Հանրապետության հրապարակ (Երևան)

Երևանի հրապարակ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հանրապետության հրապարակ (բազմանշանակություն)

Հանրապետության հրապարակ, քաղաքի վարչական կենտրոնի գլխավոր ճարտարապետական համակառույցը, տոնակատարությունների, շքերթների և ժողովրդական հավաքույթների վայր, տրանսպորտային կարևոր հանգույց։ Ստեղծվել է ըստ Երևանի գլխավոր հատակագծի․ այն նախագծվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից 1924 թվականին[6] ։

Հանրապետության հրապարակ
Տեսակհրապարակ
Նախկին անվանումԼենինի հրապարակ (1940-1990)[1]
Երկիր Հայաստան[2]
ՏեղագրությունԿենտրոն վարչական շրջան
Մակերես3 հեկտար
Կազմված էՀյուրանոց «Արմենիա», Մշակույթի տուն. Արական գիմնազիայի (Հայհամերգի փոքր դահլիճ) և թանգարանների շենքը, Վարչական շենք. Արհմիությունների տունը և Կապի նախարարությունը, Վարչական շենք. Կառավարական տունը (ՀՀ Նախարարների խորհրդի շենք) և Վարչական շենք. Կառավարական երկրորդ տունը
Անվանված էհանրապետություն
Կառուցման սկիզբ1926[3][4][5]
Հիմնադրված է1977
ՃարտարապետԱլեքսանդր Թամանյան
Կառուցման ավարտ1977[3]
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[2]
Քարտեզ
Քարտեզ

Հանրապետության հրապարակի հատակագիծը սեղանի և օվալի համադրություն է (մակերեսը՝ 3500 քմ.[1] կամ 0.35 հեկտար, համաձայն Google Earth-ի տարածքի չափման ֆունկցիայի)՝ տեղադրված քաղաքի հյուսիս-հարավ առանցքով։ Նրա ծավալատարածված հորինվածքն ընդգրկում է վարչական շենքեր՝ Կառավարական տունը (ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1942, հետմահու, նիստերի դահլիճի նախագիծը և շինության ավարտի ղեկավարումը՝ Գևորգ Թամանյանի), Կառավարական 2-րդ տունը (ճարտարապետներ՝ Սամվել Սաֆարյան, Վարազդատ Արևշատյան, նախագծման սկզբնական փուլում նաև՝ Ռաֆայել Իսրայելյան), Արհեստակցական միությունների շենքը, «Արմենիա» հյուրանոցը, թանգարանների շենքը (երեքն էլ՝ ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան, վերջինը՝ Ս. Ղազարյանի մասնակցությամբ)։

Համակառույցի գեղագիտական արտահայտչականությունը լրացնում է խոշոր ջրավազանն իր շատրվաններով, որը միաժամանակ մեղմացնում է հրապարակի միկրոկլիման։

Բոլոր շենքերը կառուցված են և երեսպատված սպիտակ (Կառավարական 2-րդ տունը, թանգարանների շենքը) և վարդագույն (մնացած շենքերը) երանգների ֆելզիտային տուֆով։ Կառավարական տունը հրապարակի առաջին կառույցն է, ավելի ուշ կառուցված Կառավարական 2-րդ տունը և հրապարակի հարավարևմտյան շենքերը ճարտարապետական ձևերի բնույթով, ընդհանուր բարձրությամբ, ուրվագծով, ծավալային շեշտերով, ճակատային քայլքի չափով ներդաշնակ են նրան, որով և պայմանավորված է Հանրապետության հրապարակի հորինվածքային և ոճային միասնությունը։ Հանրապետության հրապարակը հայ ճարտարապետության լավագույն անսամբլներից է։ 1971 թվականին Հանրապետության հրապարակի կառուցապատման հեղինակներն արժանացել են ՀԽՍՀ պետական մրցանակի։ Կառույցների մեծ մասի շինարարությունն ավարտին է հասցվել մինչև 1950 թվականը, իսկ վերջին շենքի՝ Ազգային պատկերասրահի կառուցումն ավարտվել է 1977 թվականին[3]։

