Բակեթաթոն

հին եգիպտական արքայադուստր

Բակեթաթոն (եգիպ.՝ B3k.t Jtn, «Աթոնի սպասուհի», մ.թ.ա. 14-րդ դար, Թեբե - մ.թ.ա. 14-րդ դար), XVIII դինաստիայի հին եգիպտական արքայադուստր։ Ամենհոտեպ III փարավոնի և Մեծ թագուհու՝ Տիայի կրտսեր դուստրը[1]։

Բակեթաթոն
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 14-րդ դար
ԾննդավայրԹեբե
Մահացել էմ.թ.ա. 14-րդ դար
Մասնագիտությունազնվական
Ծնողներհայր՝ Ամենհոտեպ III, մայր՝ Տիյա

Կենսագրություն

Բակեթաթոնը նկարներում պատկերված է երեխայի տեսքով, ինչը կարող է վկայել այն մասին, որ նա ծնվել է Ամենհոտեպ III-ի կառավարման ավարտին։ Նրա ծնողների անունները ոչ մի տեղ նշված չեն, բայց Էխնաթոնը չի կարող լինել նրա հայրը[1]։

Բակեթաթոնը հիմնականում հայտնի է Հույա պալատականի՝ Տիա թագուհու օրոք Էլ–Ամառնայի հարեմի գլխավորի դամբարանի որմնանկարներով[2]։

Բակեթաթոնը Տիա թագուհու հետ պատկերված է երկու ճաշկերութային տեսարաններում։ Տիան նստած է Էխնաթոնի և Նեֆերտիտիի դիմաց։ Պատկերներից նմեկում Բակեթաթոնը նստած է մոր կողքին դրված աթոռակին, իսկ մյուսում՝ կանգնած է նրա կողքին։ Հույայի դամբարանի արևելյան պատին պատկերված է Տիային տաճար առաջնորդող էխնաթոնը և նրանց ուղեկցող Բակեթաթոնը։

Հյուսիսային պատին պատկերված են երկու թագավորական ընտանիքներ։ Աջ կողմում նստած է Ամենհոտեպ III-ը, նրա առաջ՝ Տիան, իսկ Տիայի կողքին՝ Բակեթաթոնը։ Տիայի հետևում պատկերված են երեք սպսուհիները։

Այլընտրանքային նույնականացումներ

Բակեթաթոնի միակ հայտնի տիտղոսը «Արքայի արյունակից դուստր»-ն է։ Հավանաբար նա մահացել է երիտասարդ տարիքում, քանի որ Տիայի մահից հետո նա այլևս չի հիշատակվում պատմական փաստաթղթերում։ Կա կարծիք, որ Բակեթաթոնն ու Ամենհոտեպ III-ի կրտսեր դուստրը՝ Նեբետահը[3], կամ ավագ դուստրը՝ Սիտամոնը, նույն մարդն են[4], բայց այս վարկածը չունի ապացույց։

Ըստ վարկածներից մեկի՝ Բակեթաթոնը Էխնաթոնի և նրա երկրորդ կնոջ՝ Կիյայի դուստրն է։ Նա կարող է լինել այն արքայադուստրը, որը Կիյայի հետ պատկերված է նկարում և որի անունն ավարտվում է աթոնով, բայց ամբողջական անունը չի պահպանվել։ Կիյայի մահից հետո նրա մասին հիշատակությունները հափշտակվել և փոխարինվել են Մերիթաթոնի, Անհեսենամոնի և նրանց դուստրերի՝ Մերիթաթոն-Թաշերիթի և Անհեսենպաատեն-Թաշերիթի անուններով (որոնք, հավանաբար, հորինվել են նկարներում Կիյայի երեխայի տեղը լրացնելու համար)[5]։ Այս վարկածն մասամբ հիմնավորված է այն փաստով, որ Բակեթաթոնը Էլ–Ամառնայի պատկերներում երբեք չի կոչվել փարավոնի քույր, այլ միայն «Արքայի արյունակից դուստր»։ Նա երբեք չի երևում Նեֆերտիտիի դստրերի շուրջ և դրանից կարելի է ենթադրել, որ նա Էխնաթոնի և նրա մյուս կնոջ՝ Կիյայի դուստրն է։ Մոր մահից հետո Բակեթաթոնը կարող էր դաստիարակվել իր տատի՝ Տիայի կողմից[6]։ Գինիները Բակեթաթոնի անունով են պիտակված և 13 տարով թվագրված, ինչը ենթադրում է, որ նա ժառանգել է իր մոր՝ Կիայի հարստությունը[7]։

Գոյություն ունի վարկած, որ չբացահայտված KV35YL մումիան՝ Թութանհամոնի մայրը, կարող է լինել Բակեթաթոնը[8]։

Մշակույթում

  • Միկա Վալտարիի «Սինուհե, եգիպտացի» ստեղծագործության և նրա «Եգիպտացի» էկրանավորման (1954) հերոսուհին։ Վեպում Բակեթաթոնը դառնում է Հորեմհեբի կինը, որը երազում էր բարեկամանալ իշխող դինաստիայի հետ և ճնշվում է իր ամուսնությունից։
  • Մաքս Օվերտոնի վեպերի շարքի կենտրոնական հերոսներից մեկը, որտեղ կարելի է հետևել Ռամզես II-ի կառավարման ժամանակ նրա կյանքին՝ ծնունդից մինչև մահ։

Ծանոթագրություններ