Էջմիածնի Մայր Տաճար
Էջմիածնի Մայր տաճար, Հայ Առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցը [Ն 1]: Գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում[Ն 2]: Ըստ գիտնականների[Ն 3]՝ անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է (բայց ոչ առաջին եկեղեցին)[Ն 4] և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը[Ն 5]:
Էջմիածնի Մայր Տաճար և եկեղեցիներ, Զվարթնոցի հնավայր | |
Cathedral and Churches of Echmiatsin and the Archaeological Site of Zvartnots* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Հայաստան |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | ii, iii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Արևմտյան Ասիա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2000 (24-րդ նստաշրջան) |
Համար | 1011 |
Error: Must specify an image in the first line. | |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին[23]՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։ Ներկայիս կառույցի հիմնական մասը կառուցել է Վահան Մամիկոնյանը 483/4 թվականներին՝ պարսկական ներխուժման ժամանակ խիստ վնասվելուց հետո։ Կառուցումից մինչ հինգերորդ դարի երկրորդ կեսը տաճարը Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրն էր։
1441 թվականին Վաղարշապատում գումարվեց Ազգային Եկեղեցական Ժողով և որոշում կայացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերադարձնելու վերաբերյալ[24]։ Այդ ժամանակից մինչ այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եղել է Հայ եկեղեցու վարչական կենտրոնը։ Հետագայում տաճարը ենթարկվել է մի շարք վերանորոգումների։ 1604 թվականին, իրենց երկրի հանդեպ հայերի նվիրվածությունը թուլացնելու համար, Աբբաս I Սեֆին թալանել է Էջմիածինը՝ տաճարից մասունքներ և քարեր տանելով։ Զանգակատները կառուցվել են 17-րդ դարի երկրորդ կեսին։ 1868 թվականին տաճարի արևելյան մասում կառուցվել է ավանդատուն[2]։ Այսօր տաճարը ներառում է հայկական ճարտարապետության տարբեր ժամանակաշրջանների ոճեր։ Թուլանալով Խորհրդային շրջանում՝ Էջմիածինը վերակենդանացել է 20-րդ դարի երկրորդ կեսին և անկախ Հայաստանի օրոք[2]։
Լինելով հայության մեծամասնության հոգևոր կենտրոնը՝ Էջմիածինը Հայաստանի ոչ միայն կրոնական, այլև քաղաքական, տնտեսական և մշակության կարևոր կենտրոններից է եղել[25]։ Այս խոշոր ուխտատեղին Հայաստանի ամենաայցելվող վայրերից է[26]։ Տաճարը, շրջակայքի որոշ կարևոր վաղ միջնադարյան եկեղեցիների հետ միասին 2000 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Պատմություն
Հիմնադրում և ստուգաբանություն
Ըստ ավանդության տաճարը կառուցվել է 301-303 թվականներին[27][Ն 6] արքայական ապարանքների մոտ՝ Վաղարշապատ քաղաքում՝ հեթանոսկան տաճարի տեղում[29][Ն 7]: Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որը 301 թվականին՝ Տրդատ Գ-ի օրոք, քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն[Ն 8]: Ըստ Ագաթանգեղոսի Հայոց պատմության (մոտ 460)՝ գիշերային մենության մեջ, մտորումներով տարված Լուսավորիչը մի հիասքանչ տեսիլք տեսավ. Աստծու միածին որդին իջավ երկնքից և ոսկե մուրճով հարվածեց գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը[Ն 9]։ Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ (գրաբար)՝ իջավ ←Միածինը[39][40]։ Սակայն Էջմիածին եզրը չի օգտագործվել մինչև 15-րդ դարը[27]։ Ավելի վաղ աղբյուրները տաճարը կոչում են Վաղարշապատի Կաթողիկե եկեղեցի[41][42] կամ պարզապես Կաթողիկե[30][Ն 10]: Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սբ. Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակին։ Տոնի օրը մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաև նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցին։ Շարականը Գրիգոր Լուսավորչի տեսիլքի և տաճարի կառուցման մասին է[43]։ Տաճարի սկզբնական շենքը մասամբ փայտաշեն էր, որով հեշտությամբ ենթարկվել է բնական և քաղաքական երևույթների պատճառած ավերումներին։ Այժմյան գոյություն ունեցող շենքի մանրամասն մասնագիտական քննությունից պարզ երևում է, որ նախկին 303 թվականին հիմնարկված շենքը միանգամայն գոյություն չունի[44]։
ըստ Ալեքսանդր Սահինյանի (1966)[45] | |
|
1955-1956 և 1959 թվականների Ալեքսանդր Սահինյանի ղեկավարած հնագիտական պեղումների ընթացքում Այժմյան կառույցի տակ հայտնաբերվեցին 5-րդ դարի շինության մնացորդներ, գմբեթակիր մույթերի խարիսխների տակ՝ ավելի վաղ ժամանակվա խարիսխներ, սալահատակի մնացորդներ, հիմքեր, իսկ ավագ խորանի ներսում՝ հնագույն աբսիդի մի քանի շար, կենտրոնում՝ պարսիկների ստեղծած ատրուշան[29][30]։ Հիմնվելով այս հետազոտությունների վրա՝ Սահինյանը եզրակացրեց, որ նախնական կառույցը եռանավ[46] բազիլի[29] հորինվածք ուներ՝ Տեկորի, Աշտարակի և Ապարանի եկեղեցինների նման[47]։ Սակայն այլ գիտնականներ մերժել են Սահինյանի տեսակետը․ Սուրեն Երեմյանը և Արմեն Խաչատրյանը կարծում էին, որ տաճարը ուղղանկյուն, քառամույթ գմբեթավոր է եղել[46], Վահան Գրգորյանը առաջարկել է «ծայրահեղ տեսություն»[48], ըստ որի տաճարը ի սկզբանե կառուցվել է ներկայիս տեսքով[46]։
Վերակառուցում և անկում
Ըստ Փավստոս Բուզանդի՝ 360-ականների (մոտ 363) Շապուհ Բ-ի (309-379) հարձակման ժամանակ տաճարը և Վաղարշապատ քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվել են[49][2][50][Ն 11]: Ներսես Մեծ (353–372) և Սահակ Պարթև (388–439) կաթողիկոսների օրոք կատարվում են մի քանի վերանորոգումներ։ Սակայն երկրի ծանր տնտեսական կացության պատճառով շինարարական աշխատանքները կրել է խիստ անհրաժեշտ մասնակի վերանորոգումների բնույթ[23]։
387 թվականին Հայաստանը բաժանված էր Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Երկրի արևելյան մասը, որտեղ գտնվում է Էջմիածինը, կառավարում էին Պարսկաստանին ենթարկվող վասալ արքաները մինչև 428 թվականը, երբ կործանվեց Հայկական թագավորությունը[52]։ 450 թվականին հայերին զրադաշտականություն պարտադրելու փորձերի ժամանակ Հազկերտ Բ-ն տաճարում կառուցել է կրակարաններ[53]։ 1950-ականների պեղումների ժամանակ արևելյան մատուռի խորանի տակ հայտնաբերվել է կրակարանի խարույկը[53]
Մինչև 5-րդ դարի վերջին քառորդը տաճարը կիսաքանդ էր[54]։ Ըստ Ղազար Փարպեցու՝ տաճարը վերակառուցել է մարզպան Վահան Մամիկոնյանը 483-484 թվականներին[55], երբ Հայաստանում իրավիճակը պարսից դեմ մղած կրոնական ազատության համար պայքարից հետո համեմատաբար հանգիստ էր[56][55]։ Հետազոտողների մեծ մասը կարծում է, որ 5-րդ դարի վերակառուցումից հետո Էջմիածնի Մայր տաճարը ստացել է իր այժմյան հատակագծային և ծավալատարածական հորինվածքը և տաճարի հյուսիսային, հարավային ու արևելյան ճակատների ներսից կիսաշրջանաձև, դրսից բազմանիստ խորանները հավելվել են Վահան Մամիկոնյանի կողմից[54][Ն 12]։ Հին շենքը ամբողջովին քանդելով՝ վերակառուցել է Վահան Մամիկոնյանը 483 թվականին Հայաստանի մարզպան նշանակվելուց հետո։ Վահան Մամիկոնյանը նախկին եկեղեցական հատակագծային ձևերից տարբերվող ոճով է կառուցել նոր շենքը, որը բացի մի քանի աննշան արևմտյան ճաշակի մանրամասնություններից, ինչպես ֆրոնտոններ, պսակի ձևերը, տաճարի ընդհանուր երևույթը և շինարարական կերպերը, զուտ արևելյան հատկանիշ ունի[44]։
