակ առաջ։ Ամերկյան բացառիկությունը, ազատությանը նվիրումը, օրենքի գերիշխանությունը, հանրապետական կառավարչաձի կիրառումը, բոլոր կրոնների և ռասաների ներկայացուցիչ ներգաղթայլների անխտիր ընդունումը դարձել են համաշխարհային տերություն դառնալու անկյուանքարը[30]

ԱՄՆ-ը ունի փափուկ ուժի կիրառման վաղեմի փորձ։ Օրինակները ներառում են Ֆրանկլին Ռուզվելտի «չորս ազատությունները»[31] Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, Երկաթյա վարագույրի հետևում «Ազատ Եվրոպա» ռադիոն լսող երիտասարադներին և այլն[6]։ Սառը պատերազմի տարիներին ամերկյան հեռարձակող ընկերությունների հասանելիությունը խորհրդային բլոկի երկրներում՝ Չեխիայում, Լեհաստանում և այլուր հենց փափուկ ուժի գործիքներն էին, որոնք էլ ի վերջո ցանկալի արդյունքներ տվեցին[32]։

Ծանոթագրություններ

Գրականություն