Կալցիտրիոլ

քիմիական միացություն

Կալցիտրիոլ, կալցիումի փոխանակությունը կարգավորող հորմոն։ Այս հորմոնը վիտամին D3-ի փոխանակության ակտիվ նյութերից է։ կալցիտոնինի և պարաթիրեոիդ հորմոնի հետ միասին մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի փոխանակությանը։ Հորմոնն ունի ստերոիդային ծագում[1]։Կալցիտրիոլի ազդեցությամբ արյան մեջ շատանում է կալցիումի և ֆոսֆորի քանակը։ Բայց միաժամանակ, արյան միջից կալցիումն անցնում է ոսկրեր։

Կալցիտրիոլի եռաչափ պատկեր
Կալցիտրիոլի մոլեկուլ

Սինթեզ

Կալցիտրիոլի սինթեզն ընթանում է 3 փուլով։ Սկզբում մաշկում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ նախավիտամինից առաջանում է խոլեկալցիֆերոլ։ Երկրորդ փուլը կապված է լյարդի հետ, որտեղ խոլեկալցիֆերոլի հիդրօքսիլացման արդյունքում առաջանում է 25(OH)D3 (25-հիդրօքսիկալցիֆերոլ)։ Վերջինս անցնում է արյուն և կապվում α-գլոբուլինի հետ։ Այն ֆիզիոլոգիական խտաստիճաններով կալցիումի փոխանակության վրա գրեթե չի ազդում։ Երրորդ փուլն իրականացվում է երիկամներում, որտեղ առաջանում է կալցիտրիոլը, որը հանդիսանում է վիտամին D3-ի առավել ակտիվ ձևը[2][3]։

Այս հորմոնն ինակտիվանում է լյարդում։

Ազդեցության մեխանիզմ

Կալցիտրիոլի հիմնական ազդեցությունն արտահայտվում է աղիներում կալցիումի ներծծման խթանմամբ։ Միաժամանակ աղիներում այս հորմոնը խթանում է նաև ֆոսֆատների ներծծումը։ Կալցիտրիոլի երիկամային ազդեցություններն արտահայտվում են նեֆրոնի խողովակիկներում ֆոսֆատների և կալցիումի հետներծծման խթանմամբ, իսկ ոսկրերում խթանում է օստեոբլաստների գործունեությունը[4][5]։

Կալցիտրիոլի պակասից կարող է առաջանալ ռախիտ կամ օստեոմալյացիա։ Պարաթհորմոնն ու թերկալցիումարյունությունը խթանում են կալցիտրիոլի առաջացումը։

Ծանոթագրություններ