Arbeit macht frei

Arbeit macht frei ([[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈaɐ̯baɪt ˈmaxt ˈfʁaɪ]]] ( )), գերմաներեն ասույթ, որը նշանակում է՝ «Աշխատանքը մարդուն ազատ է դարձնում»։ Այն՝ որպես կարգախոս լայնորեն ի ցույց է դրվել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական ֆաշիստների հիմնած համակենտրոնացման ճամբարների մուտքի դարպասներին և դարձել է Հոլոքոստի խորհրդանիշերից մեկը[1]։

Օսվենցիմ
Տերեզիենշտադ, Չեխիա

Ծագումը

Այս ասույթը որպես վերնագիր գործածել է գերմանացի բանասեր Լորենց Դիֆենբախը 1873 թվականին հրատարակած իր վեպի համար (Arbeit macht frei: Erzählung von Lorenz Diefenbach). այդ վեպում հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես են խաղամոլները, խարդախները աշխատանքի միջոցով բռնում դեպի առաքինություն տանող ուղին[2][3]։ Ասույթը գործածել է նաև շվեյցարացի էնտոմոլոգ, նյարդաանատոմ, հոգեբույժ Օգյուստ Ֆորելը՝ դարձնելով իր «Շվեյցարիայի մրջյունները» (Fourmis de la Suisse, 1920 թ.) աշխատության ենթավերնագիր[4]։ Ավստրիական կայսրության գերմանացիների ազգայնական Deutsche Schulverein կազմակերպությունը 1922 թվականին Վիեննայում տպագրել ու բաշխել է Arbeit macht frei ասույթը կրող անդամատոմսեր։

Ասույթը կարելի է զուգորդել միջնադարյան գերմանական Stadtluft macht freiՔաղաքի օդը ազատ է դարձնում») սկզբունքի հետ, որի համաձայն քաղաքում մեկ տարի ու մեկ օր ապրած ճորտերը ազատություն էին ստանում[5]։

Կիրառումը նացիստների կողմից

Գրոս Ռոզեն
KZ Զախսենհաուզեն
Դախաու

Arbeit macht frei կարգախոսը տեղադրված է եղել նացիստական համակենտրոնացման ճամբարների բացարձակ մեծամասնության մոտքի դարպասներին կամ դռներին, պատերին։ Կարծիք կա, որ առաջինը դա արվել է Դախաուի համակենտրոնացման ճամբարում, էսէսական սպա Թեոդոր Էյկեի հրամանով[6], այնուհետև ընդօրինակվել Օսվենցիմում՝ Ռուդոլֆ Հյոսի կարգադրությամբ[7]։

Այդ կարգախոսն այսօր էլ կարելի է տեսնել մի շարք վայրերում՝ ներառյալ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի մուտքը[8]։ Օսվենցիմյան կարգախոսը պատրաստել են հենց իրենք՝ բանտարյալները, որոնց մեջ էր վարպետ դարբին Յան Լիվաչը։ Ուշադիր դիտողը կարող է նկատել, որ կարգախոսում B տառը թարսված է պատրաստվել։ Ենթադրվում է, որ կալանավորներն այդ կերպ փորձել են արտահայտել իրենց անհամաձայնությունը ասույթին[9][10], ասույթ, որ ծայրահեղ կեղծավորության ու անսահման ցինիկության արտահայտություն էր։ Օսվենցիմի բանտարկյալների շրջանում տարածված էր այդ կարգախոսը ծաղրի ենթարկող հետևյալ երկտողը.

Arbeit macht frei (Աշխատանքը ազատ է դարձնում)

durch Krematorium Nummer drei (Թիվ երեք դիակիզարանի միջոցով)[11]։

Arbeit Macht Frei կարգախոսների գողություններ

Օսվենցիմ-I ճամբարի դարպասին տեղադրված Arbeit Macht Frei կարգախոսը 2009 թվականի դեկտեմբերին գողացվել է։ Իշխանությունները բավականին ուշ հայտնաբերել են այն՝ երեք մասի բաժանված վիճակում։ Հանցագործները՝ շվեդ նեոնացիստ Անդերս Հյոգստրյոմը և երկու լեհ, բանտ են նետվել[12]։ Կարգախոսի բնօրինակը ներկայումս պահվում է Օսվենցիմ-Բիրկենաուի պետական թանգարանում, իսկ դարպասի վերևում տեղադրվել է դրա կրկնօրինակը[13]։

2014 թվականի նոյեմբերի 2-ին գողացվել է Դախաուի համակենտրոնացման ճամբարի դարպասին տեղադրված նույնատիպ կարգախոսը[14], որը երկու տարի անց հայտնաբերվել է նորվեգական Բերգեն քաղաքից հյուսիս ընկած Յտրե Առնա բնակավայրում[15][16][17]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Arbeit macht frei
էջը Վիքիպահեստում