Հռոմի ստատուտ

միջազգային պայմանագիր

Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտ (անգլ.՝ Rome Statute of the International Criminal Court), միջազգային պայմանագիր, որով հիմնվել է Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ)։ Ընդունվել է Հռոմում 1998 թվականի հուլիսի 17-ին կայացած դիվանագիտական կոնֆերանսում[1] և ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 1-ից[2]։

     Մասնակից պետություններ      Նախկին մասնակից-պետություններ      Հռոմի ստատուտը ստորագրած, սակայն չվավերացված պետություններ      Ստորագրած պետություններ, սակայն հետագայում հետ վերցրեցին      Ոչ մասնակից, չստորագրած պետություններ
Միջազգային քրեական դատարանի՝ ՄՔԴ կենտրոնակայանը Հաագա քաղաքում, Նիդերլանդներ

Պատմություն

1990-ական թվականներին գործած միջազգային տրիբունալները (Նախկին Հարավսլավիայի գործով միջազգային քրեական տրիբունալը և Ռուանդայի գործով միջազգային քրեական տրիբունալը) միջազգային հանրությանը ցույց տվեցին, որ ցեղասպանությանը, ռազմական հանցագործություններին և մարդկության դեմ ուղղված հանցագործություններին առնչվող գործերի որոշման համար անհրաժեշտ է ստեղծել անկախ և մշտական դատարան։ 1998 թվականի հունիսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոնֆերանս հրավիրեց՝ «միջազգային քրեական դատարան ստեղծելու նպատակով կոնվենցիայի ավարտման և ընդունման համար»։ 1998 թվականի հուլիսի 17-ին Հռոմի ստատուտն ընդունվեց քվեարկության միջոցով, որի ընթացքում 120 պետություն քվեարկեց «կողմ», 7-ը՝ «դեմ» (ԱՄՆ, Չինաստան, Իրաք, Յեմեն, Կատար, Լիբիա և Իսրայել) և 21 պետություն ձեռնպահ մնաց։

ՄՔԴ-ի Կանոնադրության ուժի մեջ մտնելու համար պայման էր հանդիսանում Կանոնադրության վավերացումը ոչ պակաս, քան 60 պետության կողմից։ Այդ «խոչընդոտը» հաղթահարվեց 2002 թվականի ապրիլի 11-ին։ Համաձայնագիրն ուժի մեջ մտավ 2002 թվականի հուլիսի 1-ին։

Դատարանի իրավասություն

Հռոմի ստատուտի 5-րդ հոդվածի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավասությունը պետք է սահմանափակված լինի ամբողջ միջազգային հանրությանը մտահոգող ամենածանր հանցագործություններով։ Դատարանը իրավասություն ունի հետևյալ հանցանքների նկատմամբ՝

  • ցեղասպանություն
  • մարդկության դեմ հանցագործություններ
  • պատերազմական հանցագործություններ
  • ագրեսիա

Դատարանի իրավասությունը ժամանակի մեջ

Հռոմի ստատուտի 11-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանը իրավասություն ունի միայն այն հանցանքների նկատմամբ, որոնք կատարվել են ստատուտի ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն՝ 2002 թվականի հուլիսի 1-ից հետո։

Եթե պետությունը դառնում է ստատուտի կողմ դրա ուժի մեջ մտնելուց հետո, ապա Դատարանը իր իրավասությունը կարող է տարածել այդ պետության համար ստատուտի ուժի մեջ մտնելուց հետո կատարված հանցանքների նկատմամբ, բացառությամբ ստատուտի 12-րդ հոդվածի 3-րդ պարագրաֆով սահմանված դեպքի։

Պայմանագիրը վավերացրած պետություններ

2015 թվականի փետրվարի դրությամբ, պայմանագիրը վավերացրել են 123 պետություններ (Պաղեստինը վավերացրել է Հռոմի ստատուտը 2015 թվականի հունվարի 2-ին)։

Հայաստան

Հայաստանը ստորագրել է Հռոմի ստատուտը 1999 թվականի հոկտեմբերի 1-ին[3] Հայաստանի Սահմանադրական դատարանը համաձայնագիրը մասնակիորեն հակասահմանադրական էր ճանաչել[4]։ 2023 թվականի մարտի 28-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակել է նաև նոր որոշման տեքստ՝ անդրադառնալով նաև 2004 թվականի որոշմանը։2023 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը 60 կողմ և 22 դեմ ձայներով[5]։

Պայմանագիրը ստորագրած տարածաշրջանի պետություններ

Ընդհանուր առմամբ Հռոմի ստատուտը ստորագրել են 139 պետություններ, բայց համաձայնագիրը վավերացրել են ոչ բոլորը։ 115-րդ մասնակից-պետությունը 2011 թվականի օգոստոսի 1-ից դարձավ Գրենադան[6]։ 2019 թ. նոյեմբերի դրությամբ ստատուտի մասնակից են 123 պետություններ։ 2023 թվականի սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը վավերացնելու է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ամբողջությամբ[7]։

Ռուսաստան և Իրան

Ռուսաստանը ստորագրել է Հռոմի ստատուտը, բայց չի վավերացրել այն։ 2016 թվականին, սակայն, երկիրը որոշել է չեղարկել իր ստորագրությունը, այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի՝ Ղրիմում իրականացրած գործողությունները որակել է «օկուպացիա»։ 2023 թվականի մարտի 17-ին դատարանը կայացրեց Ռուսաստանի և դրա նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ևս մեկ որոշում՝ կարգադրելով ձերբակալել Պուտինին՝ ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման հիմքով[8]։

Իրանը ստորագրել է Հռոմի ստատուտը 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն մինչև այժմ չի վավերացրել այս համաձայնագիրը[8]։

Թուրքիա և Ադրբեջան

Թուրքիան ու Ադրբեջանը չեն ստորագրել Հռոմի ստատուտը[8]։

Վրաստան

Վրաստանը ստորագրել է Հռոմի ստատուտը 1998 թվականի հուլիսի 18-ին, իսկ վավերացրել է 2003 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Էդուարդ Շևարդնաձեի կառավարման օրերին։ Կանոնադրությունը սահմանում է դատարանի գործառույթները, իրավազորությունը և կառուցվածքը[8]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