Անթիլիաս

Անթիլիաս (արաբ․՝ أنطلياس‎‎), քաղաք՝ Լիբանանում։ Ըստ էության Բեյրութի արվարձանն է, մոտավորապես 5 կմ հեռավորության վրա է, դեպի հյուսիս, Միջերկրական ծովի ափին։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 10 մետր է։ Բնակիչները հիմնականում քրիստոնյաներ են՝ հայեր, մարոնիներ, Հույն կաթողիկե և Հույն ուղղափառ եկեղեցիների հետևորդներ։

Քաղաք-արվարձան
Անթիլիաս
أنطلياس
ԵրկիրԼիբանան Լիբանան
ՄարզԼեռնալիբանան
ՇրջանՄաթն
ՀամայնքԱնթիլիաս-Նաքքաշ
ՔաղաքապետՄարք Մռադ (Marc Mrad)
Ազգային կազմԱրաբներ, Հայեր
Անթիլիաս (Լիբանան)##
Անթիլիաս (Լիբանան)

Անթիլիասում է տեղակայված Հայ Առաքելական եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից մեկը՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունը։

Անվան ստուգաբանություն

Անվանումն ունի հունական ծագում (ἀντήλιος) և կազմված է է ἀντ ― «հակա» և ἥλιος «արև» բառերից, այսինքն նշանակում է «արևին հանդիման»։

Ինքնակառավարման մարմինը

Անթիլիասը ընդգրկված է Անթիլիաս-Նաքքաշ համայնքի կազմում՝ Լիբանանի 8 մուհաֆազաթներից (մարզերից) մեկում՝ Մաթնում։ Անթիլիաս-Նաքքաշի տարածքը կազմում է 193 հեկտար (1.93 կմ²)[1]։

Աշխարհագրական տեղանք

Անթիլիասի տարածքը կազմված է ափամերձ պարարտ դաշտավայրային մասից և արևելյան կողմի լեռնային հատվածից։ Ներառում է նաև Անթիլիաս գետակի երկու ափերի երկայնքով ձգվող նեղ հարթավայրային մասը։ Անթիլիաս գետակի ակունքը ոչ հեռու գտնվող Ֆավար աղբյուրն է, գետակը հոսում է արևելքից արևմուտք՝ թափվելով Միջերկրական ծով։ Գետակի ջրերը խիստ աղտոտված են՝ շրջակայքի խիստ ուրբանիզացվածության և կոյուղաջրերի մաքրման կայանների բացակայության պատճառով[2]։

Մինչև 20-րդ դարի 90-ական թվականներն Անթիլիասի ափամերձ դաշտերը և Անթիլիասի գետահովիտը կառուցապատված չէին և ծածկված էին նարնջի ու բանանի ծառերով։ Բնակելի և առևտրային նշանակության շենքերի բուռն և հիմնականում քաոսային շինարարությունը ծանր ազդեցություն ունեցավ շրջակա միջավայրի վրա․ կանաչ տարածքները գրեթե իսպառ վերացան։

Առեւտուր, սնունդ, ժամանց

Անթիլիասում կան այնպիսի հանրահայտ մոլեր, ինչպիսիք են ABC-ն և Le Mall-ը, Spinneys և Bou Kahlil սուպերմարկետներ, Cine St Elie, Grands Cinemas և CineMall կինոթատրոնները։ Հինգ առևտրային բանկեր կան Անթիլիասը ափամերձ մայրուղուն կապող փողոցում։Փողոցներից մեկն էլ հայտնի է տարատեսակ խոհանոցներ ունեցքղ ռեստորաններով, ինչպիսիք են ճապոնական Yen-ը, Yabani-ն ու Tsunami-ն, լիբանանյան Petit cafe-ն, Keif-ը և Lebnene-ն, ամերիկյան Spot-ը և Public-ը, իտալական Pinocchio-ն, մեքսիկական Carlito's-ն ու ֆրանսիական L'escroc-ը[3][4]։

Տեսարժան վայրեր

Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար T Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն
Անթիլիասի Սբ. Եղիա կաթողիկե եկեղեցին
St. Elias Catholic Church in Antelias, Lebanon

Garden Tower-ը Անթիլիասում կառուցված առաջին հյուրանոցն է։ Այն տեղակայված է Անթիլիասի գլխավոր տեսարժան վայրի՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության նստավայրից ոչ հեռու։ Տարածքում կան նաև այլ կարևոր կրոնական կենտրոններ, ինչպիսիք են մարոնիների Սբ. Եղիա հին (1895) ու նոր եկեղեցիները և Հույն Ուղղափառների Սբ. Միքայել եկեղեցին։Անթիլիասում է Կսար Ակիլ (Ksar Akil) հնավայրը՝ որտեղ հայտնաբերվել են տարածաշրջանի ամենահին՝ 30․000 տարեկան մարդու մնացորդները[5]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթիլիաս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 405