Ալեքսանդր Թամանյան

հայ ռեստավրատոր, ճարտարապետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Թամանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թամանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյան (մարտի 4 (16), 1878[1][2], Կրասնոդար, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 20, 1936(1936-02-20)[3][4][1][…], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[5][1][2]), հայ ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս (1914), ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ (1926), հայ նոր ճարտարապետության հիմնադիր։

Ալեքսանդր Թամանյան
Ծնվել էմարտի 4 (16), 1878[1][2]
ԾննդավայրԿրասնոդար, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էփետրվարի 20, 1936(1936-02-20)[3][4][1][…] (57 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[5][1][2]
Ազգությունհայ
Ոճ(եր)Նեոդասականություն
ԿրթությունԳեղարվեստի բարձրագույն դպրոց (1904)[1]
Ուշագրավ աշխատանքներԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Պարգևներ
2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ
Ալեքսանդր Թամանյան Վիքիքաղվածքում
Ալեքսանդր Թամանյան Վիքիդարանում
 Alexander Tamanyan Վիքիպահեստում

Կենսագրություն

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար1898 թվականին ավարտել է տեղի ռեալական ուսումնարանը, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարան։ 1904 թվականին ավարտել է Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։

1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահ՝ ակադեմիայի փոխնախագահի իրավունքներով։ Երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Ռուսաստանում՝ նախագծել տարբեր բազմաթիվ շինություններ։ 1919 թվականին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին՝ Իրան։ 1923 թվականին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն ստեղծագործական գործունեություն։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ Պետպլանի փոխնախագահ (1923 թվականից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (1924 թվականից) և Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ[6]։

Գործունեություն

Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործական գործունեությունը բաղկացած է երեք շրջաններից՝

  • ռուսաստանյան (1904-1918)[7],
  • հայաստանյան (1919-1921, 1923-1936)[7],
  • պարսկական (թավրիզյան, 1921-1923)[7]։

Ռուսաստանյան ժամանակաշրջան (1904-1918 թվականներ)

Ռուսաստանյան ժամանակաշրջանն ընդգրկում է 1904-1918 թվականները։ 1902 թվականին՝ դեռևս ուսանողության տարիներին, Թամանյանը արժանացել է «կառույցներ ինքնուրույն իրականացնելու իրավունքի» և Սանկտ Պետերբուրգի Հայկական եկեղեցիների Գույքի կառավարման խորհրդի հանձնարարությամբ իրականացրել է որոշ կառույցներ Ս․ Պետերբուրգի Սմոլենսկոյե հայկական գերեզմանատանը։ Ավարտելով ակադեմիան՝ Ալեքսանդր Թամանյանը Հայկական եկեղեցիների խորհրդում ստանձնել է գլխավոր ճարտարապետի պաշտոնը (1904 - 1916 թթ․)։

Ստեղծագործական գործունեությունը Թամանյանը սկսել է Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայում գտնվող 1771-1776 թվականներին կառուցված[8] Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումով, (1904-1906 թթ․), (ճարտարապետ՝ Յու. Մ. Ֆելտեն)։ Այս նախագծի իրականացումով բացահայտվել է Թամանյանի՝ որպես բարեխիղճ հետազոտողի հատկությունները, նուրբ ճաշակն ու դասական ճարտարապետության խոր իմացությունը։ Այս և դրան հաջորդած մի քանի աշխատանքների շնորհիվ Թամանյանը լայնորեն ճանաչվել է մասնագետների շրջանում։

1908 թվականին հենց այս եկեղեցում է տեղի ունեցել Ալեքսանդր Թամանյանի պսակադրության արարողությունը անգլիացի արդյունաբերողի դստեր՝ Կամիլլա Էդվարդսի հետ, ով ռուս նշանավոր ճարտարապետ Ն. Բենուայի թոռնուհին էր։

Երեսունն արդեն բոլորած Թամանյանը ճանաչված վարպետ էր, ուներ իր արվեստանոցը, աշխատում էր մեծահարուստների, ազնվականների, պալատականների և կայսերական ընտանիքի անդամների պատվերներով։

