Կամա (հինդուիզմ)
Կամա (սանսկրիտ, դևանագարի՝ काम), հնդկական գրականության մեջ նշանակում է «ցանկություն, բուռն ցանկություն, կիրք»[4]։ Ժամանակակից գրականության մեջ կաման հաճախ զուգորդվում է սեռական ցանկության և կրքի հետ, սակայն հասկացությունն ավելի լայն իմաստով վերաբերում է յուրաքանչյուր ցանկության, իղձի, կրքի, բուռն ցանկության, զգացումների հաճույքի, կյանքի գեղագիտական վայելքի, մտերմության կամ սիրո՝ սեռական հարաբերությամբ կամ առանց դրա[5][6]։
Կամա, հինդուիզմում մարդկային կյանքի չորս նպատակներից մեկը[3]։ Պատկերները ներկայացնում են կամայի օրինակներ։ |
Հինդուիստական ավանդույթներում կաման մարդկային կյանքի չորս նպատակներից մեկն է[3]։ Այն համարվում է մարդկային կյանքի էական և առողջ նպատակը՝ առանց մյուս երեք նպատակների զոհաբերության՝ դհարմա (առաքինի, պատշաճ, բարոյական կյանք), արտհա (նյութական բարեկեցություն, եկամտային ապահովություն, կյանքի միջոցներ) և մոկշա (ազատում, ազատագրում, ինքնաիրացում)[7][8][9]։ Միասին կյանքի այս չորս նպատակներն անվանվում են Պուրուշարտհա[10][11][12][13][14]։
Սահմանում և նշանակություն
Կաման նշանակում է «ցանկություն, իղձ կամ բուռն ցանկություն»[4]։ Ժամանակակից գրականության մեջ կաման սովորաբար վերաբերում է սեռական ցանկությանը[3]։ Այնուամենայնիվ, եզրույթը վերաբերում է նաև ցանկացած զգացմունքային վայելքի, էմոցիոնալ ձգողականության և արվեստից, պարից, երաժշտությունից, նկարչությունից, քանդակագործությունից ու բնությունից գեղագիտական հաճույքի[1][2][15]։
«Կամա» եզրույթը կարելի է հանդիպել Վեդաների հայտնի ամենահին հիմներում։ Օրինակ՝ Ռիգվեդայի 10-րդ գիրքը նկարագրում է տիեզերքի արարումը ոչնչից հզոր ջերմության հետևանքով։ 129 հիմնում ասվում է[16] (սանսկրիտ).
कामस्तदग्रे समवर्तताधि मनसो रेतः परथमं यदासीत |
Այդուհետ ծնվեց ցանկությունը, հոգու հիմնական սերմն ու ծիլը, |
Բրհադարանյակա Ուպանիշադը, որը համարվում է հինդուիզմի հնագույն Ուպանիշադներից մեկը, ևս օգտագործում է «կամա» եզրույթը լայն իմաստով, որպես ցանկացած ցանկություն.
Մարդը կազմված է ցանկությունից (կամա). - Բրհադարանյակա Ուպանիշադ, Ք.ա. 7-րդ դար[18] |
Հնագույն հնդակական գրականությունը, ինչպիսին դյուցազներգություններն են, որոնք հաջորդել են Ուպանիշադներին, կամայի հասկացությունը զարգացրել և բացատրել են արտհայի և դհարմայի հետ միասին։ Օրինակ՝ Մահաբհարաթան տալիս է կամայի ընդգրկուն սահմանումներից մեկը։ Ըստ դյուցազներգության՝ կաման ցանկացած հաճելի և ցանկալի փորձառությունն է (հաճույք), որն ստացվում է հինգ զգայարաններից մեկի կամ մի քանիսի՝ այդ զգայարանին համարժեք որևէ բանից հետ փոխգործակցությունից, երբ միտքը կյանքի մյուս նպատակների (դհարմա, արտհա և մոկշա) հետ զուգահեռաբար ներդաշնակության մեջ է[19]։
Կաման հաճախ հասկացվում է որպես կամանա (ցանկություն, ախորժակ) բառի կարճ ձևը։ Սակայն կաման կամանայից շատ ավելի լայն հասկացություն է։ Կաման փորձառություն է, որը ներառում է առարկայի բացահայտումը, դրա մասին սովորելը, էմոցիոնալ կապը, վայելքի ընթացքը, փորձառությունից առաջ, ընթացքում և հետո որպես արդյունք լավ լինելու զգացողությունը[20]։
