Մարմնի անապականություն

Մարմնի անապականությունը կաթոլիկ և արևելյան ուղղափառ հավատք է, ըստ որի աստվածային միջամտության շնորհիվ որոշ անհատների (մասնավորապես սրբերի և սրբացվածների) մարմիններ մահից հետո ամբողջությամբ կամ մասամբ խուսափում են քայքայման բնականոն գործընթացից՝ ի նշան իրենց սրբության։

Մարիամ Հիսուս դե Լեոն ի Դելգադոյի մարմինը (1643–1731), Սիենայի Սուրբ Եկատերինա վանք, որը կաթոլիկ եկեղեցին համարել է անապական (Տեներիֆե, Իսպանիա):

Ենթադրվում է, որ մարմնի անապականությունը տեղի է ունենում նույնիսկ այն գործոնների առկայության դեպքում, որոնք սովորաբար արագացնում են քայքայումը, ինչպես եղավ սրբեր Եկատերինա Ջենովացու, Ջուլի Բիլիարտի և Ֆրանցիսկոս Քսավյերի դեպքում[1]։

Կաթոլիկություն

Կաթոլիկության մեջ, եթե մահից հետո մարմինն անապական է մնում, դա հաճախ դիտվում է որպես անհատի սուրբ լինելու նշան։ Կանոնական իրավունքը թույլ է տալիս զննել մարմինը, այնուհետև մասունքներն ուղարկել Հռոմ։ Մասունքները պետք է կնքեն մոմով, իսկ ստուգումից հետո մարմինը վերադարձնեն իր սկզբնական տեղը։ Այս ծիսական ստուգումները իրականացվում են շատ հազվադեպ և դրանք կարող է կատարել միայն եպիսկոպոսը՝ կանոնական իրավունքի պահանջներին համապատասխան։ Հայրապետական հանձնաժողովը իրավասու է հաստատել մասունքների ստուգումը և պահանջել գրավոր զեկույց[2]։ Մասունքների հանդիսավոր ստուգումից հետո որոշում է կայացվում մարմինը տեղադրել բաց սուրբ մասունքների արկղում և ցուցադրել այն հարգանքի տուրք մատուցելու համար։ Կաթոլիկ օրենքը թույլ է տալիս սրբերին թաղել զոհասեղանի տակ, ինչը հնարավորություն է տալիս պատարագ մատուցել անմիջապես նրանց աճյունների վերևում։

Բեռնադետ Սուբիրուսի մնացորդները բազմիցս զննվել են, և եկեղեցական տրիբունալի զեկույցները հաստատել են, որ մարմինը պահպանվել է։ 1919-ին և կրկին 1925-ին դագաղի բացմանը մասնակցել են բազմաթիվ կանոններ, քաղաքապետը և եպիսկոպոսը[3]։ Այնուամենայնիվ, դեմքն ու ձեռքերը ծածկված էին մոմե դիմակով[4]։

Սակայն ոչ բոլոր սրբերն են անապական դիակ ունենում։ Թեև հավատացյալները մարմնի անապականությունը դիտարկում են որպես գերբնական երևույթ, այն այլևս հրաշք չի համարվում սրբերի ճանաչման գործընթացում[5]։

Զմռսված մարմինները չեն համարվում մարմնի անապականություն։ Օրինակ, թեև Հովհաննես XXIII պապի մարմինը արտաշիրիմումից հետո զգալիորեն չքայքայված վիճակում էր, եկեղեցու պաշտոնյաները դա վերագրել են զմռսմանը[6] և փակ եռակի դագաղին, ինչի շնորհիվ թթվածնի պակաս է առաջացել[7]։

Մարմնի անապականությունը տարբերվում է մարմնի զուտ պահպանումից կամ մումիֆիկացիայից։ Հաճախ ասում են, որ անապական մարմիններն ունեն սրբության հոտ՝ արձակելով քաղցր կամ ծաղկային, հաճելի բուրմունք։

Սրբեր

Սրբացվածներ

  • Սուրբ Մարգարիտ Կաստելլացի
  • Ալֆրեդո Իլդեֆոնսո Շուստեր
  • Պիեր Ջորջիո Ֆրասատի
  • Չարլզ I Ավստրիացի
  • Մարիա Անժելա Աստորչ
  • Սեբաստիան դե Ապարիսիո
  • Կարլո Ակուտիս

Արևելյան ուղղափառություն

Relics of Anthony, John, and Eustathios at the Orthodox Church of the Holy Spirit in Vilnius, Lithuania.