1909-1915 թվականները Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործական գործունեության ամենահագեցած և բեղմնավոր տարիներն են եղել. հենց այդ ընթացքում է Թամանյանը ստեղծել իր նշանավոր կառույցներից կոմս Վ․ Պ․ Կոչուբեի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ քաղաք Պուշկին), Յարոսլավլի Հոբելյանական ցուցահանդեսային համալիրը՝ կառուցված Ռոմանովների գահակալության 300-ամյակին նվիրված հանդիսությունների շրջանակներում, իշխան Ս․ Ա․ Շչերբատովի առանձնատունը Մոսկվայի Նովինսկի բուլվարում, որի «Գեղեցիկ ճակատների համար» Ալեքսանդր Թամանյանը 1914 թվականին Մոսկվայի Քաղաքային վարչության կողմից արժանացել է Առաջին մրցանակի և Ոսկե մեդալի[9]։

1914 թվականին Ալեքսանդր Թամանյանին շնորհվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսի կոչում «Գեղարվեստի ասպարեզում մեծ համբավ ձեռք բերելու համար»։

Ռուսաստանում Ալեքսանդր Թամանյանն իրեն դրսևորել է նաև որպես հմուտ քաղաքաշինարար՝ իրականացնելով Մոսկվա-Կազան երկաթուղու համար Պրոգորովսկայա ավանի նախագիծը և կառուցումը (նախագիծն իրականացվել է մասամբ)։

Իշխան Վ․ Կոչուբեյի առանձնատունը
Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ Պուշկին)
գլխավոր ճակատ
Իշխան Վ․ Կոչուբեյի առանձնատունը
Ցարսկոյե Սելոյում
Սանկտ Պետերբուրգի
Սբ․ Կատարինե հայկական եկեղեցին
Իշխան Շչերբատովի եկամուտների տունը, ընդհանուր տեսքԻշխան Շչերբատովի տունը, սպիտակ դահլիճ
Թոքախտով հիվանդների առողջարանի գլխավոր ճակատըԿոմսուհի Մուսինա-Պուշկինայի տոհմական «Իլովնա» կալվածքի առանձնատունը«Իլովնա» կալվածքի առանձնատան էսքիզային նախագիծՄոսկվա-Կազան երկաթգծի վարչության դահլիճի նախագիծԱնի քաղաքի թանգարանի էսքիզային նախագիծ

1916 թվականին Ալեքսանդր Թամանյանը իր ուժերն է փորձել նաև թատերական ներկայացումների ձևավորման ասպարեզոում՝ Կոնստանտին Ստանիսլավսկու պատվերով կատարելով Ալեքսանդր Բլոկի «Վարդ և խաչ» պիեսի ձևավորումը։ Իսկ 1918 թվականին ռուս անվանի դերասան Յ․ Յուրևը Ալեքսանդր Թամանյանին հրավիրել է համագործակցության և թատրոնի անդրանիկ բեմադրությունը՝ Ու. Շեքսպիրի «Մակբեթը», տեղի է ունեցել Ալեքսանդր Թամանյանի ձևավորմամբ։

Այս ամենին զուգահեռ՝ Թամանյանը զբաղվել է նաև ակտիվ հասարակական, մանկավավարժական, լրագրողական և խմբագրական գործունեությամբ։ Խմբագրել է ճարտարապետա-գեղարվեստական շաբաթաթերթ, հոդվածներ է գրել «Ապոլլոն» ամսագրի համար։

Նա եղել է ճարտարապետ-նկարիչների ընկերության ակտիվ անդամ, զբաղվել է շինարար վարպետների կատարելագործման դասընթացների կազմակերպմամբ, Գեղարվեստի ակադեմիայի վերակազմավորման աշխատանքներով, դասավանդել է Ե․Ֆ․ Բագաևայի կանանց բարձրագույն ճարտարապետական դասընթացներում։

1916 թվականին Թամանյանը նշանակվել է Կայսերական նորին մեծության գրասենյակին կից Տեխնիկական կոմիտեի անդամ, ապա Գեղարվեստական վերահսկողության կոմիտեի անդամ և բաժնի վարիչ։ 1917 թվականին Կայսերական արքունի նախարարության գործերով Ժամանակավոր կառավարության կոմիսար Ֆ․ Ա․ Գոլովինի հրամանով Ալեքսանդր Թամանյանը նշանակվել է Գեղարվեստի Ակադեմիայի փոխնախագահի պաշտոնում, իսկ Ակադեմիայի նախագահի պաշտոնը կրում էր ներկայացուցչական բնույթ, և այն ավանդաբար զբաղեցնում էին կայսերական ընտանիքի անդամները։ Այսպիսով, Թամանյանը հանդիսանում էր այս հեղինակավոր կազմակերպության փաստացի ղեկավարը։ Նա պաշտոնավարել է մինչև 1918 թվականի դեկտեմբեր` մինչև Գեղարվեստի Ակադեմիայի լուծարումը։