1940-1990 թվականներին կոչվել է Լենինի հրապարակ։ Հրապարակի հարավ-արևմուտքում մինչև 1991 թվականը կանգնած է եղել Լենինի արձանը (1940, քանդակագործ Սերգեյ Մերկուրով, ճարտարապետներ՝ Նատալյա Փարեմուզովա, Լևոն Վարդանով (Վարդանյան))։ Հայաստանի անկախացումից հետո արձանը հանվել է (պատվանդանն ապապամոնտաժվել է 1996 թվականին), հրապարակը՝ վերանվանվել[7]։ Հանրապետության հրապարակը բնութագրվել է որպես «քաղաքի ու Հայաստանի ամենակարևոր քաղաքացիական տարածքը», Երևանի «ճարտարապետական սեփականություն»[8] և «Երևանի ամենաակնառու ճարտարապետական համալիրը»[9]։ Գրող և ճանապարհորդ Դեերդո Հոլդինգը Հանրապետության հրապարակը կոչել է «20-րդ դարում աշխարհում կառուցված լավագույն կենտրոնական հրապարակներից մեկը»[10]։

Ճարտարապետություն

Հրապարակը կազմված է երկու մասերից։ Առաջինը՝ շրջանաձև է, որի կենտրոնում քարե նախշերով սալահատակ է, որն ըստ մտահղացման բարձրից դիտելիս պետք է հիշեցնի հայկական գորգ։ Երկրորդն ունի սեղանաձև տեսք և ներառում է երգող շատրվանները, որ տեղակայված են Հայաստանի պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի շենքի դիմաց[11]։ Հրապարակի շուրջը գտնվող շենքերը կառուցված են վարդագույն և սպիտակ տուֆից, իսկ դրանց ստորին մասը՝ բազալտից։

Պատմություն

Հանրապետության հրապարակը 1920-ական թվականներին։ Հայացքը ներկայիս կառավարության մոտից դեպի նախկին Նոյան Տապան խանութ։ Աջ կողմում երևում է Արական գիմնազիայի շենքը՝ ներկայումս վերակառուցված որպես Ազգային պատկերասրահ, կողքին՝ Դայմոնդ ռեստորանի շենքը։ Դիմացի այգիների փոխարեն ներկայումս շատրվաններ են։

Քաղաքային հրապարակը տարբեր համամասնություններով այդ վայրի հարևանությամբ գոյություն է ունեցել շատ դարեր[12]։ Մասնավորապես Շահումյանի հրապարակի մոտակայքում գոյություն ունեցած Ղանթարի շուկան փաստորեն գտնվել է Շահար թաղամասի ու բերդի միջնամասում։ Ներկայիս հրապարակի տարածքում գտնվել են բնակելի շենքեր մինչ նոր հրապարակի շինարարության սկիզբը՝ 1920-ական թվականների կեսը։ Շենքերի ապամոնտաժումը սկսվել է 1926 թվականին՝ առևտրային կետերի ու կրպակներից, երբ կառուցվել է Գյուղատնտեսության ժողովրդական կոմիսարիատի շենքը՝ ապագայում Կառավարության շենքի տեղում։ 1935 թվականից հետո ապամոնտաժվել է Սվերդլովի (Բուզանդի), Նալբանդյան, Աբովյան, Ամիրյան ու բուլվարի միջնամասի շենքերը՝ հարթացնելով այսօրվա հրապարակի ողջ տարածքը[13]։

2003 թվականին Երևանի Հանրապետության հրապարակի ողջ տարածքում իրականացվել են բարեկարգման շինարարական աշխատանքներ։ Հրապարակի ասֆալտապատ վերին շերտը հեռացնելու ընթացքում բացվել են խոր փոսորակներ, քարե պատերի մնացորդներ, սև, կարմիր տուֆի մշակված սալիկներ, կղմինդրներ, կավանոթի բեկորներ, տուֆից պատրաստված ջրատար խողովակներ։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական ջոկատը պեղումներ է իրականացրել տեղում և հասցրել է հետազոտել բացված փոսորակներից միայն երեքը[14]։   

Պեղումների արդյունքում հայտնաբերվել են հրապարակի և հարակից փողոցների ասֆալտի տակ պահպանված 17-րդ դարին պատկանող և անցյալ դարասկզբին քանդված շենքերի նկուղային հարկաբաժիններ։ Քառակուսի հատակագծով սրահի տարբեր բաժանմունքները ստեղծվել են խաչվող թաղերով ավարտվող միջնապատերի շնորհիվ։ Բարեկարգման աշխատանքների արդյունքում հրապարակի կենտրոնում կառուցվել է հայտնի խճանկարը, իսկ պեղված տարածքները ծածկվել են հողով ու ավազով, ասելով՝ «այս տարածքները փակում ենք՝ թողնելով հետագա սերունդներին»։