Արևելյան ուղղափառները տարբերակում են մումիֆիկացման միջոցով բնական պահպանությունը և գերբնական անապականությունը։ Թեև անապականությունը, որպես կանոն, չի համարվում սրբության նախապայման, ըստ տեղեկությունների, կան բազմաթիվ արևելյան ուղղափառ սրբեր, որոնց մարմինները հայտնաբերվել են անապական վիճակում և մեծ հարգանք են վայելում։ Նրանք են․

  • Սուրբ Ալեքսանդր Սվիրացի- 1918 թվականի դեկտեմբերի 20-ին բոլշևիկները Սվիրի վանքից հանեցին սուրբի մասունքները՝ բռնագրավման մի քանի անհաջող փորձերից հետո։ Ի վերջո, այս սուրբ մասունքները տեղափոխվեցին Պետրոգրադի ռազմաբժշկական ակադեմիա։ Դրանք այնտեղ մնացին մոտ ութսուն տարի։ Սուրբ Ալեքսանդրի մասունքները երկրորդ անգամ բացվեցին 1997թ. դեկտեմբերին, նախքան վերադարձվեցին Սվիրի վանք[8]։
  • Անտոնիոս, Հովհաննես և Եվստաթիոս սրբեր
  • Սուրբ Դիոնիսիոս Զակինթացի
  • Սուրբ Էլիզաբեթ
  • Սուրբ Գերասիմոս Կեֆալոնացի
  • Սուրբ Իոասաֆ Բելգորոդցի- 1918 թվականին բոլշևիկները հանեցին սուրբ Իոասաֆի մասունքները Բելգորոդի Սուրբ Երրորդություն տաճարում գտնվող նրա սրբավայրից, և մոտ յոթանասուն տարի նրանց գտնվելու վայրն անհայտ մնաց։ 1927 թվականին տաճարը քանդվեց։ 1980-ականների վերջին մասունքները հայտնաբերվել են Լենինգրադի կրոնի և աթեիզմի թանգարանում, իսկ 1991 թվականի սեպտեմբերի 16-ին հանդիսավոր կերպով վերադարձվեցին Բելգորոդի Փրկչի պայծառակերպության նոր տաճար՝ պատրիարք Ալեքսի II-ի ներկայությամբ[9]։
  • Սուրբ Հոբ Պոչաևցի
  • Շանհայի և Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես Մաքսիմովիչ
  • Սուրբ Հովհաննես Ռուս
  • Սուրբ Նեկտարիոս Էգինացի
  • Բալկանների Սուրբ Պարասկևա
  • Սուրբ Սպիրիդոն, Կերկիրա կղզի (Կորֆու)
  • Սուրբ Թեոդորա կայսրուհի, Կերկիրա կղզի (Կորֆու)
  • Երեց Վիսարիոն (+1991) Ագաթոնի սուրբ վանք, Հունաստան
  • Սրբացված միանձնուհի Էիրինի Միրտիդիոտիսսա, Օենուսայ կղզի, Հունաստան
  • Սուրբ Զոսիմա
  • Արքեպիսկոպոս Դիմիտրի Ռոյսթեր[10]

Հուդայականություն

Ռաբբի Լուիս Գինզբերգը հրեական Ապոկրիֆի և Ագգադահի վրա հիմնված իր «Հրեաների լեգենդները» (հատոր 4, գլուխ 10) նշանակալից աշխատության մեջ անդրադառնում է Երեմիայի գրագիր աստվածաշնչյան Բարուխի (որի գերեզմանը գտնվել է Իրաքում) մարմնական անապականության ենթադրյալ դեպքին[11]։ Նմանատիպ պատմություններ են պատմվում ավելի ուշ հասիդական սրբերի մասին, ինչպիսիք են Ռեբբե Էլիմելեխը Լիժենսկից և այլք։

Տե՛ս նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Cruz, Joan Carroll (1977 and 1991). The Incorruptibles: A Study of the Incorruption of the Bodies of Various Catholic Saints and Beati, by, OCDS, TAN Books. 0-89555-066-0.
  • Jeremiah, Ken (2012). Christian Mummification: An Interpretive History of the Preservation of Saints, Martyrs and Others, OCDS, McFarland & Co., Inc. 0786465190.

Արտաքին հղումներ