Հենրի Ֆերֆիլդ Օսբորն

Հենրի Ֆերֆիլդ Օսբորն (անգլ.՝ Henry Fairfield Osborn, օգոստոսի 8, 1857(1857-08-08)[1][2], Ֆերֆիլդ - նոյեմբերի 6, 1935(1935-11-06)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի անվանի երկրաբան, եվգենիստ, հնէաբան։ Երկար տարիներ եղել է բնապատմության ամերիկյան թանգարանի նախագահը (Նյու Յորք)։ Ստեղծել է բրածո բազմաթիվ կենդանիների, այդ թվում՝ տիրանոզավրի (Tyrannosaurus rex) գիտական նկարագիրը։

Հենրի Ֆերֆիլդ Օսբորն
անգլ.՝ Henry Fairfield Osborn
Ծնվել էօգոստոսի 8, 1857(1857-08-08)[1][2]
Ֆերֆիլդ
Մահացել էնոյեմբերի 6, 1935(1935-11-06)[1] (78 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանSaint Philip's Church Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներկրաբան, հնէաբան, կենդանաբան, հնեամարդաբան, գրող և science administrator
Հաստատություն(ներ)ԱՄՆ երկրագիտական ծառայություն, Կոլումբիայի համալսարան և Ամերիկյան բնագիտական թանգարան
Գործունեության ոլորտերկրաբանություն, Եվգենիկա և հնէաբանություն
Պաշտոն(ներ)President of the American Museum of Natural History?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Հնէաբանական ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա (1917-1925) և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՓրինսթոնի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարԷդվարդ Կոպ
Եղել է գիտական ղեկավարLawrence Lambe?
Պարգևներ
Ամուսին(ներ)Lucretia Perry Osborn?
Երեխա(ներ)Henry Fairfield Osborn, Jr.?
ՀայրWilliam H. Osborn?
ՄայրVirginia Reed Osborn (Sturges)?[7]
 Henry Fairfield Osborn Վիքիպահեստում

Ընտրվել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1900)[8], Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (1926)[9][10], Բավարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1910)[11], գիտությունների ռուսական ակադեմիայի (1923)[12], ֆրանսիական ակադեմիայի թղթակից-անդամ (1927)[13]։

Կենսագրություն

Հենրի Օսբորնը ծնվել է Կոնեկտիկուտ նահանգի Ֆերֆիլդ քաղաքում։ Սովորել է Փրինստոնի համալսարանում։ 1883-1890 թվականներին եղել է համեմատական անատոմիայի պրոֆեսոր։ 1891 թվականին աշխատանքի է ընդունվել Կոլումբիա համալսարանում, ինչպես նաև բնության պատմության ամերիկյան թանգարանում։ 1896 թվականին դարձել է համալսարանի կենսաբանության պրոֆեսոր, 1908 թվականին՝ բնապատմության թանգարանի տնօրեն և այդ պաշտոնը վարել է մինչև 1933 թվականը։ Ստեղծել է հնէաբանների ու պրեպարատորների հմուտ թիմ, գիտարշավներ կազմակերպել ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում, Մոնղոլիայում, կուտակել բրածո մնացորդների՝ այն ժամանակների ամենալավ հավաքածուներից մեկն աշխարհում[14], որոնումներ իրականացրել մարդու նախնիների բրածո մնացորդներ հայտնաբերելու ուղղությամբ։

1897 թվականի նոյեմբերի 23-ին նա ընտրվել է Թեոդոր Ռուզվելտի և Ջորջ Բըրդ Գրինելի կողմից հիմնադրված բնապահպանական ընկերության՝ Բուն և Քրոքեթ ակումբի (Boone and Crockett Club) անդամ[15]։

1909-1925 թվականներին եղել է Նյու Յորքի կենդանաբանական ընկերության նախագահը։

1886 թվականին ընտրվել է Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ[16], 1901 թվականին՝ արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ[17]։ 1903 թվականին նա գիտականորեն նկարագրել և անվանել է Ornitholestes-ը, 1905-ին՝ Tyrannosaurus rex-ը և Albertosaurus-ը, 1923-ին՝ Pentaceratops-ը, 1924-ին՝ Velociraptor-ը։

1929 թվականին Օսբորնը ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի կողմից պարգևատրվել է Դանիել Ժիրո Էլիոթի մեդալով[18]։