Չնայած նրան, որ 460-470-ական թվականներին (կամ 484[58][59]) կաթողիկոսի նստավայրը տեղափոխվել է Դվին[60], տաճարը երբեք չի կորցրել իր կարևորությունը, և մնացել է «Հայ եկեղեցու մեծագույն սրբավայրերից մեկը»[61]։ Նախքան 15-րդ դարը արված վերջին հայտնի վերանորոգումները արել են կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցին 618 թվականին (ըստ Սեբեոսի) և Ներսես Գ Տայեցին[2][30]։ Կոմիտաս կաթողիկոսը հարակից վերանորոգումների հետ մաշված ու հնացած փայտյա գմբեթի փոխարեն կառուցել է քարե գմբեթ։ Իսկ Ներսես կաթողիկոսը տաճարը ընդարձակելու դիտավորությամբ, չորս կողմից քառակուսի պատերի մեջ ամփոփված աբսիդները արտաքին պատերից դուրս հանեց։ Տաճարի հատակագիծն իր վերջնական ձևը ստացավ 7-րդ դարում[44]։ 982 թվականին արաբ Աբլհաճ Ամիրան գմբեթի վրայից իջեցրել է խաչը[57]։ 7-15 դարերում կատարված վերանորոգումների մասին գրեթե պատմական տվյալներ չկան։ Մոտ տասը դար (բացի Կոմիտասի և Ներսես 3-րդի կատարած շինությունները 7-րդ դարում), այս շենքը անխնամ է մնացել, մինչև կաթուղիկոսական աթոռի Էջմիածին փոխադրվելը։ Այս շրջանում ոչ մի պատմագրական հիշատակություն չկա Էջմիածնի տաճարի վերանորոգման կամ շինարարության մասին[44]։
Հետագա անտեսման տարիներին տաճարի վիճակը այնքան էր վատացել[62], որ արքեպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանը 1300 թվականին գրել է իր նշանավոր «Ողբ ի դիմաց Կաթողիկէին» պոեմը[Ն 13]: Պոեմում, որը նկարագորւմ է Հայաստանի և Կիլիկյան Հայաստանի վրա մոնղոլական և մամուլական հարձակումների հետևանքները, Օրբելյանը Էջմիածնի տաճարը բնութագրում է որպես սգավոր կին, ով խորհում է իր նախկին շքեղության մասին և հորդորում է իր զավակներին վերադառնալ հայրենիք և վերականգնել իր փառքը[64]:
Վերածննդից մինչև թալան
1441 թվականի մայիսի 25-ին` Համբարձման տոնի օրը, Թովմա Մեծոփեցու, Հովհաննես Հերմոնացու և այլոց ջանքերով մի քանի հարյուր հոգևորականների մասնակցությամբ Էջմիածնում տեղի ունեցած ազգային-եկեղեցական ժողովի ժամանակ վճռվեց Հայրապետական Աթոռը Սիսից Էջմիածին տեղափոխել[65]։ 1441-1443 թվականներին կաթողիկոս Կիրակոս Ա. Վիրապեցին վերակառուցել է տաճարը[2]։ Այդ ժամանակ Էջմիածինը Կարա-Կոյունլուների պետության տիրապետության տակ էր, բայց 1502 թվականին Սեֆյանները Հայաստանի որոշ մասերի, ներառյալ Էջմիածնի վրա տիրապետություն հաստատեցին և Հայ եկեղեցուն որոշ արտոնություններ տվեցին[66]։
16-17-րդ դարերում Հայաստանը Օսմանյան կայսրության և Պարսկաստանի հակամարտություններից շատ էր տուժում։ Օսմանյան կայսրության դեմ 1603-1618 թվականների պատերազմի ընթացքում Շահ Աբբաս Առաջինի կողմից Պարսկաստան է բռնագաղթեցվում ավելի քան 350,000 հայ[67][68]։ 1604 թվականին Էջմիածինը թալանվում է[66]։ Շահն ուզում էր «ցրել հայերի՝ հայրենիք վերադառնալու հույսերը»[69]՝ հայերի կրոնական կենտրոնը Իրան տեղափոխելով[70] և «Պարսկաստանում հզոր հայկական ներկայություն պահպանելով»[71]։ Նա ցանկացել է Էջմիածնի Մայր տաճարը ամբողջապես քանդել, նրա քարերը տեղափոխել