Յորքթաունի ճակատամարտ

Յորքթաունի ճակատամարտ (1781, անգլ.՝ Siege of Yorktown), հյուսիսամերիկյան Անկախության պատերազմի վիրջինյան կամպանիայի եզրափակիչ և վճռորոշ դրվագը։ Տեղի է ունեցել 1781 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 19[1]։ Այդ ճակատամարտում Միացյալ Նահանգների աշխարհազորայինները, որոնց օգնության էին եկել ֆրանսիական զինված ջոկատներ, Ջորջ Վաշինգտոնի և մարքիզ դը Լաֆայետի հրամանատարությամբ վճռական հաղթանակ են տարել լորդ Կոռնուոլիսի հրամանատարությամբ կռվող բրիտանական զորքի նկատմամբ[2]։

Յորքթաունի ճակատամարտ
Թվական1781
Մասն էԱնկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում
ՎայրYorktown?
Կոչվել է
(անունով)
Yorktown?
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Ֆրանսիական առաջին զորաջոկատները Միացյալ Նահանգներում ափ էին իջել դեռևս 1780 թվականին, որպեսզի 13 գաղութներին պաշտպանեն բրիտանական իշխանությունների դեմ հանուն անկախության նրանց մղած պայքարում[3]։ Օգոստոսին երեք հազար ամերիկացիներից կազմված ջոկատը՝ Ջորջ Վաշինգտոնի գլխավորությամբ, և չորս հազար ֆրանսիացիներ մտել են Վիրջինիա[4]։ Ֆրանսիական գեներալ Ֆրանսուա Ժոզեֆ Պոլ դը Գրասը տարածաշրջան է բերել լրացուցիչ ուժեր։ Ընդ որում՝ Ատլանտյան օվկիանոսը հատելիս նրանք հարկադրված են եղել հաղթահարել խոչընդոտել փորձող բրիտանական ռազմանավերի արգելքը[5]։ Մեկ ամիս անց ֆրանս-ամերիկյան զորքերը պաշարել են Հյուսիսային Ամերիկայում բրիտանացիների գլխավոր բերդը՝ Յորքթաունի անգլիական ամրոցը[6], որտեղ այդ ընթացքում ամրացել էր բրիտանական բանակի բարձրագույն հրամանատարներից մեկը՝ լորդ Կոռնուոլիսը։

Պաշարողները սեպտեմբերի 28-ին սկսել են ծովից և ցամաքից ռմբակոծել ամրոցը, այնուհետև գրոհի երեք փորձ են ձեռնարկել, որոնք էական հաջողություն չեն բերել։ Սակայն պաշարված բրիտանացիների վիճակն աստիճանաբար վատացել է օր օր ավելացող կորուստների և պակասող պարենի պատճառով[7]։ Հոկտեմբերի 14-ին գեներալ Վաշինգտոնը ևս մեկ գրոհ է ձեռնարկել, որի արդյունքում բրիտանացիների դիրքերը զգալիորեն թուլացել են։ Պաշարված բրիտանացիներին դրանից երեք օր անց ներկայացվել են հանձնվելու առաջարկություն և դրա պայմանները։ Երկու օր անց Կոռնուոլիսն ու իր սպաները հանձնել են իրենց սրերը և ընդունել կապիտուլյացիայի պայմանները[8]։

Յորքթաունում անգլիացիների կրած ծանր պարտությունը նշանավորել է ԱՄՆ-ի անկախությանը Մեծ Բրիտանիայի ցույց տված զինված դիմադրության ավարտը։ 1783 թվականին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև պայմանագիր է ստորագրվել, որով վերջ դնելով ռազմական գործողություններին՝ բրիտանացիները պաշտոնապես ճանաչել են Միացյալ Նահանգների ազատությունն ու անկախությունը և բրիտանական կայսրության մնացած մասից նրանց վերջնական անջատումը[9]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յորքթաունի ճակատամարտ» հոդվածին։