1919 թվականի հունվարին Ալեքսանդր Թամանյանը մեկնել է Պետրոգրադից։

14 տարի աշխատելով Ռուսաստանում՝ Թամանայանը շարունակել է կառուցել Պետերբուրգում և Մոսկվայում, արվարձաններում, գավառներում՝ նվաճելով իր մասնագիտության համար բոլոր հնարավոր բարձունքները և արժանացել է 20-րդ դարասկզբի ռուսական ճարտարապետության պատմության մեջ իր պատվավոր տեղին` որպես ռուսական նեոկլասիցիզմի փայլուն ներկայացուցիչ։

Հայաստանյան ժամանակաշրջան (1919 հոկտեմբեր-1921 ապրիլ)

1919 թվականին Ալեքսանդր Թամանյանը ժամանել է Հայաստան։ Սակայն Թամանյանի գործունեությունն Առաջին հանրապետության օրոք եղել է կարճատև։ Այդ ժամանակահատվածում նա մշակել է Հայաստանի զինանշանը, հիմնել և ղեկավարել է Հնությունների պահպանության կոմիտեն և սկսել է աշխատել Երևանի վերակառուցման և զարգացման գլխավոր հատակագծի վրա։ 1920 թվականի նոյեմբերին տեղի ունեցած իշխանափոխությունից և Հայաստանը խորհրդային սոցիալիստական հանրապետություն հռչակումից հետո կողմերի միջև ընդունված համաձայնագրի համաձայն` երաշխավորվում էր նախկին իշխանության քաղաքացիական և զինվորական պաշտոնյաների անվտանգությունը։ Նոր իշխանության օրոք Թամանյանը մնաց իր զբաղեցրած՝ Հայաստանի գլխավոր ճարտարապետի վարչության նախագահ, Պետական հիմնարկների շենքերի կառուցման շինարարական հանձնաժողովի նախագահ և Հնության և գեղարվեստի պահպանման հանձնաժողովի նախագահ պաշտոններում։ Բոլշևիկները, սակայն, համաձայնագրով ամրագրված կետերը խախտելով, համատարած բռնություններ ակսեցին կիրառել բարձրաստիճան զինվորականների, քաղաքացիական պաշտոնյաների, մտավորականների նկատմամբ։ Նման պայմաններում բացառված չէր նաև Թամանյանի ձերբակալությունը։ Նա որոշեց է հեռանալ և տարագիրների առաջին խմբի հետ 1921 թվականի ապրիլի 21-ին մեկնեց Պարսկաստան։

Թավրիզյան ժամանակաշրջան (1921 մայիս-1923 մարտ)

1921 թվականի մայիսի 18-ին Ալեքսանդր Թամանայանը իջևանել է Թավրիզում, ուր որպես ճարտարապետ է աշխատել քաղաքապետարանում մինչ Երևան վերադառնալը։ Այստեղ իրականացրել է քաղաքի բարեկարգման և կառուցապատման բարելավման քաղաքաշինական նախագծեր, կառուցել է ՀՀ Դաշնակցության պանթեոնը Լիլավայի սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում, նախագծել է մասնավոր տներ և Թավրիզի հասարակական և մշակութային կենտրոնը (վերջինս չի իրագործվել)։

Հայաստանյան ժամանակաշրջան (1923 մարտ-1936)

1923 թվականի մարտին Խորհրդային Հայաստանի կառավարության պատվերով Թամանյանը վերադարձել է Երևան և մինչև կյանքի ավարտն ապրել և ստեղծագործել է Հայաստանում։

