Գևորգ Մուրադյան

հայ դիրիժոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Մուրադյան (այլ կիրառումներ)

Գևորգ Մուրադյան (մարտի 1, 1947(1947-03-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր։ Արցախի վաստակավոր արտիստ (2009)[1]։

Գևորգ Մուրադյան
Ծնվել էմարտի 1, 1947 (77 տարեկան)
Երևան Հայաստան Հայաստան
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդիրիժոր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն

Գևորգ Մուրադյանը ծնվել է Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային և սիմֆոնիկ դիրիժորության բաժինը, 1986-1987 թվականներին կատարելագործվել է Վիեննայի երաժշտական ակադեմիայի ասպիրանտուրայում։

1974-1990 թվականներին եղել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, 1991 թվականին նշանակվել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1995 թվականին՝ ֆիլհարմոնիկ երգչախմբի ղեկավար և դիրիժոր։ 2004 թվականին նշանակվել է Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր[2]։

Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ երգչախումբը նախապատրաստել է Մոցարտի, Վերդիի, Բեռլիոզի, Բրամսի, Ֆորեի Ռեքվիեմները, Հենդելի «Մեսիա» օրատորիան, Վիվալդիի «Գլորիան», Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» կանտատը, հայ կոմպոզիտորների խմբերգային շատ գործեր։ Ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հոգևոր երաժշտության համերգները։ Աշխատել է նաև Սուրբ Գևորգ եկեղեցու և Էջմիածնի Մայր Տաճարի եկեղեցական երգչախմբերի հետ։ Դասավանդել է Երևանի կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում (դոցենտ), եղել է օպերային ստուդիայի առաջին դիրիժորներից։ Հանդես է եկել Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կիպրոսում, Հունաստանում, Պարսկաստանում և Խորհրդային միության քաղաքներում։ 2012 թվականին նրա ղեկավարությամբ նվագախումբը համերգներով հանդես է եկել Նորվեգիայի Բերգեն քաղաքում, 2013 թվականին՝ Մոսկվայում, 2015 թվականին՝ ԱՄՆ Լոս Անջելես և Բոստոն քաղաքներում[3][4]։

Պարգևներ, մրցանակներ

  • Դիրիժորների համամիութենական 5-րդ մրցույթի մրցանակակիր, Մոսկվա, 1983
  • Արցախի վաստակավոր արտիստ, 2009[1]

Ծանոթագրություններ