Դայնաների պահարան

Դայնաների պահարան[1], (լատիշ․՝ Dainu skapis), պահարան, որտեղ ամփոփված է լատվիացի բանահյուսագետ Կրիշյանիս Բարոնի հավաքած լատիշական ժողովրդական երգերի՝ դայնաների քարտադարանը[2]։ Պահարանի բարձրությունը 160 սմ է, լայնությունը՝ 66 սմ, խորությունը՝ 42 սմ։ Պատրաստվել է 1880 թվականին Մոսկվայում, իր իսկ՝ Բարոնի նախագծի համաձայն (դրա անհրաժեշտությունն առաջացել էր այն բանից հետո, երբ արդեն անհնար էր դարձել հավաքածուն պահել ծխախոտի թղթի տուփի մեջ)[3]։

Պահարանը կազմված է երկու մասից[2], երկուսում էլ 35-ական արկղ կա, դրանցից յուրաքանչյուրում՝ 20 բաժանմունք, ամեն մեկում՝ թղթի՝ 3×11 սմ չափս ունեցող 150-200 թերթիկ։ Պահարանի ներքևի մասում արխիվային նյութեր՝ նամակներ, անվանացանկեր պարունակող երեք մեծ արկղ է դրված։ Պահարանում ընդհանուր առմամբ պահվում է 268 815 թերթիկ, որոնց վրա գրառված են 4-8 տողանոց դայնաներ, ինչպես նաև՝ այլ տեքստեր, օրինակ՝ հանելուկներ, ասացվածքներ[4]։

Կ. Բարոնի մահվանից հետո պահարանը պահվել է Ռիգայում՝ նրա հարազատների մոտ։ 1941 թվականին այն տեղափոխվել է լատվիական բանահյուսության պահուստարան, 1946-ին՝ Լատվիական ԽՍՀ գիտությունների նորաստեղծ ակադեմիայի գրականության, բանահյուսության և արվեստի ինստիտուտ, 1998-ին՝ լատվիական համալսարանի գրականության, բանահյուսության և արվեստի ինստիտուտ, 2014-ին՝ Լատվիայի ազգային գրադարան[5]։

1997 թվականին սկսվել է պահարանում պահվող քարտադարանի դայնաների թվայնացումը։ 2002 թվականից դրանք ամբողջ ծավալով հասանելի են դարձել համացանցում՝ համապատասխան պաշտոնական կայքում[6]։

2001 թվականին դայնաների պահարանը ճանաչվել է համաշխարհային նշանակություն ունեցող արժեք և ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ«Աշխարհի հիշողություն» ծրագրի գրանցամատյանում[7]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