Պարսկաստան և այնտեղ կառուցել նոր տաճար[70]։ Սակայն հետագայում որոշվեց կենտրոնական Իրանի Սպահան քաղաքի Նոր Ջուղա թաղամաս տանել միայն «նշանավոր» քարերը (4 անկյուններից, պատարագի սուրբ սեղանը, Քրիստոսի իջման տեղի քարը, մկրտության ավազանը, բեմի քարերից, քարե աշտանակներ և այլն, Հայ եկեղեցու ամենասուրբ[72] մասունքը՝ Գրիգոր Լուսավորչի աջ ձեռքը)[56]։ Մասունքները տեղավորվեցին 1611 թվականին կառուցված Ջուղայի Սուրբ Գևորգ եկեղեցում[69][73]։ Շահ Աբասը նույնիսկ տաճարն առաջարկել է Հռոմի Պապին[74]։
17-18-րդ դարեր
1627 թվականից Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսի օրոք վերանորոգվեցին գմբեթը, ծածկը, հիմքերը, սալահատակը, կառուցվեցին արտաքին նոր պարսպապատեր, հյուրանոց, խուցեր, առաստաղը, սեղանատուն[56][30][56]։ Այս մասին Առաքել Դավրիժեցին հետևյալ նկարագիրն է տվել.
«Ըստ ամենայնի դատարկված է տաճարը, և կողոպտված յուր զարդերը, ոչ գիրք կար և ոչ զգեստներ, այդ պատճառով ոչ մի ժամասացություն չէր լինում, պատահական անցավոր ճանապարհորդների համար մի մահմեդական ձեթի ճրագ վառելով բեմի վրա կդներ, որպեսզի իրեն ողորմություն տան։ Հատակի սալերը ամբողջովին քանդված էին, և մեծամեծ լուսամուտները բաց էին մնում առանց վանդակի և փեղկի, որով թռչունները մտնում էին ներս և աղտոտություններով լցնում։ Իսկ դրսի կողմից կաթուղիկեի գլուխը, տանիքը և պատերի երեսները ամբողջովին քարուքանդ եղած և քարերը թափված էին գետին՝ գետնի սալերը ևս ջարդելով և փչացնելով։ Մի ժամանակ տաճարին կից շինություններ էին շինված ու հետո քանդված, որով փլատակների կույտը մինչև յոթը կանգուն բարձրացած էր տաճարի շուրջը»[44]։
833 թվականին Էլի Սմիթը գրում է՝ «Ամբողջ տարածքը շրջապատված է բարձր շրջանաձև աշտարակներով կողաշարված պատով, որն արտաքնից ամրոցի է նմանվում։»[76]։ Դուգլաս Ֆրեշֆիլդը 1869 թվականին գրում է՝ «Կուսանոցն ու տաճարը գտնվում են ամրացված մեծ պարսպի ներսում» և պնդում է, որ այն «դիմադրել է անհավատների բազմաթիվ հարձակումներին»[77]։
Նորոգման աշխատանքները դադարեցվել են 1635-1636 թվականների Օսմանա–սեֆյան պատերազմի պատճառով, որի ընթացքում տաճարը անփոփոխ է մնացել[30]։ Նորոգման աշխատանքները վերսկսվել են Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի օրոք, ով բոլոր փայտաշեն կառույցները, որոնք ավերված էին, նորոգում ու կառուցում է հիմնովին, քարով և աղյուսով կառուցում է Մայր տաճարի արևելյան խցերը, ամառային սեղանատունը, եկեղեցու առջևի սալահատակը, հարավային կողմի ձիթհանը[30]։ Այս ընթացքում բազմաթիվ հայկական եկեղեցիներում ավելացել են զանգակատներ[57]։ 1654 թվականին նա սկսում է Մայր տաճարի արևմտյան թևում կառուցել զանգակատուն, որի շինարարությունը ավարտվել է 1658 թվականին՝ կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցու օրոք[56][2]։ Տասնամյակներ անց՝ 1682 թվականին, կաթողիկոս Եղիազար Ա Այնթափցին տաճարի տանիքին կառուցում է ևս երեք զանգակատուն՝ արևելյան, հյուսիսային և հարավային կողմերում[2][30]։ 1771 թվականին Մայր Աթոռում Սիմեոն Երևանցու ջանքերով հիմնվում են առաջին տպարանը, ապա թղթի գործարանը (1776 թ.)[78][79][2]։
Մայր տաճարի վերանորոգումները շարունակվել են 18-րդ դարում։ 1720 թվականին կաթողիկոս Աստվածատուր Ա Համադանցին և 1777-1783 թվականներին Սիմեոն Ա Երևանցին տաճարի պահպանման համար աշխատանքներ են ձեռնարկել[30]։ Սիմեոնի օրոք տաճարն ամբողջությամբ պարսպապատվել և առանձնացվել է Վաղարշապատ քաղաքից[27]։ Ղուկաս Ա Կարնեցին 1784-1786 թվականներին շարունակել է տաճարի վերանորոգումը[30]։
