Իսպանիայի զինանշան

Իսպանիայի զինանշան (իսպ.՝ Escudo de España), Իսպանիայի գերբագիտական խորհրդանշան։

Իսպանիայի զինանշան
Մանրամասնություններ

Նկարագրություն

Ներկայումս Իսպանիայում ընդունված զինանշանը հաստատվել է 1981 թվականի հոկտեմբերի 5-ին 33/1981 օրենքով[1]։ Օրենքում զինանշանը նկարագրված է հետևյալ կերպ.

Իսպանիայի զինանշանում պատկերված է վահան, որ բաժանված է չորս մասի, որի ներքևի հատվածները փոքր-ինչ կլորավուն են։ Առաջին մասում կարմիր ֆոնին պատկերված է երեք աշտարակներով ոսկեգույն ամրոց` կապույտ պատուհաններով ու դարպասներով։ Երկրորդ քառորդում արծաթագույն ֆոնին պատկերված է հետևի ոտքերին կանգնած վարդագույն առյուծ` ոսկեգույն թագով։ Երրորդ քառորդում ոսկեգույն ֆոնին պատկերված են կարմիր գույնի չորս ուղղահայաց շերտեր։ Չորրորդ քառորդում կարմիր ֆոնին պատկերված են ոսկեգույն շղթաներ, որոնք խաչ են ձևավորում` կենտրոնում զմրուխտ։ Վահանի բացվածքին ներքևում նուռ է պատկերված` կարմիր միջուկով, երկու կանաչ տերևներով։

Վահանի երկու կողմերում պատկերված են արծաթագույն սյուներ, որոնք հենվում են ոսկեգույն ֆոնին և լազուր ալիքներին։ Սյուները պսակված են կայսերական ու թագավորական ոսկեգույն թագերով։ Սյուները փաթաթված են կարմիր ժապավենով, որի վրա ոսկեգույն տառերով մակագրություն կա` ձախից` «Plus», աջից` «Ultra» (լատիներեն` «Plus Ultra» - «Սահմաններից դուրս»)։ Զինանշանի վերին մասը պսակված է սրքայական թագի պատկերով, որն իրենից ներկայացնում է թանկարժեք քարերով շրջան` ութ մարգարիտներով պսակված ութ վարդակներով, որոնք վերևից փակված են ութ կիսաշրջաններով, որոնցից տեսանելի են հինգը. դրանք նույնպես զարդարված են մարգարիտներով և պսակված խաչով, ինչը խորհրդանշում է երկիրը։ Թագի ներքին հատվածը կարմիր գույնի է։

Հոդված երկրորդ։ Իսպանիայի զինանշանի վահանի կենտրոնում, որ նկարագրված է նախորդ հոդվածում, տեղադրված է լազուր շրջանակ` կարմիր շրջանագծի մեջ ներառված, որում պատկերված են երեք ոսկեգույն ջրաշուշաններ` երկուսը մեկի վերևում, ինչը խորհրդանշում է կառավարող Բուրբոն-Անժու դինաստիան։

Զինանշանի նշանաբանն է «Plus Ultra» (լատին․՝  Սահմանից այն կողմ, մինչև Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնաբերումը նշանաբանը եղել է` լատին․՝ «Nec Plus Ultra», բառացի` Այլևս ոչ մի տեղ, քանի որ համարվում էր, որ Հերկուլեսյան սյուները աշխարհի վերջն էին)։

Հետագայում ընդունվել են թագավորական երկու որոշումներ, որոնք ճշգրտում են մտցրել զինանշանի դիզայնի, չափսի, գունային երանգների և Իսպանիայում զինանշանի կիրառման կարգի մասին։

  • 1981 թվականի դեկտեմբերի 18-ի թագավորական որոշում 2964/1981: Սահմանում է իսպանական զինանշանի պաշտոնական դիզայնը, կիրառումն ու չափսերը[2]։
  • 1982 թվականի սեպտեմբերի 3-ի թագավորական որոշում 2267/1921: Ներկայացնում է գույների տեխնիկական նկարագիրը[3]։

Պաշտոնական դիազայն

Գունային գամմա

Իսպանիայի զինանշանի գույները պաշտոնապես որոշվել են 1982 թվականի սեպտեմբերի 3-ի 2267 որոշմամբ միջազգային LAB և CIE-1931 համակարգերով[3]։ Իսպանական պետության արարողակարգաին ծառայությունը սահմանում է, որ «զինանշանի գույների նախընտրելի ձևը հիմնվում է ութ գույների շրջանակներում, որը պետք է կիրառվի` կախված միջավայրից ու դիմացկունությունից»[4]։

