Ընկերների ընկերները

ռուսական ամանորյա կատակերգական ֆիլմ

Ընկերների ընկերները (ռուս.՝ Друзья́ друзе́й), ռուսական ամանորյա կատակերգական ֆիլմ, որը նկարահանվել է 2013 թվականին՝ Enjoy Movies ընկերության կողմից։ Պրեմիերան կայացել է 2014 թվականի հունվարի 1-ին։

Ընկերների ընկերները
ռուս.՝ Друзья друзей
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական2013
Լեզուռուսերեն
ՊրոդյուսերԳեորգի Մալիկով և Սարիկ Անդրեասյան
ԴերակատարներՆյուշա, Գարիկ Խառլամով, Յուրի Ստոյանով, Նիկոլայ Նաումով, Տիմուր Բատրուտդինով, Ալեքսանդր Իլյին և Եգոր Սալնիկով
ԵրաժշտությունԴարին Սիսոև
ԿինոընկերությունEnjoy Movies
Տևողություն91 րոպե

Մարինա Գոլուբի մասնակցությամբ նկարահանված վերջին ֆիլմերից մեկն է (նկարահանումներն անցկացվում էին 2012 թվականի սկզբին, նրա մահից ոչ շատ առաջ)։

Սյուժե

Կատակերգությունը տարբեր մարդկանց ճակատագրի մասին է, ովքեր միասին հավաքվել են Ամանորի նախատոնին, ինչի արդյունքում հերոսներից յուրաքանչյուրն ընկնում է զվարճալի և անհարմար դրության մեջ, իսկ այդտեղից դուրս գալ նրանց օգնում են ընկերները։

Տեղի նվագախմբի երեք երաժիշտ ուղևորվում են քաղաքի ամենահարուստ մարդկանցից մեկի տուն` երեկույթի։ Երաժիշտները տրամադրված են բավականաչափ գումար աշխատել դասական երգացանկ կատարելով, սակայն տանտերը հեռու է դասական գործերից և լրիվ այլ ելույթ է ակնկալում։ Տղաներին դուրս են անում, և նրանք հուսահատված որոշում են անիմատորների հագուստով ներխուժել տուն և թալանել երեկույթին ներկա բոլորին, այդ թվում և` տան տիրոջը, ով նրանց վիրավորել էր։

Ձմեռ պապիկի, Ձյունանուշի և եղնիկի կերպարներով նրանք թալանում են հյուրերին, չհասկանալով, որ բիզնեսմենի հյուրերը հիմնականում տեղական ոստիկանության ծառայակիցներն են, սակայն պլանավորածից հետ կանգնելու համար արդեն ուշ էր։ Հիմա նրանք պետք է մտածեն, թե ինչպես վերցնեն ամբողջ գողոնն ու խուսափեն արդարադատությունից։ Իրավիճակը բարդացնում է այն փաստը, որ նրանք գողացել են նաև տանտիրոջ այն ժամացույցը, որին վերջինս շատ մեծ նշանակություն է տալիս։

Արձագանքներ

Ֆիլմն արժանացել է հիմնականում բացասական արձագանքների։ Քննադատները նշել են, որ հիմնական շեշտը դրված է եղել դերասանական «աստղային» կազմի վրա[1], ֆիլմում բացակայում է խորը իմաստը[2], իսկ սցենարը կրկնվող է և ոչ ճշմարտանման[3]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