Անաստասյա Վերտինսկայա

ռուս դերասանուհի

Անաստասյա Ալեքսանդրովնա Վերտինսկայա (ռուս.՝ Анастасия Александровна Вертинская, դեկտեմբերի 19, 1944(1944-12-19)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1988 թ.):

Անաստասյա Վերտինսկայա
Ծնվել էդեկտեմբերի 19, 1944(1944-12-19)[1] (79 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1967)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Ալեքսանդր Վերտինսկի, մայր՝ Lidiya Vertinskaya?
Ամուսին(ներ)Նիկիտա Միխալկով և Ալեքսանդր Գրադսկի
Երեխա(ներ)Stepan Mikhalkov?
Պարգևներ և մրցանակներ
Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) Պատվո շքանշան Բարեկամության շքանշան
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն

Անաստասյա Վերտինսկայան ծնվել է Մոսկվայում, հայտնի դերասան, բանաստեղծ և կոմպոզիտոր Ալեքսանդր Վերտինսկու և դերասանուհի, նկարչուհի Լիդիա Ցիրգվավայի ընտանիքում, երբ վերջիններս նոր էին վերադարձել Շանհայից։ Անաստասյայի ավագ քույրը դերասանուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Մարիաննա Վերտինսկայան է։ Մանկության տարիներին Անաստասյան երազում էր բալետի պարուհի դառնալ, սակայն ամեն-ինչ փոխվեց 1960 թվականին, երբ ռեժիսոր Ալեքսանդր Պտուշկոն դեռահաս Անաստասյային հաստատեց «Ալ առագաստներ» ֆիլմում Ասոլի դերում խաղալու համար։ Հաջորդ՝ 1961 թվականին էկրան բարձրացավ «Երկկենցաղ մարդը» կինոնկարը, որտեղ կրկին գլխավոր դերերից մեկով հանդես եկավ Անաստասյան։ Ի դեպ, ֆիլմում նա հրաժարվել էր կրկնորդներից, լողում էր սառը ջրում, սուզվում էր առանց աքվալանգի և կարողանում էր երկար մնալ ջրի տակ[2]։ Ֆիլմը դարձավ 1962 թվականի առաջատարը և Տրիեստի միջազգային կինոփառատոնում շահեց «Արծաթե աստղակերպ» մրցանակը, իսկ Անաստասյան ստացավ խորհրդային կինեմատոգրաֆի «ծագող աստղի» կարգավիճակ։

1962 թվականին Անաստասյան ընդգրկվեց Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի թատերախմբի մեջ։ 1963 թվականին ընդունվել է Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ։ Նրա համակուրսեցիներից էին Նիկիտա Միխալկովն ու Նիկոլայ Բուռլյաևը։ 1964 թվականին Անաստասյան նկարահանվեց Գրիգորի Կոզինցևի «Համլետ» կինոնկարում՝ կատարելով Օֆելյայի դերը։ Նրա մասին ֆիլմի ռեժիսորն ասել է. «Նա իրականում 18 տարեկան էր, հիանալիորեն համընկնելով շեքսպիրյան կերպարի արտաքին տվյալներին՝ քնքշություն, մաքրություն, դեմք, որը նման էր վաղ Վերածննդի դիմանկարներին... Ամեն-ինչ լավ էր, և ձեռքերը, և պարանոցը, և քայլվածքը, բայց սիրտը չէր զարկում։ Սրտին ստիպեց բաբախել Շոստակովիչը։ Այդպես պատահում է...»[3]: Կինոնկարը բազմաթիվ մրցանակների արժանացավ, այդ թվում Վենետիկի կինոփառատոնի հատուկ մրցանակին և Անաստասյան միջազգային ճանաչում ձեռք բերեց։ Նրան նույնիսկ անվանեցին «Խորհրդային էկրանի Վիվիեն Լի»։ Բարձր են գնահատվել նրա դերակատարումները նաև «Աննա Կարենինա» (1967 թ.), «Վաղաժամ մարդը» (1971 թ.), «Պատահար Պոլինինի հետ» (1970 թ.) և այլ ֆիլմերում։