Այդ կառույցները ներկայացնում են շինարարական արվեստի կարևոր ժամանակահատված, որը մեզանում քիչ է ուսումնասիրված։ Հայտնաբերված գտածոները վկայում են այն մասին, որ Երևանն անընդհատ զարգացում է ապրել[14]:

Երևանի Կենտրոնական հրապարակ, 1935-1937 թվականների լուսանկար

Մինչխորհրդային տարիներին՝ 1906-1911 թվականներին, հրապարակը նախագծել է Բորիս Մեհրաբյանը[15] որպես Երևանի հատակագծի մաս։ Հրապարակի ժամանակակից տեսքը 1924 թվականին նախագծել է քաղաքի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ Հրապարակի շինարարությունն սկսվել է 1926 թվականին՝ Կառավարության շենքի կառուցումով[3][4][5][11][16]։ Նախագիծը մշակվել է մինչև 1950-ական թվականները, երբ նախագծվել են բոլոր հինգ շենքերը, և ավարտվել 1977 թվականին[3], երբ կառուցվել է Ազգային պատկերասրահը։ Խորհրդային շրջանում հրապարակը կրել է Լենինի անունը՝ ի պատիվ խորհրդային առաջնորդ Վլադիմիր Լենինի։ Հրապարակում Լենինի արձանը տեղադրվել է 1940 թվականին և ապամոնտաժվել 1991 թվականին՝ Հայաստանի անկախացման նախաշեմին։

Տեսարժան վայրեր

Կառույցներ

ԿառույցՊատմություն
Կառավարության շենք № 1
Շենքը պատկանում է Հայաստանի կառավարությանը (նախարարների կաբինետ և գործադիր իշխանության ոչ լրիվ կազմ)։ Խորհրդային տարիներին այնտեղ է գտնվել Ժողովրդական կոմիսարիատը՝ խորհրդային Հայաստանի գործադիր մարմինը։

Հյուսիսարևմտյան հատվածը կառուցվել է 1926-1929 թվականներին Ալեքսանդր Թամանյանի նախագծով[11]։ 1938 թվականին շենքի մնացած մասի կառուցումը հանձն է առնել նրա որդին՝ Գևորգ Թամանյանը։ Շենքի կառուցումն ավարտվել է 1941 թվականին[3][6]։

Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ
Շենքում տեղակայված են Հայաստանի պատմության թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը, Առնո Բաբաջանյան համերգասրահը ու Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը։

Անսամբլի հիմք է ծառայել 1913 թվականին հիմնադրված ու 1917 թվականին արտաքին շինարարությունը ավարտված[17] հսկայական П-աձև շենքը, որի ներքին հարդարման աշխատանքները ավարտվել են միայն 1920 թվականին։ Ապագա Արական գիմնազիայի համար նախատեսված շենքի նախնական նախագիծը ստեղծել է ճարտարապետ Միխայիլ Ֆոն Դեր Նոննեն 1881 թվականին, ով 1876-1909 թվականներին եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը[18]։ 1907 թվականին նախագիծը լրամշակել է Ա․ Վասիլյեվը, իսկ հետագայում նաև Վասիլի Միրզոյանը ու Վ․ Սիմոնսոնը։ Վերջինիս նախագիծն էլ հենց սկսել է կառուցվել 1913 թվականին։ Մուտքը նախագծվել է Աբովյան փողոցի կողմից, որը մինչ այսօր ծառայում է, որպես Առնո Բաբաջանյան համերգասրահի մուտք[3]։

1950-ական թվականներին Մարկ Գրիգորյանի և Էդուարդ Սարապյանի կողմից[3] նախագծվել է Հրապարակի կողմից ճակատային մասի ու լրացուցիչ հարկերի նախագիծը՝ շենքի թևերից մեկի հիմքի վրա։ Շինարարությունը ավարտվել է 1977 թվականին։ Շենքի այս մասում տեղակայվել է Ազգային պատկերասրահը[3][19]։