Կամասուտրայի հեղինակ Վաթսյայանան կաման բացատրում է որպես երջանկություն, որը մտքի երևույթ է (մանասա վյապարա)։ Ինչպես Մահաբհարաթայում, Կամասուտրայում ևս կաման բացատրվում է որպես աշխարհի անհատական փորձառություններից հաճույք՝ զգայարաններից մեկով կամ մի քանիսով՝ լսողություն, տեսողություն, հոտառություն, համի զգացողություն և շոշափելիք՝ հոգու և մտքի ներդաշնակության պայմաններում[21]։ Կաման ներդաշնակ երաժշտությունը զգալն է, բնության գեղեցկությամբ ոգեշնչվելը, արվետսի գործի գեղագիտական գնահատումը, այլ անձի կողմից ստեղծված որևէ բանով հմայվելը։ Կամասուտրան կամայի վերաբերյալ իր դատողություններում ներկայացնում է արվեստի, պարի, երաժշտության բազմաթիվ ձևեր, նաև սեռական հարաբերությունը՝ բոլորը որպես հաճույքի և վայելքի միջոցներ[19]։
Որոշ հեղինակներ[11] կաման բացատրում են որպես վերաբերմունք և կարողություն։ Փոքրիկ աղջիկը, ով ժպիտով գրկում է իր փափուկ արջուկին, կամա է ապրում ճիշտ այնպես, ինչպես գրկախառնված սիրահարները։ Այս փորձառություններից ընթացքում անձը կապվում է սիրելի երևույթին և ընկալում այն որպես իր մի մասը՝ զգալով իրեն ավելի ամբողջական, կատարված։ Եվ սա հնդկական տեսանկյունից կաման է։
Նշվում է նաև Հնդկաստանի տարբեր տեքստերում կամայի բազմազան նկարագրությունը։ Որոշ տեքստեր, ինչպիսին Ռամայանան է, կաման ներկայացնում են Սիթայի նկատմամբ Ռամի ցանկությամբ՝ ցանկություն, որը վերացնում է ֆիզիկականը և ամուսնականը՝ տանելով սիրո, որը հոգևոր է, Ռամին տալիս է կյանքի, ապրելու իմաստ[22]։ Սիթան և Ռամը հաճախ արտահայտում են իրենց՝ առանց մեկը մյուսի ապրելու դժկամությունը և անկարողությունը[23]։ Ռամայանայում կամայի այս ռոմանտիկ և հոգևոր ներկայացումը տարբերվում է նորմատիվային և չոր նկարագրությունից, որը կարելի է հանդիպել օրենսգրքերում, ինչպիսին Մանուի սմիտրիտին է[24]։
Կաման նկարագրվում է նաև որպես «սեր»՝ առանց դհարմայի (բարոյական պատասխանատվության), արտհայի (նյութական բարեկեցության) և դեպի մոկշա ճանապարհորդության (հոգևոր ազատում) խախտման[25]։
Կաման հինդուիզմում
Հինդուիզմում կաման դհարմայի, արտհայի և մոկշայի հետ միասին հանդիսանում է կյանքի չորս ճիշտ և անհրաժեշտ նպատակներից մեկը (Պուրուշարտհա)[27]։
Կամայի, արտհայի և դհարմայի միջև հարաբերական գերակայություն
Հնագույն հնդկական գրականությունը շեշտում է դհարմայի ավելի բարձր դիրքն ու կարևոր նշանակությունը։ Եթե դհարման արհամարհվում է, արտհան և կաման հանգեցնում են սոցիալական քաոսի[28]։
Վաթսյայանայի Կամասուտրան երեք նպատակների հարաբերական արժեքն ընդունում է հետևյալ կերպ. արտհան գերակայում է կամայի նկատմամբ, մինչդեռ դհարման գերակայում է երկուսի հանդեպ։ Վաթսյայանան Կամասուտրայի երկրորդ գլխում կամայի վերաբերյալ բանավեճերի փիլիսոփայական առարկությունների ցանկ է ներկայացնում, իսկ այնուհետև տալիս են այդ առարկություններին իր սեփական պատասխանները։ Օրինակ՝ կամայի մեկ առարկության հարցում ըստ Վաթսյայանայի մտահոգությունն այն է, որ կաման բարոյական և էթիկական կյանքի, կրոնական հետապնդումների, ծանր աշխատանքի, բարեկեցության և հարստության խոչընդոտ է։ Ըստ առարկողների՝ հաճույքի հետապնդումը խրախուսում է անհատներին կատարել անարդար գործեր, առաջացնել տագնապ, անուշադրություն, թեթևամտություն և հանգեցնել հետագա տառապալից կյանքի[29]։ Այս առարկություններին ի պատասխան Վաթսյայանան հայտարարում է, որ կաման մարդուն անհրաժեշտ է սննդի նման և ամբողջանում է դհարմաի ու արտհայի հետ միասին։