Նրա որդին՝ Հենրի Ֆերֆիլդ Օսբորն կրտսերը (1887—1969), նույնպես ճանաչված գիտնական էր. երկար տարիներ ղեկավարել է Նյու Յորքի կենդանաբանական ընկերությունը։

Օսբորնի առավել նշանակալի գիտական աշխատությունը The Proboscidea: A Monograph of the Discovery, Evolution, Migration and Extinction of the Mastodonts and Elephants of the World խորագիրը կրող երկհատոր մենագրությունն է, որը հրատարակվել է նրա մահից հետո՝ 1936 թվականին[19]։

Բնության պատմության ամերիկյան թանգարան

Օսբորնը մեծ ավանդ է ներդրել բնության պատմության ամերիկյան թանգարանի կայացման ու կատարելագործման ասպարեզում։ Կենսագիր Ռոնալդ Ռեյնջերը նրան բնորշել է որպես «գիտության առաջնակարգ կառավարչի և երրորդական կարգի գիտնականի»[20]։ Թերևս Օսբորնի ամենամեծ ներդրումը գիտության մեջ իսկապես էլ կայանում է նրանում, որ նա դիտողական միջոցներով հանրահռչակել է այն։ Նրա հորդորով բնության պատմության ամերիկյան թանգարանի աշխատակիցները նոր էներգիա են ներդրել ցուցադրության էական բարեփոխման համար, և արդյունքում թանգարանը դարձել է 20-րդ դարասկզբի տեսարժան առաջնահերթ վայրերից մեկը։ Թանգարանում նրա պաշտոնավարման ընթացքում արված որմնանկարները, դիորամաները և դիտողական այլ նյութերը գրավել են միլիոնավոր այցելուների և ոգեշնչել այլ թանգարանների՝ ընդօրինակելու նրա նորարարությունները[21]։ Բայց թանգարանի ցուցանմուշները և կրթական ծրագրերը իր ռասիստական ու եվգենիստական համոզմունքներով թաթախելու, ներծծելու նրա ջանքերը անհանգստացրել են իր ժամանակակիցներից շատերին և խաթարել նրա ներդրումների դերն ու նշանակությունը[22]։

Եվգենիկա

Օսբորնը, ով 1922 թվականին ակտիվորեն մասնակցել էր Ամերիկյան եվգենիստական ընկերության հիմնադրմանը[23], պաշտպանում էր այդ ժամանակների հասարակության վերին խավերում տարածում ստացած այն տեսակետը, որ ժառանգականությունը գերազանցում է շրջակա միջավայրի ազդեցությանը։ Նա ընդունում էր, որ գոյություն ունեն տարբեր ռասաներ ՝ ֆիքսված ժառանգական հատկանիշներով, և համարում էր, որ սկանդինավյան կամ անգլո-սաքսոնական «ռասան» ամենաբարձրն է։ Դրանից ելնելով՝ Օսբորնը եռանդուն կերպով պաշտպանում էր եվգենիկայի՝ «լավ» ռասայական պաշարը պահպանելու գաղափարը։ Իր այդ հայացքները նա առավել ցայտուն արտահայտել է Մեդիսոն Գրանտի The Passing of the Great Race գրքի երկրորդ և չորրորդ հրատարակությունների համար գրած ներածություններում[24]։ Ի դեպ, այդ գիրքը մեծապես ազդել է նաև Ադոլֆ Հիտլերի վրա, ով The Passing of the Great Race-ն անվանել է «իր Աստվածաշունչը», քանի որ այն քարոզում էր ընտրության կոշտ համակարգի ներդրում՝ վերացնելու համար նրանց, ովքեր, ըստ գրողի կարծիքի, պետք է դիտվեն որպես «թույլ» կամ «ոչ պիտանի»[25]։

Ի պատիվ Հենրի Օսբորնի անվանված տաքսոններ

Saurolophus osborni դինոզավր - անվանվել է Բարնում Բրաունի կողմից, 1912 թվականին։

Osteolaemus osborni աֆրիկյան գաճաճ կոկորդիլոս - անվանվել է Կարլ Պատերսոն Շմիդտի կողմից, 1919 թվականին[26]։

Աշխատություններ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Ֆերֆիլդ Օսբորն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Ֆերֆիլդ Օսբորն» հոդվածին։