Դեղին (գույն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեղին (այլ կիրառումներ)

Դեղին, գույն տեսանելի լույսի սպեկտրում նարնջագույնի և կանաչի միջև։ Գտնվում է էլեկտրամագնիսական ճառագայթման 550-590 նանոմետր երկարությամբ ալիքների տիրույթում։ RGB-ում (կարմիր, կանաչ, կապույտ, լույսի երեք հիմնական գույները) համարվում է կապույտի լրացուցիչ գույն, իսկ RYB համակարգում և գեղարվեստական փորձում՝ մանուշակագույնի հավելյալ գույն։ Սակայն վաղ ժամանակներում առկա գունանյութերի անկատարության պատճառով դիտարկվել է որպես ծիրանագույնի լրացում։ Դեղինի ստանդարտացված երանգներից մեկը համարվում է CMYK համակարգի բաղադրիչ։ RGB համակարգում նրա տասնվեցական նշանակությունն է #ffff00։

Դեղին
Սպեկտրալ կոորդինատներ
Ալիքի երկարություն575–585[1] նմ
Հաճախականություն521–512 ՏՀց
Գունային կոորդինատներ
Hex եռյակ#FFFF00
sRGBB  (rgb)(255, 255, 0)
CMYKH   (c, m, y, k)(0, 0, 100, 0)
HSV       (h, s, v)(60°, 100%, 100%)
B: Նորմալիզացված՝ [0–255] (բայթ)
H: Նորմալիզացված՝ [0–100] (հարյուր)

Ստուգաբանություն

Հայերեն դեղին բառն ունի բնիկ հայկական ծագում, գալիս է *dhel արմատի և -ին ածանցի կապակցումից։ Աճառյանը նշում է, որ այլ լեզուներում ևս «դեղին» և «կանաչ» գունանունները նույնական են և ծագում են «խոտ» արմատից[2]։

Yellow բառը եկել է հին անգլերեն geolu, geolwe ձևերից, որը նշանակում է «դեղին, դեղնավուն», ինչն էլ ձևավորվել է պրոտոգերմանական gelwaz՝ «դեղին» բառից։ Դա gold և yell արմատների հետ ունի նույն հնդեվրոպական *gʰel- հիմքը, որը միաժամանակ նշանակում է և՛ փայլուն, շողշողուն, և՛ ողբալ[3]։

Անգլերեն տերմինը կապված է դեղինի գերմանական այլ բառերի հետ, ինչպես օրինակ՝ շոտլանդերեն yella, արևելյան ֆրիզերեն jeel, հոլանդերեն geel, գերմաներեն gelb, շվեդերեն ու նորվեգերեն gul[4]։ Ըստ Օքսֆորդի անգլերեն բառարանի՝ այս բառի ամենահին կիրառությունը եղել է 700 թվականին Էպինալյան գլոսսարիումում (հին տեքստերի բացատրական բառարան)[5]։

Ծանոթագրություններ