1967-1968 թվականներին Անաստասյա Վերտինսկայան աշխատում էր Եվգենի Վախթանգովի անվան թատրոնում, իսկ 1968-1980 թվականներին՝ Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնում։ Թատրոնում նրա աչքի ընկնող դերերից էին՝ Ռանևսկայա (Անտոն Չեխովի «Բալենու այգին»), Վալենտինա (Միխայիլ Ռոշչինի «Վալենտինն ու Վալենտինան»), Օլիվիա (Ուիլյամ Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր»), Նինա Զարեչնայա (Անտոն Չեխովի «Ճայը»), Ելենա Անդրեևնա (Անտոն Չեխովի «Քեռի Վանյա»), Էլմիրա (Մոլիերի «Տարտյուֆ, կամ խաբեբա»), Լիզա Պրոտասովա (Լև Տոլստոյի «Կենդանի դիակ») և այլն։

1989 թվականին Անաստասյա Վերտինսկայան իր հոր հիշողությունների հիման վրա գրել է «Տեսիլք, կամ ռուսական Պիեռոյի ուղին» պիեսը, բեմադրել այն և կատարել Ալեքսանդր Վերտինսկու դերը։ 1991 թվականին Անաստասյան ստեղծել և գլխավորել է ռուս դերասանների Բարեգործական հիմնադրամը։ Այդ կազմակերպությունը օգնում է թատրոնի և կինոյի կարիքավոր վետերաններին։

Անձնական կյանք

1966 թվականին Անաստասյա Վերտինսկայան ամուսնացել է իր համակուրսեցու՝ Նիկիտա Միխալկովի հետ։ Որդու՝ այժմ դերասան և գործարար Ստեփան Միխալկովի ծնվելուց երեք տարի անց, նրանք բաժանվեցին։

Այնուհետև Անաստասյա Վերտինսկայան փաստացի ամուսնական կապի մեջ է եղել նաև բանաստեղծ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկու[4] և դերասան, ռեժիսոր Օլեգ Եֆրեմովի հետ։

Ներկայումս դերասանուհին զբաղվում է խոհարարությամբ[3] և ուղղորդում է իր որդու ռեստորաններում աշխատող խոհարարներին[5]։

Պարգևներ և մրցանակներ

Ֆիլմագրություն

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1961Ալ առագաստներАлые парусаԱսոլ
1961Երկկենցաղ մարդըЧеловек-амфибияԳուտիերե
1964ՀամլետГамлетՕֆելյա
1967Աննա ԿարենինաАнна КаренинаԿիտտի Շչերբացկայա
1965-1967Պատերազմ և խաղաղությունВойна и мирԼիզա Բոլկոնսկայա
1969ՍիրահարներըВлюблённыеՏանյա
1969Մի վշտանաНе горюй!Մերի Ցինցաձե
1970Հասարակ պատմությունОбыкновенная историяՏաֆաևա
1970Պատահար Պոլինինի հետСлучай с ПолынинымԳալինա Պրոկոֆևա
1971Վաղաժամ մարդըПреждевременный человекՕլգա Բորիսովնա
1971ՍտվերТеньարքայադուստր Լուիզա
1972Մարդն իր տեղումЧеловек на своём местеԿլարա Վերեսովա
1974Դոմբին և որդինДомби и сынԷդիտ Գրեյնջեր
1975Ամուրիի տներըДома вдовцаԲլանշ
1978Անանուն աստղըБезымянная звездаՄոնա
1978Տասներկուերորդ գիշերըДвенадцатая ночьՕլիվիա
1980ԲոռըОводՋեմմա Ուորեն
1982ԿողոպուտКражаՄարգրեթ Չելմերս
1987Նիկոլայ Բատիգինի օրերն ու տարիներըДни и годы Николая БатыгинаԼիզա Պալցևա
1988Դոն Կիխոտի և Սանչոյի կյանքըЖитие Дон Кихота и Санчоհերցոգուհի
1988Յանկիների նոր արկածները Արթուր արքայի պալատումНовые приключения янки при дворе короля АртураՄորգանա փերի
1989Սոչի քաղաքում մութ գիշերներ ենВ городе Сочи тёмные ночиԼենայի մայրը
1989ՏարտյուֆТартюфԷլմիրա
1991Կրքի ծարավЖажда страстиՆե
1994Վարպետն ու ՄարգարիտանМастер и МаргаритаՄարգարիտա
2000Բրեմենյան երաժիշտներ & CoБременские музыканты & Coավազակապետուհի
2002Կազուս ԲելլիКазус Белли-

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստասյա Վերտինսկայա» հոդվածին։