Հանդիպակած թևում այժմ գործում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը։

Marriott հյուրանոց
Շենքը կառուցվել 1958 թվականին Մարկ Գրիգորյանի և Էդուարդ Սարապյանի նախագծով[20]։ Խորհրդային տարիներին հյուրանոցը կոչվել է Արմենիա։ Այն լյուքս դասի է, Հայաստանի առաջատար հյուրանոցներից մեկը[21][22]։ Ունի 380 սենյակ[23]։
Կառավարության շենք № 2
Շենքը կառուցվել է 1955 թվականին Սամվել Սաֆարյանի, Ռաֆայել Իսրայելյանի և Վարազդատ Արևշատյանի նախագծով[3][3][24][25]։ Առաջին հարկի պատուհանների վերևի ֆրիզն անավարտ է[26]։ 1996 թվականից մինչև 2016 թվականը շենքը պատկանել Արտաքին գործերի նախարարությանը[25]։
Հայաստանի փոստի կենտրոնական շենք
Շենքը կառուցվել է 1933 թվականից մինչև 1956 թվականը Մարկ Գրիգորյանի և Էդուարդ Սարապյանի նախագծով[3]։ Մինչև 2016 թվականը շենքում տեղակայված է եղել Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը[26]։

Լենինի արձան

Լենինի արձանը և Կառավարության շենքը, 1978 թվականի խորհրդային նամականիշ

Խորհրդային առաջնորդ Վլադիմիր Լենինի յոթ մետրանոց արձանը հրապարակում կանգնեցվել է Սերգեյ Մերկուրովի կողմից 1940 թվականի նոյեմբերի 24-ին[27][28]։ Արձանը տեղադրվել է տասնմեկ մետր բարձրություն ունեցող պատվանդանի վրա և ուղղված է եղել դեպի Ազգային պատկերասրահի ապագա շենքը։ Արձանը «շուտով ձեռք է բերել ճանաչում որպես հուշարձանային արվեստի մեծ ստեղծագործություն»։ Արձանը պատվանդանից հանվել է 1991 թվականի ապրիլի 13-ին՝ Խորհրդային Միության պաշտոնական փլուզման նախօրեին։ Արձանը «տեղադրել են բեռնատարի վրա և տարել կենտրոնական հրապարակով, ինչպես մեռածի մարմինը բաց դագաղում» մարդկանց ուրախ բացականչությունների ներքո[29]։ Ներկայում արձանը գտնվում է Ազգային պատկերասրահի բակում։ Պատվանդանը հրապարակում մնացել է մինչև 1996 թվականը, ինչից հետո ապամոնտաժվել է։

Փոփոխություններ

Տեր-Ղազարյանը գրել է. «Լենինի արձանի ապամոնտաժումը խախտել է տարածքի հավասարակշռությունը։ Այն դատարկ տեղի համար, որտեղ նախկինում կանգնած էր Լենինը, առաջարկվել են բազմաթիվ տարբերակներ, սակայն նրանցից ոչ մեկը հաջողված չէր»[30]։

2000 թվականի դեկտեմբերի 31-ին պատվանդանի տեղում տեղադրվել է քսանչորս մետրանոց խաչ՝ լուսավորված փոքր լամպերով։ Տեղադրումն ավարտվել է 2001 թվականի նախօրեին, երբ Հայաստանի և հայ առաքելական եկեղեցին տոնել է քրիստոնեության ընդունման 1700-ամյակը։ Խաչը լուսավորվել է 1700 լամպերով և մնացել տոնակատարության կենտրոնական խորհրդանիշն ամբողջ տարվա ընթացքում։ Տոնակատարությունների ավարտին՝ 2001 թվականի վերջին, խաչն ապամոնտաժվել էր։ Քանի որ դա ժամանակավոր նախագիծ էր, դրա տեղադրումը և ապամոնտաժումը մեծ աղմուկ չեն առաջացրել[31]։

2004 թվականի փետրվարին դատարկ տեղում դրվել է հեռուստատեսային էկրան, որով ցուցադրվել են ապրանքների և կազմակերպությունների գովազդներ[32]։ Էկրանը հանվել է 2006 թվականին[31]։

