Ժանկա Ստոկիչի մրցանակ

սերբական թատերական մրցանակ ի պատիվ սերբ դերասանուի Ժանկա Ստոկիչի

Ժանկա Ստոկիչի անվան մրցանակ (սերբական կիրիլիցա՝ Награда Жанка Стокић), դերասանական արվեստի սերբական պատվավոր մրցանակ։ Շնորհվում է միայն դերասանուհիներին։ Հիմնադրվել է 2003 թվականին Բելգրադում, Միրա Ստուպիցայի նախաձեռնությամբ ի պատիվ սերբ հայտնի դերասանուհի Ժանկա Ստոկիչի (1887-1947)։ Այն շնորհվում է այն դերասանուհիներին, ովքեր իրենց աշխատանքով բացառիկ ներդրում են ունեցել սերբական կինոյի, հեռուստատեսության և թատրոնի դերասանական արվեստի մեջ։ Դոբրիցայի մատանի մրցանակի հետ միասին այն ներկայացնում է Սերբիայում դերասանական արվեստի համար տրվող ամենակարևոր մրցանակը։

Ժանկա Ստոկիչի մրցանակ
2013 թվականին Բելգրադի Ազգային թատրոնի մեծ բեմում Լիլյանա Ստյեպանովիչին «Ժանկա Ստոկիչ» մրցանակը շնորհում է Պոժարևացի քաղաքապետ Միոմիր Իլիչը։
Տեսակթատերական մրցանակ
Երկիր Սերբիա
Անվանված էԺանկա Ստոկիչ

Պատմություն

Նախապատմություն

Ժանկա Ստոկիչը 2003 թվականի սերբական նամականիշի վրա

Երբեմնի ամենահայտնի սերբ դերասանուհի Ժանկա Ստոկիչը 1945 թվականին հետպատերազմյան Հարավսլավիայում կոմունիստական ռեժիմի կողմից բանտարկվել էր և որպես կոլաբորացիոնիստ` դատապարտվել էր ութ տարվա ազգային պատվազրկման և բանտարկվել է, քանի որ պատերազմի տարիներին մասնակցել էր գերմանական վերահսկողության տակ գտնվող ռադիոկայանների հաղորդումներին[1][2]։

Միրա Ստուպիցան և նրա ամուսին Բոյան Ստուպիցան (հայտնի սլովենացի - հարավսլավացի թատերական ռեժիսոր և թատերական մենեջեր) Ժանկա Ստոկիչի մեծ երկրպագուներից էին։ Բոյան Ստուպիցային հաջողվել է նոր իշխանություններին համոզել, որ Ժանկային ազատեն, որպեսզի Ժանկան բեմ վերադառնա, բայց Ժանկային այդպես էլ չի հաջողվել կրկին բեմ բարձրանալ. 1947 թվականին ազատ արձակվելուց երեք օր անց մահացել է։ Ժանկա Ստոկիչի անունը վերականգնվել է միան 2009 թվականին, Բելգրադի շրջանային դատարանի որոշմամբ։

Մտահղացում

Միրա Ստուպիցա, Ժանկա Ստոկիչի անվան մրցանակի մրցանակաբաշխության ժյուրիի առաջին և ցմահ նախագահը 2019 թվականի սերբական նամականիշի վրա

Մրցանակի մտահղացման սկիզբը 2001 թվականն է, երբ հայտնի սերբ դերասանուհի Միրա Ստուպիցան (1923-2016) իր դերասանական գործունեության 60-ամյակի ժամանակ բեմից հրապարակավ կոչ է արել սահմանել Վելիկա Ժանկա մրցանակ ( Մեծ Ժանկա )՝ ի պատիվ Ժանկա Ստոկիչի (1887-1947), որն ընդհանուր առմամբ համարվում է երբևէ լավագույն թատերական սերբ դերասանուհի։

Միրա Ստուպիցան, երբ իր գործընկերներ դերասանների կողմից պարգևատրվել է «Անցյալ դարի մեծագույն սերբ դերասանուհի» կոչումով, Ազգային թատրոնում իր հանդիսավոր ելույթում ասել է.

Ես անցյալ դարի մեծագույն սերբ դերասանուհին չեմ. Սերբական թատրոնի ամենամեծ դերասանուհին Ժանկա Ստոկիչն է, ում անարդարացիորեն մոռացել են, և նա այնքան շատ բան է արել թատերական արվեստի և մեր մշակույթի համար։ Այդ իսկ պատճառով խնդրում եմ մեր մշակութային հանրությանը Ժանկա Ստոկիչին վերադարձնել իր արժանի տեղը, և առաջարկում եմ դերասանական մրցանակ սահմանել, որը կկոչվի «Վելիկա Ժանկա»։

Մրցանակի անհրաժեշտության մասին Միրա Ստուպիցան նաև նշել է, որ չկան համապատասխան մրցանակներ դերասանուհիների համար, որոնք իրենց թատերական գործունեության ծաղկուն շրջանում են, երբ նրանք չափազանց տարիքով են դեբյուտանտ մրցանակների համար և դեռ շատ երիտասարդ են կենդանության օրոք մրցանակների համար[3]։

Մրցանակի սահմանում

2002 թվականին հայտարարվել է, որ հաջորդ տարի` 2003 թվականին կսահմանվի նոր ամենամյա մրցանակը՝ Ժանկա Ստոկիչի անվան մրցանակը։ Ստուպիցան նշանակվել է մրցանակաբաշխության ժյուրիի ցմահ նախագահ[4][5]։ 2020 թվականին հայտարարվել է, որ մրցանակը կդառնա երկամյակի համար` սկսած 2020-2021 թվականներից[6]։

Սվետլանա Բոյկովիչի «Ժանկա Ստոկիչ» մրցանակի վկայական, 2003 թվական
Դափնեկիրներ
ԹվականԴափնեկիրԾննդյան տվյալներ
2003[7]Սվետլանա Բոյկովիչ1947
2004[8]Միլենա Դրավիչ1940-2018
2005[9]Ռադմիլա Ժիվկովիչ1952
2006[10]Ջուրջիա Ցվետիչ1942-2015
2007[11]Ռուժիցա Սոկիչ1934-2013
2008[12]Սեկա Սաբլիչ1942
2009[13]Գորդանա Ջուրջևիչ-Դիմիչ1961
2010[14]Դարա Ջոկիչ1955
2011[15]Միրյանա Կարանովիչ1957
2012[16]Լիլյանա Բլագոևիչ1955
2013[17]Լիլյանա Ստյեպանովիչ1952
2014[18]Միրա Բանյակ1929
2015[19]Անիտա Մանչիչ1968
2016[20]Յասնա Ջուրիչիչ1966
2017[21]Օլգա Օդանովիչ1958
2018[22]Նատաշա Նինկովիչ1972
2019[23]Գորիցա Պոպովիչ1952
2021[24]Տանյա Բոշկովիչ1953

«Ի պատիվ Ժանկայի» մեդալ

Բացի Վելիկա Ժանկայի մրցանակից, 2009 թվականից որպես հարգանքի տուրք հայտնի դերասանուհիներին շնորհվում է մեկ այլ՝ ավելի փոքր մրցանակ` «Ի պատիվ Ժանկայի» մեդալ (Plaketa «Žanka Stokić»)։ Ի տարբերություն Վելիկա Ժանկայի, որը պարգևատրվում է կյանքի համար վաստակի համար, «Ի պատիվ Ժանկայի» մրցանակը գնահատում է սերբ դերասանուհիների վիրտուոզությունը որոշակի դերերում։ Այն շնորհվում է «Ժանկա Ստոկիչ» Քաղաքացիական Ասոցիացիայի կողմից կազմակերպված «Ի պատիվ Ժանկայի» թատերական միջոցառման գեղարվեստական ​​խորհրդի և կազմկոմիտեի կողմից[25][26]։

Ծանոթագրություններ