1920-ական թվականներին Թամանյանը զբաղվել է էներգետիկայի և ոռոգման հարցերով` նախագծելով և կառուցելով ջրանցքներ, ջրհան և հիդրոէլեկտրակայաններ։ Թամանյանի անդրանիկ կառույցը Հայաստանում եղել է Երևանի հիդրոէլեկտրակայանը (1925 թվական)։ Այս կառույցի համար, ինչպես նաև հանրապետության էներգետիկայի զարգացման համար 1926 թվականին Թամանյանին շնորհվել է ՀԽՍՀ Ժողովրդական ճարտարապետ կոչում[10]։

Երևանյան նախագծեր

1924 թվականի ապրիլի 3-ին կառավարությունը հաստատել է Թամանյանի ներկայացրած Երևանի վերակառուցման ու զարգացման գլխավոր հատակագիծը։ Նախագծի համաձայն՝ Երևանը քաղաք-այգի էր 150 հազար ազգաբնակչությամբ, կառուցապատված 3-4 հարկանի շենքերով և բաժանված առանձին գոտիների՝ վարչական, մշակութային, ուսանողական, արդյունաբերական և այլն։ Քաղաքն ուներ երկու կենտրոնական հրապարակ` Թատերական՝ (հետագայում Պետթատրոնի հետ միասին) որպես մշակութային կենտրոն, և Լենինի անվան հրապարակ՝ Կառավարական տան հետ միասին՝ որպես վարչական կենտրոն։ Հյուսիսային պողոտան միացնում էր քաղաքի կարևորագույն այս կենտրոնական երկու հատվածները և տեսարանն ավարտվում էր Արարատի շքեղ հեռանկարով։

Թամանյանի նախագծած խոշորագույն կառույցներն են` Կառավարական տունը և Ժողտունը՝ Օպերայի և բալետի պետական թատրոնը։ Այս նախագծերը Թամանյանը մշտապես կատարելագործել է մինչ կյանքի վերջ։ 1926-1929 թվականներին կառուցվել է միայն Կառավարական տան մի մասը՝ Նալբանդյան փողոցին հարող Հողժողկոմի շենքը։

Ուսումնասիրելով Տեկորի, Զվարթնոցի, Անիի և այլ պատմական հուշարձաններ ու ժողովրդական ճարտարապետության նմուշներ` Ալեքսանդր Թամանյանը գտավ դրանց օգտագործման մեթոդը ժամանակակից պայմաններում։ Նա երբեք չկրկնեց հինը, բայց և չմերժեց այն` պատմական կամուրջ գցելով հայ ժոդովրդի անցած շրջանի մշակույթի և նորի միջև։ Օգտվելով Տեկորի և Զվարթնոցի ճարտարապետական ծավալատարածական կոմպոզիցիոն լուծումներից և ձևակազմության օրինաչափություններից, հեռու մնալով մեխանիկական ընդօրինակումից` նա ստեղծեց կառավարական տան և Օպերային թատրոնի ճարտարապետական սյունակարգերը, դրանց հատակագծային և ծավալային ուրույն կոմպոզիցիաները[11]։

Երևանի գլխավոր հատակագիծ, 1932 թվականՕպերայի և բալետի թատրոնի 2-րդ հարկի հատակագիծըԿառավարական տուն, գլխավոր ճակատը
Արտակարգ հանձնաժողովի բնակելի տունը մինչև վերակառուցումը, 2013 թ․Երևանի առաջին ՀԷԿ-ի շենքԵրևանի աստղադիտարանի շենքԵրևանի բժշկական ինստիտուտի անատոմիկում

Ալեքսանդր Թամանյանը չկարողացավ տեսնել այս երկու գլուխգործոց կառույցներն ավարտուն վիճակում։

Ալեքսանդր Թամանյանի մահից հետո այս կառույցները կյանքի կոչվեցին նրա որդու՝ Գևորգ Թամանյանի ճարտարապետական վերահսկողությամբ։ Ժողտան և Կառավարական տան նախագծերը ամենաբարձր գնահատականի են արժանացել 1937 թվականի Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում։ Ժողտան նախագիծն արժանացել է մեծ ոսկե մեդալի (Grand prix), իսկ Կառավարական տունը՝ 1942 թվականին արժանացել է Ստալինյան մրցանակի։

Հայաստանյան այլ նախագծեր

Թամանյանը աշխատել է ինչպես մայրաքաղաքի տասնյակից ավելի ճարտարապետական կառույցների` հիվադանոցների, գրադարանների (օրինակ Հայաստանի ազգային գրադարանի), ինստիտուտների, թատրոնների, վարչական շենքերի, այնպես էլ հանրապետության մի շարք քաղաքների քաղաքաշինական նախագծերի վրա։

