Արտամարմնային բեղմնավորում

Արտամարմնային բեղմնավորում (կամ բեղմնավորում, ԱԲ), բեղմնավորման գործընթաց, որի կիրառման դեպքում ձվաբջիջը միանում է սերմնաբջջին մարմնից դուրս (in vitro, լատիներենից թարգմանաբար նշանակում է «ապակու մեջ»)։ Այս գործընթացը ներառում է կնոջ օրգանիզմում օվուլյացիոն գործընթացն ուսումնասիրելն ու այն խթանելը, ինչի արդյունքում կնոջ ձվարաններից հեռացնում են ձվաբջիջ կամ ձվաբջիջներ և թողնում, որ սպերման բեղմնավորի դրանք հեղուկում` լաբորատոր պայմաններում։ Բեղմնավորված ձվաբջջում (զիգոտ) 2֊6 օր ընթանում է սաղմի մշակման գործընթացը, որից հետո այն փոխադրվում է նույն կամ մեկ այլ կնոջ արգանդ։ Այս ամենի վերջնանպատակը հղիություն գրանցելն է։

Արտամարմնային բեղմնավորում
ՏեսակArtificial reproduction?
Ենթադասբեղմնավորում և assisted reproductive technology?
ICD-10-PCS8E0ZXY1
MeSHD005307

Արտամարմնային բեղմնավորումը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիա է, որը կիրառվում է անպտղության բուժման և գեստացիոն փոխնակ մայրության (սուրոգատ մայրություն) համար, որի դեպքում բեղմնավորված ձվաբջիջը փոխադրվում է փոխնակ մոր արգանդ, իսկ ծնված երեխան գենետիկ որևէ կապ չի ունենում փոխնակ մոր հետ։

Կան երկրներ, որտեղ արգելված է արտամարմնային բեղմնավորման մեթոդով անպտղությունը բուժելը, ինչի արդյունքում նոր թափ է ստանում բժշկական տուրիզմը։ Այս դեպքում մարդիկ մեկ այլ երկիր են մեկնում բեղմնավորման, պտղաբերության վերականգնման նպատակով։ Արտամարմնային բեղմնավորման սահմանափակումները ներառում են ծախսերի և այն տարիքի գործոնը, երբ հնարավոր է դրական ելքով առողջ հղիություն ունենալ։ Արտամարմնային բեղմնավորման են դիմում, երբ ավելի նվազ ինվազիվության և համեմատաբար ավելի էժան միջոցները արդյունավետ չեն եղել կամ հավանական չէ, որ դրական արդյունք կունենան։

Առաջին բարեհաջող արտամարմնային բեղմնավորման արդյունքում ծնվել է Լուիզա Բրաունը 1978 թվականին։ Նա ծնվել է բնական ցիկլի դեպքում կիրառված արտամարմնային բեղմնավորմամբ, երբ չի կատարվել օվուլյացիայի խթանում։

Անպտղության բուժման այս մեթոդը մշակվել է Պատրիկ Սթեփթոյի և ֆիզիոլոգ Ռոբերտ Գ. Էդվարդսի համատեղ ջանքերով։ Վերջինս 2010 թվականին արժանացել է բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի։ Պատրիկ Սթեփթոյի թեկնածությունը չի դիտարկվել, քանի որ Նոբելյան մրցանակը չի շնորհվում հետմահու[1]։ Ձվաբջջի դոնորության և արտամարմնային բեղմնավորման շնորհիվ դեռ հղիանալ կարող են այն կանայք, ովքեր այլևս վերարտադրողական տարիքում չեն կամ դաշտանադադարի փուլում են։

2004 թվականին Ադրիանա Իլիեսկուն ծննդաբերել է 66 տարեկանում։ Նա ամենատարեց կինն է, ով հանդիսացել է ձվաբջջի դոնոր և ծննդաբերել արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառման արդյունքում։ ԱԲ մեթոդի կիրառման շնորհիվ շատ կանայք կարող են հղիանալ առանց պտղաբերության բուժումներ ստանալու[2]։ 2012 թվականին հաշվարկվել է, որ արտամարմնային բեղմնավորման և վերարտադրությանն օժանդակող այլ տեխնոլոգիաների կիրառմամբ ամբողջ աշխարհում ծնվել է 5 միլիոն երեխա[3]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտամարմնային բեղմնավորում» հոդվածին։