Իսպանիայի և Պորտուգալիայի հոգևոր հովվություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Իսպանիայի և Պորտուգալիայի հոգևոր հովվություն[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Եվրոպայի տարածքում գտնվող կրոնական կազմակերպություններից մեկը, որը ներկայացնում է իսպանահայության և պորտուգալահայության հոգևոր կյանքը[2][3]։ Ենթարկվում է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակությանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին)։ 2018 թվականից հոգևոր հովվությունը ներկայացնում է տեր Շնորհք աբեղա Սարգսյանը։

Հայոց ցեղասպանության հուշարձան, Առնեդո

Պատմություն

Իսպանիայի Թագավորությունում հայ համայնքի ներկայությունը արդի պատմական փուլում, սկսվում է 1990-ական թվականներից, երբ դադարեց գոյություն ունենալ Խորհրդային Միությունը, Հայաստանի Հանրապետությունը ձեռք բերեց անկախություն և սահմանները բացվեցին արտաքին աշխարհի հետ։ Դեռևս 1980-ականներին, շատ քիչ թվով ընտանիքներ հաստատվել են Իսպանիայում Մերձավոր Արևելքից և Իրանի Իսլամական Հանրապետությունից, սակայն նրանց քանակը շատ սահմանափակ է եղել։ Միջնադարյան ժամանակահատվածից մինչև մեր օրերը պահպանվել է կաթոլիկ եկեղեցու հարակից մի մատուռ, որտեղ տեսնում ենք հայկական արձանագրություններ և պատերին ամրացված հայկական տառերով հախճապակյա սալիկներ[3]։

Պորտուգալիայում, ի տարբերություն Իսպանիայի, կան միայն հոգևոր խորհուրդներ, ավանդական կուսակցություններ, դպրոցներ և եկեղեցիներ չկան[4]։ Առաջին հայկական դպրոցը հիմնադրվել է միայն 2023 թվականին՝ որպես Թումոյի մասնաճյուղ[5]։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից նշանակված առաջին պաշտոնական ներկայացուցիչը եղել է Հոգեշնորհ տեր Սասուն Ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը, ով պաշտոնավարել է մինչև 2016 թվականը։ Այնուհետև 2017-2018 թվականներին նրան փոխարինել է տեր Սիփան վարդապետ Գևորգյանը։

Եկեղեցիներ

Հայերը հիմնականում հաստատված են Իսպանիայի մեծ քաղաքներում՝ Մադրիդ, Բարսելոնա, Վալենսիա, Ալիկանտե, Մալագա և Առնեդո։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Իսպանիայում պաշտոնապես առաքելություն է իրականացնում 2009 թվականից։ Կալոնժե քաղաքում` Բարսելոնայի մոտ, սկսել է գործել առաջին հայկական եկեղեցին (սուրբ Գևորգ), որը 30 տարով տրվել է հայ համայնքին[6]։

2022 թվականին Իսպանիայի Մալագա քաղաքում կառուցվել է հայկական առաջին եկեղեցին՝ սուրբ Աստվածածինը[7]։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: