Բոյկոտ

Բոյկոտ (անգլ.՝ boycott), կալվածքի կառավարիչ Չարլզ Բոյկոտի անունով, որի դաժան վերաբերմունքի համար 1880 թվականին առաջին անգամ կիրառել են իռլանդացի վարձակալները։

  1. Տնտեսական պայքարի ձև ենթադրում է որևէ անձի, հիմնարկության կամ պետության հետ տնտեսական կապերի լրիվ կամ մասնակի խզում։
  2. Միջազգային հարաբերություններում, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության[1]՝ խաղաղության պաշտպանության հարկադրական ձևերից մեկը (առանց զինված ուժերի օգտագործման)։ Կիրառվում է որևէ երկրի կամ երկրների խմբի հետ առևտրի սահմանափակման կամ դադարեցման միջոցով։
  3. Փոխաբերական իմաստով ինչ-որ մեկի հետ հարաբերությունների խզումը, որպես բողոք ինչ-որ բանի դեմ։

Հայտնի բոյկոտներ

  • Նախքան «բոյկոտ» տերմինի ի հայտ գալը աբոլիցիոնիստները բոյկոտեցին և մերժեցին ստրկական աշխատանքի արդյունքների՝ հատկապես շաքարեղեգի շաքարի օգտագործումը։ Նրանք պնդում էին որ քաղցր թեյ խմելը անբարոյական է։ Այս բողոքի գործողությունը Բրիտանական կայսրությունում ստրկատիրության վերացման (1833) խթաններից մեկն էր։
  • Պետական մակարդակով մեկօրյա բոյկոտ էր կազմակերպվել 1933 թվականի ապրիլի 1-ին Նացիստական Գերմանիայում։ Բոյկոտվել էին հրեական խանութներն ու ձեռնարկությունները։
  • Բոյկոտը հաճախ օգտագործվում է որպես ազգային-ազատագրական պայքարի ձև։ 1921 թվականին Մահաթմա Գանդին, Հնդկաստանի անկախության պայքարի տարիներին, կոչ արեց հնդիկներին բոյկոտել անգլիական արտադրանքը և ուսումնական ձեռնարկությունները։
  • Բոյկոտվել են նաև Օլիմպիական խաղերը։ ԱՄՆ-ն բողոքելով 1979 թվականին խորհրդային զորքերը Աֆղանստան մուտք գործելու դեմ, չմասնակցեց 1980 թվականի Մոսկովյան օլիմպիադային։ Ի պատասխան ԽՍՀՄ-ը և խորհրդային երկրների մեծամասնությունը բոյկոտեցին 1984 թվականի Լոս Անջելեսի ամառային օլիմպիական խաղերը։

Ծանոթագրություններ