Առաջարկներ

Հայաստանում մի քանի անգամ անցկացվել են նախագծերի մրցույթներ՝ նպատակ ունենալով լրացնել այն տեղը, որտեղ նախկինում եղել է Լենինի արձանը։ Տարածված է եղել Սասունցի Դավթի արձանը Հանրապետության հրապարակ տեղափոխելու գաղափարը։ Ինչպես արտահայտվել է Դիանա Տեր-Ղազարյանը, հայկական էպոսի՝ ապաքաղաքական բնույթ ունեցող հերոսն անվտանգ ընտրություն է։ Սակայն, ինչպես նա գրել է 2013 թվականին, իր ներկայիս տեղից արձանի տեղափոփումը «քիչ հավանական է»[33]։

Շատրվաններ

Մի ամբողջ տարի երգող շատրվանները չեն աշխատել և կրկին բացվել են 2007 թվականի սեպտեմբերին՝ ֆրանսիական Aquatique Show International ընկերության կողմից կատարված վերանորոգումից հետո[14]։ Շատրվանների նորացման համար ծախսվել է շուրջ 1,4 միլիոն եվրո[34][35]։

Տոնածառ

Երևանի Հանրապետության հրապարակի տոնածառ 2019 թվականի դեկտեմբերին

Ամեն տարի, սկսած 1950 թվականի դեկտեմբերից, ձմեռային տոներից առաջ հրապարակում տեղադրվում է տոնածառ[36]։

Ցայտաղբյուր

Երևանի Հանրապետության հրապարակի Յոթնաղբյուր ցայտաղբյուր

Յոթնաղբյուր ցայտաղբյուրը տեղակայված է Պատմության թանգարանի շենքի մոտ։ Այն բաղկացած է յոթ ոչ մեծ ցայտաղբյուրներից, այդ պատճառով էլ կոչվում է Յոթ աղբյուր։ Ցայտաղբյուրը տեղադրվել է 1965 թվականին և վերանորոգվել 2010 թվականին[14]։

Յոթնաղբյուրի 12 անցքերից յուրաքանչյուրի մեջտեղում կա մեկ հայերեն տառ։ «Ա» տառի վերևի զարդի մեջ մակագրված է «անուշ լինի»։ Ցայտաղբյուրի կենտրոնական մասում խաչ է գծված, որի անկյուններում չորս լեզվով գրված է «Երևան Երևանից»։ Հայերեն մակագրությունը նայում է դեպի հարավ, որով էլ կողմնորոշվելով կարեի է իմանալ հյուսիսը, արևելքը, արևմուտքը[37]։

Դեպքեր և միջոցառումներ

Շքերթներ

Խորհրդային ժամանակաշրջանում ամեն տարի հրապարակում անցկացվել են շքերթներ մայիսի 1-ին (Աշխատանքի օր), մայիսի 9-ին (Հաղթանակի օր մինչև 1969 թվականը[27]) և նոյեմբերի 7-ին (Հոկտեմբերյանն հեղափոխության օր[38][27]։ Խորհրդային Հայաստանի ղեկավարները կանգնել են բեմի վրա Լենինի արձանի մոտ[38]։ Վերջին անգամ այդ շքերթներն անցկացվել են 1988 թվականին[27]։

Հայաստանի անկախության առթիվ հրապարակում սեպտեմբերի 21-ին մի քանի անգամ անցկացվել են ռազմական շքերթներ, այդ թվում՝ 1996 (5-րդ տարեդարձ)[39], 1999 (8-րդ տարեդարձ)[40], 2006 (15-րդ տարեդարձ)[41][42], 2011 (20-րդ տարեդարձ)[43], 2016 (25-րդ տարեդարձ) թվականներին[44]։

Համերգներ

2006 թվականի սեպտեմբերի 30-ին Հանրապետության հրապարակում համերգ է տվել ֆրանսիացի հայազգի երգիչ Շառլ Ազնավուրը[45]։

2015 թվականի ապրիլի 23-ին ամերիկյան System of a Down ռոք խումբը, որի բոլոր մասնակիցները հայկական ծագում ունեն, իրենց առաջին համերգն են անցկացրել Հայաստանում՝ Հանրապետության հրապարակում։ Անվճար համերգը նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Համերգին ներկա են եղել հազարավոր ունկնդիրներ[46][47][48]։