Վաղարշապատ քաղաքի հատակագիծՆուբարաշենի հատակագիծԼուկաշեն գյուղի հատակագիծԱնասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի գլխավոր մասնաշենքի 2 հարկի հատակագիծ

Նախագծեր և կառույցներ

Կառավարական տունը և Օպերային թատրոնի ու համերգասրահի շենքը կանխորոշել և պայմանավորել են Երևանի քաղաքաշինական կարևորագույն հանգույցների լուծումները, առաջինը՝ Հանրապետության հրապարակի անսամբլի (ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1970, հետմահու, հեղինակային խմբի հետ), երկրորդը՝ թատրոնի (նախագիծը՝ 1937 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի Մեծ ոսկե մեդալ) շրջակա տարածության և հիմնական, մայրուղիներից մեկի՝ Հյուսիսային պողոտայի կառուցապատումը։

Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի շենքը Ալեքսանդր Թամանյանի այն առաջին նախագծերից է, որում ճարտարապետը ստեղծագործաբար օգտագործել և զարգացրել է հայ ճարտարապետության ավանդույթները։ Հրազդանի կիրճում գտնվող հիդրոէլեկտրակայանի շենքը ճարտարապետության ու բնության ներդաշնակ կապի և անսամբլի լավագույն օրինակներից է։

Թամանյանի ստեղծագործություններում հայ ճարտարապետության ծավալատարածական և արխիտեկտոնիկ առանձնահատկությունները, մանրամասների անկրկնելիության և բազմազանության սկզբունքը նոր մեկնաբանություն և որակ են ստացել[12]։

Թամանյանի ստեղծագործությունը նոր ուղի է բացել հայ ճարտարապետության ավանդույթները զարգացնելու և դրանց հիման վրա նորը ստեղծելու գործում՝ սկզբնավորելով ճարտարապետության թամանյանական դպրոցը[13]։

Նրա կառույցներում ճարտարապետական ձևերը ճշմարիտ են և օրգանական՝ պայմանավորված հիմնական շինանյութի՝ քարի հատկություններով։ Քաղաքի մասերի, հանգույցների և անսամբլների փոխադարձ կապն ու պայմանավորվածությունը Թամանյանը մշակել է քաղաքաշինության պահանջների իր ընկալումով և սկզբունքներով։ Կազմելով Երևանի գլխավոր հատակագիծը՝ Թամանյանը նախատեսել է քաղաքի հիմնական անսամբլները, դրանց տարածական լուծումները, և նրա նախագծած ամեն մի շենք այդ անսամբլների օրգանական մասն է կազմում։

Ալեքսանդր Թամանյանի հիմնական նախագծերի և կառույցների ցանկ

ԹվականԿառույցի անվանումԾանոթագրություններ
1904-1906Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու վերանորոգման նախագծի իրականացում
1906Իշխան Ս. Ս. Աբամելիք-Լազարևի առանձնատան նախագիծ
1906Սանկտ Պետերբուրգի արվարձաններում փայտաշեն եկեղեցու ու դպրոցի նախագծի իրականացում
1906Երկու փայտաշեն առանձնատների նախագծերի իրականացում
1907Սանկտ Պետերբուրգում հայկական եկեղեցու հարևանությամբ գտնվող «Café de Frans»-ի ներսույթների ձևավորումՀամահեղինակներ՝ ճարտարապետ Վ. Շչուկո և նկարիչ Ե. Լանսերե
1908Անի քաղաքի թանգարանի էսքիզային նախագիծ
1909Իշխան Բ. Ա. Կուրակինի շքապատշգամբներով առանձնատան ճակատի հարդարանքի նախագիծ
1909Առևտրային սրահներ ունեցող շենքի նախագիծ Պետերբուրգում
1909-1913Կոմսուհի Մուսինա-Պուշկինայի տոհմական «Իլովնա» կալվածքի բարեկարգման և վերականգնողական աշխատանքներ Յարոսլավլի նահանգում
1909-1913Կոմսուհի Մուսինա-Պուշկինայի տոհմական «Բորիսոգլեբ» կալվածքում առանձնատան և օժանդակ տնտեսական կառույցների նախագծեր իրականացում Յարոսլավլի նահանգում
1911Ցարսկոյե Սելոյի հիմնադրման 200-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսում Պետրոս Առաջինի, Ելիզավետա Առաջինի, Եկատերինա Երկրորդի, Ալեքսանդր Առաջինի և Նկոլայ Առաջինի սենյակների կահավորում ու ներսույթների ձևավորում
1911-1912Արքունական արարողապետ Վ. Պ. Կոչուբեյի առանձնատան նախագծի իրականացում Ցարսկոյե Սելոյում
1911-1913Իշխան Ս. Շչերբատովի առանձնատան նախագծի իրականացում Մոսկվայում
1913Յարոսլավլի հոբելյանական ցուցահանդեսային համալիրի նախագծի իրականացում
1913Իշխանուհի Ելիզավետա Ֆեոդորովնայի նախաձեռնությամբ Հռոմում կառուցվելիք ուղղափառ տաճարի նախագիծ
1913-1914Առաջին հրետանային բրիգադի լեյբ-գվարդիայի սպաների հավաքույթների սրահի կառուցում, ներսույթների ձևավորում Սանկտ-Պետերբուրգում, և ամառային հավաքույթների շենքի նախագծի իրականացում Կրասնոյե Սելոյում
1913-1917Մոսկվա-Կազան երկաթուղային ընկերության աշխատակիցների բանավանի գլխավոր հատակագծի նախագծում և իրականացում
1914Ֆ. Ն. Բեզի առանձնատան նախագիծ Սանկտ Պետերբուրգում
1914Ռուսական արտաքին առևտրի բանկի շենքի մրցութային նախագիծ
1914Վոլոկոլամսկի գավառի հողատիրության վարչության շենքի նախագծի իրականացում
1914Ե․ Վ․ Գաբրիչևսկայայի եկամտաբեր տան նախագիծ Մոսկվայում
1914Վյազեմսկի իշխանների ապարանքի մրցութային նախագիծ
1914Սանկտ Պետերբուրգում կոմսուհի Ե․Վ․ Շուվալովայի առանձնատան դահլիճի վերակառուցում շարժական բեմով
1915Ի․ ֆիրսանովայի առանձնատան թատերական դահլիճի նախագծի իրականացում
1916Մոսկվա-Կազան երկաթուղային ընկերության մոսկովյան վարչոթյան շենքի ներսույթների ձևավորման նախագծի իրականացում
1916Մոսկվա-Կազան երկաթուղու կենտրոնական արհեստանոցի նախագծի իրականացում Լյուբերցի քաղաքում
1916Իշխանուհի Օ.Ա.Ռոմանովայի առանձնատան նախագիծ վորոնեժյան կալվածքում
1918Մոսկովյան գեղարվեստական ակադեմիական թատրոնում բեմադրվելիք Ա. Բլոկի «Վարդ և խաչ» պիեսի բեմական ձևավորում Մ.Վ.Դոբուժինսկու հետ համատեղ
1918Ժողովրդական զանգվածային տեսարանների թատրոնի շենքի էսքիզների մշակում
1919Լ. Ե. Արզումանովի տան նախագիծ Անապայում
1920Երևանի Ղանթար շուկայի վերակառուցման նախագիծ
1920Երևանի թատրոնի՝ այժմ Երաժշտական կոմեդիայի թատրոնի առաջին հարկի որոշ հատվածի որպես երաժշտական դպրոցի վերակառուցելու նախագիծ
1921Երևանի գլխավոր հատակագծի մշակում
1921-1923Հայաստանի Հանրապետության հյուպատոս Մուշեղ Տեր-Զաքարյանի տան ճակատի ձևավորման նախագիծը Թավրիզում։ Մելքոն Բաղդասարյանի տան նախագիծ Թավրիզի Լիլավա թաղամասի Քարաշենք մասում։

ՀՀ Դաշնակցության պանթեոնի նախագիծ և կառուցում Թավրիզի Լիլավա թաղամասի Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում։

Պարոն Ավագ (Պարնավա) փողոցի կառուցապատում Թավրիզի գլխավոր փողոցներից մեկի նախագիծ և կառուցում

1923Երևանի վերակառուցման գլխավոր հատակագիծ, հաստատված Խորհրդային Հայաստանի Ժողկոմխորհի արտահերթ նիստում 1924 թվականի ապրիլի 3-ի արտահերթ նիստում
1923Երևանի հիդրոէլեկտրոկայանի և նրա ենթակայանի նախագծի իրականացումՇինարարությունն ավարտվել է 1926 թվականին
1923Հայաստանի ոռոգիչ և հիդրոտեխնիկական կառույցների՝ Սարդարապատի, այժմ Հոկտեմբերյանի փոքր ջրանցքի, Այղր լճի ոռոգիչ սիստեմի և այլ ջրանցքների շինարարության ղեկավարում
1925Այղր լճի ջրհան կայանի նախագծի իրականացում
1925-1932Լենինականի (այժմ Գյումրի), էջմիածնի (այժմ Վաղարշապատ), Արաբկիրի, Լուկաշինի, Հոկտեմբերյանի (այժմ Արմավիր), Ստեփանակերտի, Նոր Բայազետի (այժմ Գավառ), Ախտա (այժմ Հրազդան), Նուբարաշենի գլխավոր հատակագծերի կազմում
Հրազդանի ձորում ժողկոմխորհի առանձնատան նախագիծ և կառուցում
Առողջարանի նախագիծ Դիլիջանում
1926Երևանի ուսանողական թաղամասի հատակագծի կազմում
1926Բժշկական ինստիտուտի անատոմիկումի նախագծի իրականացումՇինարարությունը ավարտվել է 1933 թվականին
1926Դոկտոր Հ. Գաբրիելյանի առանձնատան նախագիծ
1926Գինեկոլոգիական ինստիտուտի նախագծի իրականացումՇինարարությունն ավարտվել է 1959 թվականին
1926-1928Հողժողկոմատի շենքի նախագծի իրականացումՇինարարոթյունն ավարտվել է 1929 թվականին
1926-1932Լուկաշինի, Նուբարաշենի (այժմ Սովետաշեն) և այլ վայրերի համար բնակելի տիպային տների նախագծեր
1926-1936Պետական թատրոնի՝ Ժողովրդական տան, հետագայում Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի թատրոնի և համերգային մեծ դահլիճի նախագիծ և կառուցում։ Շենքը հիմնադրվել է 1930 թ.։ Շինարարությունն ավարտվել է օպերայի և բալետի մասով՝ 1939 թվական՝ համերգային դահլիճը՝ 1953 թ.։ Ալ. Թամանյանի մահից հետո, շենքի նախագիծն ավարտել է նրա որդին՝ ճարտարապետ Գևորգ Թամանյանը՝ վերահսկելով ճարտարապետական-շինարարական աշխատանքների ընթացքը որպես հեղինակ
1927Պետական համալսարանի Ֆիզիկաքիմիական լաբորատորիումի՝ այժմ Երևանի ճարտարագիտական համալսարանի քիմիական բաժանմունքի նախագծի իրականացում։ Շինարարությունն ավարտվել է 1935 թվականինՇինարարությունն ավարտվել է 1935 թվականին
1927Երևանի Պուշկինի փողոցում արտակարգ հանձնաժողովի բնակելի տան նախագծի իրականացումՇինարարությունն ավարտվել է 1929 թվականին
1927Ֆիզիոթերապևտիկ ինստիտուտի նախագծի իրականացումՇինարարությունն ավարտվել է 1932 թվականին
1927Թանգարանային թաղամասի նախագիծ Կոնդում
1928Երևանի մեխանիկական գործարանի նախագիծ
1928Լենինականի վերակառուցման էսքիզային հատակագիծ
1928Դոկտոր Ս. Կամսարականի առանձնատան նախագիծ
1928Հայագիտության ինստիտուտի նախագծի իրականացում, հետագայում Ալ. Մյասնիկյանի անվան հանրային գրադարանի գլխավոր մասնաշենքՇինարարությունն ավարտվել է 1938 թվականին
1928Անասնաբուժական-անասնաբուծական ինստուտի նախագծի իրականացումՇինարարությունն ավարտվել է 1930 թվականին
1929Երևանի գլխավոր հատակագիծ
1929Մ. Սարյանի առանձնատան նախագծի իրականացում
1929Երևանի ուսանողական թաղամասի հանրակացարանների նախագծի իրականացումՇինարարությունն ավարտվել է 1931 թվականին։
Համահեղինակ ճարտարապետ Ա. Խ. Զաքիյան
1930Մանկական զբոսայգու հատակագիծ և այգու կառուցվածքների նախագծեր «Սևան» հյուրանոցի հարևանությամբ
1930Երևանի աստղադիտարանի շենքի նախագծի իրականացումՇինարարությունն ավարտվել է 1933 թվականին
1931Օդերևութաբանական կայանի շենքի նախագծի իրականացում Արագած լեռան վրաՆախագիծն իրականացվել է մասամբ
1932 - 1936ՍՍՀ Կառավարական տան նախագծի իրականացումՇենքի հիմնական մասի շինարարությունն ավարտվել է 1941 թվականին
1932Երևանի գլխավոր հատակագիծ
1932Երևանի կենտրոնական հատվածի հատակագիծ
1932Աշխատանքի պալատի նախագծում ճարտարապետ Մարկ Գրիգորյանի մասնակցությամբ
1932Մանկական կլինիկայի նախագիծ և կառուցում ճարտարապետ Մարկ Գրիգորյանի մասնակցությամբՇենքի մի մասի շինարարությունն ավարտվել է 1939 թվականին, ամբողջությամբ՝ 1975 թվականին
1933Կոմունիստական բարձրագույն գյուղատնտեսական դպրոցի նախագիծ և կառուցում
1934Բնակելի տան նախագիծ Երևանի Թումանյան, Տերյան և Աբովյան վողոցների միջև։ Համահեղինակ ճարտարապետ Հովհաննես Խալփախչյան, ով վերջնականապես ավարտին է է նախագիծը։Շինարարությունն ավարտվել է 1938 թվականին
1934Հայառի բնակելի համալիրի նախագիծ
1934ժողովրդական տան նոր տարբերակի նախագիծ։ Շենքի կոմպոզիցիայում նախատեսվում էր տեղադրել Վ. Ի. Լենինի արձանըՄասնակցությամբ նկարիչ Ե. Լանսերեի
1934-1936«Մեծ Երևանի» գլխավոր հատակագիծ-էսքիզ

