Փրկվածի մեղքի զգացում

Փրկվելու մեղքի զգացումը կամ փրկվածի մեղքի զգացումը (ինչպես նաև փրկվելու համախտանիշ,  փրկվածի համախտանիշ, փրկվելու խանգարում և փրկվածի խանգարում) հոգեկան վիճակ է, որն ի հայտ է գալիս, երբ անհատը կարծում է, որ սխալ բան է արել՝ փրկվելով տրավմատիկ կամ ողբերգական դեպքից, երբ մնացածը չեն փրկվել[1]։

Փրկվածի մեղքի զգացում
հիվանդություն, mental state Խմբագրել Wikidata
ԵնթակատեգորիաՀետտրավմատիկ սթրեսային խանգարում Խմբագրել Wikidata
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն Խմբագրել Wikidata

Փրկվածի մեղքի զգացման փորձառությունն ու արտահայտումը կախված են անհատի հոգեբանական դիմագծից։ Երբ «Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական 4-րդ ձեռնարկ»-ը (DMS-IV) հրատարակվեց, փրկվածի մեղքի զգացումը՝ որպես ընդունված հատուկ ախտորոշում, դուրս եկավ գործածությունից և վերաձևակերպվեց որպես հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ) էական ախտանշան։

Պատմություն

Փրկվածի մեղքի զգացումն առաջին անգամ սահմանվել է 1960-ականներին։ Մի շարք հոգեբաններ հայտնաբերել են նման, եթե ոչ նույն ախտանշանները Հոլոքոստից փրկվածների մոտ։ Նմանատիպ նշաններ ու ախտանիշներ են հայտնաբերվել այնպիսի տրավմատիկ իրավիճակներից փրկվածների մոտ, ինչպես օրինակ, պատերազմը, բնական աղետները, ահաբեկչական հարձակումները, օդային վթարներն ու աշխատանքի մեջ լայնամասշտաբ կրճատումները[2]։ Նման դրսևորում հայտնաբերվել է փրկարար և շտապօգնության ծառայությունների անձնակազմի շրջանում, որոնք մեղադրում են իրենց՝ վտանգի մեջ գտնվողներին բավականաչափ օգնություն չցուցաբերելու համար, և հոգեբանների շրջանում, որոնք կարող են մեղքի զգացում ունենալ իրենց հիվանդների տառապանքների համար։

Ուորվիքի համալսարանի հոգեբան Սթիվեն Ջոզեֆը հետազոտել է այն մարդկանց, որոնք փրկվել են MS Herald of Free Enterprise նավի խորտակումից, որը խլել է 459 ուղևորներից 193-ի կյանքը։ Նրա հետազոտությունները ցույց են տվել, որ փրկվածների 60%-ը տառապել է փրկվածի մեղքի զգացումով։ Ջոզեֆը նշել է, որ կար մարդկանց երեք տեսակ․[3]

Ջոզեֆը նշել է, որ կար մարդկանց երեք տեսակ․

•Առաջին՝ կար կենդանի մնալու մեղքի զգացում, մինչդեռ ուրիշները մահացել էին,

•Երկրորդ՝ կար մեղքի զգացում այն ամենի համար, ինչ չէին կարողացել անել․ այս մարդիկ հաճախ էին ենթարկվում հետտրավմատիկ «հարձակումների», քանի որ վերապրում էին դեպքը նորից ու նորից։

•Երրորդ՝ կար մեղքի զգացում այն ամենի համար, ինչ արել էին, ինչպես օրինակ, հրմշտել մյուսներին փախչելու համար։ Այս մարդիկ, սովորաբար, ցանկանում էին խուսափել աղետի մասին մտածելուց։ Նրանք չէին ուզում, որ իրենց հիշեցնեն, թե ինչ է կատարվել իրականում։