2017 թվականի հունիսի 8-ին հրապարակում անցկացվել է անվճար համերգ ռուս հիփ-հոփ արտիստ Տիմատիի կողմից։ Համերգին ներկա էր ավելի քան 40000 մարդ[49]։

2019 թվականի հոկտեմբերի 6-ին հրապարակում ելույթ ունեցավ հոլանդացի դիջեյ Արմին վան Բյուրենը՝ որպես Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի բացման արարողություն[50]։

Երգիչ Հայկոյի մահից հետո 2021 թվականի սեպտեմբերի 30-ին և 31-ին հրապարակում բարձրախոսներով հնչեցին նրա երգերը[51]։

Քաղաքական ցույցեր

Խորհրդային ժամանակաշրջան

1965 թվականի ապրիլի 24-ին Հանրապետության հրապարակում և Հայաստանի այլ քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 50-ամյակին[52][53][54]։

1974 թվականի հունվարին Հայաստանի ազգային միացյալ կուսակցություն ընդհատակյա կազմակերպության անդամ Ռազմիկ Զոհրաբյանն այրել է Լենինի դիմանկարը՝ բողոքելով տոտալիտար խորհրդային իշխանության դեմ[55]։

Անկախ Հայաստան

Ցույց Հանրապետության հրապարակում 2018 թվականի ապրիլի 20-ին

2008 թվականի նախագահական ընտրություններից հետո նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում անցկացրել է իր 60.000-70.000 «պոտենցիալ կողմնակիցների» միտինգ, որոնք ավտոբուսներով բերվել են Երևանի բոլոր վարչական շրջաններից և Հայաստանի տարբեր մարզերից։ Նրանցից շատերը գնացել են Ազատության հրապարակ, որտեղ տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ցույցը[56]։ Մարտին՝ ցույցի բռնի ցրումից հետո, տարածքը ժամանակավորապես շրջապատվել է Հայաստանի Զինված ուժերի կողմից[57]։

2012 թվականի մայիսի 4-ին ՀՀԿ համագումարի և Հանրապետության հրապարակում խորհրդարանական ընտրությունների նախօրեին տեղի ունեցած համերգի ժամանակ պայթել են ջրածնով լցված տասնյակ փուչիկներ։ Առնվազն 144 մարդ վիրավորվել է[58][59]։

2018 թվականի ապրիլի 17-23-ն ընկած հատվածում Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել զանգվածային բողոքի ակցիա Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։  Ապրիլի 22-ին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ձերբակալման օրը, ոստիկանության զորքերը դուրս են բերվել հրապարակ։ Տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են[60][61]։ Երեկոյան շուրջ 120 հազար ցուցարարներ դուրս են եկել հրապարակ և հարակից փողոցներ[62]։ Հաջորդ օրը՝ ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, Հանրապետության հրապարակը դարձել է զանգվածային տոնակատարությունների կենտրոն[63][64]։ Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, տասնյակ ցուցարարներ մաքրել են հրապարակը և հարակից փողոցները[65]։

2020 թվականի դեկտեմբերի 22-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ ամիս անց, մեկ տասնյակից ավելի ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան հրապարակում հանրահավաք անցկացրեց՝ կոչ անելով Փաշինյանի հրաժարականը[66]։ 2021 թվականի մարտի 1-ին զինվորականների հրաժարականի կոչերից մի քանի օր անց Փաշինյանը հրապարակում իր 20000 համախոհների հետ հանրահավաք անցկացրեց[67]։ 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ և՛ Փաշինյանը (Քաղաքացիական պայմանագիր), և՛ նրա գլխավոր մրցակից Ռոբերտ Քոչարյանը (Հայաստան դաշինքի առաջնորդ) հանրահավաքներ անցկացրեցին հրապարակում՝ հավաքելով համապատասխանաբար ավելի քան 20,000 և 30,000 համակիրներ[68][69]։

Այլ դեպքեր

1968 թվականին Հանրապետության հրապարակում մեծ շուքով նշվել է Երևանի հիմնադրման 2750-ամյակը[38]։

2016 թվականի հունիսի 25-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Գարեգին Բ-ն Հանրապետության հրապարակում կատարել են էկումենյան աղոթք[70][71], որին ներկա է եղել շուրջ 50,000 մարդ[72]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/96
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանրապետության հրապարակ (Երևան)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 563