«Նորթվուդս» գործողություն

«Նորթվուդս» գործողությունը, որը նախատեսված է եղել 1962 թվականին ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից, նպատակ է ունեցել ամերիկյան հասարակական կարծիքը նախապատրաստել զինված ներխուժմանը Կուբա՝ Ֆիդել Կաստրոյի կառավարությունը տապալելու նպատակով։ Գործողությունը ենթադրել էր ահաբեկչական գործողությունների իրականացում ՝ երևակայական կամ իրական զոհերով ԱՄՆ-ի, Կուբայի և այլ երկրների տարածքում, ներառյալ ինքնաթիռների առևանգում, կեղծ դրոշի ներքո թշնամական գործողությունների իմիտացիա, պետության կողմից կազմակերպված ահաբեկչական գործողություններ։ Գործողությունը «Կուբայական նախագծի» մի մասն էր, որը մշակվել էր ԱՄՆ կառավարության կողմից՝ նախագահի նախաձեռնությամբ։ Ծրագրի նախաձեռնողներն են եղել պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար գեներալ Լայման Լեմնիցերը[2]։

«Նորթվուդս» գործողության ծառայողական գրություն (Մարտի 13, 1962)[1]։

1962 թվականի մարտի 13-ին պաշտպանության նախարար Ռոբերտ ՄաքՆամարան գերգաղտնի պլանը ներկայացրել է նախագահ Ջոն Քենեդիին[3][4]։ Այնուամենայնիվ, Քենեդին մերժել է նախագիծը և շուտով աշխատանքից հեռացրել է Լեմնիցերին[5][6][7]։ Չնայած դրան, Շտաբների ղեկավարների համատեղ կոմիտեն շարունակել է պլանավորել գործողություններ, որոնց նպատակն է եղել Կուբայի պետության կողմից թշնամական գործողությունների կեղծման բեջ։

Աղբյուրներ

Գործողության հիմնական առաջարկները ներկայացվել են «Կուբա ռազմական ներխուժման օրինականության հիմնավորում (հույժ գաղտնի)» (անգլ.՝ Justification for US Military Intervention in Cuba (TS)) փաստաթղթում, որն իրենից ներկայացնում է մի քանի սևագիր ծառայողական գրությունների հավաքածու։ Դրանք գրվել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունում և Շտաբների պետերի միացյալ կոմիտեում, որոնք ներկայացնում են այսպես կոչված «Կարիբյան տարածաշրջանի ուսումնասիրության խումբը» (անգլ.՝ Caribbean Survey Group)[1]։

«Նորթվուդս» գործողությանը վերաբերող փաստաթղթերը գաղտնազերծվել են 1997 թվականի նոյեմբերին։

Գործողության բովանդակություն

Ի թիվս այլոց, դիտարկվել են գործողության հետևյալ տարբերակները.

  • Գուանտանամոյում հարձակումների, անկարգությունների և սաբոտաժի գործողությունների կազմակերպում։
  • Ամերիկյան նավի կամ ինքնաթիռի պայթեցում։
  • «ՄիԳերի» հարձակումների իմիտացիա քաղաքացիական ծովային և օդային նավերի վրա։
  • Ինքնաթիռի վթարի կեղծում, որը կհանգեցներ մեծ թվով ամերիկացի ուսանողների մահվան։
  • Ահաբեկչությունների կազմակերպում Մայամիում և Վաշինգտոնում։

Բոլոր նման գործողությունների համար պատասխանատվությունը պետք է դրվեր Կուբայի ուժերի վրա՝ Կուբայի դեմ ամերիկյան հետագա ագրեսիան արդարացնելու համար։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են ««Նորթվուդս» գործողություն» հոդվածին։