Միջազգային հարաբերությունների տեսություն

Միջազգային հարաբերությունների տեսություն, մի շարք հայեցակարգերի և տեսությունների ամբողջություն է, որոնց նպատակն է ուսումնասիրել արդի համաշխարհային քաղաքական իրադարձությունները[1]։ Այս տեսությունները կարելի է բաժանել երկու խմբի՝ պոզիտիվիստական և ռեֆլեկտիվ։ Առաջին խմբի տեսությունները պնդում են, որ միջազգային հարաբերությունները հիմնված են ռացիոնալ դերակատարների գործունեության վրա, իսկ ռեֆլեկտիվիստները կարևորում են նաև դասակարգի, կրոնի և այլ հանգամանքների նշանակությունը։ Միջազգային հարաբերությունների տեսություններից հատկապես լայն տարածում ունեն ռեալիզմի, լիբերալիզմի և կոնստրուկտիվիզմի դպրոցները[2]։

Ռեալիզմ

Ռեալիզմը միջազգային հարաբերությունների դոմինանտ տեսություններից է, որը սկիզբ է առել Թուկիտիդեսի, Մաքիավելիի և Հոբսի աշխատություններից։ Դասական ռեալիզմի ներկայացուցիչները գտնում են, որ մարդն իր բնույթով էգոիստ է, ում համար առաջնային են սեփական շահերը։ Միջազգային հարաբերությունների ռեալիզմի տեսությունը հիմնված է չորս սկզբունքների վրա[3].

  1. միջազգային հարաբերություններում տիրում է անարխիան,
  2. պետությունները հանդիսանում են միջազգային հարաբերությունների հիմնական դերակատարները,
  3. բոլոր պետությունները ռացիոնալ դերակատարներ են,
  4. բոլոր պետությունների առաջնային նպատակը գոյության պահպանումն է։

Նեոռեալիզմ

Նեոռեալիզմը ռեալիզմի տեսության արդիական ճյուղն է։ Այն առաջին անգամ ներկայացվել է 1979 թ.-ին Քենեթ Ուոլտսի "Միջազգային քաղաքականության տեսություն" գրքում[4]։ Այս տեսությունը հիմնված է դասական ռեալիզմի սկզբունքների վրա, սակայն այն չի անդրադառնում մարդու բնույթին, այլ միայն կարևորում է պետությունների գործունեությունը։ Նեոռեալիստները պնդում են, որ պետությունների հիմնական խնդիրն իրենց անվտանգության ապահովումն է։ Այսօր նեոռեալիզմը հանդիսանում է միջազգային հարաբերությունների ամենից ազդեցիկ տեսություններից մեկը։

Լիբերալիզմ

Լիբերալիզմի տեսությունը սկիզբ է առել իդեալիզմի սկզբունքների հիման վրա։ Այժմ լայն տարածում ունի այս տեսության նեոլիբերալիստական ճյուղը։ Նեոլիբերալիստները պնդում են, որ միջազգային ինստիտուտները կարող են պայմաններ ստեղծել ազգերի միջև արդյունավետ համագործակցության իրականացման համար[5]։

Կոնստրուկտիվիզմ

Այս տեսության ներկայացուցիչները միջազգային հարաբերություններում կարևորում են ինքնության և գաղափարների նշանակությունը[6]։

Ծանոթագրություններ