Ռուսական շրջան
Տարածաշրջանում ռուսական ազդեցությունը 19-րդ դարի սկզբից սկսել է աստիճանաբար աճել։ Երևանի խանությունը, որտեղ գտնվում էր Էջմիածինը, դարձավ Ռուսական և Պարսկական կայսրությունների մրցակցության արենա։ 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում Էջմիածինը գրավվել է ռուսական զորքերի կողմից՝ գեներալ Պավել Ցիցիանովի ղեկավարությամբ, առաջին անգամ 1804, ապա նորից՝ 1806 թվականին։ Չնայած Ռուսաստանը 1813 թվականին Գյուլիստանի պայմանագրով այն վերադարձրեց Պարսկաստանին[80]։ 1827 թվականի ապրիլի 13-ին, ռուս-պարսկական 1826-1828 թվականների պատերազմի ընթացքում, Իվան Պասկևիչի գլխավորությամբ ռուսական զորքը գրավեց Էջմիածինը առանց կռվի, և պաշտոնապես կցեց Ռուսաստանին՝ Արևելյան Հայաստանի հետ միասին 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով[81]։
Ռուսական տրապետության տարիներին տաճարը բարգավաճել է՝ չնայած Էջմիածնի վերաբերյալ կայսերական Ռուսաստանի կառավարության կասկածներին, թե այն կդառնա «Հայկական ազգայնական շարժման հնարավոր կենտրոնը»[2]։ 1836 թվականին Էջմիածինը պաշտոնապես դարձավ Ռուսական կայսրությունում ապրող հայերի հոգևոր կենտրոնը[82]։
1868 թվականին կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին կատարել է տաճարի վերջին զգալի փոփոխությունը՝ արևելյան կողմում կառուցելով ավանդատուն[2]։ 1874 թվականին նա հիմնել է Գևորգյան Ճեմարանը[83][2]։ 1888 թվականին Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսի օրոք նորագվել է տաճարի ներսի մասը[57]։
20-21-րդ դարեր
1903 թվականին ցարական կառավարությունը հրապարակել է եկեղեցական գույքի բռնագրավման օրենքը, որի համաձայն՝ հայ եկեղեցուն և հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ անշարժ գույքն ու կապիտալը անցնում էին պետության տնօրինությանը[2]։ Ռուսական ոստիկաններն ու զինվորները մտել և գրավել են տաճարը[84][85], սակայն համաժողովրդական բուռն պայքարի ազդեցության տակ Նիկոլայ II ցարը ստորագրեց եկեղեցական գույքը վերադարձնելու մասին հրամանագիրը 1905 թվականի օգոստոսի 1-ին[82]։
Հայոց ցեղասպանության տարիներին Մայր տաճարը և դրա շրջակա տարածքը դարձավ Թուրքիայից փախած հայերի համար կարևոր կենտրոն։ 1918 թվականի վերջին Էջմիածնի շրջանում կար մոտ 70․000 փախստական[86]։ Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեն 1919 թվականին տաճարի տարածքում կառուցել է հիվանդանոց և մանկատուն[2]։
1918 թվականի ամռանը տաճարը գտնվում էր թուրքական հարձակման վտանգի տակ[87]։ Նախքան 1918 թվականի մայիսի Սարդարապատի ճակատամարտը, որը տեղի է ունեցել տաճարից մի քանի կիլոմետր հեռավորությամբ, Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարները կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին առաջարկում էին տեղափոխվել Բյուրական՝ ապահովության համար, սակայն նա մերժում է[88][89]։ Ճակատամարտում տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար։
Խորհրդային շրջան
1920 թվականի դեկտեմբերին Հայաստանը խորհրդայնացվել է։ 1921 թվականին փետրվարյան ապստամբության ընթացքում Էջմիածինը կարճ ժամանակով անցել է դաշնակցականների իշխանության տակ (մինչև մարտ)[90]։