ՍևԿարմիրԱրծաթագույնՈսկեգույնԿանաչԼազուրՎարդագույնՆռնագույն
Գույն (RGB)
CIELAB (H,C,L)(35,0;70,0;37,0)(255,0:3,0;78,0)(90,0;37,0;70,0)(165;0,41,0;31,0)(270,0;35,0;26,0)(0,0;52,0;50,0)(որոշված չէ)
RGB(0,0,0)(181,0,39)(178,178,178)(159,126,0)(0,111,70)(0,68,173)(196,76,122)(246,203,126)
CMYK(0,0,0,100)(0,100,80,0)(0,0,0,30)(20,30,100,0)(100,10,70,0)(100,50,0,0)(0,70,0,0)(0,10,40,0)
Pantone186877872341529352181345

Զինանշանի գերբագիտական տարրեր և նշանակություն

Զինանշանի պատմություն

Կաստիլիա և Լեոնի արքա Ֆերնանդո III-ի զինանշան (1230)

Ֆերնանդո III-ի զինանշան

Ֆերնանդո III Կաստիլացին, միավորելով Կաստիլիան, Լեոնը և Գալիսիան, ձևավորել է մեկ միասնական թագավորություն` Կաստիլիա և Լեոնի թագավորությունը և 1230 թվականին հաստատել Կաստիլիա և Լեոնի զինանշանը։ Ֆերնանդո III-ը գերբագիտության մեջ ներմուծել է վահանի բաժանումը չորս մասի։ Նրա օրինակին են հետևել Արագոնի և Նավառայի արքաները, նաև եվրոպական այլ միապետներ։

Կաթոլիկ արքաներ (1469-1516)

Կաթոլիկ արքաների զինանշան (մինչև 1492)

Իսպանացի երկու կաթոլիկ միապետների` Իզաբելլա I Կաստիլացու (1451-1504) և Ֆերդինանդ II Արագոնցու (1452-1516) ամուսնությունը, որը կայացել է 1469 թվականին, հիմք է դրել Արագոնի և Կաստիլիա Լեոնի թագավորությունների միավորմանը, ինչն իր հերթին հանգեցրել է ժամանակակից Իսպանիայի ստեղծմանը[5]։ Այս իրադարձությունը իր արտացոլումն է գտել նաև գերբագիտության մեջ։ 1475 թվականին Ֆերդինանդ II-ն ու Իզաբելլա I-ը ընդունել են նոր զինանշան, որտեղ նeրկայացված են եղել 15-րդ դարավերջի Պիրենեյան թերակղզու երկու խոշորագույն պետական միավորները` Կաստիլիայի թագավորությունը, որը ներառում էր ներկայիս Գալիսիան, Աստուրիան, Կանտաբրիան, Բասկերի Երկիրը, Ռիոխան, Կաստիլիա և Լեոնը, Մադրիդը, Էստրեմադուրան, Կաստիլիա-Լա Մանչան, Մուրսիան, Անդալուզիան և Կանարյան կղզիները, և Արագոնի թագավորությունը, որը ներառում էր ներկայիս Արագոնը, Կատալոնիան, Վալենսիան, Բալեարյան կղզիները, ինչպես նաև Միջերկրական ծովի ավազանի այլ տարածքներ[6][7]։

Կաթոլիկ արքաների զինանշանի վահանը բաժանված էր չորս մասի, որոնցում պատկերված էին Կաստիլիայի թագավորության (կարմիր ֆոնին պատկերված է ոսկեգույն ամրոց` երեք աշտարակներով, դարպասներով ու պատուհաններով), Լեոնի թագավորության (հետևի ոտքերին բարձրացած վարդագույն առյուծ), Արագոնի թագավորության (ոսկեգույն ֆոնին կարմիր գույնի չորս շերտեր) և Երկու Սիցիլիաների թագավորության (ոսկեգույն ֆոնին կարմիր գույնի չորս շերտեր` երկու արծիվների պատկերով) զինանշանները։ Հետագայում` 1492 թվականին Գրանադայի նվաճումից հետո, զինանշանին ավելացվել է նռան պատկեր` երկու կանաչ տերևներով։ Վահանից ձախ եղել են գորդյան հանգույցով լուծ և ամուսինների միասնության նշանաբանը` «Tanto monta» (բառացի` ամեն ինչ միասնական է), որի վերևում դաջված է եղել F տառը` Ֆերնանդոյի անվան սկզբնատառը։ Վահանից աջ պատկերված է եղել նետերի կապոց, որի վրա դաջված է եղել Y տառը` Իզաբելլա թագուհու անվան սկզբնատառը։ Այս զինանշանում առաջին անգամ վահանը բռնողի կերպարում հայտնվում է Սան Խուան արծիվը։

Ավստրիական տուն (1516-1700)

Կառլոս I-ի, նույն Կառլոս V-ի զինանշանը, որ եղել է Հռոմեական սրբազան կայսրության կայսր
Ֆիլիպ II-ի զինանշան, 1580

Ֆերնանդո II-ի մահից հետո Իսպանիայի (Կաստիլիա և Արագոն) գահն անցնում է նրա թոռ Կառլոս V-ի, ով Խուանա I-ի և Ֆիլիպ I-ի որդին էր, կայսր Մաքսիմիլիան I-ի թոռը հայրական գծով։

