Քրիստափոր (զորավար)

բյուզանդական զորավար

Քրիստափոր (հուն․՝ Χριστόφορος, 9-րդ դար - 10-րդ դար), հայ զորավար, բյուզանդական բանակի հրամանատար։ Բարսեղ Ա Մակեդոնացու դստեր՝ Անաստասիայի ամուսինը[1][2]։

Քրիստափոր
հուն․՝ Χριστόφορος
Բյուզանդական զորավար
870-ական թվականներ
 
Մասնագիտություն՝սպա
Ծննդյան օր9-րդ դար
Վախճանի օր10-րդ դար
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն

Կենսագրություն

872 թվականին Պավլիկյանների աղանդավորական շարժման առաջնորդ Խրիսոխիրը իր զորքերով արշավում է Բյուզանդական կայսրության վրա և հասնում մինչև Անկյուրա քաղաքը։ Բարսեղ Ա-ն որոշում է անձամբ չարշավել նրա դեմ և ուղարկում է իր փեսային՝ բյուզանդական զորքերի սպարապետ Քրիստափորին[1]։ Քրիստափորը սկսում է հետապնդել Խրիսոխիրին և 600 հոգի հայ ու 600 հոգի կապադովկիացի է ուղարկում, որպեսզի նրան հետևեն[1]։ Նրա հրամանատարության տակ էին գտնվում կայսրության արևելյան երկու խոշոր բանակաթեմերի՝ Արմենիակների և Խարսիանոնի զորքերը։ Խրիսոխիրը կանգ է առնում Խարսիանոն բանակաթեմի Ագրանա կոչվող վայրում, իսկ բյուզանդական զորքը՝ Սիբորոն կոչվող վայրում։ Առավոտյան բյուզանդական բանակը հարձակման է անցնում։ Պավլիկյանները դիմում են փախուստի և բազմաթիվ զոհեր տալով հասնում են Վաթիռիաքս վայրից 30 մղոն հեռավորության վրա գտնվող Կոստանդնի լեռը։ Այստեղ, մի հույնի ձեռքով սպանվում է Խրիսոխիրը[1], իսկ վրա հասած զորավարները կտրում են նրա գլուխը և հապճեպորեն այն ուղարկում Բարսեղ Ա-ին[3]։ Խրիսոխիրի սպանվելուց հետո, Քրիստափորը առանց կռվի գրավում է Պավլիկյանների շարժման կենտրոն Տևրիկը և այլ քաղաք-ամրոցներ[1][2]։ Նա հիմնահատակ կործանում է Տևրիկը, պավլիկյանների մի մասին կոտորում, մյուս մասին ստիպողաբար զինվորագրում, իսկ մի մասին էլ ցրում է կայսրությունով մեկ, որով ավարտվում է 25 տարի տևած պավլիկյան շարժումը[1]։

Ծանոթագրություններ