Զանգակատուն (Արարատի մարզ)

գյուղ ՀՀ Արարատի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զանգակատուն (այլ կիրառումներ)

Զանգակատուն, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Արարատի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 55 կմ հեռավորության վրա, մայրաքաղաքից՝ 90 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Զանգակատուն
Գյուղի տեսքը ավտոճանապարհից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1831[1] թ.
Մակերես49,89 կմ²
ԲԾՄ1650 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1042[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Զանգակատուն (Արարատի մարզ) (Հայաստան)##
Զանգակատուն (Արարատի մարզ) (Հայաստան)

Պատմություն

Ընկած է Երևան-Եղեգնաձոր ավտոմայրուղու վրա։ Նախկինում ունեցել է Չանախչի[3], Չանախչի Ներքին, Դաշտամեջ, Սովետաշեն անվանումները։ 1948 թվականից կոչվել է Սովետաշեն, իսկ 1991 թվականին, ի հիշատակ Պարույր Սևակի, վերանվանվել է Զանգակատուն։

Գյուղը վերաբնակեցվել է 1828–1830 թվականներին՝ Թուրքմենչայի պայմանագրի համաձայն՝ Պարսկաստանի Խոյի խանության Սալմաստ քաղաքին կից Հաֆթվան գյուղից գաղթած մի քանի ընտանիքներով։ Գյուղը որպես բնակավայր ավելի հին է։ Այդ է վկայում գյուղի տարածքից հայտնաբերված խաչքարը, որը մինչ օրս հայտնաբերված ամենահին խաչքարն է (5-րդ դար)։ Գյուղի հյուսիս արևմտյան մասում, բարձրադիր բլրի վրա գտնվում է հանրապետական նշանակության հուշարձան՝ 19-րդ դարի գերեզմանոցը։ Գերեզմանոցում գերակշռում են տարբեր չափերի անմշակ գերեզմանաքարերը, հանդիպում են նաև մշակված խաչաքանդակներով, ծաղկաքանդակներով, ինչպես նաև մարդկային ուրվագծերով գերեզմանաքարեր։ Գերեզմանոցում կան նաև մի քանի խաչքարեր, որոնք 1940 թվականին բերվել են մոտակա Հորթուն բնակավայրից։ Հորթուն գյուղում է գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցին։ Զանգակատուն գյուղից հարավ, Գենուտի լեռների լանջերին գտնվում են Պարսատիկ, Սմբուլ, Քարաղբյուր գյուղատեղիների հետքեր՝ գերեզմանաքարերով և խաչքարերով։ Նրանցից մեկի վրա գրված է. «Այս է տապան Մայր Խաթունի»[4]։

Զանգակատունը հայտնի է որպես բանաստեղծ, գրականագետ Պարույր Սևակի ծննդավայր։ Զանգակատանը՝ Պարույր Սևակի տուն-թանգարանի հարևանությամբ՝ իր առանձնատան բակում թաղված է Պարույր Սևակը։

Գյուղը տեղադրված է Արաքսի ձախակողմյան վտակ Արածո գետի ձախ ափին, Գեղամա լեռնաշղթայի հարավային լանջին։ Ծովի մակարդակից ունի մոտ 1650 մ բարձրություն։ Նրա վարչական տարածքը ներառում է ծովի մակերևույթից 1400 մ-ից մինչև 2947 մ բարձրության վրա գտնվող բազմաթիվ լեռներ ու բարձունքներ։

Կլիմա

Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռը տևական է, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -8-ից -12 °C, հուլիսյան միջինը՝ +20-ից +30 °C է։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Տեղումների միջին քանակը 400-600 մմ է։ Հաճախ են չորային, երաշտի տարիները։ Գյուղի թիկունքում՝ Հորթուն կոչվող տարածքում կառուցվել է 2 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբար ոռգման նպատակով։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Զանգակատան մշտական բնակչությունը կազմել է 1042, առկա բնակչությունը՝ 1028 մարդ[2]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի18311873189719261939195919791989200120042011
Բնակիչ209674[6]11296191124814968972114211591042[2]

Տնտեսություն

Գյուղն ունի առկա 358 տնտեսություն։ Բնակիչները բոլորը հայեր են, գյուղում ազգային փոքրամասնություններ չկան։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու այգեգործությունն են։ Գյուղում շատ են խնձորի, տանձի, ընկուզենու այգիները։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Համայնքում գործում է մանկապարտեզ, մեկ միջնակարգ դպրոց։ Համայնքն ունի մշակույթի տուն, գործում է բուժական ամբուլատորիա։ Համայնքն ապահովված է ֆիքսված և բջջային հեռախոսակապով, գործում է փոստային բաժանմունք։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանգակատուն (Արարատի մարզ)» հոդվածին։