1923 թվականի դեկտեմբերին փուլ եկան հարավային զանգակատունն ու դրա հիմքը կազմող աբսիդի վերնամասը։ Թորոս Թորոմանյանի անմիջական ղեկավարությամբ վերականգնված աբսիդը եղավ Խորհրդային Հայաստանի հուշարձանների վերականգնման առաջին քայլը[91]։
1930-ականների բռնաճնշումների և 1930-ականների վերջին պետության արմատական աթեիստական քաղաքականության ընթացքում տաճարը «պաշարված հաստատություն էր, քանի որ խորգրդային իշխանությունները ձգտում էին արմատախիլ անել կրոնը»[92]։ Հալածանքները գագաթնակետին հասան 1938 թվականին, երբ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը սպանեց Խորեն Ա Տփղիսեցի կաթողիկոսին[93]։ Նույն թվականի օգոստոսին Հայաստանի կոմունիստական կուսակցությունը որոշեց փակել տաճարը, սակայն կենտրոնական Խորհրդային իշխանությունները հավանություն չեն տվել նման քայլին։ Արտաքին աշխարհից մեկուսացած տաճարը հազիվ շարունակում է գործել[2][94]։ Այն համարվում է Խորհրդային Հայաստանի միակ չբռնագրավված եկեղեցին[95]։ ԱՄՆ-ում հակախորհրդային հայերի այլախոհ թեմը գրել է, որ «մեծ տաճարը դարձել է խուլ հուշարձան»[96]։
Էջմիածնի կրոնական կարևորությունը դանդաղորեն վերականգնվել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Մայր Աթոռի պաշտոնական ամսագրի հրատարակությունը վերսկսվեց 1944 թվականին, մինչդեռ ճեմարանը վերաբացվել է 1945 թվականի սեպտեմբերին[97]։ 1945 թվականին, յոթ տարվա դադարից հետո, Գևորգ Զ Նորնախիջևանցին ընտրվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Էջմիածնում մկրտությունների թիվը մեծապես աճել է․ շուրջ 200-ից հասնելով 1․700-ի՝ 1949-1951 թվականներին[98]։ Այնուամենայնիվ, կոմունիստական պաշտոնական շրջանակներում տաճարի դերը նսեմացվել է։ «Նրանց համար հոգևոր Էջմիածինը անդառնալիորեն պատկանում է անցյալին, և եթե անգամ տաճարը երբեմն դառնում է տպավորիչ արարողությունների թատերաբեմ, ներառյալ նոր կաթողիկոսի ընտրությունը, այն չնչին նշանակություն ունի կոմունիստական տեսանկյունից» գրում է Վալտեր Կոլարցը 1961 թվականին[99]։
Վերածնունդ
Էջմիածինը սկսել է վերածնվել Վազգեն Ա Բուխարեստցի կաթողիկոսի օրոք՝ այսպես կոչված «Խրուշչովյան ձնհալի շրջանից» սկսած՝ 1950-ականների կեսերից՝ Ստալինի մահից հետո։ Հնագիտական պեղումներ են անցկացվել 1955-1956 և 1959 թվականներին։ Այս ընթացքում տաճարը ենթարկվել է լուրջ վերանորոգման[30][57], որին ֆինանսապես աջակցել են սփյուռքահայ բարերարները, ինչպես օրինակ՝ Գալուստ Գյուլբենկյանը (տրամադրել է $400․000[100]) և Ալեք Մանուկյանը։
2000 թվականին[101] տաճարը վերանորոգվել է՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված 2001 թվականի տոնակատարություններին պատրաստվելու համար[57]։ 2003 թվականին Հայ եկեղեցին տոնել է տաճարի օծման 1700-ամյակը[102]։ Հունվարի 30-ին կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդես է եկել հայրապետական կոնդակով[103]։ Փետրվարի 3-ին նա 2003 թվականը հռչակել է Սուրբ Էջմիածնի տարի[104]։ Նույն թվականի սեպտեմբերին տեղ է ունեցել «Անցյալի ժառանգությունը, այսօրվա առաքելությունը և վաղվա հույսերը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Սբ. Էջմիածնի Մայր տաճարի օծման 1700-ամյակին[105]։
Տաճարի վերջին վերանորոգումը սկսվել է 2012 թվականին[101]՝ գմբեթների և տանիքի ամրակայման նպատակով[106]։
Կառուցվածք
Չնայած Մայր տաճարը դարերի ընթացքում բազմիցս ավերվել և վերակառուցվել է, տաճարի ներկայիս տեսքը համապատասխանում է Լուսավորչի տեսիլքում լույսով ուրվագծված կառույցին.
