Էլբֆիլհարմոնիա

Էլբֆիլհարմոնիա (գերմ.՝ Elbphilharmonie), համերգասրահ Համբուրգում՝ տեղակայված Էլբայի Գրասբրոոկ կղզու վրա։ Աշխարհի ամենամեծ և լավ ակուստիկա ունեցող համերգասրահներից մեկն է։

Համերգասրահ
Էլբֆիլհարմոնիա
Elbphilharmonie
Էլբֆիլհարմոնիա (օգոստոս, 2016)
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Նախագծի հեղինակHerzog & de Meuron
Շինարարության սկիզբ2007
Շինարարության վերջ2016
Կարգավիճակգործող
🌐elbphilharmonie.de(գերմ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Նոր ապակեպատ կառույցը, որը հիշեցնում է առագաստ, ծովի ալիք կամ քվարցի բյուրեղ, կառուցվել է հին շենքի վերնամասում (Kaispeicher A, կառուցված 1963 թվականին)։ Շենքը գտնվում է պատմական Շպայխերշտադտի մոտ և նախագծվել է Herzog & de Meuron ճարտարապետական ընկերության կողմից[1][2]։ Այն, 108 մ բարձրությամբ, համարվում է Համբուրգի ամենաբարձր բնակելի շենքը[3]։

Էլբֆիլհարմոնիան պաշտոնապես բացվել է 2017 թվականի հունվարի 11-ին Հյուսիսային Գերմանիայի ռադիոսիմֆոնիկ նվագարանի համերգով և լուսային շոուով[4][5][6]։

Պատմություն

2007 թվականի ապրիլի 2-ին Kaispeicher A-ում դրվեց համերգասրահի առաջին քարը՝ Համբուրգի այդ ժամանակվա քաղաքապետ Օլե ֆոն Բոյստի, Hochtief ընկերության գործադիր տնօրեն Հեններ Մահլշտադտի, Hochtief-ի նախագծի համակարգող Հարտմուտ Վագների, Համբուրգի մշակույթի նախարար Կարին ֆոն Վելկի և ճարտարապետ Պիեռ դե Մորոնի ներկայությամբ։

2007 թվականին նախատեսվում էր համերգասրահի շինարարությունն ավարտել 2010 թվականին, որի ծախսը պետք է կազմեր 241 մլն եվրո[7][8]։ 2008 թվականի նոյեմբերին նախնական պայմանագրում փոփոխություններ մտցվեցին, և նախագծի արժեքը կազմեց 450 մլն եվրո[9]։ 2012 թվականի օգոստոսին ծախսերը վերահաշվարկվեցին և գերազանցեցին 500 մլն եվրոն, որը պետք է փակեր նաև տանիքի ծախսը։ Շինարարությունը պաշտոնապես ավարտվեց 2016 թվականի հոկտեմբերի 31-ին, որի վերջնական ծախսը կազմեց 787 մլն եվրո[10]։

Էլբֆիլհարմոնիա (հուլիս, 2015)

Առաջին փորձնական համերգն Էլբֆիլհարմոնիայում տրվեց 2016 թվականի նոյեմբերի 25-ին[11]։ Պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2017 թվականի հունվարի 11-ին Հյուսիսային Գերմանիայի ռադիոսիմֆոնիկ նվագարանի համերգով՝ Տոմաս Հենգելբրոկի ղեկավարությամբ[12]։ Առաջին երաժշտական կատարումը «Pan»-ն էր Բենջամեն Բրիտտենի «Օվիդիուսի 6 մետամորֆոզներ»-ից[12]։

Շենք

Շենքը նախագծվել է որպես մշակութային և բնակելի համալիր[3]։ Նախկինում պահեստ հանդիսացող Kaispeicher A-ի 1966 թվականի աղյուսե ճակատը պահպանվեց շենքի հիմքում։ Սրա վրա հենվում է ապակեպատ արտաքին հարդարանքը և ալիքաձև տանիքը։ Մոտ 1000 ապակյա լուսամուտ է դրված[13]։ Շենքն ունի 26 հարկ, որից առաջին 8 հարկը գտնվում է աղյուսե ճակատային մասում։ Արևմտյան հատվածում այն հասնում է իր ամենաբարձր կետին՝ 108 մ[3]։ Շենքի մակերեսը 120 000 մ² է։ Կոր շարժասանդուղքը արևելյան կողմում գտնվող գլխավոր մուտքը կապում է աղյուսե հատվածի վերնամասի՝ 8-րդ հարկի հետ։ Այստեղ է գտնվում նաև Պլազան, որը բաց է հանրության առջև։ Այնտեղից տեսարան է բացվում դեպի Համբուրգ և Էլբա։ Պլազայից երևում է նաև համերգասրահի նախասրահը։

Էլբֆիլհարմոնիան ունի 3 համերգային դահլիճ։ Մեծ համերգասրահը կարող է տեղավորել 2100 այցելու, որտեղ կատարողները համերգասրահի կենտրոնում են՝ շրջապատված հանդիսականներով։ Ակուստիկան նախագծվել է Յասուհիսա Տոյոտայի կողմից, որը տեղադրել է մոտ 10000 գիպսակարտոնե սալիկ՝ ձայնային ալիքները ցրելու համար[13]։ Մեծ համերգասրահում 69 ռեգիստրով երգեհոն է տեղադրված, որը պատրաստել է Klais Orgelbau ընկերությունը։ Մենահամերգային սրահը նախատեսված է մենահամերգների, կամերային և ջազային համերգների համար․ այն կարող է տեղավորել է 550 հանդիսատես[3]։ Բացի այս, այստեղ է գտնվում նաև Kaistudio-ն, որը տեղավորում է 170 այցելու և նախատեսված է ուսումնական միջոցառումներ կազմակերպելու համար[13]։

Շենքի ծայր արևելյան հատվածը վարձակալել է Westin-ն իր Westin Hamburg Hotel հյուրանոցի համար, որի բացումը տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերի 4-ին[14]։ Հյուրանոցն առաջարկում է 244 սենյակ, որոնք տեղակայված են 9-20-րդ հարկերում։ 8-րդ հարկում գտնվող նախասրահ կարելի է մուտք գործել Պլազայից։ Համերգասրահի արևմտյան հատվածում գտնվող վերին հարկերում տեղակայված է 45 շքեղ բնակարան։ Համալիրում կա նաև կոնֆերանս սրահներ, ռեստորաններ, բարեր և սպա։ 433 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղին ևս համալիրի մասն է կազմում։

Քննադատություն

Նախագիծը քննադատվել է իր բյուջեն գերազանցելու համար[15][16]։ Այնուամենայնիվ, շինարարության ավարտից հետո Der Spiegel ամսագիրը վերլուծության արդյունքում հայտարարեց, որ բյուջեի գերազանցումը համեմատաբար «համեստ» է՝ համեմատած այլ միջազգային մեգանախագծերի[17]։

Հասարակական տրանսպորտ

Ամենամոտ երկաթուղային կայանը Baumwall-ն է՝ 450 մ հեռավորության վրա։ Մոտակա ավտոբուսի կանգառը Am Kaiserkai-ն է՝ 150 մ հեռավորության վրա։

Պատկերասրահ

Էլբֆիլհարմոնիան Ալտշտադտի տանիքից, 2011

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