Գլխավոր երգչախմբային սինագոգ (Դոնի Ռոստով)

Գլխավոր երգչախմբային սինագոգ (ռուս.՝ Главная хоральная синагога), նախկին սինագոգ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։

Գլխավոր երգչախմբային սինագոգ
Հիմնական տվյալներ
Տեսակշենք և սինագոգ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հիմնական ամսաթվերը1868
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Հիմնադրված1868
Քարտեզ
Քարտեզ
 Main Choral Synagogue, Rostov-on-Don Վիքիպահեստում

Շենքը գտնվում է Բաումանի փողոց, 70 հասցեով։ Սինագոգը բացվել է 1868 թվականին։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո շենքն ազգայնացվել է և վերակառուցվել։ Ներկայում այնտեղ տեղակայված է մաշկավեներոլոգիական դիսպանսերը[1]։ Գլխավոր երգչախմբային սինագոգի շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Պատմություն

Առաջին ժամանակավոր փայտե սինագոգը Դոնի Ռոստովում հայտնվել է 1855 թվականին։ Այն գտնվել է ժամանակակից Բաումանի և Ուլյանովի փողոցների միջև` Վորոշիլովի պողոտայից ոչ հեռու։ 1863 թվականին հարևանությամբ կառուցվել է աղյուսե աղոթատուն։ Սակայն շենքն ամուր չէր, և 1866 թվականին այն քանդեցին[3]։ 1868 թվականին նրա տեղում կառուցվեց նոր երկհարկանի սինագոգ[1]։

Սինագոգի նախագծի հեղինակ լինելը վերագրվում է կոլեգիալ ասեսոր և քաղաքի ավագ ճարտարապետ Սովիցկուն։ Սինագոգի շինարարներն էին Ա. Գ. Կապլունը, Ս. Ի. Ֆրեյ-շիստը, Ա. Ա. Դանցիգերը։ Սինագոգի կառուցման համար նվիրատվությունների հավաքագրումը կազմակերպել էր ռաբբի Ֆաբիան Օսիպովիչ Գնեսինը` կոմպոզիտոր Միխայիլ Գնեսինի հայրը։ Նրա ջանքերով հավաքվել էր 16342 ռուբլի 87 կոպեկ[1]։

Գլխավոր երգչախմբային սինագոգը հանդիսավորությամբ բացվել է 1868 թվականի օգոստոսի 30-ին[3]։ Արարողությանը ներկա է եղել քաղաքագլուխ Ա. Մ. Բայկովը։ Իր ելույթում նա նշել է, որ «քաղաքում սոցիալական իրավիճակի հետ կապված այլ քաղաքացիների հետ հրեաների հավասարեցման» խնդիր է սահմանել։ Սինագոգի պաշտոնական հասցեն էր` Վորոնցովի փողոց, 78[1]։

1881 թվականին սինագոգին արևմուտքից կցակառուցվել է 150 մարդ տեղավորող աղոթատուն։ 1903 թվականին սինագոգին կից բացվել է հրեական ընթերցասրահ։ Բացի այդ, այստեղ տեղակայված էր Թալմուդ-Թորա դպրոցը։ Դրանով Գլխավոր երգչախմբային սինագոգը դարձել էր պաշտամունքային և կրթական համալիր։ Հեղափոխությունից առաջ սինագոգի վերջին ռաբբին եղել է Մ. Զ. Գոլդենբերգը[3]։

1924 թվականին սինագոգը պետականացվել է, բայց շենքը շարունակել է մնալ հրեական համայնքի իրավասության ներքո։ 1935 թվականի կեսերին սինագոգի շենքն ազգայնացվել է, և այնտեղ տեղակայվել է մաշկավեներոլոգիական հիվանդանոցը։ Շենքը զգալիորեն վերակառուցվել է, ինչի հետևանքով խեղաթյուրվել է ճարտարապետական տեսքը։ Ներսույթը վերակառուցվել է, կորսվել է աղոթասրահը։ Սինագոգի ճակատը նույնպես լրջորեն խեղաթյուրվել է. հին լուսամուտատեղերը լայնացվել են և հայտնվել են նորերը, սվաղային դեկորի զգալի մասը ոչնչացվել է[3]։ Ռոստովի մարզի վարչակազմի 1998 թվականի հոկտեմբերի 9-ին թիվ 411 հրամանով Գլխավոր երգչախմբային սինագոգի շենքն անցել է պետական պաշտպանության տակ` որպես մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ[2]։

2016 թվականին Ռոստովի մարզի կառավարությունը նախատեսել է սինագոգի շենքը վերադարձնել Ռոստովի հրեական համայնքին։ Ըստ օրենքի` դիսպանսերն այս շենքից այլ շենք պետք է տեղափոխվեր մինչև 2018 թվականի նոյեմբերի 23-ը։ Հրեական համայնքը նախատեսում էր շենքին վերադարձնել սկզբնական տեսքը[4]։ Սակայն 2017 թվականին այս հարցը կարգավորող հանձնաժողովը չի հաստատել այդ որոշումը, և շենքը չի փոխանցվելու հրեական համայնքին[5]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Հղումներ