Կամայի անհրաժեշտությունը գոյության համար
Ինչպես լավ սնունդն է անհրաժեշտ մարմնի բարեկեցության համար, այնպես էլ հաճույքն է անհրաժեշտ մարդու առողջ գոյության համար, գտնում է Վաթսյայանան[30]։ Կյանքն առանց հաճույքի՝ սեռական, գեղարվեստական, բնության, դատարկ է։ Ինչպես որ ոչ ոք չպետք է դադարի մշակաբույսեր աճեցնել՝ իմանալով, որ եղնիկներ գոյություն ունեն, որոնք կարող են ուտել աճած մշակաբույսերը, նույն կերպ ըստ Վաթսյայանայի մարդը չպետք է դադարեցնի կամայի հետապնդումը՝ մտածելով վտանգների գոյության մասին։ Կաման պետք է հետապնդվի մտածելով, հոգալով, զգուշավորությամբ և խանդավառությամբ՝ ինչպես կյանքի ցանկացած այլ նպատակ, ձգտում[31]։
Կամասուտրա գիրքը՝ որպես համաշխարհային երևույթ, ենթադրում է ստեղծարար սեռական դիրքների պատկերումներ. իրականում Կամասուտրայի միայն 20%-ն է սեռական դիրքների մասին։ Գրքի հիմնական մասը սիրո փիլիսոփայության և տեսության մասին է, որը գործարկում է ցանկությունը, ամրացնում այն, ներկայացնում այն երբ է լավ, երբ վատ[32]։ Կամասուտրան կաման ներկայացնում է որպես մարդկային գոյության հիմնական և հաճելի ասպեկտ[33]։
Կամայի ամբողջականությունը
Ըստ Վաթսյայանայի՝ կաման երբևէ կոնֆլիկտ չի ունենում դհարմայի կամ արտհայի հետ, հակառակը՝ երեքն էլ համագոյակցում են, իսկ կաման հետևում է մյուս երկուսի։
Դհարման, արտհան և կաման կիրառող մարդը երջանկություն է վայելու ներկայում և ապագայում։ Դհարմայի, արտհայի և կամայի միասին, կամ դրանցից երկուսի, կամ մեկի կիրառմանը նպաստող ցանկացած գործողություն պարտադիր պետք է կատարվի։ Բայց այն գործողությունը, որը նպաստում է դրանցից մեկի կիրառմանը՝ մյուսների հաշվին, չպետք է կատարվի։ - Վաթսյայանա, Կամասուտրա, Գլուխ 2[31] |
Հինդուիստական փիլիսոփայության մեջ հաճույքն ընդհանուր առմամբ, սեռական հաճույքը՝ մասնավորապես, ոչ ամոթալի է, ոչ էլ կեղտոտ։ Այն անհրաժեշտ է մարդկային կյանքի, յուրաքանչյուր անհատի բարեկեցության համար, բարերար է, երբ պատշաճորեն հաշվի են առնվում դհարման և արտհան։ Ի տարբերություն որոշ կրոնների պատվիրանների՝ կաման հինդուիզմում նշվում է իր իսկ արժեքով[34]։ Դհարմայի և արտհայի հետ միասին այն ամբողջական, կատարյալ կյանքի ասպեկտ է[35]։ Բոլոր երեք պուրուշարտհաները հավասարապես և զուգահեռաբար կարևոր են[36]։
Կաման և կյանքի հերթական փուլը
Հնդկական հնագույն գրականության որոշ[37] նմուշներում նկատվում է, որ արտհայի, դհարմայի և կամայի համեմատական գերակայությունը բնականորեն տարբերվում են ըստ տարբեր մարդկանց և տարբեր տարիքային խմբերի։ Նորածնի կամ մանկահասակ երեխայի դեպքում կրթությունը և կաման (գեղարվեստական ցանկությունները) գերակայություն են ստանում, պատանեկության տարիներին գերակայությունը կամայինն ու արտհայինն է, իսկ տարեց հասակում՝ գերակայությունը դհարմայինն է։
Կաման՝ որպես պաշտամունք
