Ռոմանոս Պետրոսյան

հայ պետական, քաղաքական և կուսակցական գործիչ

Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյան (օգոստոսի 26, 1979(1979-08-26), Չինարի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական, քաղաքական և կուսակցական գործիչ։ Հայաստանի Կոտայքի նախկին մարզպետ[1]։ Հայաստանի շրջակա միջավայրի նախկին նախարար[2] (2020-2021)։ ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ (2021 թվականի դեկտեմբերի 9-ից)։ Մասնագիտությամբ՝ երկրաբան։ Մինչ Հայաստանի Կոտայքի մարզպետի պաշտոնը ստանձնելը երկար տարիներ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ տեղական և միջազգային կազմակերպություններում։

Ռոմանոս Պետրոսյան
ՀՀ շրջակա միջավայրի նախարար
2020 թվականի հուլիսի 30-ից - 2021 թվականի դեկտեմբերի 9
ՀՀ Կոտայքի մարզպետ
01.06.2018 - 30.07.2020
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ
 2021 թվականի դեկտեմբերի 9-ից
 
Կուսակցություն՝Քաղաքացիական պայմանագիր
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Ծննդյան օրօգոստոսի 26, 1979(1979-08-26) (44 տարեկան)
ԾննդավայրՉինարի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԱմուսինԱրմինե Պետրոսյան
ԶավակներՎանիկ Պետրոսյան, Ադել Պետրոսյան

Կրթություն

1996 թվականին ընդունվել և 2003 թվականին ավարտել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» մասնագիտությամբ։

Աշխատանք

2003-2006 թվականներին աշխատել է Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում (ՄՊՍԿ)՝ որպես ուսումնական նախագծի ղեկավար։ 2006 թվականին կարճաժամկետ պաշտոնավարել է որպես տնտեսագետ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում»։ 2006-2007 թվականներին աշխատել է «Հայր և որդի Երիցյաններ» ընկերությունում։ 2007-2008 թվականներին Մոսկվայի «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնի անդամ է եղել։ 2009-2014 թվականներին «Օրանժ Արմենիա» ՓԲԸ գլխամասային վաճառքի գրասենյակում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 2015-2016 թվականներին եղել է «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգի Կոմերցիոն բաժնի ղեկավար, 2017-2018 թվականներին՝ «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ տնօրեն։

Զինվորական ծառայություն

ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն է անցել 1999-2001 թվականներին։

Քաղաքական և հասարարակական գործունեություն

2013 թվականից «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ է[3]։ 2015 թվականի մայիսի 30-ին ՔՊԿ հիմնադիր համաժողովին ընտրվել է կուսակցության վարչության անդամ:2016 թվականի հոկտեմբերի 30-ին ՔՊԿ 2-րդ համաժողովին վերընտրվել է Վարչության կազմում։ 2017 թվականին «Ելք» դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում[4]` ստանալով 924 ձայն։

2018 թվականին մասնակցել է Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիից դեպի Երևան իրականացրած քայլարշավին։ Կարճ ժամանակահատվածում նախաձեռնությունը վերածվում է Հանրապետական Հայաստանի պատմության մեջ քանակապես անգերազանցելի համարվող ժողովրդական շարժման՝ ընդգրկելով հասարակության ամենատարբեր շերտերը։ Գործողությունների արդյունքում 2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։ Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվում է ՀՀ Վարչապետ, և նախկին իշխանություններին վերջնականապես տապալելու գործընթացում նոր պետական գործիչներ նշանակում նաև ՀՀ մարզերում։ 2018 թվականի հունիսի 1-ին Ռոմանոս Պետրոսյանը նշանակվում է ՀՀ Կոտայքի մարզի մարզպետ։

ՔՊԿ Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է։ 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին Իմ քայլը դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում[5]։ Ստանալով 20,934 ձայն` անցել է խորհրդարան, սակայն հրաժարվել է մանդատից` պահպանելով Կոտայքի մարզպետի պաշտոնը։ 1997 թվականից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերպության անդամ։

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[6][7][8][9][10][11]։ : 2019 թվականի հունիսին ակտիվ մասնակցել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններին Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված Գրիգորի Գուլյանի քարոզարշավին, ընտրությունների ընթացքում եղել է նաև նրա վստահված անձը[12]։ Ընտրություններում Վահագն Գևորգյանի հաղթանակից հետո, ընտրությունները որակել է, որպես քրեաօլիգարխիկ պանյատներով պատգամավորի հաղթանակ քաղաքացու նկատմամբ[13]։

2020 թվականի հուլիսի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնից։

2020 թվականի հուլիսի 30-ին ՀՀ վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահը Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար։

2021 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։ Կինն Արմինե Ռոբերտի Պետրոսյանն է (ծնված՝ 1985 թվականի մայիսի 10-ին), որդին՝ Վանիկ Ռոմանոսի Պետրոսյանը (ծնված՝ 2006 թվականի հոկտեմբերի 16-ին), դուստրը՝ Ադել Ռոմանոսի Պետրոսյանը (ծնված՝ 2014 թվականի հունվարի 2-ին)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