Հիշատակ

Թամանյանի անունով անվանակոչվել է Երևանի կենտրոնական փողոցներից մեկը, որտեղ տեղադրված է նրա հուշարձանը (1974, քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան), Երևանի շինարարական տեխնիկումը (1953), Հայաստանի ճարտարապետների միության տունը (1978), Հայաստանի ճարտարապետության թանգարան-ինստիտուտը (2001):

ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 5-ի թիվ 1401-Ն որոշման համաձայն ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը[14], որը 2016 թվականից միավորվել է Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի (1991) հետ՝ վերանվանվելով Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ։

Ալեքսանդր Թամանյանի մասին գրվել են պոեմներ, որոնցից մեկի հեղինակը Աղասի Այվազյանն է։

2001 թվականին Հայաստանի ճարտարապետների միությունը սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ[15][16]։

Թամանյանն ունեցել է երջանիկ ստեղծագործական կյանք։ Նա առաջինն էր, ով անդրադարձել է միջնադարի հայ վարպետների ստեղծագործական ժառանգությանը, հայ ճարտարապետության դարավոր ձեռքբերումներին, արտահայտչամիջոցներին և համադրելով համաշխարհային դասականության լավագույն ավանդույթների հետ՝ դրել մեր նոր ճարտարապետության հիմնաքարերը, ստեղծելով մի ողջ ճարտարապետական դպրոց, որն անվանվում է «Թամանյանական դպրոց»։

Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտԱլեքսանդր Թամանյանի հուշարձան (Երևան)Ալեքսանդր Թամանյանի պատկերով ՀՀ թղթադրամ (շրջանառությունից հանված է)

Մեջբերումներ Ալեքսանդր Թամանյանից

Ճարտարապետությունը քարե սիմֆոնիա է։

Մեջբերումներ Ալեքսանդր Թամանյանի մասին

Նա տեսել է երևի արևային մի քաղաք...
Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած
Արևային ժամացույց՝ քարտե՜զն ահա քաղաքի, —
Պողոտաներ, փողոցներ՝ բոլորաձիգ երկարած,
Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին։

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Թամանյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Թամանյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Թամանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 132