Բանահյուսություն

Բանահյուսություն, ժողովրդական ֆոլկլոր (անգլերեն՝ folk-lore-ժողովրդական իմաստություն, գիտելիք), այս կամ այն ժողովրդի կերտած բանավոր ստեղծագործությունների ամբողջությունը։ Բանահյուսության մեջ ժողովուրդն արտացոլել է իր պատմության առավել կարևոր դեպքերը, իր դարավոր փորձն ու իմաստությունը, ձգտումներն ու իդեալները։ Ըստ էության, բանահյուսությունը (ֆոլկլորը) ժողովրդի կյանքի և աշխարհազգացողության հայելին է։ Ժողովրդական բանահյուսության երկերն ստեղծվել և դարերով պահպանվել են բանավոր, հաղորդվել սերնդից սերունդ։ Դրանք շատ հաճախ բանասացի կողմից կատարվել, նույնիսկ ստեղծվել են ուղղակի լսարանի առջև, երբեմն երգի և նվագի ուղեկցությամբ։ Բանահյուսական ստեղծագործությունները ժամանակի ընթացքում փոփոխվել, զարգացվել և հարստացվել են բազմաթիվ անանուն հեղինակների կողմից։ Այդ է պատճառը, որ բանահյուսական երկերը սովորաբար մի շարք տարբերակներ են ունենում։ Ժողովրդական բանահյուսության տեսակները բազմազան են՝ առակ, հեքիաթ, հանելուկ, ասացվածք, առասպել, ավանդավեպ, ասք, ավանդություն, վիպերգություն (էպոս), աշխատանքային, սիրո երգեր և այլն։ Այս ժանրերից յուրաքանչյուրն ունեցել է բովանդակության, կառուցվածքի, պատկերավորության կայուն յուրահատկություն։ Բացի այդ՝ յուրաքանչյուր ազգի բանահյուսության մեջ եղել են ուրույն ժանրային ձևեր, օրինակ՝ ռուսական բիլինան, չաստուշկան, ուկրաինական դուման և այլն։ Հայ հին բանահյուսության մեջ եղել են բազմազան տեսակներ՝ զրույց, առասպել, ավանդավեպ, վիպասանք և այլն։ Բանահյուսության շատ թեմաներ, սյուժեներ ու կերպարներ մշակվել և ընդհանրացվել են տարբեր գրողների կողմից։ Բավական է նշել միայն Հովհ. Թումանյանի և Ավ. Իսահակյանի բալլադները, հեքիաթներն ու պոեմները, որոնք ստեղծվել են ժողովրդական աղբյուրների հիման վրա։

Աղբյուրներ

  • Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, «Գրականագիտական բառարան», 1980, էջ 44
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 291