Տառապող մարդիկ երբեմն մեղադրում են իրենց ուրիշների մահվան համար, այդ թվում նրանց, ովքեր մահացել են փրկվածներին օգնելիս, կամ ում փրկվածը փորձել է օգնել, բայց չի հաջողվել[4]։

Տաբատներ համակենտրոնացման ճամբարի համազգեստից, որը պատկանում էր Շիմսոն Քլուգերին՝ բանտարկված համակենտրոնացման երեք ճամբարներում: Կլյուգերը աստիճանաբար մեկուսացել էր ընտանեկան առանձնատանը՝ հավանաբար Հոլոքոստի փորձառություններից մնացած տրավմայի հետևանքով:

Փրկվածի համախտանիշ

Փրկվածի համախտանիշը կամ, ինչպես հայտնի է, համակենտրոնացման ճամբարի համախտանիշը (կամ KZ համախտանիշը՝ գերմաներեն Konzentrationslager (համակենտրոնացման ճամբար)[5] եզրույթի հիման վրա) եզրույթներ են, որոնք գործածվել են՝ նկարագրելու այն մարդկանց հակազդեցություններն ու պահվածքը, որոնք վերապրել են զանգվածային ու դժբախտ դեպքեր, ինչպիսին են Հոլոքոստը կամ Նանջինգի կոտորածը[6]։

1949 թ․-ին հոլանդացի հոգեբույժ և Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարից փրկված Էդդի դե Վինդը ներկայացրել է հալածանքների հոգեբանական հետևանքների վերաբերյալ «համակենտրոնացման ճամբարի համախտանիշ» եզրույթը՝ նկարագրելով «ախտաբանական հետևանքները», որոնք բնորոշ են նացիստական համակենտրոնացման և բնաջնջման ճամբարների նախկին բանտարկյալներին։ Հետագայում Հոլոքոստից փրկվածների մանրամասն նկարագրված ախտանշաններից են անհանգստությունը և ընկճախտը, մտավոր կարողությունների թուլացումը, սոցիալական մեկուսացումը, քնի խանգարումները և մղձավանջները, ֆիզիկական վիճակի վերաբերյալ գանգատները և տրամադրության փոփոխությունները՝ ուղեկցված շարժունակության անկմամբ։ Մի շարք ուսումնասիրութ-յունների շրջանակում հետազոտել են այս վիճակի «քրոնիկ և զարգացող» բնույթը՝ փրկվածների տարիքի հետ ախտանիշների ինտենսիվության աճին զուգընթաց[7][8]։

Սովորաբար, նման մարդիկ մեղավորություն են զգում, որ փրկվել են տրավմայից, իսկ մյուսները, ինչպես օրինակ, իրենց ընտանիքը, ընկերները կամ գործընկերները՝ ոչ։

Երկու վիճակներն էլ, ինչպես նաև մի շարք տրավմատիկ իրադարձություններ ընդգրկող այլ նկարագրական ախտանշաններ, այժմ ներառված են հետտրավմատիկ սթրեսային խանգարումների շարքում[9]։

ՁԻԱՀ-ից փրկվածի համախտանիշը

ՁԻԱՀ-ից փրկվածի համախտանիշը վերաբերում է ՁԻԱՀ-ի համաճարակով երկարատև ապրելու հոգեբանական ազդեցություններին և ներառում է փրկվածի մեղքի զգացում, ընկճախտ և մոռացված լինելու զգացում ՄԻԱՎ-ի վերաբերյալ ժամանակակից քննարկումներում[10]։ Չնայած ՁԻԱՀ-ից փրկվածի համախտանիշը չի ճանաչվել որպես պաթոլոգիայի հասած հիվանդություն Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից(2017թ․-ի դեկտեմբերի տվյալներով), այնուամենայնիվ առկա են այս հարցին վերաբերող հոգեբանական ուսումնասիրություններ ու հրապարակումներ[11]։

