Ամառային երեկոն Սկագենի լողափին։ Նկարիչն ու իր կինը (նկար)

«Ամառային երեկոն Սկագենի լողափին։ Նկարիչն ու իր կինը» (դան․՝ Sommeraften ved Skagens strand. Kunstneren og hans hustru), դանիացի գեղանկարիչ և քանդակագործ, իմպրեսիոնիստ Պեդեր Սևերին Կրոյերի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1899 թվականին՝ Սկագենում։ Յուղաներկով կտավի չափերն են 135 × 187 սմ։ «Ամառային երեկոն Սկագենի լողափին։ Նկարիչն ու իր կինը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Հիրշսփրունգ հավաքածուում (Կոպենհագեն, Դանիա

Ամառային երեկոն Սկագենի լողափին։ Նկարիչն ու իր կինը
տեսակգեղանկար
նկարիչՊեդեր Սևերին Կրյոյեր[1][2]
տարի1899[1]
բարձրություն135 ± 0,5 սանտիմետր[2][1]
լայնություն187 ± 0,5 սանտիմետր[2][1]
ստեղծման երկիր Դանիա
ժանրդիմապատկեր, ինքնապատկեր, խմբակային դիմանկար, Նոկտյուրն (գեղանկարչություն) և ծովանկար
նյություղաներկ[2], կտավ[2] և Ցինկի օքսիդ[3]
գտնվում էՀիրշսփրունգ հավաքածու[1][2]
հավաքածուՀիրշսփրունգ հավաքածու[1][2]
սեփականատերՀիրշսփրունգ հավաքածու
հիմնական թեմաՊեդեր Սևերին Կրյոյեր
մակագրությունP S Krøyer Skagen 1873[2]
կայք
Ծանոթագրություններ

Կտավի ստեղծման նախաբան

Պեդեր Սևերին Կրոյերը ծնվել է 1851 թվականին Ստավանգերում (Նորվեգիա), սակայն մանկությունն անցկացրել է հարազատների մոտ Կոպենհագենում (Դանիա)[5]։ Ստանալով նկարչական կրթություն, 1877 թվականից 1881 թվականներին հովանավոր Հենրիխ Հիրշպրունգի մեկենասությամբ Կրոյերը եղավ Նիդերլանդներում, Բելգիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Իտալիայում, որտեղ ծանոթացավ հին նկարիչների արվեստի հետ[5]։ Նկարիչը առաջին անգամ Սկագեն եկավ 1882 թվականին։ Նրա հայտնվելը այստեղ չվրիպեց «Սկագենյան նկարիչներ»[6] խմբի անդամների աչքից։ Արդյունքում նկարիչը դարձավ այդ խմբի անդամներից մեկը[7]։ 1883 թվականին Պեդերը մեկնում է Ֆրանսիա, որտեղ ծանոթանում և հմայվում է իմպրեսիոնիզմով։ Ստեղծում է իր ուրույն ոճը և վերադառնում Դանիա։ Այստեղ հռչակվում է որպես ռեալիստ-նկարիչ՝ շնորհիվ նկարաշարի, որտեղ լողափին պատկերաված են նկարիչների կենդանացած հանդիպումները, ձկնորսները[5][8]։ Հիանալով Սկագենով, նրա տեսարաններով և Ժողովրդի կյանքով, նկարիչը ամեն ամառ գալիս է այստեղ և նկարում[8][9]։ Կրոյերի արվեստի ամենահաջողված նկարներից մեկը կրկին նկարված է այդտեղ՝ Սկագենում և կոչվում է «Ամառային երեկոն Սկագենի հարավային լողափին». այն նկարվել է 1893 թվականին[8]։

Ստեղծման պատմություն

1895 թվականին իր ընկերոջը՝ Օսկար Բյորկին ուղղված նամակում նկարիչը գրում է. «Ես ուզում եմ իմ և կնոջս դիմանկարները նկարել, բայց դրա համար, անտարակույս, ինձ անհրաժեշտ է լավ եղանակ, որի բացակայության պատճառով էլ նկարն այս տարի չի լինի»[10]։ Այդ տարի կինը՝ Մարիան դուստր պարգևեց նկարչին՝ Վիբեկ անունով[7], իսկ Կրոյերը սկսեց նկարել Հոլգեր Դրախմանի դիմանկարը «կապույտ ժամի»[10] ֆոնին։ Եվ միայն չորս տարի անց, 1899 թվականին նկարիչը ստեղծեց մեծ նկար, որի վրա ծախսեց ամբողջ ամառը, նկարի համար հիմք դարձավ իր և կնոջ լուսանկարը և էսքիզների շարքը։ Այն ձոնված էր իր և Մարիայի ամուսնության տասնամյակին[10]։

Նկարագիր

Մեծ չափերի կտավում պատկերված են նկարիչն ու իր կինը՝ Մարիան զբոսանքի պահին։ Նկարում նրանք լողափին են, Սկագենում՝ ողողված լուսնի լույսով։ Կտավն ունի մելանխոլիկ երանգավորում. չնայած գեղեցիկ բնությանն ու տեսարանին, Մարիան մի քիչ հեռու է գտնվում ամուսնուց՝ Կրոյերից։ Միևնույն ժամանակ թվում է, թե Կրոյերը ի վիճակի չէ Մարիային թևանցուկ լինել, ավելին՝ Ռապը՝ շունը, տիրոջ ձախ ոտքի մոտ, կարծես նկարչին ավելի մոտ է, քան սեփական կինը։ Հորիզոնում գտնվում են երկու առագաստանավ՝ մուգ գույնի ծանր և պայծառ սպորտային, որոնք խորհրդանշում են նրանց բնավորության գիծը և արտացոլում անհաջող ամուսնությունը[10][11][12]։

Հետագա ճակատագիր

1900 թվականին Կրոյերը կտավը ներկայացնում է Շառլոտենբուրգյան գարնանային ցուցահանդեսին[10]։ Նկարը բավականին սառը ընդունվեց և քննադատների կողմից որակվեց որպես տափակաբանություն, բայցևայնպես, միևնույն ժամանակ, համարվեց կապույտ կիսախավարում արված հիանալի բնանկարի օրինակ[11]։ Սակայն այս նկարը և հետագայում ստեղծածները չհաղթահարեցին կատարելության շեմը, որին արժանացել էր «Ամառային երեկոն Սկագենի հարավային լողափին»[8] կտավը։ Մի քանի ամիս ցուցահանդեսից անց, հեղինակին ընդունում են Միդելֆարտի հոգեբուժարան՝ նյարդային գերլարույթի պատճառով[10]։ 1906 թվականին Կրոյերը բաժանվում է կնոջից։ Դուստրը մնում է հոր մոտ Սկագենում[7]։ Տառապելով մանիակալ-դեպրեսիվ պսիխոզից 1909 թվականին նկարիչ Պեդեր Սևերին Կրոյերը կնքում է իր մահկանացուն։ Հուղարկավորված է Սկագենի գերեզմանատանը[7]։

Ներկա պահին կտավը պահպանվում է Հիշրպրունգի հավաքածուում՝ Կոպենհագենում[10]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