Յուբիցումե

մատի ֆալանգների կամավոր կտրելը ի նշան նվիրվածության

Յուբիցումե (ճապ.՝ 指詰め) («կարճացնել մատը» (ճապ.՝ 指を詰める) արտահայտությունից), մատի ֆալանգների կամավոր կտրելը ի նշան նվիրվածության[1]։ Շարժառիթը կարող է լինել մեղքի զգացումը, բողոքը, ներողություն խնդրելու ցանկությունը։ Այն հիմնականում կիրառում են հանցավոր համայնքների (մասնավորապես՝ յակուձաների) անդամները, միջին ծանրության խախտումների ժամանակ, որոնց համար նախատեսված չէ մահապատիժ կամ աքսոր[2]։ Առաջին խախտման ժամանակ կտրում են ճկույթի ֆալանգը, կրկնվելիս կտրվում է երկրորդը, իսկ հետո երրորդը կամ կտրում են այլ մատներ[1][3]։ Եթե յուբիցումեն արվում է որպես առաջնորդին ներողություն խնդրելու նշան, ապա մատի կտրված հատվածը փաթաթում են կտորի մեջ և նվիրում նրան[4][5]։

Յուբիցումեի օրինակ

Յուբիցումեի ծեսը ծագել է բակուտո՝ խաղամոլների միջավայրում և պարտքը մարելու միջոց է եղել[1][5]։ Հին ժամանակներում այս բոլորը արվել է նրա համար, որ ի վերջո յակուձայի համար դժվարանար թուր օգտագործելը, որի արդյունքում էլ մեծանում էր նրա կախվածությունը ղեկավարի կամքից[5]։ Սակայն, այսօր անդամահատման արարողությունը կրում է զուտ խորհրդանշական բնույթ։ Շատ յակուձաներ պրոթեզների օգնությամբ թաքցնում են անդամահատված մատները։

Յուբիցումե կատարելը պատժելի չէ, սակայն դրան հարկադրելը, ինչպես նաև ցանկացած օգնություն (այդ թվում՝ գործիքներ տրամադրելը) հանցագործություն է համարվում[6]։ 1993 թվականին ճապոնական կառավարության ստուգումները ցույց են տվել, որ յակուձայի անդամների 44,8%-ը կատարել է յուբիցումե; Նրանց 15%-ը կատարել է այս ծեսը առնվազն երկու անգամ[5]][7]։ Հանցավոր կազմակերպությունների անդամների ձերբակալության մի քանի դեպք է տեղի ունեցել յուբիցումե կատարելը հարկադրելու կասկածանքով[8][9]։

Յուբիցումե կատարել են ոչ միայն հանցագործները, այլև հասարակության այլ շերտերի մարդիկ[5]։ Տացուկո Տակաոկա գեյշան 1915 թվականին կտրել է ճկույթի ֆալանգը՝ ի նշան նվիրվածության իր սիրելիին[10]։ Այս դեպքից հետո նրան անվանել են «ինը մատով գեյշա»։

Ծանոթագրություններ