«Եւ ի չորեցունց սեանցն ի վերայ խաչիցն կամարք զարմանատեսք ի միմեանս կապեցան. և ի վերայ այնորիկ տեսի գմբեթաձև խորանարդ ամպեղեն շինուած աստուածակերպ զարմանլի.....»
1950-ականների պեղումներն ապացուցեցին, որ ամենաուշը Ե դարից սկսած Մայր տաճարը ունեցել է բազիլիկատիպ խաչաձև գմբեթավոր կառուցվածք։ Արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերն ունեցել են կողային աբսիդներ, որոնք ներսից կիսաշրջանաձև են, իսկ դրսի կողմից հնգանկյունաձև։
Ցանկացած կրոնական շինության կարևոր մասը պատարագի սեղանն է, որը քրիստոնեական եկեղեցիներում Ավագ Խորանն է, ուր մատուցվում է Ս. Պատարագը։
Ըստ 5-րդ դարի հայ պատմիչների վկայության՝ առաջին քրիստոնյա եկեղեցիները հիմնադրվել են հեթանոսական մեհյանների տեղում։ Նմանապես, Մայր տաճարը հիմնադրվել է Տրդատ թագավորի, Գրիգոր Լուսավորիչի և ժողովրդի կողմից ավերված հեթանոսական Սանդարամետի մեհյանի տեղում[107], որը, համաձայն Ս. Լուսավորչի տեսիլքի, ոսկե մուրճով հարվածելով մատնացույց է արել երկիր իջած Աստծու Միածին որդին։
Նույնկերպ, աշխարհում դժվար թե գտնվեր մեկ այլ եկեղեցի, որի հիմնաքարը կամ վեմ քարը լիներ այդքան բազմաշերտ, և որի վրա այդքան շատ դարեր ու այդքան տարբեր հավատալիքներ դրոշմված լինեին։
1958 թվականի հնագիտական պեղումների ժամանակ Մայր տաճարի Ավագ Խորանի տակ 1-1.5 մետր խորության վրա հայտնաբերվեց 5-րդ դարում Վահան Մամիկոնյանի կողմից կառուցված սրբատեղին, բացվեցին սյունապատ հիմքերը, բեմը և Խորանի հիմնաքարը։
Հին խորանը նույնպես երկշերտ է։ Կառույցի ներսում պահպանվել են առավել հին խորանի որմեր, որոնք պատկանում էին 5-րդ դարից առավել վաղ շրջանի։ Ամենայն հավանականությամբ այդ խորանը կառուցել է Գրիգոր Լուսավորիչը։
Պեղումների ժամանակ 5-րդ դարի շինության ներսում հայտնաբերվեց նաև թրծած կավից պատրաստված հնոցատիպ կրակարան, որի մեջ դեռ մնացել էին ածխի մնացորդներ։ Հատկանշական է, որ հայտնաբերված հնագույն ավագ խորանի հիմնաքարն անմիջապես կրակարանի վրա է եղել, ինչը խորհրդանշում է քրիստոնեության հաղթանակը հեթանոսության հանդեպ։
Պատկերասրահ
- Մայր տաճարի ընդհանուր տեսքը
- Մկրտարանի ներսում
- Մկրտարանում
- Մայր տաճարը Ամանորին
- Ավագ խորանի մոտ
- Եկեղեցին գարնանը
- Մայր տաճարի բակը
- Մայր տաճարը մինչև 1925 թվականը. Ֆրիտյոֆ Նանսենի ֆոտոալբոմից
- 1947 թվական
- Էջմիածնի Մայր տաճարը 1945-1946 թվականներին
Տես նաև
Նշումներ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էջմիածնի Մայր Տաճար կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 71)։ |