Ավստրիայի հոգևոր հովվություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ավստրիայի հոգևոր հովվություն[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Եվրոպայի տարածքում գտնվող կրոնական կազմակերպություններից մեկը, որը ներկայացնում է առաքելական ավստրիահայության հոգևոր կյանքը[2]։ Ենթարկվում է Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակությանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Վիեննա

Պատմություն

20-րդ դարի ընթացքում ավստրիահայերի թիվն աճեց Հայոց ցեղասպանության հետևանքով։ Դեռ 1912-1913 թվականներին՝ նախքան առաջին համաշխարհային պատերազմը, Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական վերակազմակերպված համայնքի «եկեղեցական միությունը» Վիեննայի կենտրոն թաղամասում (Wien I, Dominikanerbastei 10) հիմնում է սուրբ Փրկիչ մատուռը՝ հոգևոր հովիվ ունենալով Ռումինիայի Սուչավա քաղաքից Վիեննա հրավիրված Արիստակես քահանա Ֆեսլյանին։ Վերջինս իր հետ է բերում Սուչավայի սուրբ Հարություն և սուրբ Սիմեոն եկեղեցիներից ու Զամկա վանական համալիրից հոգևոր պաշտամունքի գրքեր ու անոթներ, որոնք օգտագործվում են մինչև այսօր։ 1923 թվականից Ավստրիայի և Գերմանիայի հոգևոր հովիվ է դառնում ռումինահայ մեկ այլ քահանա՝ Տեր Եղիշե քահանա Ություճյանը (հետագայում ծայրագույն վարդապետ), որի մահից չորս տարի անց միայն՝ 1962 թվականին, ավստրիահայոց հոգևոր հովվությունը ստանձնում է Մեսրոպ վարդապետ Գրիգորյանը (հետագայում եպիսկոպոս, ապա՝ արքեպիսկոպոս)[2], որը նաև նաև Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակն էր մինչև 2019 թվականը։

1964 թվականին վիեննահայերի ջանքերով քաղաքի 3-րդ թաղամասում (Wien III, Kolonitzgasse 11) ձեռք է բերվում ազգային կալվածք, որտեղ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա. Պալճյանի միջնորդությամբ լոնդոնաբնակ Հռիփսիմե Հալաճյան-Թրիքի միջոցներով սկսում է նորակառույց Սուրբ Հռիփսիմե եկեղեցու շինարարությունը, որն օծվում է 1968 թվականին՝ Վազգեն Ա-ի կողմից։ Եկեղեցու ճարտարապետն էր Էդուարդ Սարապյանը։

Եկեղեցու բակում 1984 թվականին տեղադրվել է հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Համայնքի եկեղեցական վարչությունը, նորակառույց եկեղեցու շուրջը հայերին համախմբելու նպատակով, համայնքի միջոցներով գնել է շենք, որը դարձել է Ազգային տուն։ 1981 թվականին նույն շենքում բացվել է միակ և ցայսօր գործող «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա դպրոցը, որի գործունեությունը գլխավորում են եկեղեցական վարչությունն ու ծնողական խորհուրդը։ 1962 թվականից ավստրահայ համայնքի հոգևոր հովիվն է Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը, որը նաև Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակն է։

2019 թվականին Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը նշանակվել է Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: