Ալեքսանդր Բուտլերով
Ալեքսանդր Բուտլերով (ռուս.՝ Александр Михайлович Бутлеров, սեպտեմբերի 15, 1828[1][2], Չիստոպոլ, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1][2][3] - օգոստոսի 17, 1886[1][2], Բուտլերովկա, Spassky Uyezd, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1][2][3] և Բիարրից), ռուս քիմիկոս։
Ալեքսանդր Բուտլերովը տվել է օրգանական նյութերի կառուցվածքի տեսությունը, առաջինը բացատրել իզոմերիայի երևույթը, հիմնադրել ռուսական քիմիական դպրոցը։
Կենսագրություն
1849 թ. ավարտել է Կազանի համալսարանը։ Աշխատել է Փարիզում՝ ֆրանսիացի քիմիկոս Շառլ Վյուրցի քիմիական աշխատանոցում։ Սինթեզել է ուրոտրոպինը և ֆորմալդեհիդի պոլիմերը, որից հետագայում ստացել են առաջին արհեստական շաքարանման նյութը։ 1861 թ. «Նյութերի քիմիական կառուցվածքի մասին» զեկուցման մեջ շարադրել, իսկ 1871 թ. վերջնականապես ձևակերպել է օրգանական միացությունների կառուցվածքի տեսության իր կանխադրույթները։
Ըստ այդ տեսության՝ օրգանական նյութերի հատկությունները պայմանավորված են մոլեկուլներում ատոմների հաջորդականության կարգով և նրանց փոխազդեցության բնույթով։ Բուտլերովի կանխադրույթներից բխում էին օրգանական նյութերի քիմիական կառույցի դասական տեսության մյուս բոլոր դրույթները։ Նա տվեց նաև քիմիական կառուցվածքի որոշման եղանակն ու ձևակերպեց դրա իրականացման կանոնը։
Բուտլերովն առաջինն է կատարել պոլիմերման շարժընթացի համակարգված ուսումնասիրություններ, որոնց արդյունքների հիման վրա հետագայում մշակվել է սինթետիկ կաուչուկի ստացման արդյունաբերական եղանակ։
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
- Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան, 2008, էջ 195։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 617)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բուտլերով» հոդվածին։ |