Օրինակներ

Ուեյլոն Ջեննինգս

Ամերիկյան երաժիշտ Ուեյլոն Ջեննինգսը եղել է Բադդի Հոլլիի խմբի կիթառահարը և նախօրոք տեղ է ամրագրել չարաբաստիկ ինքնաթիռում 1959թ․-ի փետրվարի 3-ին, որը հետագայում ստացել է «երաժշտության մահվան օր» անվանումը։ Ջեննինգսը, սակայն, հետո իր տեղը զիջել է հիվանդ Ջայլս Փերրի Ռիչարդսոնին (ավելի հայտնի «Big Bopper» բեմական անվամբ)՝ միայն ավելի ուշ իմանալով ինքնաթիռի կործանման մասին։ Երբ Հոլլին իմացել է, որ Ջեննինգսը չի թռչելու, ասել է․ «Հուսով եմ՝ ձեր հին ավտոբուսը տեղից չի շարժվի»։ Ջեննինգսն էլ պատասխանել է․ «Ես էլ հուսով եմ՝ ձեր ինքնաթիռը կկործանվի»։ Բառերի այս փոխանակումը, թեև այդ ժամանակ միայն կատակով ասված, հանգիստ չեն տվել Ջեննինգսին իր ողջ կյանքի ընթացքում[12][13]։

Հրաձգություն Սթոունման Դուգլաս ավագ դպրոցում

2018թ․-ի փետրվարի 14-ին Նիկոլաս Քրուզը մտել է Ֆլորիդայի Փարքլենդ քաղաքի Մարջորի Սթոունմեն Դուգլաս ավագ դպրոց և պատահական կրակել ուսանողների և անձնակազմի վրա՝ սպանելով 17 մարդու և վիրավորելով ևս 17-ի։ Սիդնեյ Այելլոն, ում մոտ ընկերը սպանվել է, հետագայում տառապել է փրկվածի մեղքի զգացումով, և ավելի ուշ նրա մոտ ախտորոշվել է հետտրավմատիկ սթրեսային խանգարում։ 2019թ․-ի մարտի 17-ին՝ 19 տարեկան հասակում, Այելլոն ինքնասպանություն է գործել։[14] Մեկ շաբաթ չանցած՝ մարտի 23-ին,Կոլորադո Սփրինգսի ոստիկանությունը հայտարարել է, որ Քալվին Դեսիրին՝ Սթոունմեն Դուգլաս ավագ դպրոցի դեռահաս աշակերտին, մահացած են գտել առերևույթ ինքնասպանության հետևանքով։[15]

Սթիվեն Ուիթլ

Սթիվեն Ուիթլը, որը Լիվերպուլ ֆուտբոլային ակումբի երկրպագու էր, գնել էր Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում Լիվերպուլի ու Նոթինգհեմ Ֆորեսթի միջև 1989թ․-ի ապրիլի 15-ին կայանալիք խաղի տոմս, բայց աշխատանքային զբաղվածության պատճառով վաճառել էր այն իր ընկերոջը։ Նրա ընկերը(որի ինքնությունը չեն բացահայտել ոչ՛ նա, ո՛չ էլ իր ընտանիքը), այդ խաղում մահացու ելքով հրմշտոցի 97 զոհերից մեկն է դարձել։ Հետագայում Ուիթլի մոտ զարգացել է փրկվածի մեղքի զգացումը, և նա այլևս չի կարողացել գնալ ֆուտբոլային հանդիպումների իր մեղքի ու ընկերոջ մահվան համար պատասխանատվութ-յան զգացման պատճառով և ինքնասպանություն է գործել 2011թ․-ի փետրվարի 26-ին՝ ֆուտբոլային չարաբաստիկ հանդիպումից գրեթե 22 տարի անց։[16]

Տե՛ս նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Encyclopedia of Stress, Academic Press; 1st edition (April 2000)
  • Diagnostic and Statistical Manual of Mental Disorders IV, American Psychiatric Publishing; 4th edition (June 2000)

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են