Կառլոս I-ի զինանշանը ներառում էր նախորդ զինանշանի վահանին պատկերված խորհրդանիշերը` Կաստիլիա և Լեոնի, Արագոնի, Երկու Սիցիլիաների և Գրանադայի թագավորությունների զինանշանները, սակայն այն լրացվել է Ավստրիայի (արծաթագույն գծեր կարմիր ֆոնին), Բուրգունդիայի (լազուր վահան` ոսկեգույն շուշաններով և արծաթագույն ու կարմիր գծերով), Բրաբանտի հերցոգության (հետևի ոտքերին կանգնած ոսկեգույն առյուծ` գլխին թագով), Ֆլանդրիայի (հետևի ոտքերին կանգնած ոսկեգույն առյուծ` կարմիր եզրազարդով), Տիրոլի (կարմիր արծիվ ոսկեգույն ֆոնին) զինանշանների պատկերներով։ Կառլոս I-ը զինանշանի մեջ է ներառել նաև Հերկուլեսյան սյուները` «Plus Ultra» մակագրությամբ, որ խորհրդանշում էր անդրօվկիանոսյան կայսրությունը, և Ոսկեգեղմի օրդենի շղթաները։

Երբ Կառլոս I-ը 1519 թվականին թագադրվել է որպես Հռոմեական սրբազան կայսրության կայսր Կառլոս V, նա վահանի մեջ ներառել է կայսերական թագի և կայսրության երկգլխանի արծվի պատկերները, որը հանդես էր գալիս վահանը բռնողի դերում։ 1520 թվականից վահանին նաև ավելացվում են Նավառայի և Նեապոլի թագավորությունների զինանշանների պատկերներ[8]։

Կառլոս I-ի հետնորդները զինանշանին ավելացրել են մի քանի դետալներ, փոխել են կայսերական թագի պատկերը թագավորական թագի պատկերով և ավելացրել են կախազարդի պատկեր` Ոսկեգեղմի պատկերով, որը մնացել է զինանշանի հետագա տարբերակներին։

1580 թվականին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ը իրեն հռչակել է նաև Պորտուգալիայի արքա, ինչից հետո զինանշանում նոր փոփոխություններ են կատարվել. ավելացվել է Պորտուգալիայի փոքր զինանշանը, որտեղ վահանի սպիտակ ֆոնին պատկերված են արծաթագույն հինգ բեզանտներ։ Այս փոփոխությունները պահպանվել են մինչև Պորտուգալիայի անկախության հռչակումը 1668 թվականին, երբ թագավորում էր Կառլ II-ը։

Ֆրանկոյական բռնատիրություն և անցում դեմոկրատիայի (1939-1981)

Ֆրանկոյական Իսպանիայի զինանշան

1945-1977 թվականներին Իսպանիայի զինանշանը պատկերում էր հինգ մասի բաժանված վահան` պսակված թագով, որը խորհրդանշում էր Իսպանիայի` միապետական երկիր լինելը։ 1-ին և 4-րդ դաշտերը նույնպես բաժանված էին չորս մասերի և ունեին տրամագծով կրկնվող պատկերներ. ամրոցի աշտարակը Կաստիլիայի զինանշանն էր, և հետևի ոտքերին կանգնած առյուծը` Լեոնի զինանշանը։ 2-րդ և 3-րդ դաշտերը բաժանված են ուղղահայաց։ Աջ հատվածի մասերում կային չորս գծեր, որոնք խորհրդանշում էին Արագոնի զինանշանը։ Ձախ հատվածներում կար շղթաներով զարդանախշ` Նավառայի զինանշանը։ Վահանի վերջավորության վրա` ռոմբոյանման դաշտում, պատկերված է նուռ` Գրանադայի խորհրդանշանը։ Վահանի կողմերում երկու սյուներ են, որնցից մեկը պսակված է արքայական, մյուսը` կայսերական թագով։ Սյուները խորհրդանշում են Հերկուլեսյան սյուները` Ջիբրալթարը, որը ժամանակին համարվում էր աշխարհի ծայրը։ Սյուները փաթաթված են ժապավենով, որոնց վրա մակագրություն կա` "Plus Ultra " (բառացի` Սահմանից այն կողմ)։ Վահանը պահում է արծիվը, որի գլուխը պարուրված է լուսապսակով ու ժապավենով, որի վրա գրություն է` "Una Grande Libre " — «Միասնական, մեծ, ազատ»։ Արծվի պոչի կողմերում կան Ֆերդինանդ և Իզաբելլա կաթոլիկ արքաների խորհրդանշաններ` լուծ (jugo) և հինգ նետի խուրձ (flechas). վերջինս համարվում էր ֆրանկոյական «Ֆալանգա» կազմակերպության խորհրդանշանը։

Իսպանիայի պետական հաստատությունների զինանշաններ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանիայի զինանշան» հոդվածին։