Անսառնամանիք շրջան

Անսառնամանիք շրջան, տարվա ժամանակաշրջան, երբ օդի և հողի մակերևույթին նվազագույն ջերմաստիճանները բարձր են 0 °C-ից։

Տևողություն

Տևողությունը որոշվում է գարնան վերջին և աշնան առաջին ցրտահարությունների միջև ընկած օրերի թվով։ Անսառնամանիք շրջանների տևողությունը կախված է վայրի աշխարհագրական լայնությունից, ռելիեֆի ձևից, բուսածածկույթից, ջրային ավազանի հարևանությունից (գոգահովիտներում, բացատներում այն ավելի կարճ է, քան լեռնալանջերին, անտառում)։ Այն շրջաններում, որտեղ վեգետացիայի շրջանը անսառնամանիք շրջաններից երկար է, ջերմասեր մշակաբույսերը հաճախ վնասվում են ուշ գարնանը և վաղ աշնանը ցրտահարություններից։

Տևողությունը Հայաստանի Հանրապետությունում

Հայաստանի Հանրապետության ցածրադիր շրջաններում անսառնամանիք շրջանը սկսվում է ապրիլի 2-րդ կեսից և ավարտվում հոկտեմբերի 2-րդ կեսին։ Ըստ բարձրության` անսառնամանիք շրջանը նվազում է։ Հայաստանի Հանրապետությունում անսառնամանիք շրջանների միջին տևողությունը 20-ից (Արագած բարձրլեռնային կայան) 250 օր է (Մեղրիում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։