Կաման մարմնավորվում է Կամադեվա աստծո և նրա ամուսին Ռաթիի կերպարում։ Կամա աստվածը համեմատելի է հույների Էրոսի հետ՝ նրանք երկուսն էլ խթանում են մարդու սեռական գրավչությունը և ցանկությունը։ Կաման թութակի վրա շրջում՝ ձեռքին նետ ու աղեղ, որպեսզի խոցի սրտերը։ Աղեղը պատրաստված է շաքարեղեգի ցողունից, աղեղնալարն իրենից ներկայացնում է մեղուների շարք, սիկ նետերի ծայրերին 5 ծաղիկներն են, որոնք ներկայացնում են սիրո հինգ վիճակները[38]։ Կամայի աղեղի հինգ ծաղիկներն են՝ լոտոսի ծաղիկը (սիրահարություն), աշոկայի ծաղիկը (այլ անձի մասին մտքերով թունավորում), մանգոյի ծաղիկը (հյուծում և դատարկություն այլ անձի բացակայության դեպքում), հասմիկ ծաղիկը (կարոտ) և կապույտ լոտոսի ծաղիկը (շփոթությամբ և զգացմունքներով կաթված)։ Կաման հայտնի է նաև որպես Անանգա (բառացիորեն՝ «առանց մարմնի»), քանի որ ցանկությունը հարվածում է անձև, զգացմունքների միջոցով, անտեսանելի։ Կամայի պաշտամունքի այլ անվանումներից են Մադանը (նա, ով թունավորում է սիրով), Մանմաթհա (նա, ով հուզում է միտքը), Պրադյումնա (նա, ով նվաճում է ամբողջը) և Կուշումեսու (նա, ում աղեղները ծաղիկներ են)[39]։
Կաման բուդդայականությունում
Բուդդայական Պալի Կանոնում Գաուտամա Բուդդան զարթոնքի իր ճանապարհին հրաժարվեց ցանկասիրությունից[40]։ Որոշ բուդդայական աշխարհիկ գործիչներ ամեն օր արտասանում են 5 սուրբ պատվիրանները՝ «սեռական սխալ վարքից» (կեմսու միկչակարա) ձեռնպահ մնալու հանձնառությամբ[41]։ Պալի Կանոնին բնորոշ դատողությամբ Դհամմիկա Սուտտան (2.14) ներառում է ավելի բացահայտ առնչություն այս պատվիրանի հետ՝ Բուդդան հրահանգում է իր հետևորդին «դիտարկել ամուրիությունը կամ ծայրահեղ դեպքում սեռական հարաբերություն չունենալ ուրիշի կնոջ հետ»[42]։
Թեոսոֆիա․ կամա, կամարուպա, կամալոկա
Ելենա Բլավատսկայայի թեոսոֆիայում կաման յոթնյակի չորրորդ սկզբունքն է, որն ասոցացվում է էմոցիաների և ցանկությունների հետ՝ կապվածություն գոյությանը, կամքին, տարփանքին[43]։
Կամալոկան կիսանյութական հարթություն է՝ սուբյեկտիվ և մարդկանց համար անտեսանելի, որտեղ մարմնից անջատված «անձինք»՝ աստրալ ձևերը, որոնց անվանում են կամարուպա, մնում են մինչև դրանից վերջնական անհետանալը, ինչն առաջանում է մարդկային և կենդանական կրքերի ու ցանկությունների աստրալային կրկնօրինակների կողմից ստեղծած հյուծող հոգեկան ազդակների հետևանքով։ Դա ասոցացվում է հին հույների Հադեսի և եգիպտացիների Դուատի հետ՝ լուռ ստվերների երկիր, որը հանդիսանում է երեք աշխարհներից մեկը։
Տես նաև
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
- Ireland, John D. (trans.) (1983). Dhammika Sutta: Dhammika (excerpt) (Sutta Nipata 2.14). "Access to Insight" at Dhammika Sutta: Dhammika.
- Khantipalo, Bhikkhu (1982, 1995). Lay Buddhist Practice: The Shrine Room, Uposatha Day, Rains Residence (The Wheel No. 206/207). Kandy: Buddhist Publication Society. "Access to Insight" at Lay Buddhist Practice.
- Sri Lanka Buddha Jayanti Tipitaka Series (n.d.) (SLTP). (Anguttara Nikaya 5.1.3.8, in Pali). "MettaNet-Lanka".
- Thanissaro Bhikkhu (trans.) (1997a). Dvedhavitakka Sutta: Two Sorts of Thinking (Majjhima Nikaya 19). Retrieved 3 Jul 2007 from "Access to Insight" at Dvedhavitakka Sutta: Two Sorts of Thinking.
- Thanissaro Bhikkhu (trans.) (1997b). Samadhanga Sutta: The Factors of Concentration (Anguttara Nikaya 5.28). "Access to Insight" at Samadhanga Sutta: The Factors of Concentration.
- H. P. Blavatsky, 1892. The Theosophical Glossary. London: The Theosophical Publishing Society