Անոթավոր բույսեր
Անոթավոր բույսեր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթաթագավորություն | Viridiplantae |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) Sinnott, 1935 |
Անոթավոր բույսեր կամ տրախեոֆիտներ (լատ.՝ Tracheophyta, հին հուն.՝ τραχεῖα ἀρτηρία «շնչափող» և φυτά «բույսեր»[1]), բարձրակարգ բույսերի մեծ խումբ, մոտ 300,000 նկարագրված տեսակներով[2]։ Ունեն լիգնինային փոխադրող հյուսվածք՝ քսիլեմա, ջուրն ու հանքային աղերը բույսում տեղափոխելու համար։ Ունեն նաև մասնագիտացված ոչ լիգնինային փոխադրող հյուսվածք՝ ֆլոեմա, ֆոտոսինթեզից գոյացած սննդանյութերը փոխադրելու համար։ Անոթային բույսերից են գետնամուշկերը, ձիաձետերը, պտերները, մերկասերմերը (ներառյալ՝ փշատերևները) և ծածկասերմերը՝ ծաղկող բույսերը։ Խմբի գիտական լատիներեն անուններն են՝ Tracheophyta[3][4], Tracheobionta[5] և Equisetopsida sensu lato։
Պատմականորեն, անոթավոր բույսերը հայտնի էին որպես «բարձր բույսեր», քանի որ ենթադրվում էր, որ նրանք մյուս բույսերի համեմատ ավելի են զարգացել, քանի որ կառուցվածքով ավելի բարդ օրգանիզմներ են։ Բայց սա հնացած տերմին է և ընդհանուր առմամբ, համարվում է ոչ գիտական[6]։
Բնութագիր
Բուսաբանները անոթային բույսերը սահմանում են երեք հիմնական հատկանիշներով՝
- Անոթային բույսերն ունեն փոխադրող հյուսվածքներ, որոնք բույսի ներսում բաշխում են ռեսուրսները։ Բույսերի մոտ կա երկու տեսակի փոխադրող հյուսվածք՝ քսիլեմա և ֆլոեմա։ Ֆլոեման և քսիլեման սերտորեն կապված են միմյանց հետ և բույսի ներսում սովորաբար գտնվում են կողք-կողքի։ Քսիլեմայի և ֆլոեմայի ամբողջությունն անվանվում է փոխադրող խուրձ[7]։ Բույսերի մոտ փոխադրող հյուսվածքի էվոլյուցիան թույլ է տվել նրանց ոչ անոթային բույսերի համեմատ հասնել ավելի մեծ չափերի։ Ոչ անոթային բույսերը չունեն այս մասնագիտացված փոխադրող հյուսվածքները և դրա պատճառով ունեն համեմատաբար փոքր չափեր։
- Անոթային բույսերի մոտ հիմնական սերունդը կամ փուլը սպորոֆիտն է, որն արտադրում է սպորներ և դիպլոիդ է՝ յուրաքանչյուր բջջում ունի քրոմոսոմների երկու հավաքածու։ Ոչ անոթային բույսերի հիմնական փուլը գամետոֆիտն է, որն արտադրում է գամետներ և հապլոիդ է՝ բջջում քրոմոսոմների մեկ հավաքածուով։
- Անոթային բույսերն ունեն իսկական արմատներ, տերևներ և ցողուններ, նույնիսկ եթե որոշ խմբեր հետագայում կորցրել են այս հատկանիշներից մեկը կամ մի քանիսը։